Ինչու է Աղդամը մահվան ճանապարհ

Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի, հրաժարականից հրաժարվելու լուրերից և Արայիկ Հարությունյանի «աշխարհազոր գործողությունից» հետո, որով սեղանին դրվեց սպառնալիքը՝ եթե Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում չլինի, կցրեն կառավարությունն ու խորհրդարանը, սեղանին դրվեց նաև շշուկը՝ Արայիկ Հարությունյանը որոշել է ընդունել Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկը:

Արայիկ Հարությունյանը հայտարարություն կանի

Արցախի նախագահը, ըստ Ստեփանակերտում տարածվող լուրերի, Անվտանգության խորհրդի օգոստոսի 22-ի նիստում տեղեկացրել է, թե Աղդամի ճանապարհով առևտուր անելու որոշում է կայացվել։ Աղդամով Արցախ կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ՌԴ խաղաղապահների միջոցով։

Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը, պատասխանելով այս լուրերի մասին Արմենպրեսի հարցին, հայտարարեց՝ որևէ որոշում չի կայացվել: «Քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում վիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ», – ասել է մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Ներքին քննարկումներից բացի կա հավանականություն, որ Արայիկ Հարությունյանը հայտարարություն անելուց առաջ սպասում է մեկ այլ՝ Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքին:

Բարդայի հանդիպում

Բաքուն սկսեց իր հերթին լուրեր տարածել, թե Ստեփանակերտը հակված է համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։

Արցախի ԱԳ նախարարությունն արձագանքեց Բաքվի տարած լուրին: «Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավական մեծ ռիսկեր է պարունակում: Հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ», – նշել է Արցախի ԱԳ նախարարությունը։

Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին նախորդ պայմանավորվածությունը Եվլախում էր կայանալու, բայց Արցախի և Սյունիքի հատման կետում՝ Բաքվի ապօրինի անցակետում Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո այդ հանդիպումը չեղարկվեց:

Փաշինյանի հավաստի տեղեկությունը

Օգոստոսի 24-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ուղղությամբ: Այսինքն՝ Արցախից դուրս գալ թույլ կտան, բայց մտնել կշարունակեն արգելել:

«Ադրբեջանի հիմնական նպատակը Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է հայության, լինի դա սովահամության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով», – ասաց Փաշինյանը, որը 2022-ի հոկտեմբերին Պրահայում համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր «հավաստի տեղեկություններ» ձևակերպման կարիքն անգամ չուներ: Ադրբեջանի նախագահը բացեիբաց՝ հարցազրույցներում, հրապարակային ելույթներում մի քանի անգամ հատուկ նշել ՝ Արցախի հայերը կամ պետք է անցնեն Բաքվի դրոշի տակ՝ դառնան Ադրբեջանի քաղաքացի, կամ հեռանան Արցախից: Ալիևը ցինիկաբար հավելել է, թե փակ է Արցախ մտնող ճանապարհը, Արցախից դուրս գալու ճանապարհը իրենք երբեք չեն փակել, հայերը կարող են դուրս գալ երբ ցանկանան:

Մահվան ճանապարհի միջազգային առաջարկը

Աղդամի մահվան ճանապարհը արցախահայության առաջ միջազգային ամենաբարձր մակարդակով դրվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանի առաջարկով տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Ռուսաստանի ներկայացուցիչն ասաց, որ Աղդամ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Լաչին «միջանցքները» միաժամանակ բացելը վիճակից դուրս գալու փոխզիջումային և իրատեսական ելք է:

ԱՄՆ ներկայացուցիչն առաջարկեց դիտարկել նաև փոխզիջումային ելքերը:

Եվրամիության ներկայացույցիչն ասաց, որ իրենք հաշվի են առնում Աղդամ քաղաքով հայերին հումանիտար օգնություն հասցնելու Բաքվի առաջարկը:

Եվ այս ամենը սկսվել էր դեռ հուլիսի 15-ին Բրյուսելում: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի ձեռքերն Ադրբեջանը կապել է գազային գործարքով, կազմակերպել էր Փաշինյան-Ալիև հերթական բանակցային ռաունդը: Հանդիպումից անմիջապես հետո միջնորդը բացահայտեց այն լուծումը, որը պատկերացնում է Բրյուսելը երեք տարի առաջ պատերազմով հայերի վրա հարձակված, 5000 հայ սպանած թշնամու օղակում հայտնված 120 հազար հայերի համար։ «Ես նշել եմ նաև հավասար չափով Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Ադրբեջանի պատրաստակամությունը»,- հայտարարեց Շառլ Միշելը։

Ինչու է Աղդամը մահվան ճանապարհ

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը Բաքվի գլխավոր կարճաժամկետ նպատակն է, այն նպատակը, որն Իլհամ Ալիևը բացատրել ու հիմնավորել է միջնորդների և միջազգային կառույցների առաջ: Բայց ոչ այն պատճառով, որ այդ ճանապարհն իսկապես փոխզիջումային ելք է, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը տապալել են հարցի մարդկային և քաղաքական բովանդակությունը ՄԱԿ-ում, Բրյուսելում, Մոսկվայում ներկայացնելու և հատկապես պնդելու գործը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն Աղդամի ճանապարհի մասին Բրյուսելում չի խոսել, որովհետև իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի թղթի տակ է, ինքը միայն Լաչինի միջանցքի մասին է բանակցում: Լաչինի միջանցքում անցակետ է տնկված: Այսինքն՝ սա խոստովանություն է, որ անգամ որևէ ջանք չի գործադրվել միջնորդներին բացատրելու համար, որ Բաքվի առաջարկած Աղդամի ճանապարհը վտանգավոր է Արցախում հայերի գոյության համար: Որ Բաքուն երեք տարի առաջ մահացու, զանգվածային ոչնչացման զենքերով նաև հենց այդ նույն Աղդամի ուղղությամբ էր հարձակվել այն մարդկանց վրա, որոնց հիմա իբր հումանիտար օգնություն է առաջարկում:

Արցախի պաշարումը, արցախահայության ցեղասպանությունը հնարավոր չէ կանգնեցնել Աղդամի ճանապարհով: Այդ ճանապարհը ցեղասպանության հաջորդ փուլն է բացելու: Աղդամի ճանապարհով Ալիևը կմտնի Ստեփանակերտ, կվերցնի Ստեփանակերտը: Սա այդ ճանապարհի միակ նպատակն է:

Անի Ավետյան

Կապված նյութեր