Հայաստանը կործանման նախաշեմին։ Ի՞նչ է տեղի ունենում երկրի ներսում և շուրջը

Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (1):

Սա մի ձևակերպում է, որը բացահայտում է ադրբեջանա-հայկական բանակցությունների հետագա ողջ ընթացքը։ Հայ հանրությունը տարակուսած է՝ ի՞նչ է նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցա՞խն էլ է մաս կազմում այդ ամբողջականությանը, տարբեր հարթակներում հարցնում են հայ քաղաքացիները՝ կարծես չցանկանալով հավատալ, որ անցած երեսուն տարիների պայքարը կարող է այսպիսի անփառունակ ավարտ ունենալ։ Եվ ոչ ոք, կարծես, չի համարձակվում խոստովանել, որ այո՛, այս փաստաթղթով Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Բայց որպեսզի իր հասցեին ուղղված մեղադրանքներն ու քննադատությունները որոշ չափով մեղմելու հնարավորություն ունենա, Հայաստանի գործող ղեկավարը երկու փոքրիկ հնարք է կիրառում՝

ա) Նա ասում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը ճանաչել է դեռևս 1991թ., երբ անդամակցում էր ԱՊՀ-ին։

բ) Խոսում է «Բաքվի և Ստեփանակերտի միջև քննարկումների մեխանիզմներ» ստեղծելու անհրաժեշտության մասին (2)։

Երկու այս պնդումն էլ, իհարկե, մանիպուլատիվ են և բխում են բացառապես Ադրբեջանի շահերից։ Սակայն սեփական ընտրազանգվածի դիմաց արդարանալու տեսանկյունից լիովին աշխատող են Փաշինյանի համար, որը վստահ է, որ այդկերպ կարող է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման մեղքը գցել նախկինների վրա, իսկ Արցախի համար տալ այնպիսի խոստումներ, որոնք կհամոզեն իր էլեկտորատին, իբր ինքն ամեն ինչ անում է, որպեսզի արցախահայության շահերը պաշտպանված լինեն։ Ընդ որում, հետաքրքիր է նշել, որ Ալիևի՝ շարունակ կրկնվող հայտարարություններն այն մասին, որ Ստեփանակերտի հետ Բաքվի հարաբերություններն Ադրբեջանի ներքին գործն են և որ իրենք թույլ չեն տա, որպեսզի որևէ այլ երկիր փորձի միջամտել դրանց, Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության համար լսելի չեն։ Այս առումով Փաշինյանն ու նրա քարոզչամեքենան իսկապես լավ են աշխատում։

Ինչևէ, հայկական պետությունների առջև այսօր ծառացած հիմնական մարտահրավերը նույնիսկ Պրահայում ընդունված քառակողմ հայտարարությունը չէ, այլ այն, թե իրականում ինչ օրակարգով է Ադրբեջանը ներկայանում բանակցությունների։

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն ուշագրավ մի նյութ հրապարակեց, որտեղ «Հավաստի աղբյուր» կեղծանվամբ հանդես եկող հեղինակը, որն ամենայն հավանականությամբ հենց ինքը՝ Փաշինյանն է, ներկայացրել է Հայաստանին ուղղված Ադրբեջանի պահանջները.

– ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

– ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

– Միջանցք Հայաստանի տարածքով:

– Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

– Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով (3):

Նշված կետերից յուրաքանչյուրն առանձին վերցրած վկայում են միայն այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ հայկական երկու պետությունների ոչնչացումը։ Կամ, առնվազն Արցախի պետականության ոչնչացում ու Հայաստանի նկատմամբ լիարժեք վերահսկողություն։ Ի՞նչ է սրան հակադրում պաշտոնական Երևանը։ Ցավոք, ոչինչ։ Բառացիորեն ոչինչ։

Այսպես, սեպտեմբերի 14-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հստակ հայտարարել է, որ «ծանր որոշումների» գնալու պատասխանատվություն է վերցրել իր վրա։ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ» (4)։ Եվ ահա այս հայտարարությունից մի քանի օր անց «Հայկական ժամանակ»-ում լույս է տեսնում Ադրբեջանի պահանջների մասին քիչ առաջ հիշատակված հրապարակումը…

Իշխանական շրջանակներից անընդհատ լուրեր են հասնում, որ Փաշինյանն իսկապես պատրաստվում է կատարել թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջները։ Ավելին, իշխող թիմի վերնախավը կողմ է դրան և նույնիսկ պահանջում է Փաշինյանից հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Հարցը սակայն ձգձգվում է այն պատճառով, որ պաշտոնական Երևանը չի կարողանում կողմնորոշվել, թե աշխարհաքաղաքական կենտրոններից որի՞ հովանու տակ կատարել այդ քայլը՝ Ռուսաստանի, թե՞ Արևմուտքի։ Երկրորդ խնդիրն էլ, որ կանգնած է Փաշինյանի առջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իշխանության պահպանումն է։ Այդ է պատճառը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է Ադրբեջանի պահանջներից գոնե մեկը՝ ՀՀ տարածքով միջանցքի տրամադրումը, անկատար թողնի։ Հաջողելու պարագայում նա այդ փաստը կօգտագործի՝ ցույց տալու համար, որ կարողացել է «միջանկյալ» լուծում ապահովել և հայտարարել, որ հասել է իր նպատակին՝ «խաղաղության դարաշրջանի» հաստատմանը։

Իրենց արդյունավետությամբ, ցավոք, չեն առանձնանում նաև հայկական ընդդիմության լուծումները։ Այս թեմաներով Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում բավական ակտիվ քննարկումներ են ընթանում։ Այս առումով հատկապես ուշագրավ էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ սեպտեմբերի 14-ին Հայաստանի նախկին նախագահներին, Վեհափառ Հայրապետին և ընդհանրապես բոլոր կարող ուժերին արված առաջարկը՝ հանդես գալ միասնական ճակատով, վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին և, միավորելով ազգային ողջ ռեսուրսը, լուծել Հայաստնի և Արցախի առջև ծառացած խնդիրները (5)։ Այս կոչից հետո Սաղաթելյանը բավական ծավալուն ու դժվար աշխատանք է տարել և կարողացել համոզել Կաթողիկոսին, ՀՀ ու Արցախի նախկին նախագահներին նստել մեկ սեղանի շուրջ ու որոշումներ փնտրել։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում։ Սակայն, ցավոք, մինչ այս պահը հանդիպման մասնակիցները չեն կարողացել արդյունք ունենալ և որևէ առաջարկով հանդես գալ։ Ավելին, պարզ դարձավ, որ ստեղծված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը Փաշինյանին աջակցելն ու նոր կապիտուլյացիա ստորագրելն է (6)։

Մինչդեռ Հայաստանն արտաքին մարտահրավերներին դիմակայելու բավական մեծ թե՛ ներքին և թե՛ արտաքին ներուժ ունի։ Հարցն այդ ռեսուրսի կազմակերպումն ու երկրի անվտանգային խնդիրներին ծառայեցնելն է։ Սակայն սա մի ճանապարհ է, որով իշխանությունները չեն ցանկանում գնալ, իսկ ընդդիմությունը՝ դեռևս չի կարող։

Մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի արտաքին միջավայրը։ Ինչպես հայտնի է, 2013-ին սկիզբ առած ռուս-ուկրաինական ճգնաժամը խափանել է մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի՝ նախկինում բավական կայուն հիմքերի վրա դրված համագործակցությունը։ Ըստ էության, արդեն 2014-ի առաջին ամիսներից աշխարհաքաղաքական երկու այդ կենտրոնները դադարել են Հարավային Կովկասում կոնֆլիկտների զսպման մեխանիզմների իրենց բաժին կարևոր գործը կատարելուց։ 2014-ից ընդհուպ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմն այդ գործառույթը կատարվում էր բացառապես հայկական զինված ուժերի կողմից։ 2020-ի վերջին փոխվել է ոչ միայն այդ իրողությունը, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի ողջ աշխարհաքաղաքականությունը։ Փոխվել են նաև ուժերի հարաբերակցությունը, կոնֆլիկտների զսպման մեխանիզմները, տարածաշրջանային պետությունների ձգտումներն ու ախորժակները, հարևան տերությունների շահերն ու հնարավորությունները։

Այդ փոփոխություններն էլ ավելի ակնհայտ դարձան սույն թվականի փետրվարի վերջում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուն հետևանքով։ Հիմա արդեն պարզ է և ռուսական դիվանագիտական ու փորձագիտական շրջանակները դա այլևս չեն էլ փորձում թաքցնել, որ Հարավային Կովկասում՝ ի դեմս Թուրքիայի ի հայտ է եկել նոր մեծ և ուժեղ դերակատար։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանը պարտավոր է անվտանգային նոր հայեցակարգ մշակել ու ստեղծված իրողություններին համարժեք քաղաքականություն վարել։

Ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորինս լավ բացահայտում է նոր իրողությունների տրամաբանությունը։ Այսպես, ս.թ. մարտի վերջին, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի կարող արագ կերպով լուծել Ուկրաինայում իր առջև դրված ռազմական խնդիրները, Ադրբեջանի զինված ուժերն Արցախում ներխուժեցին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և գրավեցին Փարուխ գյուղն ու Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Իսկ սեպտեմբերի կեսերին, երբ ռուսական բանակը մի շարք պարտություններ կրեց Խարկովի ուղղությամբ, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի արևելյան սահմանների վրա և քիչ էր մնում գրավեր Ջերմուկ քաղաքը։ Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իր գործողությունները դիտարկում է աշխարհաքաղաքական վերափոխումների լույսի ներքո և ներդաշնակեցնում իր քայլերն այն իրողությունների հետ, որոնք ձևավորվում են հարակից տարածաշրջաններում։ Սա գլոբալ նշանակության մի գործընթաց է, որի արդյունքում, ըստ տարածված կարծիքի, ձևավորվելու է նոր աշխարհակարգ։ Պարզ է, որ վերջին տարիներին տնտեսական և քաղաքական մեծ հնարավորություններ ձեռք բերած Թուրքիան ամեն ինչ անելու է աշխարհաքաղաքական այդ մրցավազքում առավելագույն արդյունքների հասնելու համար։Այդ է պատճառը, որ Ռուսաստանի յուրաքանչյուր ձախողում թուրք-ադրբեջանական դաշինքին մեր տարածաշրջանում էլ ավելի ուժեղանալու, նոր դիրքեր գրավելու և սեփական հնարավորություններն ավելացնելու առիթ է տալիս։

Պաշտոնական Երևանը սա կարծես չի նկատում։ Արցախի և ընդհանրապես մեր տարածաշրջանի խնդիրները Փաշինյանի կառավարությունը դիտարկում է բացառապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում՝ հընթացս փորձելով իր համար լուծումներ գտնել մե՛կ Մոսկվայում, մե՛կ Բրյուսելում և մե՛կ Վաշինգտոնում։ ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ եկել է ընտրություն կատարելու ժամանակը։ Ադրբեջանը, օրինակ, այդ ընտրությունն արդեն կատարել է՝ Ալիևն իր երկրի ապագան տեսնում է փոփոխվող այս աշխարհում Թուրքիայի կողմից ձևավորվող նոր աշխարհաքաղաքական բևերում։ Այդ է պատճառը, որ Ալիևը չի խորշում ժամանակ առ ժամանակ դեմ գնալ Ռուսաստանի տարածաշրջանային շահերին և նույնիսկ հակամարտության մեջ մտնել Կրեմլի հետ։ Հայաստանում նման որոշում չկա։ Փաշինյանը կարող է գնալ և «համբուրել» Պուտինի ձեռքերը, իսկ հաջորդ պահին լուրջ հարված հասցնել նույն Ռուսաստանին։ Նույնկերպ է Փաշինյանը աշխատում նաև Իրանի հետ, որն, ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում սկսել է հանդես գալ որպես Հայաստանի ֆիզիկական անվտանգության բավական ազդեցիկ գործոն։

Մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական պայքարում լուրջ դերակատարում է ստանձնել նաև Արևմուտքը, որի հիմնական խնդիրը Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս հանելն է։ Փաշինյանի կառավարությունն անմասն չէ նաև այս զարգացումներից։ Համենայն դեպս ակնհայտ է, որ վերջին ամիսներին հայկական կողմն ավելի ակտիվ համագործակցում է հենց Բրյուսելի, Փարիզի և Վաշինգտոնի հետ։ Ընդ որում, կարևոր է նշել, որ այդ համագործակցությունն ընթանում է հենց Արևմուտքի քաղաքական օրակարգերի շրջանակներում։ Հայկական շահն այստեղ նույնպես իսպառ բացակայում է։ Համենայն դեպս արդեն փաստ է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» Հայաստանը ճանաչել է Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման ժամանակ՝ Ֆրանիսիայի և ԵԽ նախագահների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքում։

Իհարկե, վերոնշյալ այս փաստերը չեն նշանակում, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները, որոնք ըստ ՌԴ ԱԳՆ-ի արդեն փոխանցվել են Հայաստանին ու Ադրբեջանին, ավելի լավն են, քան Արևմուտքի առաջարկները։ Դա այդպես չէ։ Բայց այստեղ կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զբաղված է ոչ թե հայամետ, այլ իր համար նվազագույն ցավոտ լուծումների որոնումով։ Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, Հայաստանն ունի մարտահրավերներին դիմագրավելու ներքին և արտաքին լուծումներ։ Օրինակ, պաշտոնական Երևանը կարող և պարտավոր է կրկին քաղաքական օրակարգ վերադարձնել ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը։ Կամ, նվազագույնը, զբաղվեր սեփական զինված ուժերի վերականգնման կամ վերակազմակերպման խիստ անհրաժեշտ գործով։ Ինչու՞ այս ամենը չի արվում։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է՝ Փաշինյանին ու իր թիմակիցներին հետաքրքրում է բացառապես սեփական իշխանությունը։

Ստեղծված իրավիճակից ելքերի մասին արդեն բավական շատ է խոսվել։ Առաջին քայլը, անկասկած, դավաճան իշխանությունների հեռացումն է։ Սակայն մենք տեսնում ենք, որ չափազանց ակնհայտ այս քայլը տարբեր՝ կարծում եմ հիմնականում արտաքին գործոններով պայմանավորված պատճառներով հետաձգվում է։ Ցավոք, հայ քաղաքական էլիտաները մինչ այս պահը բացարձակ անկարողություն և թուլություն են ցուցադրում։ Շատ ուղիղ եմ ուզում ասել՝ ​​ես չեմ կարող և չեմ ուզում հավատալ, որ Կաթողիկոսի, նախագահների, մտավորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ՝ բացի Տեր-Պետրոսյանի կապիտուլյացիայի օրակարգից, չի ծնվում։ Չի կարող նման բան լինել։ Սա աներևակայելի փաստ է։ Եվ որքան ուշանում է այդ առաջարկը, այնքան Հայաստանի վիճակն ավելի օրհասական է դառնում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան


______________________
Հղումներ

1. Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը, 06.10.2022թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/10/07/Nikol-Pashinyan-Announcement/։

2. Երևանը հայտարարում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմների մասին, 03.10.2022թ., https://www.azatutyun.am/a/32062951.html։

3. Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը, 03.10.2022թ., https://armtimes.com/hy/article/245285։

4. Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի․ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ. Փաշինյան, 14.09.2022թ., https://lurer.com/?p=481372&l=am։

5. Վիճակն օրհասական է, մեկ սեղանի շուրջ պետք է հավաքվեն ՀՀ նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, կաթողիկոսը․ Իշխան Սաղաթելյան, 13.09.2022թ., https://www.tert.am/am/news/2022/09/13/saghatelyan/3839144։

6. Եկել է հազարապատիկ լրջանալու պահը։ Հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, 26.09.2022թ., Հանրային հեռուստաընկերություն, Լուրեր, https://youtu.be/kTeWytVBdVI։

Կապված նյութեր