«Զանգեզուրի միջանցք». Թուրքական պլանը՝ հարձակում Սյունիքի վրա

Թուրքիայի նախագահը, ԱԳ նախարարը, մեդիան Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը դարձնում են Արցախից հետո էրդողանական հաջորդ առաջնահերթությունը՝ պատրաստելով ներքին լսարանին և արտաքին ուժերին։ Սա տեղի է ունենում Հայաստանի սահմանին ադրբեջանական զորքի կուտակման, Արցախի հետ շփման գծում կուտակած զորքը սեպտեմբերի 19-ին գործի դնելու և «Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն» վերնագրերով հոդվածների ֆոնին։

Թուրքիայի և Հայաստանի «միջանցքային» հայտարարությունները ՄԱԿ ֊ ում

Աշխարհում քաղաքական և դիվանագիտական գլխավոր հարթակից՝ ՄԱԿ ֊ ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Թուրքիայի նախագահը խոսեց «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին՝ դրանից բխող բոլոր ուղերձներով։

«Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ հատկապես Զանգեզուրի միջանցքը բացելու մասով», ֊ հայտարարեց Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 19-ին՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ՄԱԿ ֊ ի նույն ամբիոնից Էրդողանի հովանավորությմաբ և թուրքական անօդաչուներով առաջ էր տանում լայնամասշտաբ հարձակումը Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։

Ագրեսիայից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի չեզոք դիրքն արձանագրվեց գործնականում, սեպտեմբերի 21 ֊ ին եղավ Էրդողանի նյույորքյան երկրորդ հայտարարությունը, որում Թուրքիայի նախագահը կրկին լիովին արդարացրեց Արցախի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ հավելելով, թե այն ուղղված չէր Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դեմ։

ՄԱԿ ֊ ի Գլխավոր ասամբելայում Էրդողանի ելույթից 4 օր անց՝ սեպտեմբերի 23-ին ելույթ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարը։ «Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը:

Նրանց ստեղծած խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից», ֊ հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հաելելով, որ սա պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար։

Թուրքիայի ԱԳ նախարարի հիշատակումը

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի Բաքվի ագրեսիային, Հայաստանին, Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նոր հայտարարություններ է արել Նյու Յորքում ՄԱԿ ֊ ի ԳԱ նիստից և ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո։

«Մեր որոշ արևմտյան դաշնակիցներ Հայաստանին ուղղորդելիս պետք է ավելի ճշգրիտ խորհուրդներ տան։ Հակառակ դեպքում, դրսից տրվող խորհուրդներն ու աջակցությունը, որոնք համահունչ չեն տարածաշրջանի իրականությանը, ցավոք, լուծումների փոխարեն ավելի շատ քաոս ու արցունքներ են բերում», ֊ հայտարարել է Հաքան Ֆիդանը՝ մինչև բուն թեմային անցնելը։

Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը, որն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց նախագահի պաշտոնում Ռեջեփ Էրդողանի վերընտրությունից հետո, և ունի Էրդողանի պատերազմների համար պատրվակներ գտնողի համբավ, առավել ընդգծել է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի շուրջ էրդողանական վերջին շեշտերը: Ընդ որում փաստացի իրար կապելով այն, ինչ եղավ Արցախում և այն, ինչ կարող է լինել Հայաստանի տարածքում։ Միջանցքի մասին սկսում է խոսել, երբ նրան հարցնում են Արցախում Բաքվի ագրեսիայի մասին։

«Այն, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական միջոցառումներ» է արել, վկայում է, որ Բաքվին այլ ելք չէր մնացել հարցերը լուծելու համար։ Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի դադարի համաձայնությունից հետո հայկական կողմը չի կատարել որոշ պայմանավորվածություններ: «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ հայ բնակչությունն է, իր ինքնիշխանության գործնական հաստատմանը Ադրբեջանը երկար ժամանակ համբերատար սպասում էր», ֊ հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Թուրքական մեդիան գուժում է իրական պատերազմի ուղղությունը

Թուրքիայի խոշորագույն թերթերից Türkiye-ն «Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն. Իրանը և Հայաստանը զորքեր են կուտակում» վերնագրով գրում է, թե Արցախից դուրս եկող հայկական ուժերը կուտակվում են Սյունիքում՝ թույլ չտալու թուրքական միջանցքի բացումը։ Ընդ որում հայկական ուժերն անվանում են «չեթեներ», ինչը թարգմանաբար նշանակում է ավազակախմբեր, և այս եզրն առավել հայտնի է ցեղասպանության պատմությունից՝ Օսմանյան կայսրությունը բանտերից ազատել էր ավազակներին ու կազմել ավազակախմբեր՝ չեթեներ, որոնք էլ իրագործում էին հայերի ցեղասպանությունը։

Թուրքական թերթն անգամ նշում է. «Ըստ հետախուզական տվյալների՝ իրական մեծ պատերազմը տեղի է ունենալու Զանգիլան-Զենգեզուր առանցքի վրա»։

Թուրքիայի ամենահայտնի թերթերից Sabah-ը «Ղարաբաղից հետո Զանգեզուրի հերթն է» վերնագրով գրում է.«Նախիջևանից հետո, այսպիսով, Ղարաբաղը նույնպես դարձավ Ադրբեջանի տարածք։ Հիմա բոլոր հայացքները կուղղվեն դեպի Զենգեզուր։ Քանի որ քաղաքական վճռականությունն ու ռազմական խելամտությունը շարունակելու պարագայում, անխուսափելի է, որ Զանգեզուրի՝ ավելի քան մեկ դար ձգվող կարոտը կարճ ժամանակում կավարտվի։ Թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ փոփոխվող կոնյունկտուրայի, թե՛ աշխարհաքաղաքական դետերմինիզմի առումով»։

Թուրքական TRGTHaber լրատվամիջոցը «Զանգեզուրի միջանցք» թեմային անդրադարձին կցել է քարտեզ, որում «Զանգեզրուրի միջանցք» գրել են ամբողջ Սյունիքի վրա։ Թեման ներկայացնում են՝ դիտարկելով իրանական ֆակտորը։ «Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ թույլ չեն տա փակել Հայաստանի հետ պատմական սահմանը։ Իրանի մեջլիսի պատգամավոր Յաքուբ Ռըզազադեն հայտարարեց, որ Ադրբեջանը չպետք է պատերազմ սկսի տարածաշրջանում, այլապես Իրանը կպատասխանի տասն անգամ ավելի մեծ գործողությամբ, հետևաբար, պետք չէ Ադրբեջանի զինվորներին ուղարկել ուղղակի մեռնելու», ֊ գրում է թուրքական թերթը՝ հնարավոր պատերազմը հրահրողի դերը փորձելով բարդել Թեհրանի վրա։

Թուրքիայի ադրբեջանական շրջանակները ներկայացնող HaberGlobal լրատվամիջոցը ներկայացնում է ավելին։ Հղում անելով Իսրայելի i24 հեռուստաալիքին նշում է.«Իրանը միջնորդում է, որ Հայաստանը Հնդկաստանից զենք գնի և այդ զենքը իր տարածքով հասցնում է Հայաստան»։ Ներկայացնում են նաև այս պնդման բացատրությունը՝ Հնդկաստանը զինում է Հայաստանին, որովհետև դեմ է, որ Չինաստանը օգտվի Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքից»։ Թուրքիայի նախագահը դեռ իր նախընտրական քարոզարշավի ելույթներում էր նշում, որ թուրքական միջանցքով հնարավոր է լինելու հասնել մինչև Պեկին։

Եվ թուրքական Star լրատվամիջոցը պատկերն ամբողջացնելու համար պատրաստ է օգտագործել անգամ Թուրքիայի համար այդքան ատելի ամերիկահայ համայնքին։ Թարգմանել և ներկայացնում են ԱՄՆ ֊ ի հայկական The Armenian Weekly պարբերականի հրապարակած հոդվածը՝ «Ղարաբաղում գործողությունից հետո Զանգեզուրի խուճապ. Սա կլինի Հայաստանի վերջը» վերնագրով։
Նշվելով, թե. «Արցախի անկումը վերջը չէ։ Սկիզբն է։ Ինչպես Թուրքիայի նախագահը նշեց ՄԱԿ ֊ ի ամբիոնից, Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ, երկու պետություն են, Զանգեզուրի միջանցքով իրար կմիանան։ Հաջորդը կլինեն Տավուշը և Սևանը։ Սա էլ կլինի վերջը»։

Էրդողանի այցը Նախիջևան

Հայաստանի տարածքով միջանցք ստանալու պատրաստությունների գլխավոր ակորդը՝ Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 25-ին կմեկնի Նախիջևան, Իլհամ Ալիևի հրավերով։ Թուրքական մեդիան այս լուրը հայտնում է՝ հիշեցնելով Արցախում վերջին ագրեսիան, ՄԱԿ ֊ի ամբիոնից Էրդողանի զանգեզուրյան հայտարարությունը և հավելելով՝ Էրդողան ֊ Ալիև նախիջևանյան հանդիպմանը քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքը», որով Ադրբեջանը պետք է ցամաքային կապ ստանա Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Անի Ավետյան

Կապված նյութեր