Վաշինգտոնյան բանակցություններին սպասելով. Փաշինյանի հույսերը և Ալիևի մահաբեր զենքերը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ «հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը»: ԱԳ նախարարության տարածած հայտարարության միայն այս մեկ նախադասության մեջ կա երկու ուշագրավ, գերկարևոր հանգամանք։ 

Առաջինն այն է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ըստ «հերթական փուլ» ձևակերպման, միայն մեկ հանդիպում չէ, որ ունենալու են։ Այսինքն՝ սպասվում է մոտավորապես այն, ինչ եղավ Արլինգթոնում նրանց նախորդ բանակցային փուլի ժամանակ, որը տևեց 4 օր՝ մայիսի 1-4-ը։ Դրանից հետո երկու երկրների ԱԳ նախարարությունները նույնական հաղորդագրություններ էին տարածել՝ նշելով, որ «նախարարները և նրանց թիմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»։ 

Սպասվող նոր հանդիպմանն ընդառաջ ԱԳ նախարարության մեկ նախադասությամբ հայտարարության մեջ եղած երկրորդ, առավել կարևոր հանգամանքն այն է, որ նշված է «հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր», ոչ թե «խաղաղության պայմանագիր»։ Սա իրողությունների ճշգրիտ ընկալման ուղղությամբ, առնվազն իրողությունները առանց ավելորդ փաթեթավորման, առանց խաղաղության անտեղի խոստումով ներկայացնելու ուղղությամբ քայլ է ՀՀ իշխանությունների կամ առնվազն ԱԳ նախարարության կողմից։ 

Նիկոլ Փաշինյանի հույսը և հայկական պատվիրակության տրամադրվածությունը

Հունիսի 22-ին կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան այս հանդիպման մասին՝ վերահաստատելով իր դիրքորոշումը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել «խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայամանգիր կնքելու համար»՝ շեշտելով՝ հայկական պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ։

Փաշինյանը հույս էր հայտնել, որ Վաշինգտոնոմ նախորդ հանդիպմանը «արձանագրած որոշակի առաջընթացը կզարգանա»։ Թե ինչ առաջընթաց է եղել, այդպես էլ ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Վաշինգտոնը չնշեցին։ Հատկապես որ Վաշինգտոնից հետո թշնամին ինտենսիվացրել է կրակոցները՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ Սոթքի, Երասխի և Սյունիքի ուղղություններով, ինչպես նաև պաշարված Արցախի հայկական դիրքերն ու խաղաղ գյուղացիներին։ Սա նկատել է նաև Նիկոլ Փաշինյանը.«Առավելևս այն բանից հետո, երբ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»։ 

Փաշինյանը կրկնել է, որ դեմ չէ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ «Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունել է»,- ասել է Փաշինյանը։ 

Իլհամ Ալիևի մահաբեր զենքերը և երեք պահանջները

Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումից առաջ ելույթ ունեցավ նաև Իլհամ Ալիևը՝ նախ արձանագրելով, որ այն ուժերը, որոնք ժամանակին Արցախի հայերի համար որոշակի հատուկ կարգավիճակ էին պահանջում, արդեն իսկ բոլորովին այլ հայտարարություններ են անում։ Ալիևը երկրորդ անգամ կրկնեց, որ Նիկոլ Փաշինյանից ստացել է ամենացանկալին՝ ամենաստորացուցիչ կերպով.«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։

Այսքանը բոլորովին էլ բավական չէ։ Ալիևը հստակ ձևակերպել է այս պահին Փաշինյանի առաջ դրած իր երեք պահանջները, և դրանցից առաջինն այն է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ» ճանաչելու մասին հայտարարությունը Փաշինյանը ստորագրի թղթի վրա։ Երկրորդ պահանջը Արցախից հայկական ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումն է՝ իրականում Արցախի պաշտպանության բանակի կազմալուծումը։ Եվ երրորդ պահանջը Հայաստանի տարածքով թուրքական միջանցքն է։ 

Ալիևը այս պահանջների կողքին դրել է մահաբեր նոր անօդաչուներ և հեռահար հրթիռային համալիրներ գնելու իր հայտարարությունը։ Վերջում էլ ավելացրել սպառնալիք Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ նշելով, որ շահեկան դիրքեր ունի Հայաստանի հետ սահմանի երկայնքով, ամպրապնդվում է այդ դիրքերում և ռազմավարական բարձունքներում գտնվելը իրեն առավելություն է տալիս։ Սա լինելու է Միրզոյանի առաջ նստած Բայրամովի տրամադրվածությունը։ 

Ամերիկյան միջնորդությունը և մարաթոնի նոր մղոնը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոնում սպասում էին հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ Բաքվի խնդրանքով հանդիպումը հետաձգվեց։ Պատճառը մինչև հիմա հայտնի չէ։ 

Դրանից մեկ շաբաթ անց՝ հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ ամենամոտ ժամանակում ԱՄՆ-ում նախատեսվում է «խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը»:  

«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», – ասել է Պատելը:

Արլինգթոնյան մայիսյան բանակցային փուլից հետո պետքարտուղարությունը տեքստով ներկայացրել էր պետքարտուղար Բլինքենի խոսքը.«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չկարգավորված հարցերի վերաբերյալ։ Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է: Նրանք կշարունակեն ունենալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տևական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»։ 

Պետքարտուղարության հեռարձակած ուղիղ եթերում նկատվել էր, որ Էնթոնի Բլինքենն ասել է ավելին.«կողմերը շոշափելի առաջընթաց են արձանագրել, (…) համաձայնության հասնելը ոչ միայն պատմական կլինի, այլև խորապես կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից, (…) մենք իրապես մոտ ենք համաձայնության հասնելուն (we really are within reach of an agreement), բայց մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է»։

Մոսկովյան միջնորդության տարբերությունը

Միրզոյանի ու Բայրամովը Արլինգթոնի քառորյա բանակցություններից երկու շաբաթ անց մեկնեցին Մոսկվա։ Լավրովի հրավերով մայիսի 19-ին կայացած հանդիպման մասին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց՝ տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։

Լավրովից եղավ մոտավորապես նույն դրական անորոշությամբ հայտարարությունը, ինչ Բլինքենից՝ «խաղաղության պայմանագրի» և մի շարք այլ հարցերի շուրջ հաջողվել է Հայաստանի և Ադրբեջանի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ 

ԱՄՆ միջնորդությամբ հանդիպումներին պատերազմի դադարի եռակողմ հայտարարությունը չի կարևորվում, այն ՌԴ միջնորդության առանցքն է։ ԱՄՆ միջնորդությամբ հանդիպումներին օրակարգի գլխավոր հարցը «խաղաղության պայմանագիր» կոչվածն է։ ՌԴ միջնորդության պարագայում կարևորություն է տրվում Արցախում խաղաղապահների ներկայությանը, ապաշրջափակման և սահմանազատման հարցերին։ 

«Մեր գործընկերներն այսօր վերահաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,- ասել է Լավրովը՝ նկատել տալով, որ այլ միջնորդների ներգրավմամբ «խաղաղության պայմանագիր» քննարկող Միրզոյանը և Բայրամովն առաջ շարժվելու համար դեռ չեն կարգավորել ամենազգայուն հարցերը։ 

Ի՞նչ սպասել բանակցային այս դրվագից

Նախ կարևոր է ընդգծել, որ Միրզոյանը և Բայրամովը կշարունակեն բանակցել ոչ թե այն կետից, որտեղ կանգ են առել, այլ բոլորովին նոր էջից, որտեղ արված է գլխավոր քայլը։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտնեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Այսինքն՝ այսուհետև Արցախի և այնտեղ պաշարված 120 հազար հայերի անվտանգության, գոյության հարցը որևէ կերպ սեղանին դնելու հայկական կողմի բոլոր փորձերին ադրբեջանական կողմը պատասխանելու է մեկ ֆրազով՝ «մի խառնվեք մեր ներքին գործերին»։ Եվ Նիկոլ Փաշինյանի արած հետքայլից հետո որևէ միջնորդ սրան հակաճառելու պատասխանատվություն չի ստանձնի։  

Այս առումով բանակցային սեղանի շուրջ հեշտացել է բոլորի գործը՝ սկսած միջնորդներից մինչև Բայրամով և անգամ Միրզոյան։  

Զգայուն մյուս հարցը Հայաստանի տարածքով թուրքերի միջանցքն է, որը, ինչպես ուրվագծվում է, կարգավորվելու է տերմինաբանությամբ։ Դեռ Մոսկվայում ԵԱՏՄ նիստի ժամանակ, երբ Փաշինյանը սկանդալի վերածեց Ալիևի «Զանգեզուրի միջանցք» եզրը, ՌԴ նախագահն ակնարկեց, որ Արցախը զիջելուց հետո մնացածը տերմինների ընտրության հարց է։ 

Անի Ավետյան

______________

📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։ 

Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։

Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։

Կապված նյութեր