Հստակ դիրքորոշման ճգնաժամն ու կեսքայլանոց գործողությունները

Հայաստանում ստեղծվել է ատելության աննախադեպ մթնոլորտ, ինչպիսին երկրի անկախությունից առ այսօր և ոչ մի ժամանակներում չի եղել։

Մահը դարձել է ոչինչ, կամ ծաղրի ու ուրախության թեմա։ Մարդկային առումով, ինչ խոսք, պատկերը տխուր է, սակայն պետք է նայել այդ մթնոլորտի ձևավորման արմատներն ու պատճառները։

Երբ 2018 թվականի «հեղափոխության» ընթացքում ներկայիս իշխանությունները ողջունում էին մարդկանց տների առջև դագաղներ դնելը՝ մարդկանց տարիքը նշված, ընդ որում՝ հիմնականում երիտասարդ մարդկանց, սև ժապավեններ կապելը, երբ դրանից հետո իշխանությունները լուռ հանդուրժում էին, երբեմն էլ ոգևորում ընդդիմադիրների մահը ծաղրող, այդ թվում նույնիսկ երբ մահացողը լրագրող էր, իրենց համակիրների չարախնդությունն ու ուրախությունը, ապա պետք է հաշվի առնեին, որ հանուն իշխանության գալու միջոցների մեջ խտրականություն չդնելու իրենց գործելաոճը ունենալու է բումերանգի էֆեկտ։ Այլ խոսքով, իշխանություններն այսօր հնձում են այն, ինչ հենց իրենք ցանեցին։ Այդքանից հետո իշխանության ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի ոչ միայն այլոց գլխին բարոյախրատական ճառեր ասելու, իրավունք չունի նույնիսկ տրտնջալու։

Հաճախ է շրջանառվում ընդհանուր կոնտեքստից կտրված այն կեղծ թեզը, որ քաղաքականությունն անբարոյականություն է։ Այդ մոտեցումը հիմնովին սխալ է, քանի որ իրականում քաղաքականությունը հին հույն փիլիսոփաների բնութագրմամբ արվեստ է, որը պահանջում է ստեղծագործական ձիրք ու գեղեցիկ մատուցում։ Պլատոնի ձևակերպմամբ էլ այն գիտություն է, որով պետք է լրջորեն զբաղվել։

Բարոյականությունն ու անբարոյականությունը մարդկային բնութագրեր են, հետևաբար եթե մարդը այս կամ այն որակով թափանցում է որևէ ոլորտ ու այդ ոլորտում ստանձնում որոշիչ դեր, իր այդ հատկություններն էլ փոխանցում է տվյալ ոլորտին։ Այլ խոսքով, 2018 թվականին դագաղներ ու սև լենթեր կապելն այն կարմիր գիծն էր, որն անցավ իշխանությունը, մարդկային կյանքն ու մահը դրեց մի հարթությունում ու հավասարապես արժեզրկեց երկուսն էլ։

Ավելորդ է նշել, որ դրան հաջորդած հազարավոր կյանքեր խլած պատերազմը, պարտությունն ու տարածքային կորուստները, Արցախից հրաժարումը էլ ավելի պետք է խորացնեին ստեղծված մթնոլորտը, ուստի իշխանությունների ցանած մթնոլորտը էլ ավելի շատ ծիլեր պետք է տար։

Երբ կոչ է արվում համերաշխության, դրանք արդեն ուշացած կոչեր են, որովհետև ակհնայտորեն հնարավոր չէ համերաշխություն հայտնել այն իշխանություններին, որը ոչ միայն հրաժարվում է Արցախից, այլև իր տարբեր բանախոսների միջոցով անջրպետ է սահմանում Հայաստանի ու Արցախի միջև, պատմականորեն ուրանում Արցախը։

Սակայն եթե իշխանությունների առումով ամեն ինչ պարզ է, ապա ընդդիմությունը կրկին գործում է ոչ վճռականորեն, կրկին արվում են կիսատ քայլեր, որոնք չեն արտահատում ամբողջական ու հստակ դիրքորոշում։

Օրերս մահացած Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ու հուղարկավորությանը ընդդիմության չմասնակցելը կարելի է համարել դիրքորոշում. օրենսդրորեն մարդը պարտավոր չէ մասնակցել ո՛չ հոգեհանգիստների, ո՛չ էլ հուղարկավորությունների։ Դրանք անհատական որոշումներ են, սակայն Ազգային ժողովի նիստերին մասնակցելն արդեն նախատեսված է օրենքով։

Նախօրեին Ազգային ժողովի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը, բնականաբար, ինչպես և սպասելի էր, ընդդիմադիր խմբացկությունները բացակայում էին։ Ակնհայտ է, որ բացակայությունը կազմակերպված էր, սակայն այս անգամ ևս ընդդիմությունը պարզապես խուսափեց իրավիճակից, ինչը հստակ քաղաքական դիրքորոշում չէ։ Բացակայությունը կարող է հետագայում նաև արդարացման համար բաց դուռ թողնել, այն առումով, որ՝ ներկա չէի, եթե ներկա լինեի, բնականաբար մարդկային մահը չէի խառնի քաղաքականությանը։

Բայց Հայաստանում այլևս այդպես չէ, ցավոք քաղաքական մշակույթը փլուզված է ու մենք չենք ընթանում քաղաքական կանոններով։ Մենք ստեղծել ենք մեր սեփական քաղաքական կանոնները, ու եթե մենք գործում ենք մեր ուրույն դաշտում, բնականաբար քայլերն էլ պետք է ամբողջական լինեն, ու հստակ դիրքորոշում արտահայտեն՝ հետագայում տեղ չթողնելով խուսանավելու հնարավորությանը։

Կարեն Կարապետյան

______________

📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։ 

Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։

Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։

Կապված նյութեր