Ակնա-Աղդամի նոր լույսերը, Իլհամ Ալիևի լավագույն երազը Բրյուսելում և Մոսկվայի բաց տեքստը

Արցախի նախագահի նամակը 

Պաշարված 120 հազար հայերի նկատմամբ վերաբերմունքի դեմոնստրացիան Բրյուսելում սկսվեց առաջին իսկ լուսանկարներից։ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին փոխանցում է Արցախի նախագահի նամակը։ Ամենատարօրինակն ու անհասկանալին այն է, որ նամակը փոխանցելու պահին արված լուսանկարներում Փաշինյանը և Միշելը ժպտում են։ Օրվա վերջում հնչած հայտարարություններն էին բացահայտելու, թե ինչու։

Փաշինյանի՝ Բրյուսել մեկնելուց մեկ օր առաջ Ստեփանակերտը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին, նաև ՀՀ վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորություններով, հրատապ ու գործուն քայլերով դադարեցնել Ադրբեջանի պաշարումը և կասեցնել Արցախի հայերի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործություններն ու ահաբեկչությունը։ 

Հուլիսի 4-ին Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր միայն ՌԴ նախագահին։ Բայց արդեն իսկ բախվում ենք այն իրողությանը, որ նամակները ոչինչ չեն փոխի։ Այդ նամակներին անուղղակի պատասխանել են բոլոր հասցեատերերը։  

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հանդիպման ժամանակ

Բրյուսելում Փաշինյան-Միշել -Ալիև հանդիպումը նոր էր սկսվել, երբ ՌԴ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն՝ պատասխանելով դեպի Մոսկվա և խաղաղապահներին ուղղված բոլոր հայացքներին։ 

«2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ 

Կարծում ենք, որ այս պայմաններում պետք չէ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի պատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։  

Մոսկվան ուղիղ տեքստով փաստացի հայտնում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի համաձայնությունից հետո փոխվել է ամեն ինչ և հիմա ո՛չ Կրեմլը, ո՛չ Արցախում տեղակայված խաղաղապահները 120 հազար հայերի պաշարմանը վերջ չեն տալու։ 

Մոսկվան պատրաստ է պայքարել միայն նրա համար, ինչի համար պայքարում է Նիկոլ Փաշինյանը՝ արցախահայերի իրավունքներ և անվտանգություն, տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և սահմանազատում։ 

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ հայտրարության մեջ ներկայացվում է Արցախում ստեղծված վիճակը՝ «խորանում է հումանիտար ճգնաժամը» ձևակերպմամբ և մանրամասներով, որ Արցախում մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր, էլեկտրականություն ու գազ։ «Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխոչընդոտ փոխադրման համար, նաև վերականգնել տարածաշրջանի էներգամատակարարումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Եվ ԵԱՏՄ նիստին Փաշինյան-Ալիև սկանդալային սաբոտաժից հետո ու հենց բրյուսելյան բանակցությունների պահին Մոսկվան նորից առաջարկում է իր միջնորդական կարողությունները՝ պատրաստ են առաջիկայում Ռուսաստանում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կազմակերպելու հեռանկարով և նշյալ փաստաթղթի ստորագրման համար։

Փաստացի, Մոսկվայի համար կարևոր է, թե որտեղ կստորագրվի «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը, բայց առնվազն այս պահին պատրաստ են զիջել և ընդունել Ադրբեջանի ազդեցությունն Արցախում։ Փաշինյանի հայտարարությունը պատրվակ դարձնելու միտումը նկատվում է, բայց պարզ է նաև, որ Արցախ խաղաղապահներ հասցրած Մոսկվան ունի միջոցներ և լծակներ՝ երեք/հինգ տարի անց Արցախը թուրքերին չհանձնելու համար։ Պարզ է նաև, որ այն պահից, երբ ՌԴ զորախումբը տեղակայվեց Արցախում, ամբողջ Արցախի կորուստը լինելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի պարտությունը, այլև Կրեմլի։ Առնվազն Թուրքիայում այս ընկալումը վստահաբար լինելու է։  

Միջնորդ Շառլ Միշելի հայտարարությունը հանդիպումից հետո

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի ձեռքերն Ադրբեջանը կապել է գազային գործարքով, Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո նախ հայտնեց, որ նրանք նորից հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ «ելնելով նրանից, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29 800 քառ/կմ, Ադրբեջանինը՝ 86 600 քառ/կմ»։ 

Հետո եվրոպացի միջնորդը բացահայտեց այն լուծումը, որը պատկերացնում է Բրյուսելի միջազգային հանրությունը երեք տարի առաջ պատերազմով հայերի վրա հարձակված, 5000 հայ սպանած թշնամու օղակում հայտնված 120 հազար հայերի համար։ 

«Ես նշել եմ նաև հավասար չափով Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Ադրբեջանի պատրաստակամությունը»,- հայտարարեց Շառլ Միշելը։ 

Ակնա-Աղդամի ճանապարհի այս առաջարկն արդեն մեկ ամիս կրկնում է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։ Հայերին պաշարել են, կտրել Մայր Հայաստանից, և հիմա առաջարկում են օգնություն Բաքվի վերահսկողության տակ հայտնված, օկուպացված ճանապարհով ու մեկ նպատակով, որը բոլորովին էլ օգնության մասին չէ։ Թշնամին փորձում է կլանել Արցախն ամողջությամբ և միջազգային հանրությունը պատրաստ է ոչ միայն դա թույլ տալ, այլև մասնակցել Բաքվի պլանի իրագործմանը։ 

Եվ սա հուշում է, որ երբ հերթը հասնի Սյունիքին, Վայոց ձորին ու Գեղարքունիքին, ինչպես անթաքույց ծրագրում է թշնամին, միջազգային հանրությունը լինելու է ճիշտ նույնը։ 

Շառլ Միշելը նաև հայտարարեց, որ քննարկել են «սխալմամբ մյուս կողմն անցած» զինծառայողների հարցը։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանի երկու զինծառայողները Հայաստանի տարածքում սպանել են քաղաքացիական անձի և տեսանյութ են տարածել՝ պատմելով ավելի շատ հայերի սպանելու մտադրության մասին։ Մյուս խնդիրն էլ այն է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանն առևանգել է երկու հայ զինծառայողների, որոնք հաց էին հասցնում դիրքապահ ծառայակիցներին։ Եվ երրորդ խնդիրն այն է, որ Ալիևին զիջեցին նաև Բաքվում պահվող պատերազմի գերիների հարցում։ 

Ասկերանի բնակիչ Աշոտ Գաբրիելյանի գրառումը

Բրյուսելյան հանդիպումից հետո, երբ հայտարարությունները սկսեցին տարածվել ամեն կողմից ու պարզ էր գլխավոր ազդակը, արձագանքը եղավ Արցախի քաղաքացիներից։ Պաշարման մեջ 7 ամիսից ավելի հիմնականում լուռ դիմադրող հայերը  սոցցանցերում սկսեցին գրել, որ Աղդամի ճանապարհից օգտվել չեն պատրաստվում։  

Ասկերանի բնակիչ Աշոտ Գարբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ Ասկերանում լույս չի լինում, մեր տնից շատ պարզ երևում ա Ակնայի լույսերը, թազա սարքած էլեկտրասեծը, ու դա ոչ այլ ինչ ա, քան մի լավ ապտակ: 

Հարևաններով հավաքվում ենք ու մեկը մյուսին հարցնում. 

-Թեյը ինչո՞վ ենք խմում: 

– Բաժակով: 

Բայց դե հունցը ասումն, ծեզ էլ, ծեր օգնությանն էլ: Դուք ձեր լույսերը վառեք, մենք էլ սամավարով թեյ կխմենք: Մենակ թեյ: Բաժակով: Բայց ոչ երբեք ձեզնից ստացած «օգնությունով»:

Անի Ավետյան

Կապված նյութեր