Արցախի նախագահի ընտրություն, լարված վիճակ. Ով ում դեմ է

Արցախի Ազգային ժողովը նախագահի ընտրության հարցով այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ին հատուկ նիստ կգումարի։ Դրան ընդառաջ Ստեփանակերտում լարված վիճակ է: Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը փորձում է տապալել նախագահի ընտրության առաջին փուլը:

Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 1-ին, Ազգային ժողովում վեց ժամ ձգված փակ խորհրդակցությունից հետո: 2023-ի մարտին Արցախի Ազգային ժողովն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով խորհրդարանն իրավունք ստացավ ռազմական դրության պայմաններում ընտրել Արցախի Հանրապետության նախագահին։

Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Եվ այսպես, Արցախի խորհրդարանի 5 խմբակցություններից 4–ը նախագահի թեկնածու են առաջադրել օրեր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին։ Այդ խմբակցություններն են՝ իշխող «Ազատ հայրենիք – ՔՄԴ-ն», «Արդարությունը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»:

Սամվել Շահրամանյանը նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման տարիներին եղել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենը: 2023-ի հունվարից Արցախի ԱԽ քարտուղարն էր։ 2023-ի մարտի 1-ին ներկա է եղել ռուս խաղաղապահների զորախմբի շտաբում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։ Ղեկավարում էր հայկական կողմից աշխատանքային խումբը և մերժել է Բաքվից ժամանած խմբի՝ ինտեգրացիայի մասին խոսք բացելու փորձերը:

Սամվել Շահրամանյանի թեկնածությունը չի պաշտպանելու Արցախի ԱԺ մեծությամբ երկրորդ ուժը՝ «Միասնական հայրենիքը»:

Սամվել Բաբայանի դիմադրությունը

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունն առաջադրել է այդ իսկ կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց դիմումը և կից փաստաթղթերը հետ են վերադարձվել:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցի տարածած հայտարարության մեջ նշվում է պատճառը՝ վերջին 10 տարում միայն Արցախի քաղաքացի հանդիսանալու, վերջին 10 տարում Արցախում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չի ներկայացվել:

Սամվել Բաբայանը հայտարարել է՝ դատական գործընթաց է սկսել, որ վերականգնի նախագահի թեկնածու առաջադրվելու իր իրավունքը:

Ընդ որում ծրագրում է տապալել նախագահի ընտրության առաջին փուլը, և մինչև երկրորդ փուլը դատական կարգով ստանալ թեկնածու առաջադրվելու իրավունք:

«Կվերականգնեմ, երկրորդ… անպայման ես վստահ եմ, որ էս ընտրությունը չի կայանալու, չեն հաղթելու, և լինելուա երկրորդը, այնտեղ կտեսնենք արդեն ինչա կատարվում»,- հայտարարել է Սամվել Բաբայանը:

Ընդդիմադիր երեք խմբակցություններն ու իշխող ուժը միասին ունեն 23 ձայն, նախագահ ընտրելու համար պետք է 22 ձայն: Եթե առաջին փուլով նախագահ չկարողանան ընտրել, կլինի երկրորդ փուլ, որտեղ նախագահ ընտրելու համար պետք է պարզ մեծամասնություն՝ 17 ձայն:

Սամվել Բաբայանի միտումները

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը ագրեսիվ Բաքու – պաշարված և արնաքամ Ստեփանակերտ մեն-մենակ, ուղիղ խոսելու ջատագով է, դեմ չէ Աղդամի ճանապարհին: Արցախ տեղափոխված Արևմուտք-Ռուսաստան բախման մեջ ներկայացնում է Արևմուտքը, պարբերաբար հարցազրույցներ է տալիս Ազատություն ռադիոկայանին:

«Ադրբեջանը ասում է՝ Աղդամից ճանապարհ, մենք ասում ենք՝ Աղդամից և Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն, որ մարդիկ կարողանան շփվեն և կարողանան լուծել այն խնդիրները, որոնք կան»,- հայտարարել է Բաբայանը դեռ օգոստոսին:

Եվ Բաբայանը հարցազրույցի առիթն օգտագործել ու նորից պնդել է, թե թշնամու հետ երկխոսելու համար Արցախին երրորդ կողմ պետք չէ. «Երրորդ կողմին բերում ենք, որ իր հարցերը մեյդան բերի՞: Աղդամով չենք ասում ճանապարհ տրամադրվի, Աղդամի հետ սահման ունենք, մի շարք խնդիրները կլուծենք հենց սահմանի բերանին: Բաքուն ասում է՝ առևտուր արեք մեզ հետ, ես էլ ասում եմ՝ ստիպողական չի լինի, պետք է նստենք, խոսենք: Շահավետ չէ Արցախի համար, որ Ադրբեջանի հետ առևտուր իրականացվի, բայց ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնել: Ասկերանի շրջանի սահմանի բերանին մենք կկարգավորենք մեր հարցերը, պետք է բանակցենք՝ իրենք իրենց առաջարկն անեն, մենք՝ մերը, ամեն ինչ չեմ կարող բաց ասել»:

Նրան դիմադրող պրոարցախյան ուժերը, որոնց ներկայացնում են Ազգային ժողովի նախագահ ընտրված և այժմ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը և պետնախարար նշանակված և այժմ նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Շահրամանյանը, պնդում են, որ Բաքվի հետ ուղիղ երկխոսությունը և Աղդամի ճանապարհն ունեն երկու հստակ նպատակ՝ սկսել Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ինտեգրելու գործընթացը և ցույց տալ միջազգային հանրությանը, թե Արցախը Ադրբեջանի ներքին գործն է:

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ կողմից նախագահի ընտրություններով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն, հայտարարեց Արցախի ԱԱԾ-ն։

«Տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում` այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։ Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների», – զգուշացրել է ԱՀ ԱԾԾ-ն:

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ է արվել սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել պետականությունը։ Արցախի քաղաքացիներին հորդորվել է չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները:

Արցախի նախագահի պաշտոնակատարի հայտարարությունը

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը դիմել է Արցախի ժողովրդին՝ սթափության կոչ անելով՝ նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները, այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով, սթափության կոչ եմ անում բոլորին:

«Հորդորում եմ չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները: Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով», – ընգծել է Դավիթ Իշխանյանը:

Նախագահի պաշտոնակատարը ուշադրություն է կենտրոնացրել այն հանգամանքի վրա, որ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծել ցանկանում է Ադրբեջանը և Արցախում որևէ գործողությամբ չպետք է նպաստել ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը:

Անի Ավետյան

Կապված նյութեր