Գարշելի տեսարան եռակողմ բանակցություններում

Դատելով ՌԴ, ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարների հանդիպման ավարտին Ս. Լավրովի հայտարարություններից՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ բնակեցնելու հարցը։ Լավրովը բառացիորեն հետևյալն է ասել. 

«Հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանինը) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։

Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույնպիսի երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող անձանց։ Հայերը պատրաստ են բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ»։

Լավրովի այս հայտարարությունն այսպես կոչված բանակցային գործընթացի մի քանի կարևոր կետ է բացահայտում։ Նախ, հերթական անգամ նշվում է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։ Երկրորդ, Արցախում բնակվող «ազգային փոքրամասնության» իրավունքները պաշտպանված են լինելու Ադրբեջանի օրենսդրությամբ և այն կոնվենցիաներով, որոնց միացել է Ադրբեջանը։ Երրորդ, Ադրբեջանը պատրաստ է «պաշտպանել» հայկական «ազգային փոքրամասնության» իրավունքները միայն այն դեպքում, եթե նույնը անի նաև Հայաստանը։ Եվ չորրորդ, Հայաստանը պատրաստ է նույն կերպ պաշտպանել իր տարածքում բնակվող «փոքրամասնությունների» իրավունքները։ Իսկ քանի որ բոլորս հասկանում ենք, որ ՀՀ-ում բնակվող փոքրամասնություն ասելով, Ադրբեջանի իշխանությունները հասկանում են հենց ադրբեջանցիներին, նշանակում է, որ նրանք Հայաստանում ադրբեջանցիներ բնակեցնելու պարտավորություն են դրել Հայաստանի ուսերին։ Ի դեպ, բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Բաքվի քարոզչությունը հստակ ասում էր, որ իրենք պահանջում են «ՀՀ տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում»։

Այսինքն, ընդամենը մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանն այդ հարցն էլ է լուծել։ Ահա ձեզ ևս մեկ ապացույց, որ Նիկոլի դավաճան իշխանությունը ոչ միայն Արցախն է հանձնում թշնամուն, այլև Հայաստանի Հանրապետությունը։

Իսկ հիմա մտովի փորձեք պատկերացնել բանակցությունների այդ պահը։ Փորձեք և շատ հստակ կտեսնեք, թե ինչպես է Արարատ Միրզոյանն իր կոտրած ռուսերենով խոստանում Բայրամովին համոզել (իսկ իրականում՝ ճնշել) արցախցիներին բանակցել Բաքվի հետ։ Համաձայնեք՝ գարշելի տեսարան է։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կապված նյութեր