100մ այս կողմ, 1կմ այն կողմ. ԱՊՀ գագաթնաժողովը սաբոտաժի ենթարկելու Փաշինյանի որոշման գինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ավարտին ասուլիսի ժամանակ հայտարարություն է արել Փաշինյանի բացակայության մասին, երբ դատարկ աթոռի մասին նրան հարց են ուղղել լրագրողները:

Պարզվում է՝ ԱՊՀ գագաթնաժողովի և Փաշինյանի՝ Բիշքեկ չմեկնելու մասին խոսել են վերջին հեռախոսազանգի ժամանակ: Ըստ Պուտինի՝ կան հանգամանքներ, որոնք միանգամայն հասնակալի են Մոսկվայի համար, բայց Վլադիմիր Պուտինն ասաց, որ չի խոսի դրանց մասին: Հորդորեց դրանց մասին հարցնել Փաշինյանին: «Բայց որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում», – հայտարարեց ՌԴ նախագահը:

Եվ հայկական ուղղությամբ Պուտինի բիշքեկյան հայտարարությունների առանցքը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը լրիվ հնարավոր է»:

ԱՊՀ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որը կարող է հիմա խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Ղարաբաղում տեղի ունեցածից հետո: Կան մաքուր տեխնիկական բնույթի հարցեր՝ սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի մասով, բայց կարծում եմ սրանք տեխնիկական հարցեր են՝ 100 մ այս կողմ, 1 կմ այն կողմ, դա արդեն կարևոր չէ», – հայտարարեց Վլադիմիր Պուտնիը՝ հավելելով, թե երկու կողմից բարի կամքի դրսևորման պարագայում սա հնարավոր է անել և անցնել այլ քայլերի՝ առևտրատնտեսական կապերի և ենթակառուցվածքային նախագծերի մասով:
Ռուսաստանի նախագահը նաև բացատրեց, թե ինչու խնդիր չի տեսնում, և ինչու է խաղաղության պայմանագիր կոչվածը հնարավոր: Որովհետև սեղանին և մեջտեղում այլևս չկա Արցախի կարգավիճակի հարցը: Վլադիմիր Պուտինը թեմային անդրադարձավ իրեն ուղղված հարցիրց հետո:

«Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղի տարածքը, ինչպես Դուք ասացիք, փաստացի դարձել է Ադրբեջանի տարածք, ապա, Ղարաբաղի տարածքը հիմա չէ, որ դարձավ Ադրբեջանի տարածք, այն Ադրբեջանի տարածքի մաս վերջնականորեն դարձավ այն բանից հետո, երբ անցած տարի՝ Պրահայի հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որը կտրուկ փոխեց Ղարաբաղի կարգավիճակը: Այսինքն՝ այդ հայտարարությունը որոշեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանն ընդունեց, որ Ղարբաղը Ադրբեջանի մասն է»:

Վլադիմիր Պուտինն այս անգամ ևս իր խոսքում կարճ պատմական հետահայաց է արել՝ նշելով, որ մինչև այս՝ անցած բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր հենց այս հարցի շուրջ՝ Արցախի կարգավիճակ: «Բազմաթիվ անգամներ մոտ ենք եղել Ղարաբաղի հարցով համաձայնությանը: Ինչն էր միշտ խնդիր դառնում՝ պայմանավորվում էինք, որ պետք է հանրաքվե անցկացվի, բայց կողմերից մեկն ասում էր, որ չի կարող նշել այդ հանրաքվեի ժամկետը: Դա Ադրբեջանն էր, որովհետև եթե ներկա պայմաններում հանրաքվե լիներ՝ վաղը կամ քսան տարուց, արդյունքը պարզ էր: Եվ այդ պատճառով առաջարկվում էր հանրաքվեի հարցը թողնել ապագա սերունդներին: Հայկական կողմը՝ հակառակը, պնդում էր, որ հստակ նշվի հանրաքվեի անցկացման ժամկետը և դրանով որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև նույնպես ելնում էին այն հանգամանքից, որ եթե հանրաքվեն անցկացվի անգամ քսան տարի անց, բայց բնակչության ներկա կազմով, արդյունքը ակնհայտ էր: Սա էր խնդրի էությունը և ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում՝ կարգավիճակի շուրջ: Բայց անցած տարի Հայաստանի իշխանությունը այդ թեման փակեց՝ ասելով՝ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է՝ նշելով անգամ քառակուսի կմ-ով: Եվ հղում անելով 1991-ի համաձայնագրին, որով նախկին խորհրդային հանրապետությունների պետական սահմանները որոշվում էին նրանց խորհրդային սահմաններով: Վերջ, թեման փակված է»:

ԱՊՀ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպման հայտարարությունը

Ռուսաստանի նախագահը նորից, կրկին և հերթական անգամ ուղիղ հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանին հանձնել է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում ԱՊՀ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպմանն իր ելույթում նաև նշել էր այն մթնոլորտը, որում Փաշինյանը կայացրել է այդ որոշումը՝ Արևմուտքի ակտիվություն արցախյան ուղղությամբ:

«Որպես Արևմուտքի ակտիվության ևս մեկ թարմ օրինակ, իրենցից շատ հեռու, բայց մեզ շատ մոտ և ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում, իհարկե, կարելի է բերել վիճակը ղարաբաղյան ճգնաժամում: Մենք դա երեկ մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Ինչպես հայտնի է՝ վերջին բոլոր երեք տարիներին ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիա թույլ չտալու համար: Մեր միջնորդությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր: Իլհամ Հեյդարիչը կարող է հաստատել, որ այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան, ծանր աշխատանք է տարվել՝ միտված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – հայտարարեց Ռուսաստանի նախագահը:

Նա անդրադարձավ նաև ռուս խաղաղապահներին, վստահաբար լավատեղյակ լինելով, որ Արցախի Հանրապետության տարածքի օկուպացիայի, արցախահայության բռնագաղթի մասով Երևանում հարցեր ունեն նաև հենց խաղաղապահներին:

«Ռուս խաղաղապահները բարեխղճորեն են իրականացրել իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ այն լիազորությունների շրջանակում, որն ունեցել են», – նշեց Պուտինը և օրվա վերջում իր այս խոսքին նաև ավելացրեց այն, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խաղաղապահները Արցախում պետք է մնան մինչև 2025-ը, և հիմա Բաքվի հետ բանակցություններ են ընթանում նոր հանգամանքներում խաղաղապահների կարգավիճակի վերաբերյալ:
ԱՊՀ առաջնորդների առաջ Վլադիմիր Պուտիրնը նաև հայտարարեց, որ հիմա Երևան – Մոսկվա – Բաքու օրակարգում խաղաղության պայմանագիր պատրաստելն է, որպեսզի վերջնականորեն այս հին հակամարտության հարցում վերջակետ դրվի: «Եվ ռուսական կողմն անխոս պատրաստ է այս հարցում ամբողջությամբ աջակցել գործընկերներին: Մասնավորապես համաձայն ենք նաև Մոսկվայում կազմակերպել բանակցություններ, եթե անհրաժեշտ լինի, ցանկացած ձևաչափով: Սկզբի համար բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև և փորձագետների: Իհարկե, կնպաստենք նաև որ այդ բանակցությունները եզրափակվեն խաղաղ համաձայնությամբ, որը կստորագրեն այդ երկրների առաջնորդները», – հայտարարեց Պուտինը:

Պուտին – Ալիև երկկողմ հանդիպումը

«Թիվ մեկ հարցը, իհարկե, Ղարաբաղի շուրջ վիճակն է, պետք է սա ուղիղ ասել», – Ալիևին տեսնելուն պես հայտարարեց Վլադիմիր Պուտինը: Երկկողմ հանդիպման ընթացքում Արցախի մասին բաց հայտարարությունները սահմանափակվեցին այսքանով:

«Մենք ունենք նաև այլ՝ բավական լայն օրակարգ, առաջարկում եմ աշխատանքը կազմակերպենք այսպես՝ նախ սկսենք երկրորդ մասից, հնարավորություն տանք գործընկերներին ևս խոսք ասել, ապա, երբ դեմ առ դեմ մնանք, կխոսենք ամբողջ օրակարգի, նաև զգայուն հարցերի մասին», – հայտարարեց Վլադիմիր Պուտինը:

Ինչից անմիջապես հետո Ալիևը, քծնելու իր ամբողջ կարողությամբ, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահին իր հետ երկկողմ հանդիպմանը ժամանակ հատկացնելու համար: Համաձայնեց Պուտինի առաջարկած օրակարգին, բայց առանց Արցախի անունն անգամ նշելու:

«Ապա կքննարկենք նաև տարաշածրջանային թեմաները և անվտանգային հարցերը», – ասաց Ալիևը:

Միրզոյանի բացակայությունը և Լավրովի հայտարարությունը

Ռուսաստանն արձանագրում է անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, նախկինում էլ քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով: Ճիշտ հակառակը՝ դրանք նպատակ ունեն այնտեղ հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար: Եվ դրանց նպատակն է նախապատրաստել հող այդ տարածաշրջանում Հայաստանի միջոցով Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջխաղացման համար», – հայտարարեց Լավրովը:

Նա իրատեսորեն նշեց, որ Մոսկվայում տեսնում են՝ այդ փորձերը ինչ-որ արդյունքի հասնում են, բայց Մոսկվայում նաև խորապես համոզված են, որ հայ ժողովրդի ծանրակշիռ մեծամասնությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ավանդական, պատմական, եղբայրական կապերը զարգացնելու հարցում:

«Եվ Նիկոլ Փաշինյանն էլ վերջին հարցազրույցում հստակ ասաց, որ Հայաստանը չի փոխում իր վեկտորը: Հուսանք, որ այս մոտեցումը կպահպանվի, հակառակ Հայաստանին այլ ուղղությամբ քաշելու փորձերին», – եզրափակեց Լավրովը:
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին չէր մասնակցում ՀՀ ԱԳ նախարարը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, այդ մասին ՀՀ ԱԳՆ-ն դեռ հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին:

Մինչդեռ ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում դիտարկում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների հնարավորությունը:

Անի Ավետյան

Կապված նյութեր