Արցախի զինաթափում։ Միրզոյան-Բայրամով թբիլիսյան հանդիպման առաջին իրական արդյունքները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ պատերազմի բերումով Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան։

«Արմենպրես»ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. «Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»։

Այն, որ պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ մի շարք ստորաբաժանումներ իսկապես տեղափոխվել էին Արցախ, հանրահայտ փաստ է։ Ավելին, հայտնի է նաև, որ անգամ մինչ պատերազմը արցախա-ադրբեջանական սահմանում տեղակայված որոշ զորամասեր գտնվում էին ոչ թե Պաշտպանության բանակի, այլ հենց ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Հայտնի է նաև այն փաստը, որ ՀՀ զինապարտ քաղաքացիներից շատերն իրնեց զինվորական ծառայությունն անց էին կացնում հենց Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումներում։ Ավելին, Արցախի Պաշտպանության բանակն էլ մեծամասամբ ոչ թե ինքնուրույն միավորում էր, այլ հայկական երկու պետությունների մեկ միասնական անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Ուստի շատ տրամաբանական էր, որ ՀՀ քաղաքացիները ծառայում էին Արցախում, ՊԲ շատ նշանակումներ արվում էին Երևանից և որ Հայաստանն ու Արցախը, ըստ էության, ստեղծել էին մեկ միասնական բանակ։

Նախապատերազմյան շրջանի բոլոր այն հայտարարությունները, որ Պաշտպանության բանակն ու ՀՀ Զինված ուժերը մեկը մյուսի հետ կապ չունեցող կառույցներ են, ուղղված էին արտաքին աշխարհին և չէին արտահայտում իրականությունը։ Դա դիվանագիտական անհրաժեշտություն էր, որը թույլ էր տալիս հայկական երկու պետությունների իշխանություններին խուսափել ավելորդ հարցադրումներից և շարունակել բանակաշինության կենսական կարևորության գործը։ Իհարկե, միջազգային հանրությունն էլ, իր հերթին, հիանալի գիտեր բոլոր իրողությունները, բայց քանի դեռ հայկական պետությունները պահում էին խաղի համընդհանուր ընդունված կանոնները, աչք էին փակում Երևանի ու Ստեփանակերտի դիվանագիտական հռետորաբանության վրա։ Այդ ամենն Արցախյան առաջին պատերազմից հետո ձևավորված ստատուս-քվոյի բաղադրյալներից մեկն էր։

Հիմա, հաշվի առնելով այս ամենը, հարց է առաջանում՝ ու՞մ է ուղղված ՀՀ այսօրվա իշխանությունների քաղաքական հռետորաբանությունը։ Հարցը եկեք ավելի կոնկրետ ձևակերպեմ՝ ու՞մ է փորձում խաբել Արմեն Գրիգորյանն ու Նիկոլի իշխանությունը։

Նախ սկսենք նրանից, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ չկան։ Այնտեղ դեռևս կան ՀՀ ժամկետային զինծառայողներ, որոնց ծառայության ժամկետը շուտով կավարտվի։ Արդյո՞ք «ԶՈՒ ստորաբաժանում» ասելով՝ Արմեն Գրիգորյանը նկատի ունի հենց այդ զինծառայողներին։ Հազիվ թե։

Անցնենք առաջ։ Եթե Արցախում իսկապես կան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ (թեկուզ՝ շատ գաղտնի), ապա ինչու՞ է առաջացել նրանց՝ այնտեղից դուրս բերելու անհրաժեշտություն։ Այո, գիտեմ՝ այս իշխանության սպասարկուները կարող են ասել, որ դա Նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջներից մեկն է։ Բայց… Չէ՞ որ Ադրբեջանն ինքն է արհամարհում եռակողմ այդ հայտարարության մի շարք դրույթներ։ Ավելին, հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի զինված ուժերը մի շարք ուղղություններով ներխուժել են նաև ՀՀ սուվերեն տարածք։ Արդյո՞ք, նրանք ետ են քաշել իրենց զորքերը Սև լճից, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի այլ հատվածներից։ Իհարկե՝ ոչ։ Ուրեմն այդ ի՞նչ է փոխվել վերջին օրերին, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նման հայտարարություն է անում։

Հուլիսի 16-ին Վրաստանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը։ Այդ կապակցությամբ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունները գրեթե համանման հայտարարություններով են հանդես եկել։

Տարածված հաղորդագրությունների տարբերությունը որոշ դետալների մեջ էին, որոնք, կարծում եմ, իրականում սկի չեն էլ քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ։ Օրինակ, հայկական կողմը խոսում է Մինսկի խմբի ներգրավման և կուտակած փորձի կարևորության մասին, իսկ ադրբեջանականը՝ հետպատերազմյան իրողությունների հիման վրա հարաբերությունների կարգավորման։ Համաձայնեք՝ երկու արտգործնախարարներն այն գործիչները չեն, որ միասին նստեն ու նման հարցեր որոշեն։ Դրանք միանգամայն այլ մակարդակում են որոշվում։

Հաղորդագրությունների մեջ ներկայացված մյուս հարցերն էլ երեք ժամ քննարկելու բան չէին։ Մանավանդ, որ դրանց բացարձակ մեծամասնությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունած երեք հայտարարություններում առկա դրույթների իրագործման ընթացքը, վաղուց արդեն քննարկվում է տարբեր ֆորմատներում, հատկապես փոխվարչապետերի կողմից։

Հաշվի առնելով սա՝ հուլիսի դեռևս 16-ին հարց եմ բարձրացրել՝ ի՞նչ էին խոսում արտգործնախարարները երեք ժամ։ Կա՞ն արդյոք նոր պայմանավորվածություններ։ Կամ ի՞նչ էին նախապատրաստում նրանք։ Ակնհայտ է, որ այս հարցերի պատասխանները հետզհետե նշմարվում են։ Ավելի քան համոզված եմ, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Արցախից դուրս բերելու մասին Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարությունն թբիլիսյան պայմանավորվածությունների կոնտեքստում է։

Բայց քանի որ իմ տեղեկություններով Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ չկան, իսկ ժամկետային զինծառայողների զորացրումը քաղաքական հայտարարության առիթ չէ, ուրեմն կարելի է ենթադրել, որ քննարկվող թեման շատ ավելի բովանդակային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս դեպքում խոսքը կարող է վերաբերվել միայն Արցախի զինաթափմանը։ Վստահ եմ՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն ադրբեջանական կողմի՝ վաղուց ձևակերպված պահանջներից մեկն է։

Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները, կրկին անգամ խաբելով ողջ ժողովրդին, հերթական դավադրությունն են իրականացնում Արցախի դեմ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կապված նյութեր