Վերադարձն Արցախ պետք է դառնա մեր ժողովրդի հիմնական նպատակը

Որքան էլ Ալիևը խոսի հայ-ադրբեջանական բանակցություններում ամերիկյան դերակատարման նվազեցման կամ նույնիսկ դադարեցման հեռանկարի մասին, միևնույն է փաստը մնում է փաստ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունն ընդունվել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենը այցելեց Բաքու։

Ամերիկացի դիվանագետի Ադրբեջան մեկնելու նպատակները հստակ էին նշված՝ նպաստել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առաջընթացին ու Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորմանը։ Ու չնայած ընդամենը օրեր առաջ Ալիևն ու Փաշինյանը խոսում էին երկու երկրների հարաբերություններում առաջացած նոր խնդիրների և անվստահության, ինչպես նաև բանակցային գործընթացի դանդաղման ու նույնիսկ կասեցման մասին, միևնույն է, Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի կարճատև այցը բավական էր, որպեսզի «սառույցը տեղից շարժվի»։

Երկու կողմերի համատեղ հայտարարությունն այնքան անսպասելի էր, որ նույնիսկ կասկած է առաջանում, թե որքանով էին հենց իրենք՝ Փաշինյանն ու Ալիևը, տեղյակ, որ նման համաձայնության պիտի գան միմյանց հետ։ Այդ կասկածներն ավելի են շատանում, երբ հետևում ենք Ալիևի ու Փաշինյանի՝ արդեն հրապարակված հայտարարությունից հետո ասված խոսքերին։

ԱՄՆ ազդեցությունը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա միանշանակ է։ Ինչպես նաև միանշանակ է, որ արցախյան հարցում տեղի ունեցող զարգացումներն այլևս դուրս են Ալիևի ու Փաշինյանի վերահսկողության տիրույթից։ Երկուսն էլ դա լավ գիտեն և փորձում են չհատել ավելի մեծ տերությունների կողմից գծված այն սահմանները, որոնցից այն կողմ հարցականի տակ կդրվի իրենց ճակատագիրը ։

Իսկ մեծ տերությունները զբաղված են իրենց համար ավելի կարևոր նշանակություն ունեցող հարցերով։ Արցախյան հիմնախնդիրը նրանց համար դեռևս առաջնային նշանակություն չունի։ Հարավային Կովկասում խնդիրները կարգավորելու հերթը նրանց համար ամենավերջինն է։ Մինչ այդ Ուկրաինայի խնդիր գոյություն ունի, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի, Չինաստանի և այլն։ Սա չի նշանակում, որ լուծումները կուշանան։ Բայց նշանակում է, որ միայն Հարավային Կովկասի համար առանձին լուծում չի լինելու։ Միակ որոշումը, որն այս պահին կա մեր տարածաշրջանի հետ կապված, այն է, որ Արցախում պետք է հայեր բնակվեն։ Ընդ որում, սրա հետ համակարծիք են թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Բրյուսելը։ Հակասությունները միայն հայերի վերադարձի մեխանիզմներին և հետագա անվտանգության երաշխիքներին են վերաբերվում։ Այս հարցերում աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրն իր մոտեցումը ունի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հստակ հասկանալով, որ հայերի վերադարձի հարցն ուշ թե շուտ դրվելու է իր առջև, փորձում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանել և հնարավորինս ապահովագրել իրեն դժվար զարգացումներից։ Այդ խնդրի լուծմանն ուղղված Ալիևի քաղաքականությունը մի քանի պարզ քայլերից է բաղկացած.

ա) Ադրբեջանի նախագահը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիների մի մասը վերադառնա Ստեփանակերտ, բայց նրանց թիվը չգերազանցի մի քանի հազարը։ Այսինքն, որպեսզի Արցախում այնքան հայեր բնակվեն, որ մի կողմից նա կարողանա հայտարարել, թե հայերի վերադարձի հարցը լուծված է, մյուս կողմից էլ՝ վերադարձած հայերը խնդիր չդառնան Ադրբեջանի համար։ Ալիևի վարչակազմն արդեն սկսել է ակտիվ աշխատել այս ուղղությամբ։ Նրանք աջուձախ անվտանգության երաշխիքներ են շռայլում, խոստումներ տալիս հայերին, քարոզչական հոլովակներ նկարահանում և այլն։

բ) Հայերի Արցախ վերադառնալու խնդրին զուգահեռ քաղաքական օրակարգ են բերում նաև ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու անհրաժեշտությունը։ Այս հարցում Ալիևի հիմնական և կարևորագույն դաշնակիցը, որքան էլ տարօրինակ չհնչի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա քաղաքական թիմը։ Վերջիններս վաղուց են արդեն հայտարարում, որ Հայաստանում ադրբեջանցիների անվտանգությունն ու իրավունքները երաշխավորված կլինեն։

գ) Արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելով՝ Ալիևը փորձում է նախապես չեզոքացնել իր իշխանությանը սպառնացող բոլոր այն խնդիրները, որոնք անկասկած կառաջանան հայերի Արցախ վերադառնալուց հետո։ Ասել է, թե Ալիևը գիտի իր գլխին գալիքը և ուզում է մինչ գերտերությունների առջև ստանձնած պարտավորությունների կյանքի կոչելը, լուծի իր իշխանության հարցը Արդբեջանում։

Համադրելով վերոշարադրված բոլոր գործոնները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ուկրաինական ճգնաժամը կարծես հանգուցալուծմանն է մոտենում ՝ կարելի է սպասել, որ գալիք 2024 թ. մեկնարկելու է ձևավորվող նոր աշխարհակարգը վերջնական տեսքի բերելու գործընթացը։ Իսկ սա նշանակում է, որ փոփոխություններ կլինեն նաև Հարավային Կովկասում և տարածաշրջանը կմտնի նոր շրջափուլ, որի ավարտին կրկին հնարավոր կլինի ակնկալել հայկական խնդիրների պրոհայկական լուծում։ Իհարկե, եթե այդ ընթացքում որպես պետություն և ժողովուրդ կարողանանք ճիշտ կողմնորոշվել և պատրաստվել մեր հաջորդ շանսին։

Իսկ ճիշտ կողմնորոշվելը, ցավոք, այդքան էլ հեշտ չէ։ Մանավանդ, երբ արտաքին ազդակները հաճախ խաբուսիկ են։ Նյութի սկզբում արդեն նշեցի, որ Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը Ջեյմս Օ՛Բրայենի Ադրբեջան կատարած այցի հետևանքն է։ Այս հարցում կասկած չկա։ Բայց արդյո՞ք Վաշինգտոնը Հարավային Կովկասում ավելի գլոբալ խնդիրներ լուծելու ռեսուրս ունի։ Իհարկե՝ ոչ։ Միանշանակ է՝ այս հարցում Ռուսաստանի հնարավորություններն ավելի մեծ են։ Հատկապես հիմա, երբ Ուկրաինայում ընթացող պատերազմում ռուսական կողմի գերակայությունն ու առավելությունը ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։ Պարզ է, որ Ուկրաինայում հաջողություն արձանագրելուց հետո Մոսկվան փորձելու է իր կանոնները թելադրել նաև հարակից այլ տարածաշրջաններում։ Ի՞նչ դիրքորոշում կընդունի այդ ժամանակ Հայաստանը։ Արդյո՞ք մենք մենք կբավարարվենք և կծափահարենք 32 գերիների վերադարձի փաստին, թե կցանկանանք ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ։ ՀՀ իշխանություններն այս հարցում իրենց ընտրությունն արդեն կատարել են։ Իսկ ժողովու՞րդը…

Հայերի վերադարձն Արցախ պետք է դառնա մեր ժողովրդի հիմնական նպատակը։ Ինչպես արդեն նշեցի, դրա բոլոր հնարավորություններն ու միջազգային ձևավորված պահանջը կան։ Բայց որպեսզի հասնենք այդ նպատակին, մենք պարտավոր ենք չխաբվել ու Արցախը ետ բերելու իրական որոշում կայացնենք։ Հակառակ պարագայում կկորսվեն նաև հայ մնալու ու պետություն ունենալու վերջին շանսերը

Սևակ Մոկացի

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր