Աղդամի մահվան ճանապարհն ու ռուսական մեդիաօրակարգը

Կրեմլի խոսափող «Կոմերսանտը» ծավալուն հոդված է ներկայացրել Արցախի մասին, որի առաջին իսկ պարբերության մեջ գործածում է ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) եզրը:

Աղդամի մահվան ճանապարհը

«Բաքուն արցունքներին չի հավատում» ենթավերնագրի տակ «Կոմերսանտը» գրում է, որ Մոսկվայում վիճակը գնահատում են շատ բարդ և կարծում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։ «Վիճակը ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք անում ենք մենք, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- ասել է «Կոմերսանտ»-ի անանուն զրուցակիցը Ռուսաստանի պետական ​​կառույցներից, որը ծանոթ է տարածաշրջանում տիրող վիճակին։

Նա, միաժամանակ, հավելում է, որ ԼՂՀ իշխանությունները նույնպես դիմադրում են՝ մերժելով Աղդամի ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկը: Բայց, ըստ «Կոմերսանտի» զրուցակցի, Աղդամի ճանապարհը, այնուամենայնիվ, բացվելու է: Անանուն պաշտոնյան թերթին ասել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ղարաբաղցիները։ Դրա էությունն այն էր, որ Աղդամով ճանապարհը բացվեր, և դրանով ԿԽՄԿ-ի միջոցով սկսվեր անհրաժեշտ ապրանքների մատակարարումը։

Ըստ Լավրովի առաջարկի՝ այդ երթուղով երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց պետք է վերականգնվեր նաև Լաչինի միջանցքով երթևեկությունը։ «Այս տարբերակը գտնվում էր պատրաստականության բարձր աստիճանում»,- ասել է թերթի աղբյուրը և հավելել՝ բայց Ստեփանակերտն ավելի ուշ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամում, այլ անմիջապես: Հետո, աղբյուրը նշել է, ԼՂՀ-ից հայտարարեցին, թե Աղդամով չպետք է ուղարկվեն ադրբեջանական ծագման ապրանքները, հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ սկանդալը, ի վերջո՝ փոխզիջում չեղավ:

Ինչու է «Կոմերսանտը» գրում Աղդամի մասին

Գաղտնիք չէ, որ ռուսական քաղաքական էլիտայում կան պրոադրբեջանական շրջանակներ, և մեծ բացահայտում չէ այն, որ Բաքուն ֆինանսավորում է անհրաժեշտ մեդիահարթակներում պետք եղած բովանդակությունը ներկայացնող հեղինակներին: Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը հիմա Բաքվի գլխավոր կարճաժամկետ նպատակն է: Ցուցիչն այն է, որ սկսել են անգամ նորոգել ու կառուցել օկուպացված Աղդամից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը:

Մյուս կողմից կա փաստը, որ Բաքուն չի վճարի անգամ մեկ մանաթ/ռուբլի մի հոդվածի համար, որում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրը: Սա Իլհամ Ալիևի համար սկզբունքային է: Նա ուղիղ և հանրային տեքստով է բոլորից՝ միջնորդներից, պետությունների առաջնորդներից պահանջել չօգտագործել անգամ Լեռնային Ղարաբաղ եզրը՝ պահանջելով, որ Արցախի օկուպացված տարածքները կոչեն այն անունով, որն ինքն է տվել դրանց պատերազմից հետո:

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի ռուսական ֆակտորը: Արցախի բնակչության հետ ադրբեջանական պաշարման մեջ է նաև ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ունի սննդի և անհրաժեշտ այլ՝ նաև ռազմական բնույթի մատակարարումների կարիք: Մինչև այս պահը Ռուսաստանը դա անում է օդային ճանապարհով, ինչից ևս Բաքվում վրդովված են: Բայց սա նաև քաղաքական պատասխան է՝ Մոսկվայի մերժումը Ալիև-Արևմուտք առաջարկ-ճանապարհին: Որովհետև Մոսկվայում հստակ տեսնում և գիտակցում են, որ այդ ճանապարհը նշանակում է ռուսներին Արցախից դուրս բերելու համակարգված գործողությունների կարևորագույն օղակ: Բայց եթե այդ քայլն արվի ԱԳ նախարար Լավրովի վերահսկողությամբ և զուգահեռաբար Լաչինը բացելով, Մոսկվան կարո՛ղ է կտրուկ չբացառել:

Բաքվի վաղ ակնարկները

Ադրբեջանի նախագահի օգնական, Բաքվի ամենալկտի պաշտոնյաներից Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանը հերքել է նման պայմանավորվածությունը՝ իր ասուլիսի ժամանակ պնդելով, թե նման հարց չի քննարկել Ալիևի և Միշելի հետ:

Ամենաուշագրավն այն է, որ Հաջիևի՝ հուլիսի 26-ին արած այս հայտարարության ձևակերպումները փոքր ինչ մոտ են «Կոմերսանտի» տեքստին: «Միայն Լաչինի ճանապարհը պահանջելը, բայց Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը և այն քաղաքականացնելն անընդունելի է»,- ասել է Հաջիևը՝ տողատակով նկատել տալով լավրովյան առաջարկը, որի մասին հիմա գրում է մոսկովյան մեդիահարթակը:

Ինչպես մեջտեղ բերվեց Աղդամի ճանապարհը

Հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի ձեռքերն Ադրբեջանը կապել է գազային գործարքով, կազմակերպել էր Փաշինյան-Ալիև հերթական բանակցային ռաունդը: Հանդիպումից անմիջապես հետո միջնորդը մոտեցավ լրագրողներին և նախ հայտարարեց, որ կողմերը նորից հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ «ելնելով նրանից, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29.800 քառ/կմ, Ադրբեջանինը՝ 86.600 քառ/կմ»։

Հետո եվրոպացի միջնորդը բացահայտեց այն լուծումը, որը պատկերացնում է Բրյուսելը երեք տարի առաջ պատերազմով հայերի վրա հարձակված, 5000 հայ սպանած թշնամու օղակում հայտնված 120 հազար հայերի համար։ «Ես նշել եմ նաև հավասար չափով Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Ադրբեջանի պատրաստակամությունը»,- հայտարարեց Շառլ Միշելը։

Միջնորդի բերանով ներկայացնելուց առաջ Ակնա-Աղդամի ճանապարհի այս առաջարկը դրանից մեկ ամիս առաջ սկսել էր շրջանառել Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։ Հայերին պաշարել են, կտրել Մայր Հայաստանից, մատնել են սովի, զրկել անգամ դեղերից, և հիմա առաջարկում են օգնություն Բաքվի վերահսկողության տակ հայտնված, օկուպացված ճանապարհով ու մեկ նպատակով, որը բոլորովին էլ օգնության մասին չէ։ Թշնամին փորձում է կլանել Արցախն ամողջությամբ և միջազգային հանրությունը պատրաստ է ոչ միայն դա թույլ տալ, այլև մասնակցել Բաքվի պլանի իրագործմանը։

Արցախում ով է կողմ թշնամու ճանապարհին

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը ագրեսիվ Բաքու-պաշարված և արնաքամ Ստեփանակերտ մեն-մենակ, ուղիղ խոսելու ջատագով է, դեմ չէ Աղդամի ճանապարհին:

«Ադրբեջանը ասում է՝ Աղդամից ճանապարհ, մենք ասում ենք՝ Աղդամից և Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն, որ մարդիկ կարողանան շփվեն և կարողանան լուծել այն խնդիրները, որոնք կան»,- հայտարարել է Բաբայանը, որը հարցազրույցի առիթն օգտագործել ու նորից պնդել է, թե թշնամու հետ երկխոսելու համար Արցախին երրորդ կողմ պետք չէ. «Երրորդ կողմին բերում ենք, որ իր հարցերը մեյդան բերի՞: Աղդամով չենք ասում ճանապարհ տրամադրվի, Աղդամի հետ սահման ունենք, մի շարք խնդիրները կլուծենք հենց սահմանի բերանին: Բաքուն ասում է՝ առևտուր արեք մեզ հետ, ես էլ ասում եմ՝ ստիպողական չի լինի, պետք է նստենք, խոսենք: Շահավետ չէ Արցախի համար, որ Ադրբեջանի հետ առևտուր իրականացվի, բայց ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնել: Ասկերանի շրջանի սահմանի բերանին մենք կկարգավորենք մեր հարցերը, պետք է բանակցենք՝ իրենք իրենց առաջարկն անեն, մենք՝ մերը, ամեն ինչ չեմ կարող բաց ասել»:

Անի Ավետյան

Կապված նյութեր