Քաղաքական մեծ առևտրին սպասելիս

Մայիսի 14-ին տեղի են ունեցել Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող երկու իրադարձություն։ Այդ օրը Բրյուսելում հերթական անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Հանդիպմանը, որն անց էր կացվել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, նախորդել էր Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարների հանդիպումների շարքը Վաշինգտոնում։ Վաշինգտոնյան բանակցություններից հետո թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանին ԱԳՆ-ները հայտարարեցին, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ (կողմերի – Հ.Մ.-Շ.) դիրքորոշումները մնում են տարամետ» (1): Սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որպեսզի վաշինգտոնյան փուլից ընդամենը տասն օր անց Բրյուսելում կայանա Փաշինյան-Միշել-Ալիև գագաթնաժողով, ինչը վկայում է այն մասին, որ արտգործնախարարների բանակցություններն այդքան էլ անարդյունավետ չեն եղել։

Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը մամուլին տված մեկնաբանության մեջ հաստատել է, որ ԱՄՆ-ում անցկացված հանդիպումները նոր թափ են հաղորդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործին, ինչը եվրոպացի գործիչը շատ կարևոր է համարել։ Վերջինս նաև որոշակի մանրամասներ է բացահայտել Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններից՝ նշելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հավատարմություն են հայտնել Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ համապատասխանաբար 29 800 քառ. կմ և 86 600 քառ. կմ» (2)։

Միշելը նաև տեղեկացրել է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են վերսկսել սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները և առաջընթաց գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերի քննարկումներում: Նշված հարցերից բացի, ըստ Միշելի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են նաև գերեվարված անձանց միմյանց հանձնելու հնարավորությունները, Արցախի հայության իրավունքների խնդիրը և այլն (3)։ Սակայն ոչ մի խոսք չի եղել Արցախն ապաշրջափակելու, Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինաբար փակելու և ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների դուրս բերման մասին։ Ակնհայտ է, որ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և որևէ կերպ չի փորձել միջամտել «Ադրբեջանի ներքին գործերին»։ Դա է վկայում նաև Ադրբեջանի տարածքի ամրագրված թիվը՝  86 600 քառ. կմ։

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, ինչպես Վաշինգտոնում անցկացված բանակցությունների դեպքում, այս անգամ նույնպես որևէ հստակ տեղեկատվություն չի մատուցել Բրյուսելում անցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին։ Միայն ընդհանուր արտահայտություններ՝ առանց որևէ մանրամասների (4)։ Եվ սա արդեն ձեռագիր է՝ ՀՀ իշխանություններն ինչ-որ բաներ են պայմանավորվում Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, հանրությունից թաքցնում այդ պայմանավորվածությունները, հնարավորություն տալիս Ադրբեջանին կյանքի կոչել դրանք, հետո սկսում բողոքել (բնականաբար՝ ձևական, մինչ հաջորդ նման զարգացումը – Հ.Մ.-Շ.), իբր Բաքուն հերթական անգամ սադրանքի է դիմել սահմանում։ Իսկ իրականում, ինչպես դա ցույց տվեցին նաև Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զորքերի առաջխաղացումն ու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետ տեղադրելու փաստերը, պաշտոնական Երևանը հիանալի տեղեկացված է լինում սպասվող զարգացումների մասին։ Համենայն դեպս, դա է վկայում, օրինակ, ՀՀ ԱԺ-ում ապրիլի 20-ին Ն. Փաշինյանի արված հայտարարությունն այն մասին, որ Տեղ գյուղում 5 կմ խնդրահարույց սահմանի 1.4 կմ հատվածն «արդեն ճշտվել է» (5)։ Որովհետև սահմանների «ճշտման» գործընթացում գտնվող երկրի ղեկավարությունը որևէ կերպ չէր կարող անտեղյակ լինել, որ այդ նույն սահմանի «խնդրահարույց» հատվածում թշնամին նոր դիրքեր է տեղադրում, իսկ քիչ այն կողմ հսկիչ-անցագրային կետ տեղադրում։

Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է վստահ պնդել, որ Փաշինյան-Ալիև զույգը նոր գործելաոճ է որդեգրել և նշված բանաձևով շարունակում սպասարկել թուրք-ադրբեջանական շահը մեր տարածաշրջանում։

Երկրորդ կարևոր իրադարձությունը, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին և մեծ նշանակություն ունի Արցախի խնդրի կարգավորման տեսանկյունից, Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Խորհրդարանական ընտրություններում այնտեղ ամեն ինչ պարզ է՝ Էրդողանի ղեկավարած ալիանսը վստահ հաղթանակ է տարել և տիրացել թուրքական 600 անդամ ունեցող խորհրդարանի 322 տեղերին։ Իսկ ահա նախագահական ընտրությունները հաղթողը դեռևս չի բացահայտվել։ Մայիսի 28-ին Թուրքիայում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքով էլ պարզ կդառնա, թե ով է ղեկավարելու երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում։

Թուրքիայի նախընտրական արշավին ողջ աշխարհն է հետևում։ Շատերը վստահ են, որ կապված այնտեղ անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքներից, կարող է փոխվել Թուրքիայի քաղաքականությունը հարակից տարածաշրջաններում, հատկապես Հարավային Կովկասում, Սիրիայում, Ուկրաինայում և Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերություններում։ Արտաքին քաղաքական թեմաներով քննարկումներնը նախընտրական այս փուլում ակտիվ են նաև Թուրքիայի ներսում։ Գլխավոր հարցը՝ ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունն է։ Եվ սա հենց այն թեման է, որտեղ Էրդողանը կարողանում է մեծ դիվիդենտներ ստանալ։ Այս հարցում նրան զգալի աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանն ու անձամբ Վլադիմիր Պուտինը։

Ընդհանրապես պետք է նշել, որ հատկապես վերջին ամիսներին ռուսական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Էրդողանը կարողանա վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Մոսկվան համագործակցում է Էրդողանի իշխանության հետ բոլոր ոլորտներոմ՝ ռազմականից մինչ միջուկային, տնտեսականից մինչ աշխարհաքաղաքականություն։ Ընդ որում, հաճախ այդ համագործակցությունն իրականացվում է ի վնաս Ռուսաստանի ռեգիոնալ շահերի։ Պատճառը մեկն է՝ Ռուսաստանում որոշել են, որ իրենց հիմնական գերակայությունը ներկայում Ուկրաինան է և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ուղղությամբ լրացուցիչ խնդիրներ չառաջանան։ Այդ խնդրի լուծման համար նրանք ոչինչ չեն խնայում։ Եվ քանի որ Թուրքիան Ուկրաինայում Ռուսաստանին վնասելու պոտենցիալ ունի, Մոսկվայում որոշել են բարիդրացիական հարաբերություններ պահպանել Էրդողանի հետ և մի շարք ծառայություններ մատուցել նրան։

Դատելով ռուս քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հայտարարություններից՝ Կրեմլում կարծում են, որ Ուկրաինայում խնդիրները լուծելուց հետո իրենք կարող են կարճ ժամանակում իրավիճակ շտկել նաև հարակից տարածաշրջաններում։ Սակայն, ինչպես նշում են

Շատ փորձագետներ, ռուսական կողմը հետզհետե մոտենում է անդառնալիության կետին, որը հատելուց հետո նա կարող է լուրջ կորուստներ ունենալ իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջաններում։

Եթե Թուրքիայում կրկին նախագահ ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ այդ հարցը վերջինս կարծես արդեն լուծել է, ապա ռուսական կողմը կարող է պահանջել, որպեսզի նա վերադարձնի Հարավային Կովկասում և այլուր ռուսական կողմից իրեն տրված «նախընտրական պարտքը»։ Սակայն, ըստ ամենայնի, այդ խոսակցությանը Պուտինն ու Էրդողանը կվերադառնան ոչ թե Թուրքիայի նախագահական ընտրությունների, այլ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ավարտից հետ։ Իսկ դա նշանակում է, որ Էրդողանը դեռ ռուսներին նոր բաներ առաջարկելու կամ նրանց խաղաքարտերը խառնելու որոշո ժամանակ ունի։ Համենայն դեպս, միամտություն է ենթադրել, որ թուրք առաջնորդը կարող է ազնվորեն վարձահատույց լինել Ռուսաստանին՝ իրեն մատուցված ծառայությունների համար։

Ի դեպ, ուկրաինական ճգնաժամը թվով, բայց ոչ երբեք կարևորությամբ երրորդ գործընթացն է, որն ազդում է Արցախի ճակատագրի վրա։ Պատճառը քիչ առաջ արդեն նկարագրեցի. Ռուսաստանում կարծում են, որ հետխորհրդային տարածաշրջանում իրենց ազդեցությունը վերականգնելու կամ մեծացնելու համար նախ և առաջ պարտավոր են հաղթանակ ունենալ Ուկրաինայում։

Վերոնշյալ բոլոր գործընթացները հետզհետե մոտենում են ավարտին։ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն արդեն մայիսի 28-ին իսկ Ուկրաինայում ընթացող պատերազմը հետզհետե սառեցվելու բազում նշաններ է ցույց տալիս։ Դե իսկ տարբեր երկրների միջնորդությամբ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների տևողություննը սահմանափակված է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների՝ միմյանց հետ պայմանավորվելու՝ ուշ թե շուտ վրա հասնող ժամկետներով։ Հետևաբար թուրք-ադրբեջանական աշինքը շտապում է հասցնել մինչ նոր աշխարհակարգի հաստատումն առավելագույնս կորզել Հայաստանից ու Արցախից։

Աշխարհաքաղաքական և անվտանգային այս մրցավազքում հայկական երկու պետությունները, ցավոք, անելիքի մեծ ընտրություն չունեն։ Մեր գործը մեկն է՝ դիմանալ ու դիմադրել, ամեն ինչ անել, որպեսզի մինչ քաղաքական «մեծ առևտրի» մեկնարկը հնարավորինս շատ բան պահենք մեր վերահսկողության ներքո։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, բավարարելով Ալիևի բոլոր պահանջները, ճիշտ հակառակն են անում՝ վերացնելով Հայաստանի և Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքները։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

—————————————

Հղումներ

1. ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություն, 04.05.2023, https://www.mfa.am/hy/press-releases/2023/05/04/pressrelease/11994։

2. Press remarks by President Charles Michel following the trilateral meeting with President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia, 14.05.2023, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2023/05/14/press-remarks-by-president-charles-michel-following-the-trilateral-meeting-with-president-aliyev-of-azerbaijan-and-prime-minister-pashinyan-of-armenia/։

3. Նույն տեղում։

4. Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի, Եվրոպական խորրհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը, 14.05.2023, https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/05/14/Nikol-Pashinyan/։

5. «Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է». Փաշինյան, 20.04.2023, https://www.azatutyun.am/a/32371956.html։

Կապված նյութեր