Բրյուսելի առաջին հետևանքը. Ռուսները հեռացան, թուրքերը մնացին Արցախում

Արցախի ժամանակավոր կորուստն ունեցավ երեք հիմնական փուլ: Առաջինը պատերազմն էր: Երկրորդը՝ սեպտեմբերի 19-ի վերջին հարձակումն ու բռնագաղթը: Երրորդը ռուս խաղաղապահների դուրսբերումն է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից:

Խաղաղապահների հեռանալով կորցնում ենք արժանապատիվ վերադառնալու հույսից կառչելու հնարավորությունը՝ առավել տևական ժամանակով, քան եթե Արցախում թուրքականից բացի լիներ որևէ այլ ներկայություն:

Հիմա Արցախում լիակատար կվխտան Թուրքիան և Ադրբեջանը: Որովհետև Մոսկվան փաստացի պատժեց Նիկոլ Փաշինյանին բրյուսելյան հանդիպման, պայմանավորվածությունների համար:

Կրեմլի հաստատումը

Ապրիլի 16-ին՝ օրվա 2-րդ կեսին, առաջինը լուրերը սկսեցին տարածել Բաքվի մեդիառեսուրները՝ առանց պաշտոնական հաստատման: Հրապարակեցին տեսանյութեր՝ Արցախից դեպի Գյանջա-Գանձակ շարժվող ռուսական ռազմաշարասյունների կադրերով:

Բաքվի պետական լրատվական գործակալությունը գրեց.«Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից… Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը սկսվել է»

Ապրիլի 17-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատեց լուրը.«Դա իրոք այդպես է»:

Որևէ լրացուցիչ մեկնաբանություն Կրեմլից չհնչեց:

Ժամեր անց Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Ինտերֆաքսին ասաց. «Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղիղ շփումներում։ Եվ կայացվեց որոշում խաղաղապահների փուլ առ փուլ դուրսբերման մասին»։

Որոշիչ հայտարարությունները

ՌԴ խաղաղապահ զորախումբը Արցախի Հանրապետության տարածքում տեղակայվել է 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 3-րդ կետով: Տեղակայման ժամկետը սահմանվել է 4-րդ կետերով:

Երրորդ կետում նշված է, որ «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»:

Չորրորդ կետում նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Հատկապես արցախահայության բռնագաղթից հետո խաղաղապահներ մնալ-չմնալու հարցը բերվեց օրակարգ: Ադրբեջանում և Թուրքիայում նկատելի ջղագրգրռվում էին, որովհետև եթե Մոսկվան ցանկանար, կարող էր գտնել մնալու բոլոր հիմքերը և մեթոդները:

2023-ի հուլիսի 12-ին խաղաղապահներին Արցախի դուռը ցույց տվեց Թուրքիայի նախագահը: «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է Ղարաբաղում տեղակայված լինի 5 տարի։ 2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի դրա պահանջը», – հայտարարեց Էրդողանը:

Նախորդել ու հետևել էին ակնարկներ Մոսկվայից այն մասին, որ խաղաղապահների հեռանալը դեռ մեծ ու ծանր հարց է:

2023-ի հոկտեմբերի 10-ին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո ՌԴ նախագահը հայտարարեց.«Ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության միջոցով պետք է լուծենք այն հարցը, թե ինչ ենք անելու մոտ ապագայում: Բայց դա կորոշենք բանակցությունների ժամանակ»:

Փաստացի ռուսական կողմը ցուցադրում էր 2025-ից հետո ևս Արցախում մնալու հավակնություն, կամ առնվազն հեռանալը թանկ վաճառելու մտադրություն: Սակայն, ամիսներ անց, փաստացի հեռանում են, և բոլորովին սխալված չենք լինի, եթե նկատենք՝ անսպասելի, անակնկալ կերպով:

Հետևանք-պատիժ. Եվրաձգտումների գինը

Բաքվից ռուս խաղաղապահների մասին վերջին հայտարարությունը եղել է ապրիլի 4-ին, երբ պնդեցին, թե մտադիր են ռուս խաղաղապահներին օգտագործել Արցախի տարածքների ականազերծման աշխատանքներում:

«Ներկայում սակրավորները և նրանց տեխնիկան հավատարմագրման փուլում են։ Այն սկսվել է ապրիլի 1-ին և նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին։ Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանում», – ասել էր Բաքվի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։

Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը ապրիլի 5-ին էր:

Էրդողան-Պուտին հեռակա «բախումը» և դրան կից Սուլեյմանովի հայտարարությունը բավական փաստ են՝ տեսնելու, որ խաղաղապահների դուրս բերման որոշումն իրականում տեղավորվում է Մոսկվա-Փաշինյան հարաբերություններում՝ Բրյուսելի հետևանք-պատիժ տրամաբանության մեջ:

Կարող էինք սպասել, որ Մոսկվան այս կերպ կարձագանքի բրյուսելյան պայմանավորվածություններին: Միաժամանակ ոչ և այո: Առաջին հերթին ուշադրության կենտրոնում էին տնտեսական հետևանքները:

Ինչու Մոսկվայում կայացրեցին հենց այս որոշումը: Պատասխանը հարցով է՝ Փաշինյանին պատժելուն զուգահեռ բոնուսի կարգավիճակով պայմանավորվածություն-փոխզիջում կա՞ Բաքվի-Անկարայի հետ: Որովհետև այս հարցը կարող էր լուծվել միայն ռուս-թուրքական կոնտեքստում:

Հստակ է միայն, որ Հայաստանը և Հայաստանի քաղաքացիները սկսել են վճարել այն ծանր գինը, որից կարող էին և պարտավոր էին խուսափել:

Արցախում ռուսական ներկայությունը կարևոր էր հենց Մոսկվայի համար՝ ռազմավարական տարածքը թուրքական լիակատար ներկայությանը չզիջելու տեսանկյունից: Հետևաբար, լուռ հեռանալը պետք է լինի հուշում, թե որքան լուրջ էր Փաշինյանի հարվածը Մոսկվային, և սա էլ հուշում է ամենավտանգավորը՝ Մոսկվայի պատժիչ գործողությունը սկսվեց, բայց դեռ չի ավարտվել:

Արցախում ռուսական ներկայությունը կարևոր էր Երևանում՝ հազարավոր քաջերի կյանքերով ազատագրված պատմական հայրենիք երբևէ վերադառնալու արժեքը, իմաստը, կարևորությունը գիտակցողների, հայերի անվտանգ գոյության հնարավորություն փնտրողների համար:

Ռուս խաղաղապահները, այո, չարեցին այն, ինչ սպասում էինք, բայց Հայաստանը կարող էր օգտագործել նրանց ներկայության գործոնը: Այդ գործոնի բովանդակությունը պետք է հասկանալ հարցով՝ ինչ ենք շահում հիմա՝ երբ ռուս խաղաղապահները հեռացան, և Արցախի օկուպացված տարածքներում հիմա միայն Թուրքիայի շունչն է՝ թուրք զինվորականներով, թուրքական զենքով, թուրքական ֆորմատի ադրբեջանական զորքով, Էրդողանի նկարներով:

Բաց է մնում Ակնա-Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի հարցը:

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր