Ալիևի վարչակազմն առաջ է տանում արցախյան հակամարտության կարգավորման ադրբեջանական օրակարգը։ Նոր կորուստներ Բրյուսելում։ Կստացվի՞ արդյոք փրկել ԱԵՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Ո՞վ և որտե՞ղ է որոշելու Արցախի ճակատագիրը։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը։
* * *
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Եվրպոական կողմի նախաձեռնած եռակողմ այս հանդիպումը, ինչպես հայտնի է, տևել է ավելի քան 4.5 ժամ։ Այդ ընթացքում հակամարտող կողմերի ներկայացուիցչները քննարկել են հարցեր լայն շրջանակ, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։ Հանդիպումից անմիջապես հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիև ցանկանում են արագ խաղաղության համաձայնագիր կնքել։ Վերջինս տեղեկացրել է, որ Ալիև ու Փաշինյանը պայմանավորվել են մինչ ամսվա վերջ ստեղծել սահմանային հանձնաժողով, որի մանդատում երկու հարց կլինի.
1. սահմանազատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը
2. ապահովել կայուն անվտանգության իրադրություն սահմանագծի երկայնքով եւ մերձակայքում (1):
Շառլ Միշելը նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։ Եվրոպայի Խորհրդի նախագահի հայտարարության մեջ հիշատակված էին նաև հումանիտար մի շարք հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարները և այլն։ Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Շառլ Միշելը գրեթե հիացական տոներով էր խոսում Ալիևի և Փաշինյան բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին, ինչը, եթե հաշվի առնենք Արցախում մինչ այդ ստեղծված իրավիճակն ու այդ պահին ընթացող գործընթացները, բավական տարօրինակ էր հնչում։
Պետք է նշել նաև, որ Հայաստանում և Ադրբեջանում փորձագիտական ու քաղաքական շրջանակները խիստ տարբեր կերպե են ընկալել բրյուսելյան հանդիպման արդյունքները։ Ադրբեջանում այդ կապակցությամբ համընդհանուր ոգևորություն էր տիրում։ Այնտեղ խոսում են «բրյուսելյան առաջընթացի» մասին՝ հիմնականում շեշտելով երեք կարևոր հանգամանք՝ ա) Ալիևին հաջողվել է Ադրբեջանի քաղաքական օրակարգը դարձնել հակամարտության հանգուցալուծման առաջնային ուղի, բ) ԵԱՀԿ Մինսկի խմբի դուրս բերում բանակցային գործընթացից և գ) Ռուսաստանի դերակատարության նվազեցում մեր տարածաշրջանում։
Հայաստանում՝ հատկապես ընդդիմադիր շրջանակներում, ճիշտ հակառակ տրամադրություններն էին տիրում։ Փորձագետները և քաղաքական գործիչները հիմնականում ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ բրյուսելյան հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ մեկ բառ անգամ չի ասվում Արցախի, նրա ապագայի, կարգավիճակի և այլնի մասին։ Երկրորդ, Բրյուսելում բառ անգամ չի ասեվել հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարման և այդ ֆորմատով բանակցությունները շարունակելու վերաբերյալ։ Երրորդ, հայ ռազմագերիների խդիրը փաստացի հավասարեցվել է անհետ կորածների խնդրին, որին տրվել են շատ ընդհանուր ձևակերպումներ։
Հայկական քաղաքական էլիտաները դժգոհություն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ Արցախի հանդեպ Ադրբեջանի վերջին մեկ ամսվա ագրեսիվ գործողությունները Բրյուսելում որևէ քննադատության չեն արժանացել։ Հետագայում՝ ապրիլի 7-ին, վարչապետ Փաշինյանն ինքն է նշել, որ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փարուխ գյուղում և դրա շուրջը ստեղծված իրավիճակի քննարկումը բրյուսելյան հարթակում անպատեհ է համարել՝ իր այդ մոտեցումը «հիմնավորելով» այն հանգամանքով, որ այդ քննարկումներին պետք է մասնակցի նաև ռուսական կողմը… (2)
Սակայն բոլոր այս գնահատականներում և ընդհանրապես՝ ստեղծված իրավիճակում, կարևորագույն հանգամանքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները խաղաղության պայմանագիր կնքելու աշխատանք են սկսում և դրա հիմքում, ըստ ամենայնի, Ալիևի վարչակազմի կողմից մշակված հինգ, այսպես կոչված, առաջարկներն են (3)։ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության նիստի ընթացքում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա «սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը» (4)։ Սակայն ՀՀ ղեկավարը չի մանրամասնում, թե ինչ է հասկանում, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» ասելով։ Արդյո՞ք նա նկատի ունի, որ Արցախը պետք է անկախ լինի, թե՞ իր համար ընդունելի է նաև Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Նույն հարցը վերաբերվում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» անվտանգության երաշխիքներին ու իրավունքներին։ Ինչի՞ մասին է խոսում պաշտոնական Երևանն այդ դպքում։ Ցավոք, հստակ պատասխաններ չկան։ Ավելի ճիշտ՝ այդ առնչությամբ Փաշինյանի ու նրա թիմակիցների մեկնաբանությունները ոչ մի լավատեսություն չեն ներշնչում։
Իսկ եթե դրան գումարենք այն փաստը, որ Ադրբեջանին հաջողվում է նաև չեղարկել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, ամեն ինչ շատ ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանի և Արցախի համար։ Ապրիլի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպելուց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այլևս չեն ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Վերջինս, ըստ էության, նշեց, որ այդ ֆորմատն այլևս գոյություն չունի՝ դրա հետևանքների մեղքը բարդելով մյուս երկու համանախագահների վրա։ Իսկ Արարատ Միրզոյանի հակադարձման թույլ փորձին ի պատասխան, որ Ադրբեջանի իշխանություններն են ամեն կերպ փորձում տապալել միջնորդների աշխատանքները, Լավրովը հայտարարեց, թե ադրբեջանական կողմից ինքը նման բան չի լսել, բայց ահա Փարիզի ու Վաշինգտոնի մասով վստահ է (5)։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այդ հայտարարությունից արդեն երկու օր է անցել, սակայն մինչ այս պահը ՀՀ արտգործնախարարությունը չի կարողացել հստակ պատասխան ստանալ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից եռանախագահության ինստիտուտի ապագա ճակատագրի վերաբերյալ։ Դրա փոխարեն Երևանից Ռուսաստանի հասցեին ուղղված վիրավորական հայտարարություններ են հնչում, որոնք կարող են էլ ավելի անորոշ դարձնել ԵԱՀԿ ՄԽ հետագա գոյության փաստը։
Կարևոր է նշել նաև, որ Լավրովի՝ ապրիլի 8-ին արված հայտարարությունների մեջ կար նաև երկրորդ՝ հայկական պետությունների համար շատ վտանգավոր իրողության արձանագրում։ Խոսքը արցախյան հակամարտության՝ այսպես կոչված «ուկրաինիզացիային» է վերաբերվում։ Այլ կերպ ասած՝ միջազգային քաղաքականության մեջ Արցախի խնդրի լուծումը փոխկապակցվէլ է ուկրաինական ճգնաժամի հետ, ինչը նախ նշանակում է, որ հայկական պետությունները հերթական անգամ սեփական ճակատագիրը տնօրինելու լուրջ գործիքներ են կորցնում և ապա, որ մենք դառնում ենք շատ ավելի գլոբալ նշանակության հակամարտության մաս, որտեղ մեզանից գրեթե ոչինչ կախված չէ։
Հղումներ
1. Շառլ Միշել. Փաշինյանն ու Ալիեւը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել, 07.04.2022թ., https://mediamax.am/am/news/foreignpolicy/47035։
2. Վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, 07.04.2022թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/04/07/Cabinet-meeting-Speech/։
3. Հաղթել «թշնամուն» բոլոր ոլորտներում։ Ադրբեջանի վերջնագրերն ու Հայաստանի համաձայնությունը, 19.03.2022թ., https://www.patreon.com/posts/63992936։
4. Տե՛ս երկրորդ հղումը։
5. ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեղյալ են հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Լավրով, 08.04.2022թ., http://arka.am/am/news/politics/AMN_n_ev_Fransian_/