Ալիեւը փորձում է իր ժողովրդի առաջ ուժեղ եւ իմաստուն առաջնորդի կերպարով հանդէս գալ, շեշտելով իբրեւ, թէ ինքն ամէն ինչ ճիշտ է հաշւարկել եւ հետեւողականօրէն իրագործել է Արցախը գրաււելու ծրագիրը։ Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, մեկնաբանելով Ալիեւի վերջին հակահայ յայտարարութիւնը, թէ իբր 44-օրեայ պատերազմին՝ իր զօրքը դեռ այն ժամանակ կարող էր անարգել մտնել Ստեփանակերտ, սակայն ինքը որոշել է առաւել խելամիտ գտնւել եւ նպատակներին հասնել առանց նոր ու մեծաթիւ կորուստների։
Քաղաքագէտի խօսքով՝ իրականութիւնը սակայն այն է, որ ադրբեջանական կողմի այդչափ մեծ յաջողութիւնն անակնկալ էր եղել նաեւ իրենց համար։
«Ի վերջոյ, եկէք չմոռանանք, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինւած ուժերը միայն մէկ ուղղութեամբ են կարողացել ճեղքում ունենալ։ Աւելին ասեմ, թշնամու Շուշի մտնելն էլ եղել է քաղաքական պայմանաւորւածութեան հետեւանք»,- նշեց Մելիք-Շահնազարեանը՝ շեշտելով, որ ինքը Ալիեւն է մէկ առիթով խոստովանել, որ եթէ հայկական կողմը Ադրբեջանին չյանձնէր Ակնան, Քարվաճառը, Քաշաթաղն ու այլ տարածքներ, հնարաւոր է իրենք երբեք չկարողանային այդքան մեծ յաջողութիւն ունենալ։
Անդրադառնալով Ստեփանակերտում եւ Բաքւում անցկացւած ռազմական շքերթներին, եւ Ադրբեջանի նախագահի հակահայ ելոյթին, փորձագէտը նշեց, որ Ալիեւը խոստովանում էր, որ Ադրբեջանի ուժերը սպառման եզրին էին, եւ նոյնիսկ եթէ 2020 թւականին թշնամին կարողանար գրաւել Ստեփանակերտը, ինչը Շուշիից յետոյ, նա չի բացառել, միեւնոյն է հայ ժողովրդի համար այդ պատերազմն այդքան աղէտալի աւարտ չէր ունենայ։
Յամենայնդէպս, քաղաքագէտը կարծում է, որ Արցախի որոշ շրջաններ ադրբեջանցիները չեն կարողացել մուտք գործել ու չէին էլ կարողանալու, եթէ չլինէր Նիկոլ Փաշինեանի ու նրա թիմակիցների դաւաճանութիւնն այնպէս, որ Ալիեւն ինքն էլ է զարմացած դէպքերի այսպիսի ընթացքից եւ հիմա ուզում է առիթն օգտագործել ու հանրութեան առջեւ որպէս ուժեղ առաջնորդ ներկայանալ։
ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումներին անդրադառնալով, քաղաքագէտը շեշտեց, որ դաւաճանների վերադարձը ռացիոնալութեան դաշտ բացառւած է։ Ընդ որում, բացառւած է թէ՛ ներքին, թէ՛ արտաքին եւ թէ՛ զուտ իրենց անձնական նպատակադրումների գործօններով պայմանաւորւած։
«Իրականում Ալիեւն ու Փաշինեանն այսօր շարունակում են նոյն գործն անել՝ Հայաստանի թուլացում ու տարածաշրջանում արտաքին ազդեցութեան ուժերի փոփոխութիւն։ Այս կոնտեքստում նրանց «խաղաղասիրական» յայտարարութիւնները զրօ նշանակութիւն ունեն։ Կարեւոր են արւող գործերը։ Ադրբեջանի պարագայում դա բանակի ոչ միայն ուժեղացումն է, այլեւ դրա ամբողջական ենթակայութիւնը Թուրքիայի զինւած ուժերին»,- նշեց նա:
Մելիք-Շահնազարեանը յստակեցրեց, որ Բաքւի գործօն Հարաւային Կովկասում այլեւս չկայ։ Կայ Թուրքիայի գործօն։
Փաշինեանի նշած «Խաղաղութեան խաչմերուկ»-ն էլ թուրքական այդ գործօնի ուժեղացմանը միտւած նախագիծ է։ Նոյն «Զանգեզուրի միջանցք»-ը՝ նոր փաթեթաւորմամբ։
«Դրա համար, կարելի է վստահ պնդել, որ Ալիեւ-Էրդողան-Փաշինեան համագործակցութիւնը շարունակւում է նոյն տեմպով եւ Հայաստանի համար նոյն կործանարար հետեւանքներով»,- նշեց նա:
Հզօր պետութեան վերականգնման, անվտանգային իրավիճակի բարելաւման համար, ի՞նչ ճանապարհներ ունի Հայաստանն այսօր: Հրանտ Մելիք-Շահնազարեանը կարծում է որ ցաւօք, այն շատ երկար ու փշոտ ճանապարհ է։ «Դաւաճանների խմբակը զրկել է մեզ շուտ վերականգնւելու բոլոր հնարաւորութիւններից։ Բայց դա չի նշանակում, որ մենք պէտք է վախենանք այդ ուղուց»,- նշեց նա:
«Վերականգնւելու եւ կրկին հզօրանալու համար նախեւառաջ անհրաժեշտ է հեռացնել դաւաճանների իշխանութիւնը, վերականգնել ստրատեգիական երկխօսութիւնը մեր դաշնակիցների՝ առաջին հերթին Ռուսաստանի եւ Իրանի հետ, համախմբել հանրութիւնը, ունենալ յստակ նպատակադրումներ եւ առաջ շարժւել այդ օրակարգերով»,-նշեց քաղաքագէտը:
Թէ ինչպէս է պատկերացնում տարածաշրջանի ապագան հարցին, Մելիք-Շահնազարեանը պատասխանեց, որ այս պահին՝ բաւական մշուշոտ։ Ակնյայտ է, որ ձեւաւորւող նոր աշխարհակարգում Հարաւային Կովկասը կարեւոր նշանակութիւն է ունենալու։ Դրանով է պայմանաւորւած մեծ տէրութիւնների՝ այսչափ սուր պայքարը մեր տարածաշրջանի համար։ Ընդ որում, այդ պայքարն ամէն պահ կարող է վերաճել նաեւ զինւած հակամարտութեան։
«Նման սցենարը, որը չափազանց հաւանական է թւում այսօր, աղէտալի հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար։ Չի կարելի թոյլատրել, որպէսզի մեր տարածքը վերածւի այլոց պատերազմի մարտադաշտի։ Երկրորդ անթոյլատրելի զարգացումը՝ թուրք-ադրբեջանական ազդեցութեան մեծացումն է Հարաւային Կովկասում։ Սա նոյնպէս կործանիչ վտանգներ է պարունակում Հայաստանի, ինչպէս նաեւ մեր բնական դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի համար։ Սակայն, այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձութիւններով պայմանաւորւած, ո՛չ Մոսկւան, ո՛չ Թեհրանը, առաւել եւս ո՛չ էլ Երեւանը Թուրքիային ու Ադրբեջանին դեռեւս լուրջ հակազդեցութիւն չեն ցուցաբերում Հարաւային Կովկասում»,- ասաց նա զգուշացնելով, որ սա նոյնպէս մտահոգիչ հանգամանք է։
Քաղաքագէտի համոզմամբ, երրորդ խնդիրը, իհարկէ, վերաբերւում է մեր տարածաշրջանի արտաքին կողմնորոշման ընտրութեանը։ Մի քանի օր առաջ Վրաստանը Եւրոմիութեանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստացաւ։
Մելիք-Շահնազարեանը փաստեց, որ Հայաստանի իշխանութիւնների ձգտումներն էլ են դէպի Արեւմուտք։ Այս պահին դեռեւս դժւար է կանխատեսել, թէ Արեւմուտքը որքան կը կարողանայ ներթափանցել Հարաւային Կովկաս, բայց արդէն իսկ միանշանակ է, որ Արեւմուտքի գործօնը բազում փոփոխութիւններ է բերում մեր տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան, ինչպէս նաեւ ձեւաւորւած ընդհանուր մօտեցումների մէջ։
Թէ ո՞րը կը լինի դրա վերջնարդիւնքը, քաղաքագէտը նշեց, որ այս պահին դժւար է ասել։ Բայց այն, որ Հարաւային Կովկասը գտնւում է կենսական վերափոխումների գործընթացում, դա միանշանակ է։
ՍյունԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
«Ալիք» օրաթերթ, Թհրան
____________________________