Ռուսական զենքի լուռ մատակարարումը՝ Կրեմլին սիրաշահելու Ալիևի փորձերի ֆոնին

Ռուսական զենքի մատակարարումների մասին Նիկոլ Փաշինյանի թիմից կա երկու հայտարարություն, որոնք մատնում են մեկ տարի առաջ Փաշինյանի հնչեցրած ջղագրգիռ պնդումների՝ կա՛մ ավելորդ, կա՛մ դիտավորյալ լինելը։

Առաջին հայտարարությունը

Եվ այսպես, նախ հունվարի 11-ին Հանրային Հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին՝ ռուսական զենքը, որ պատվիրել էր Հայաստանը, գալի՞ս է, թե՞ ոչ:

«Ինչ-որ մասնաբաժնով՝ այո: Ոչ միայն ռուսական», – հայտարարում է Անդրանիկ Քոչարյանը և ռուսական զենքի մատակարարման իրականացման թեման փորձում դուրս բերել ուշադրության կենտրոնից՝ պատմելով այլ երկրներից զենքի գնումների և մատակարարումնեի մասին։ «Շատ կարևոր բան տեղի ունեցավ այս ընթացքում։ Դիվերսիֆիկացվեց նաև սպառազինության գնումների ամբողջ փաթեթը։ Եվ այն մարդիկ, որ այս երկու օրը գոռում են պաշտպանության նախարարի հրաժարականի մասին, հսկայական ջանքեր են դրվել քաղաքական այդ գիծն իրականություն դարձնելու համար»։

Այստեղ, պատգամավորը ուղիղ հայտարարում է, որ սպառազինության գնումը վերածել են քաղաքական գծի։ Եվ միայն երբ նրա համար պնդում են հարցը՝ հշեցնելով Փաշինյանի հայտարարությունը, թե զենքը չեն տալիս, և խնդիրը ոչ թե տեխնիկական ու աշխատանքային է, այլ քաղաքական, Անդրանիկ Քոչարյանն ասում է այն, ինչը փորձում էր թողնել լուսանցքում։

«Չէին տալիս, այսպես ավելի ճիշտ ձևակերպում կլինի, հիմա տալիս են, այո՝ ինչ-որ բան, ոչ այն ծավալով, ինչ մենք ակնկալում ենք մեր կնքած պայմանագրերի ծավալի և լոգիստիկ տեղաշարժերի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, ես համոզված եմ»:

Երկրորդ հայտարարությունը

Ռուսական զենքի մատակարարումների մասին Անդրանիկ Քոչարյանի հաստատական պատասխանից հինգ օր անց այդ մատակարարումների մասին Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը դեռ հայտարարություն չեն արել։

Փոխարենը ևս մեկ հաստատական հայտարարություն է արել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ «Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է», – «Ազատության»-ը ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն այն վերջերս է ստացել և այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

«Մեր պարտքի շրջանակներում մի խմբաքանակ տվել են», – ասել է Մելքոնյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան մտել է միայն մեկ խորհրդանշական դաշույն, որը Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն նվիրել էր այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։

Կա նաև երրորդ հայտարարությունը

ՌԴ-ից զենքի մատակարարումների իրականացման մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից երեք օր առաջ՝ հունվարի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս Հանրային Հեռուստաընկերության եթերում խոսել է Մոսկվայից սպառազինության գնումների մասին, սակայն հայտարարությունը եղել է բոլորովին այլ բովանդակությամբ։

«2021 թվականից սկսած Հայաստանը բազմաթիվ պայմանագրեր է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ, որոնք չեն մատակարարել, և պայմանագրային պարտավորությունները ՌԴ-ն չի կատարել։ Այդ պայմանագրերի մասին բանակցություններ են ընթանում, գոյություն ունեցող պայմանագրերը, շրջանակները թարմացումներ են կատարվում, վերաբանակցում ենք, կարող է այն ժամանակ պայմանական չորս միավոր ենք ուզել, հիմա երկուսն ենք ուզում», – ասել է Արմեն Գրիգորյանը։

Փաշինյանի առաջին հայտարարությունը ռուսական զենքի մատակարարման ուշացման մասին

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը և նրա պաշտոնյաները պարբերաբար են դժգոհել, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց Հայաստանը հարյուրավոր միլիոններ է վճարել։

2022-ի սեպտեմբերի 29-ին՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում»։

Կառավարության նիստի նախորդ օրը Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Հայաստանի տարածք ներխուժած թշնամին կրակ էր բացել Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ուղղությամբ։ Եվ կառավարության նիստին Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը աշխատում է բոլոր ուղղություններով՝ Հայաստանին պաշտպանունակությունից զրկելու նպատակով։

«Ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի», – հայտարարեց Փաշինյանը՝ չբացառելով Բաքվի դերակատարումը Մոսկվայից սպառազինության մատակարարման խնդիրներում։

Բաքվի դերակատարումը և Հայաստանի դաշնակիցների հետ Ալիևի տարած աշխատանքը մատնացույց անող Փաշինյանը չհիշեց իր քաղաքականությունը, որ վարում է Հայաստանի դաշնակցի և նրա սպառազինության դեմ։

Արցախում պատերազմից հետո Փաշինյանը հրավածեց ռուսական արսենալի հպարտությանը՝ Իսկանդերին։ 2021-ի փետրվար 23-ին, պատասխանելով Սերժ Սարգսյանին, որը նշել էր՝ զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, Փաշինյանը հայտարարեց. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

Մոսկվան, որտեղ նկատելիորեն տհաճությամբ էին ընդունել Փաշինյանի հարցը, հայտարարեց, որ պատերազմում ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել, և կիրառման մասին պնդում արած Նիկոլ Փաշինյանին հավանաբար մոլորության մեջ են գցել։

Դեռ այն ժամանակ՝ նույն այդ սեպտեմբերյան կառավարության նիստին Փաշինյանը խոսեց Հայաստանի ինքնիշխանության մասին։ Այսօր արդեն ուղիղ հայտարարվում է դեպի Արևմուտք քայլելու, ինչպես նաև այլ երկրներից սպառազինության գնումների մասին։

Մատակարարումը տապալելու սեփական մեղքը կամ զենք գնելու նուրբ արվեստը

Լռելը լավագույն որոշումն է երկու դեպքում էլ՝ սպառազինություն գնելիս կամ գնել չկարողանալիս։

Ռուսական արսենալը փնովելուց հետո Մոսկվայից սպառազինության շտապ մատակարարման ակնկալիքի ֆոնին մատակարարման ուշանալու մասին բարձրացված աղմուկը ավելորդ էր։ Սա կարող է արձանագրվել առնվազն հիմա, երբ գնված զենքը, ըստ Փաշինյանի պատգամավորների, Հայաստանում է։ Առայժմ կա ճիշտ հակառակը՝ տարածվում է միտքը, թե այդ աղմուկի և ուրիշներից զենք գնելու հետևանքով է Մոսկվան իրականցրել մատակարարումը։ Հայաստանի քաղաքացիներին հրամցվում է հերթական պարզունակ ու ինքնահավան քաղաքական կեղծիքը։

Մյուս կողմից, հաշվի առնելով փաշինյանական արտաքին քաղաքականության ներկա միտումները, այդ աղմուկը դիտավորյալ էր՝ հող էր պատրաստվում թերացած դաշնակցից ազատվելու համար։

Եվ, իհարկե, ուշագրավ է նաև, թե ովքեր են հայ հասարակությանը հայտնում, որ ռուսական զենքի մատակարարումները, այնուամենայնիվ, իրականացվում են։ Եթե ուշացումների մասին դժգոհությունը աղմուկով և առաջին դեմքի մակարդակով էր, ապա մատակարարումների փաստը ներկայացվում է երկու պատգամավորի միջոցով, որոնք հայտնի են հակառուսական դիրքորոշմամբ մի կողմից, և նրանցից մեկն աչքի է ընկնում, ամենամեղմ ձևակերպմամբ, քաղաքական երգիծանքի դրվագներում հայտվելով, մյուս կողմից։

Հաջորդ անգամ, երբ Մոսկվայում որոշեն ուշացնել ռուսական զենքի մատակարարումները, Կառավարության շենքում և Ազգային ժողովում քչերն են հիշելու նաև այս պատգամավորներին «գործի դնելու» հանգամանքը։ Մինչդեռ Մոսկվայում վստահաբար կնկատեն և կհիշեն։ Հետևությունը մեկն է ու արդեն արձանագրված՝ դաշնակցին, որից Հայաստանի իշխանությունները դժգոհ են՝ ոչ առանց հիմքի, շարունակում են վերածել թշնամու՝ անհիմն կերպով։

Վերջապես, ռուսական զենքի մատակարարի հետ առավել հեռատես վարվելու կարիքը սուր է պայմանավորված երկու հանգամանքով, որոնք անտեսելն ուղիղ հարված է Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը։ Առաջին՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար այլ երկրներից սպառազինության գնման գործընթացը նոր է՝ դրանից բխող քանակական, տեխնիկական, լոգիստիկ և այլ խնդիրներով։ Մոսկվայից սպառազինության մատակարարման պարագայում այդ խնդիրները կա՛մ չկան, կա՛մ կան դրանց արագ և արդյունավետ լուծումները։ Երկրորդ՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ռուսական սպառազինության գործածությանը ծանոթ են, նոր զինատեսակները ենթադրում են ուսումնական փուլեր։

Եվ այս երկու հանգամանքներն առավել սուր են դրված Հայաստանի առաջ՝ հաշվի առնելով «խաղաղության պայմանագրի» ու «խաղաղության օրակարգի» վերաբերյալ ալիևյան վերջին «բացահայտումները»։

Ի՞նչ է նշանակում ռուսական զենքի մատակարարումը

Մյուս կողմից ուշագրավ է, թե ինչո՞ւ Մոսկվան կատարեց պարտավորությունը։ Չկատարելու հիմք ու պատրվակ գտնել Մոսկվայում, վստահաբար, կարող էին։ Այնպես որ հարցի պատասխանը գտնելու համար կարելի է փորձել հասկանալ, թե ինչ է նշանակում ռուսական զենքի մատակարարումը։

Այն, որ Փաշինյանը երես է թեքել ռուսական քաղաքական ու ռազմական առանցքից, դրսևորվում է բաց՝ ՀԱՊԿ և ԱՊՀ դեմ դեմարշներից սկսած մինչև ռուսական ռազմաբազայի նպատակահարմարության հարցը բարձրացնելով։ Այն, որ Փաշինյանի դեմարշը և ռուսական ներկայությունից ազատվելու ցանկությունը Մոսկվային քիչ են հուզում և Հայաստանից ու տարածաշրջանից հեռանալ չեն պատրաստվում՝ հայտարարվել է նույնպես բաց։

Հետևաբար, նախ նկատենք, որ ռուսական զենքի մատակարարումը չի նշանակում, թե Փաշինյան-Մոսկվա հարաբերություններն են կարգավորվում։ Ճիշտ հակառակը՝ այդ մատակարարումը նշանակում է, որ ռուսական կողմը պնդում է իր ներկայությունը Հայաստանում և տարածաշրջանում։

Եվ, որ ավելի կարևոր է՝ հայկական զինված ուժերին սպառազինությունը տրվում է ոչ թե զինապահեստների ու զորավարժանքների համար, այլ որովհետև ուժերի հավասարակշռությունը խիստ խախտված է ու նաև դրանից է բխում Ալիևի սանձարձակությունը, որը միշտ չէ, որ համապատասխանում է ռուսական շահին։ Որքան էլ Ալիևը գրագետ սիրաշահի Կրեմլին։

Այն, որ Մոսկվան զինում է հայկական ուժերին, նաև ցուցիչ է, որ առնվազն Կրեմլում տեսնում են վտանգը, որ սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, գոյությանը, հետևաբար ռուսական ազդեցության գոտուն։

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր