«Զանգեզուրի միջանցքի» հեռանկարը։ Ո՞վ և ի՞նչ խնդիր էր լուծում Սիսիանի մատույցներում նոյեմբեր 14-18-ին

Մինչ հանրությունը քննարկում է ս.թ. նոյեմբերի 14-18-ին Սիսիանի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության և նույնիսկ աշխարհաքաղաքականության վրա՝ ահա այդ նույն պահին, նույն Սիսիանի հատվածում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք, կարծես, միանգամայն այլ իրականության ու նպատակադրումների ծնունդ են։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի կողմից մեծ տեմպով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների մասին է, որոնց արդյունքում Արցախի՝ ներկայումս օկուպացված Քաշաթաղի շրջանում գտնվող Եղցասար լեռան ստորոտից սկիզբ առնող ճանապարհը կհասնի Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղ, ապա, միանալով Մ13 ճանապարհին, կշարունակվի դեպի Նախիջևանի Բջնակ (թուրքերեն՝ Բիչենեկ) բնակավայր, որտեղ ադրբեջանական կողմը ՀՀ սահմանից մոտ 350 մետր հեռավորության վրա դեռևս 2019թ. մաքսային կետ և տերմինալ է կառուցել (1)։ Ս.թ. նոյեմբերի 15-ին լրագրող-մեկնաբան Նաիրի Հոխիկյանը, որը առաջինն է հանրությանը ներկայացրել Նախիջևանում մաքսակետի կառուցման փաստը, մեկ այլ տեսանյութով ցույց է տվել, թե ինչպես են ՀՀ իշխանությունները վերանորոգում դեպի Նախիջևան տանող Մ13 մայրուղին (2)։ Իսկ Սիսիանի տարածքում տեղի ունեցած մարտական բախումներից հետո Google Earth համակարգի միջոցով տիեզերքից ստացված լուսանկարներում տեսանելի դարձավ նաև Քաշաթաղի շրջանի Հակ (թուրքերեն՝ Մինքենդ) և Միրիկ գյուղերից դեպի ՀՀ սահման ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր ճանապարհը։

Իհարկե, միայն այն փաստը, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանը՝ դեպի ՀՀ սահման տանող ճանապարհաշինական աշխատանքները և նույնիսկ մաքսակետի կառուցումն ավարտել է դեռևս 2019թ.՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի առաջ, արդեն իսկ բազում հարցեր է առաջացնում։ Բայց պակաս անհասկանալի չէ նաև այն փաստը, որ նոյեմբեի 14-18-ին ընթացած մարտական գործողությունների ճիշտ նույն վայրում Ադրբեջանն ու Հայաստանը ոչ թե դիրքեր, այլ ճանապարհներ են կառուցում։ Ցավոք, հնարավոր չէ հեռու մնալ այն մտքից, որ բոլոր այդ բախումները, մարդկային զոհերն ու տարածքային կորուստները նախապես մշակված և ակտիվ կյանքի կոչվող ծրագրի մի մասն են միայն…

Այնուամենայնիվ փորձենք սառը դատողությամբ, առանց հույզերի վերլուծել ստեղծված իրավիճակը։ Նախ և առաջ պետք է փաստել այն իրողությունը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլը սկիզբ առավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ին՝ հայկական կողմի կապիտուլյացիայի օրը,  Մոսկվայում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև ոչ մի հանդիպում չի լինելու։ Այդ հանդիպման մասին լուրերը տարածվել էին դեռևս հոկտեմբերի վերջին։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն երկու անգամ մամուլին հաստատել է, որ նման հանդիպում է պլանավորվում՝ երկրորդ անգամ նշելով, որ երկրների ղեկավարների համաժողովը կանցնի առցանց տարբերակով։ Խոսվում էր նաև այն մասին, որ երեք ղեկավարները ստորագրելու են նոր հռչակագիր կամ համաձայնագիր, որով սկիզբ կառներ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Ի դեպ, ռուսական կողմն այս ուղղությամբ ակտիվ աշխատանք էր տանում։ Օգոստոսի 17-ին ՌԴ Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը վերականգնել են Աշխատանքային խմբի գործունեությունը (3)։ Իսկ նոյեմբերի 5-ին՝ սպասվող հանդիպումից մի քանի օր շուտ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Երևան, որտեղ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները» (4)։

Նշենք, որ այս գործընթացի մեջ, ըստ հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարությունների, ամենակարևոր խնդիրը վերաբերում է թե ում ինքնիշխանության տակ են գտնվելու այն ճանապարհները, որոնցով Ադրբեջանը կարող է կապվել Նախիջևանի և Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի։ Ըստ այդմ, Օվերչուկի այն հայտարարությունը, թե ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրի մոտ, որի տարածքով կանցնի ճանապարհը, պետք է որ ամբողջությամբ բավարարեր Փաշինյանի վարչակազմին։ Թուրք-ադրբեջանական դաշինքը, ի հակառակ այս մոտեցման, ՀՀ տարածով անցնող սուվերեն միջանցք է պահանջում, որը, բնականաբար, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար։ Պատճառը պարզ է՝ այդկերպ Հայաստանի Հանրապետությունը նախ կորցնում է փաստացի գոյություն ունեցող ցամաքային կապը Իրանի հետ և երկրորդ՝ վտանգի տակ է հայտնվում ՀՀ Սյունիքի մարզը, որտեղով անցնում է նաև Հայաստանը Արցախի հետ կապող հիմնական ճանապարհը։

Հասկանալի է նաև թուրք-ադրբեջանական դաշինքի՝ ՀՀ տարածքով սուվերեն միջանցք ստանալու նպատակադրումը։ Պաշտոնական Անկարան փորձում է օգտվել ընձեռնված հնարավորությունից և Հարավային Կովկասում իր ներկայությունն առավելագույնս մեծացնելու խնդիր լուծել։ Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ նման միջանցքը հնարավորություն է տալու առանց որևէ սահմանափակումների զենք-զինամթերք տրամադրել Ադրբեջանին և ազդեցիկ հարվածային ուժ ձևավորել այնտեղ, որը Թուրքիայի համար կարող է նաև լրացուցիչ փաստարկ դառնալ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում իր շահն առաջ մղելու համար։ Այլ կերպ ասած՝ նման միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական, կոմունիկացիոն և ռազմական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այդ է պատճառը, որ Թուրքիան՝ իբրև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման, հիմա էլ առաջ է բերել հենց սուվերեն միջանցք տրամադրելու խնդիրը։ Վերջին այս փաստը հայտնի դարձավ նոյեմբերի 11-ին։ Այդ մասին ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ «դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել» (5)։

Իհարկե, Թուրքիային և Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցք տալու դեմ պայքարում է ոչ միայն հայկական կողմը։ Այդ նախագծի թուրքական և ադրբեջանական ընկալումներին դեմ են հանդես գալիս նաև Իրանը (պաշտոնական Թեհրանը շարունակ պնդում է, որ տարածաշրջանի քաղաքական քարտեզը չպետք է փոխվի) և Ռուսաստանը, թեև վերջինս դրա մասին բացահայտ հայտարարություններ չի անում։ Ավելին, ըստ էության թուրքական միջանցքի գաղափարը ոգևորությամբ չեն ընդունել նաև Արևմուտքում։ Որքան էլ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հետաքրքված լինեն դեպի հյուսիս Իրանի կոմունիկացիոն հնարավորությունները սահմանափակելու մեջ և որքան էլ Թուրքիան շարունակի մնալ ԱՄՆ կարևոր գործընկերը մեր տարածաշրջանում, այնուամենայնիվ Վաշինգտոնում, Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում լավ են հասկանում, որ Թուրքիայի չափից ավելի հզորացումն այդ երկիրը իրենց դաշնակցից վերածելու է հզոր մրցակցի, որի հետ դժվար կլինի գործընկերային հարաբերություններ պահպանել։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիայի իշխանությունները, ոգևորվելով Արցախյան վերջին պատերազմում հաղթանակով, անտեսում են աշխարհաքաղաքական իրողությունները՝ այնպիսի կեցվածք ընդունելով, կարծես Արցախում նրանք հաղթել են ոչ միայն հայկական կողմին, այլև Իրանին, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին։ Մինչդեռ դա, իհարկե, այդպես չէ և չէր էլ կարող այդպես լինել։ Որքան էլ Թուրքիան կարևոր դերակատարում ունեցավ Արցախի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում, այնուամենայնիվ դա Անկարայի համար տարածաշրջանն ըստ իր ցանկության վերաձևելու բավարար ռեսուրս չի ապահովում։ Ուստի, կարելի է սպասել, որ առաջիկայում Թուրքիայի իշխանությունները ստիպված կլինեն տեղի տալ և միջանցքի գաղափարը փոխարինել այլ լուծումներով։

Նման լուծում, ըստ ամենայնի, կարող է լինել այսպես կոչված Լաչինի միջանցքի մոդելը։ Այսինքն, ճանապարհը վերահսկվի ռուս սահմանապահների  կողմից։ Սա այն տարբերակն է, որին դեմ չի լինի ոչ միայն Մոսկվան, այլ նույնիսկ Թեհրանը։ Ի վերջո, Իրանի համար տարբերություն չկա, թե ՀՀ տարածքի կոնկրետ որ հատվածում կիրականացվի ռուսական վերահսկողություն։ Միևնույն է դա վաղուց գոյություն ունեցող փաստ է, որի առկայությունը իրանական կողմի համար մինչ օրս խնդրահարույց չի եղել։ Բայց դա նաև միջանցքի այն մոդելն է, որը հակոտնյա է Հայաստանի պետական շահին (միջանցքի գաղափարն ինքնին չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար) և ամենևին էլ այն չէ, ինչը ցանկանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Ուստի քննարկումներն ու մրցակցությունը այդ միջանցքի լինել-չլինելու, իսկ լինելու դեպքում էլ դրա իրավական կարգավիճակի շուրջ դեռևս շարունակվում են։

Այս ամենի լույսի ներքո պարզ է դառնում, թե ինչու նոյեմբերի 9-ին չկայացավ Պուտին-Փաշինյան-Ալիևը հանդիպումը։ Թեև Փաշինյանը պնդում է, որ ինքը Մոսկվա չի գնացել, որովհետև այդ օրը շատ վատ սիմվոլիկա է պարունակում Հայաստանի համար, այնուամենայնիվ պարզ է, որ սիմվոլիկայից բացի չլուծված այլ խնդիրներ էլ կան, որոնց մեջ այս պահին ամենաակտուալը հիշատակված միջանցքի հարցն է։ Ինչպես արդեն նշվեց, այս հարցում Հայաստանը, Ռուսաստանը և թուրք-ադրբեջանական դաշինքը երեք տարբեր կարծիքներ ունեն՝ Հայաստանը փորձում է բացառել միջանցքի գոյությունը, Ռուսաստանը՝ ցանկանում վերահսկել այդ միջանցքը, թուրք-ադրբեջանական դաշինքը՝ պայքարում ՀՀ տարածքով սուվերեն կապ ստեղծելու համար։ Այս հարցում երեք կողմերն էլ մրցակիցներ են, որոնք իրենց շահն առաջ տանելու համար դիմում են ամենատարբեր միջոցներով՝ այդ թվում նաև զինված ուժերի կիրառմամբ խնդիրներ լուծելու մեթոդներին։ Հենց այս հանգամանքներով էին պայմանավորված նոյեմբերի 14-18-ը Սիսիանի հատվածում ընթացած մարտական գործողությունները։

Ի՞նչ էր այդ օրերին փորձում անել թուրք-ադրբեջանական դաշինքը։ Իհարկե, դա ոչ այլ ինչ էր, քան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը ուժի միջոցով լուծելու Ալիևի՝ նախկինում հնչեցրած սպառնալիքը կյանքի կոչելու պատրաստակամության ցուցադրություն։ Ինչպե՞ս արձագանքեց այդ սպառնալիքին հայկական կողմը։ Շատ յուրահատուկ կերպ՝ պաշտոնական Երևանը ցույց տվեց, որ պատրաստ է նոր պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ և Ռուսաստանը ներքաշել այդ պատերազմի մեջ։ Շանտաժի էլեմենտը չափազանց ակնհայտ էր (իշխող կուսակցության ներկայացուցիչների խիստ հակառուսական ելույթներ ԱԺ-ում, Ալիևի հետ Բրյուսելում հանդիպելու Փաշինյանի համաձայնություն, ՌԴ վստահություն վայելող գործիչների պաշտոնանկություն և այլն), որի պատճառով պաշտոնական Մոսկվան որոշեց արագ գործել և միջամտել Սիսիանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Արդեն նոյեմբերի 16-ին Փաշինյանի և Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել (6), իսկ մի քանի օր անց հայտնի դարձել, որ նոյեմբերի 9-ին չկայացած Պուտին-Փաշինյան-Ալիևը հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

Կարելի՞ է արդյոք այս ամենից ենթադրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի խնդիրներ է լուծել հերթական եռակողմ հանդիպումից առաջ։ Ըստ ամենայնի՝ այո։ Այլ հարց է, թե կոնկրետ ինչի՞ համար է պայքարում ՀՀ կառավարության ղեկավարը։ Փորձագիտական շրջանակներում բավական տարածված է այն կարծիքը, որ սահմանազատման և սահմանագծման պայմանագիր ստորագրելուց հետո Փաշինյանի նշանակությունը Մոսկվայի համար կտրուկ կընկնի։ Ընդունված գնահատականն այն է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները Ռուսաստանի մասնակցությամբ, ռուսական շահերին համապատասխան և նրանց իսկ երաշխիքներով կարգավորելուց հետո պաշտոնական Մոսկվան այլևս չի ունենա Փաշինյանի և նրա թիմակիցների կարիքը ու ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ավելի վստահելի և կանխատեսելի իշխանություն ձևավորվի։ Նշենք, որ այս սցենարը քննարկվում է նաև ՀՀ իշխանական թիմի ներսում։ Ուստի կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, ով իր կառավարման բոլոր տարիներին հանուն իշխանություն պահելու շարունակ զիջել է հայկական երկու պետությունների կենսական շահը, միջանցքի խնդրի քննարկումներում էլ չի շրջանցել իր համար ամենակարևոր այդ հարցը։

Կլինի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միջանցք ՀՀ տարածքում, պարզ կդառնա շատ շուտով։ Բայց դա, իհարկե, Հայաստանի առջև կանգնած միակ մարտահրավերը չէ։ Նոյեմբերի 23-ին, պատասխանելով լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին, Փաշինյանը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանը դեռևս 1991թ. է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա նաև հայտարարել է, որ միջանցքի դեմ Հայաստանի պայքարն էլ կարող է անարդյունավետ լինել, որովհետև կան հանգամանքներ, որոնք նա չի ցանկանում բացահայտել։ Ի դեպ, վերջին այս հայտարարությունը Փաշինյանն արել է այն կոնտեքստում, որ մինչ 44-օրյա պատերազմն ինքն ու իր թիմը արդեն հասկացել էին, որ Արցախի համար պայքարում հայ ժողովրդի «երեսուն տարիների զրկանքներն անիմաստ էին», բայց քանի որ իրենք «պայքարող տեսակ» են, չեն ցանկացել բարձրաձայնել դրա մասին։ Ահա այդպես «պայքարելով» էլ նրանք թշնամուն են հանձնել Արցախի Հանրապետության տարածքների ճնշող մեծամասնությունը, իսկ հիմա էլ կանգնել Սյունիքը կորցնելու վտանգի առջև…

Իսկ հոդվածի սկզբում նշված տարածքներում ճանապարհի շինարարությունը շարունակվում է։ Աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումները, կարծես, որևէ կերպ չեն ազդում այդ գործընթացի վրա։ Հարցը միայն մեկն է՝ թե իրավական ինչ կարգավիճակ կունենա այդ ճանապարհը։ Իսկ այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ճանապարհն անցնելու է Արցախի օկուպացված տարածքներով, մեծացնելով դրանց կարևորությունը Ադրբեջանի համար, և ՀՀ ամենախոցելի հատվածով, Հայաստանի իշխանություններին այդքան էլ չի հետաքրքրում։ Տպավորություն է, թե պաշտոնական Երևանը նույնիսկ չի էլ փորձել հասկանալ, թե ինչու է թուրք-ադրբեջանական դաշինքը ապագա ճանապարհի հենց այդ աշխարհագրությունն ընտրել։ Մինչդեռ այստեղ մտածելու, ամեն ինչ ծանրութեթև անելու մեծ նյութ կա։ Վստահեցնում եմ՝ այդ ճանապարհի աշխարահագրությունն է դառնալու  մեր տարածաշրջանի ապագա զարգացումների վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Եվ Հայաստանը այդ փաստն արհամարհելու իրավունք չունի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

———————————

Հղումներ

1. Ի՞նչ է կառուցում Ադրբեջանը Նախիջևանի սահմանին, Նաիրի Հոխիկյան, 24.08.2021թ., https://www.youtube.com/watch?v=ImmvhqkGX28։

2. Որտե՞ղ է նախատեսված ՄԻՋԱՆՑՔԸ / Փաշինյանի ու Ալիևի քայլերի հաջորդականությունը, Նաիրի Հոխիկյան, 15.11.2021թ., https://www.youtube.com/watch?v=XwLtP2spMjI։

3. Состоялось заседание трёхсторонней Рабочей группы под совместным председательством вице-премьеров Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации, 17.08.2021г., http://government.ru/news/43021/:

4.  Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, 05.11.2021թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/11/05/Nikol-Pashinyan-meeting-05-11/:

5. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Լը Ֆիգարո» օրաթերթին, 20.11.2021թ., https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/11/20/Interview_LeFigaro/11190։

6. Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, 16.11.2021թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/11/16/Telephone-Conversation/։

Կապված նյութեր