Տավուշյան գործընթացը դադարեցնելու լեգիտիմ հիմքեր՝ տրված Բաքվից

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ալմա-Աթայի հռչակագիր» աղաղակելով, հանձնում է Տավուշի պաշտպանական գիծը, նրա կաբինետի ԱԳ նախարարը բաց տեքստով խոստովանում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագրից: Սա նշանակում է այն նույն պայմանավորվածությունից, որով Փաշինյանը Արցախի Հանրապետության տարածքը հրապարակավ ճանաչեց Ադրբեջանի կազմում: Առավել հստակ՝ Ալիևը հրաժարվում է պայմանավորվածության իր մասը կատարելուց:

Սկիզբը. Ինչպես մեջտեղ բերվեց Ալմա-Աթայի հռչակագիրը

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Կայացավ քառակողմ հանդիպումը՝ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահը և Եվրոպական Խորհրդի նախագահի հետ, ինչից հետո տարածվեց հայտարարություն. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հանձնառությունը ՄԱԿ կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որոնց՝ երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ նշվում էր.«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը»:

Մայիսի 22-ին Երևանում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանին հարցրեցին՝ ճանաչելով Ադրբեջանի 86.600 ք/կմ-ն, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը Ադրբեջանի մաս: Փաշինյանը պատասխանեց. «Ադրբեջանի 86.600 ք/կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտում ձևաչափում:

Ադրբեջանը 86.600 ք/կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 ք/կմ տարածքային ամբողջականությունը։ Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.600 ք/կմ տարածքային ամբողջականությունը»:

Փաշինյանի պրահյան այս պայմանավորվածությունը շրջադարձային եղավ նաև Արցախի հարցում Մոսկվայի դիրքորոշման համար:

2023-ի սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահը, ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումում, հայտարարեց. «Հարցը ոչ միայն վերջին հակամարտության արդյունքներն են, այլև այն, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եվ Պրահայի հայտարարության մեջ պարզապես արձանագրել է դա թղթի վրա: Հայաստանի ղեկավարությունն այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է՝ հաշվարկելով մինչև 1991 թվականը Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ տարածքը և նշելով մի թիվ, որը ներառում էր նաև բուն Ղարաբաղի տարածքը։ Դա տեղի է ունեցել։ Դա մեր որոշումը չէ, դա այսօրվա Հայաստանի ղեկավարության որոշումն է»:

2023-ի հոկտեմբերի 2-ին, ՌԴ ԱԳ նախարարը «Վալդայ» միջազգային ակումբում հայտարարեց. «Երբ Երևանում որոշ գործիչներ հայտարարում էին, թե 2020 թվականի նոյեմբերին, երբ ստորագրվում էր պատերազմը դադարեցնելու հայտարարությունը, Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին` սուտ է։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է` Ղարաբաղը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Բայց երբ 1 տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հայտարարված էր` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համապատասխան, հարցը փակվեց»:

Եթե անգամ ելնենք այն տրամաբանությունից, որ Ռուսաստանին հենց պատրվակ էր պետք Արցախի հարցում նման դիրքորոշման համար, Փաշինյանը սկուտեղի վրա մատուցեց լավագույն պատրվակը:

Եթե անգամ ելնենք այն տրամաբանությունից, որ Արևմուտքին հենց այս նվերն էր պետք՝ Ալիևից գազային գործարքը ստանալու և տարածաշրջանում ՌԴ ներկայությունից ազատվելու համար, Փաշինյանը սկուտեղի վրա մատուցեց Արցախը:

Եվ եթե ելնենք Փաշինյանի տրամաբանությունից, թե հանձնելով Արցախը՝ ստանում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում Ալիևից, ապա սա միայն Փաշինյանի ընկալումն է: Ընդ որում «մեր ընկալմամբ» եզրով եղածը ձևակերպել է հենց Փաշինյանը:

Փաշինյանի՝ ամբողջությամբ սխալ ընկալումները

Հայաստանի Հանրապետության տարածքի ուրվագիծը այս ու այն կողմ ցուցադրող Փաշինյանը, որն ամեն անգամ «Ալմա-Աթայի հռչակագիր», «սահմանազատում», «լեգիտիմ սահման» գոռալով փորձում էր լռեցնել Արցախը հանձնելու մեղադրանքները, 2024 թվականի ապրիլի 30-ին կանգնեց այն իրականության առաջ, որը ներկայացրեց իր իսկ ԱԳ նախարար Միրզոյանը Al-Jazeera-ին տված հարցազրույցում:

«Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, , մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այսպիսով, ինչպես նշեցի, այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը», – հայտարարել է Միրզոյանը:

Միրզոյանի այս հայտարարությունը ցուցիչ է, որ ՀՀ տարածքի փաշինյանական ուրվագիծն Ադրբեջանը չի ընդունում, որ Ալիևը փաստացի հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագրով ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածությունից: Միրզոյանի այս մեկ հայտարարությունը բավական լեգիտիմ հիմք է նույն Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրով պայմանավորված սահմանազատման գործընթացը դադարեցնելու համար:

Մյուս կողմից այդ հիմքերը դրսևորվել են անգամ ավելի վաղ: Հայաստանի տարածքի իր ընկալումների մասին Ալիևը միշտ է անկեղծ խոսել: Հիշենք այս տարվա իր առաջին հարցազրույցը՝ սահմանազատման գործընթացի, Ալմա-Աթայի հռչակագրի, Փաշինյանի հետ պայմանավորվածությունների մասին Ալիևի պատկերացումները պատկերավոր տեսնելու համար:

«Ինչու՞ 1975 թվականի քարտեզներ, կամ հիմա խոսք է գնում նաև 1970, 1990-ականների քարտեզների մասին: Պատասխանը չափազանց պարզ է, և ես այսօր ուզում եմ բաց խոսել այդ մասին։ Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում ադրբեջանական հողերը մաս-մաս փոխանցվել են Հայաստանին։ 1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումից 1 օր անց «Իրեվան» քաղաքը, ցավոք, փոխանցվեց Հայաստանին։ Թեև դրա համար ոչ մի հիմք չկար։ Այն հնագույն ադրբեջանական քաղաք է։ Ադրբեջանի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, պատմությունը, այսինքն՝ այսօր ջնջված Երևանի պատմական տեսքը հաստատում է ադրբեջանական դարավոր ճարտարապետական ժառանգության առկայությունը։

1920-ի ապրիլին եղավ խորհրդայնացումը, արդեն նոյեմբերին խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրի զգալի մասը դուրս բերեց Ադրբեջանի կազմից և փոխանցեց Հայաստանին։ Տարածքային նման նվերները շարունակվեցին մինչև 1969 թվականը, երբ եկավ Հեյդար Ալիևը: Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են հիմք ընդունել 1970-ականների քարտեզը: Մի կողմ են դնում 1960-ականների, 1950-ականների, 1940-ականների քարտեզները և ուզում են անդրադառնալ հենց 1970-ականներին։ Որովհետև մինչև այդ մեր պատմական հողերը փոխանցվել են հայերին: Ուստի մենք կտրականապես առարկեցինք և առարկում ենք սրան», – հայտարարել էր Ալիևը՝ Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածությունից 2 տարի անց:

Սա հի՞մք չէ Տավուշյան գործընթացը՝ պաշտպանական գծի հանձնումը թույլ չտալու, դիմադրության, փրկության ելք որոնելու համար:

Իրականությունն ու իրողությունները

Այն, որ Բաքվում Արցախը ստանալուց հետո այլևս, մեղմ ասած, չեն կարևորում Ալմա-Աթայի հռչակագիրը, Փաշինյանի համար նորություն չէ: Հետևաբար, Փաշինյանը, ունենալով իր իսկ նախընտրած արևմտյան գործընկերների առաջ Ալիևի ստանձնած պայմանավորվածությունը և այդ պայմանավորվածությունից Ալիևի հրաժարվելու փաստը, ինչո՞ւ չի դիմում Վաշինգտոնին և Բրյուսելին՝ նրանց միջնորդած պայմանավորվածությունների կատարման հարցով:

Որովհետև Հայաստանի հետ անգամ ապրիլին բրյուսելյան աղմկոտ հանդիպմանն անվտանգային հարցեր չեն քննարկվել, ինչպես մի քանի անգամ պնդեցին Վաշինգտոնից՝ արձագանքելով Բաքվի վրդովմունքին: Իսկ անվտանգությունն այն միակ հարցն է, որը հիմա հետաքրքրում է Հայաստանին, պետք է հետաքրքրի Հայաստանին: Եթե Վաշինգտոնն ու Բրյուսելը, հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, պատրաստ են հայտարարել, որ անվտանգային հարցեր չեն քննարկել Հայաստանի հետ, նշանակում է՝ առնվազն կանաչ լույս են վառում Ադրբեջանի համար՝ իրենց իսկ միջնորդած Պրահայի պայմանավորվածություններից հրաժարվելու համար, առավելագույնը՝ չեն կանխում Հայաստանի դեմ նոր ագրեսիան:

Մարտի 18-ի հանդիպումից հետո ապրիլի 17-ի Տավուշ վերադարձած Փաշինյանն է, ըստ փակ հանդիպումից հետո գիշերը կառավարության տարածած տեսանյութերի, հակասել ինքն իրեն՝ նախ սահմանազատմամբ անվտանգություն երաշխավորելով, ապա հավելելով՝ ոչինչ երաշխավորել չի կարող: Եվ, իհարկե, ինչպես մեկ ամիս առաջ, բառացիորեն երաշխավորել է՝ եթե քայլեր չարվեն, կլինի տարածաշրջանային նոր պայթյուն:

Նիկոլ Փաշինյանը չի կարող դիմել արևմտյան միջնորդներին, որովհետև այդ միջնորդները, որքան էլ փորձեն Հայաստանի հետ խորացնել գործընկերությունը, առավել ճշգրիտ ձևակերպմամբ՝ այնքան, որքան դա հնարավոր կհամարեն, նրանց և ՀՀ կարիքները տարբեր են:

Այնինչ այս պայմաններում գլխակորույս ու հնազանդ կերպով «սահմանազատման գործընթաց» սկսելով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ցույց է տալիս, որ թակարդում է, այլև այն, որ դեպի այդ թակարդն է քարշ տալիս Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ անվտանգության ապահովումը, ՀՀ տարածքային ամբողջականության պաշտապանությունը անգամ իր նախընտրած Ալմա Աթայի հռչակագրով և պրահյան գործընթացով:

Եվ ամենաանհրաժեշտը, որ հիմա կարող է անել Փաշինյանը, տապալումն անկեղծորեն ընդունելն է՝ ջղաձգումներով ու կեղծիքներով արդարացնելու փոխարեն: Գուցե պետք է կանգնել և անկեղծորեն խոստովանել, որ Հայաստանը չունի դաշնակիցներ, չունի գործընկերներ, որ Հայաստանը կանգնած է թուրք-ադրբեջանական ամենաիրական վտանգի առաջ: Եվ թողնել որոշումը ՀՀ քաղաքացիներին…

Անի Ավետյան

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր