Մեկուսացված արտգործնախարարը. Ով ինչի համար էր Թեհրան մեկնել

Իրանի պետական լրատվական գործակալության լուսանկարը, որում Թեհրանում հավաքված տարածաշրջանի երեք գլխավոր դիվանագետները և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն էին, 3+2 հարթակի հանդիպման ամենախոսուն պահն էր։

Կադրում շփվում են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Լավրովն ու Աբդոլահիանը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ֆիդանը և Բայրամովը։ Տրամաբանական զույգեր։ Եվ ճիշտ նույնքան տրամաբանական էր, որ նրանց կողքին միայնակ քայլում էր Արարատ Միրզոյանը։

Այստեղ խնդիրն այն չէ, որ մեկուսացված էր նա՝ անձնապես, Արարատ Միրզոյանը, որը Հայաստանի գլխավոր դիվանագետի աթոռին, ի տարբերություն մյուս չորսի (հիմնականում երեքի), հայտնվել է ոչ թե մասնագիտության և պրոֆեսիոնալիզմի բերումով, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը լինելով։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի արտգործնախարարը՝ այսպես դեմոնստրատիվ, և Հայաստանի Հանրապետությունը՝ այդ լուսանկարի բովանդակությամբ, փաստացի մեկուսացված էր տարածաշրջանի գլխավոր դիվանագետների մեջ։

Դիվանագետի մեկուսացումը տապալված աշխատանքի ցուցիչ և ահազանգ է։

Ով ինչի համար էր գնացել Թեհրան

Սկսենք Հայաստանից։ Արարատ Միրզոյանը, ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության տեքստում, թեհրանյան հավաքին ասել է.«Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր»։

Իրանի ԱԳ նախարարի գլխավոր և կանխատեսելի հայտարարությունը՝ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը։ Հենց այս պատճառով էր Թեհրանն այսքան շահագրգիռ աշխատում տարածաշրջանային 3+2-ը կազմակերպելու ուղղությամբ։ Առաջին, հիմադիր և մինչև այս միակ հավաքը կայացել էր Մոսկվայում, երկու տարի առաջ։

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունները նույն տրամաբանությամբ էին։ Հաքան Ֆիդանն թելադրեց թուրքական պայմանը. «Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ»։ Բայրամովն այդ խաղաղության պայմանագիրը պահանջեց որքան հնարավոր է արագ։

Թեև թուրքական որոշ լրատվամիջոցներ թեհրանյան հավաքին կցեցին անգամ «պատմական» պիտակը, թուրքական մեդիան, ընդհանուր առմամբ, հավաքը լուսաբանեց զուսպ՝ ոչ այնպես, ինչպես անում են, երբ նման միջոցառումները բխում են Թուրքիայի շահերից։ Սա առաջին հերթին նշանակում է, որ Թուրքիան իր վասալ Ադրբեջանի հետ փաստացի հայտնվել է Իրան-Ռուսաստան բարդ զույգի առաջ։

Եվ հակառակ նրան, որ հենց Թուրքիան և Ադրբեջանն են 3+2-ի նախաձեռնողները, այս հարթակը հիմա առավելապես բխում է Իրանի և Ռուսաստանի շահերից, երբ դեպի Արևմուտք են ուղղվում նաև Նիկոլ Փաշինյանի հայացքները։

Ռուսաստանի ԱԳ նախարարից եղավ հայկական թեմայով թեհրանյան հավաքի ամենակարևոր՝ քարտեզային հայտարարությունը։ Լավրովը ներկաներին հիշեցրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը կարգավորելու բանալին Մոսկվայի ձեռքում է։ «Մենք դեմ չենք շփումներին, որոնք հայերը և ադրբեջանցիներն իրենց համար օգտակար կհամարեն, բայց բոլոր փորձագետներին հայտնի է, որ սահմանազատումը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչը, այդ թվում` քարտեզները, որոնք մնացել են խորհրդային տարիներից, գտնվում են Մոսկվայում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ փորձեն բախտը, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը», ֊ հայտարարեց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարն այս հայտարարությամբ փաստացի ոչ միայն լուծված հարցերի շարքում թողեց ղարաբաղյան հակամարտությունը, այլև խաղաղության պայմանագիր կոչվածը։ Եթե հերթը հասել է սահմանազատմանը, ուրեմն վերը նշված երկու հարցերն արդեն կարգավորված են։ Առնվազն ռուսական կողմի համար։

Բոլորի հետ՝ բացի Լավրովից

Թեհրան մեկնած Արարատ Միրզոյանն այնտեղ շփումներ է ունեցել ներկա բոլոր երկրների պատվիրակությունների հետ՝ բացի Ռուսաստանից։

Իրանի նախագահն է ընդունել Արարատ Միրզոյանին, հայտարարություն եղավ Ադրբեջանի արտգործնախարարի հետ ոչ պաշտոնական շփումների մասին, պաշտոնական հանդիպում է եղել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Բայց ոչ մի շշուկ, խոսք, հայտարարություն Սերգեյ Լավրովի հետ անգամ ոչ պաշտոնական շփումների մասին։ Եվ սա նկատել են առաջին հերթին թյուրքական երկու պատվիրակությունները, որոնք Փաշինյան – Մոսկվա հարաբերություններում ներկա լարվածությունը հաշվարկում ու շահարկում են՝ Հայաստանի առանց դաշնակից (անգամ վատթարագույն դաշնակից) կարգավիճակը ծառայեցնելու իրենց շահերին։

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Արարատ Միրզոյանի հանդիպման մասին ոչինչ հայտնի չէ։ Միայն պրոտոկոլային երկու նախադասություն. «Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը»:

Ոչ մի խոսք հարաբերությունները կարգավորելու Փաշինյան ֊ Էրդողան գործընթացի մասին։ Ոչ մի խոսք այն մասին, որ թե ձեռք բերված ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Առավելևս ոչ մի խոսք տապալված հայտնի պայմանավորածության մասին՝ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար այս ամռան սկզբին բացելու վերաբերյալ։

Եվ մյուս կողմից հիմա Թուրքիայի նախագահն է պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը կատարի մեկ այլ պայմանավորվածություն՝ «տված խոսքը» Զանգեզուրի միջանցք կոչվածի մասով։

Անի Ավետյան

Կապված նյութեր