I am back to the USSR

Դուք նկատե՞լ եք, թե վերջին օրերին ինչպես են էապես կրճատվել ժողովրդավարության սահմանները։ Եվ, բնավ էլ, ոչ իշխանության կողմից։

Այն նույն ժողովրդավարության, որը, միանշանակ, Հայաստանում կայացել է և իր քաղաքացիներին թույլ է տվել և´ իշխանություններին մեսիջ ուղարկել, և´ ցանկալին ստանալ։

Օմբուդսմենը երեք անգամ հանդես է եկել կոչով՝ ցույցներին երեխաների ներգրավվածության անթույլատրելիության, սոցկայքերում անթույլատրելի աստիճանի հասնող ագրեսիայի, վիրավորանքների և այլնի հետ կապված։ Արձագանքը զրոյական էր։ Կարծում եմ՝ կարիք չկա խոսել լիբերալ միջավայրում օմբուդսմենի հատուկ կարգավիճակի մասին։ Թե՞ ընդունված է նրան գանգատվել, երբ խոսքը բնակչության որոշակի խմբի իրավունքների մասին է։

Հանուն արդարության պայքարողների շրջանում իսկական խանդավառություն առաջացրին կոչերը՝ ճնշում գործադրել քվեարկող պատգամավորների վրա, ինչպես նաև՝ ի՜նչպիսի ուրախություն այն լուրը, որ օվկիանոսի մյուս ափին սփյուռքը սկսում է ստորագրություններ հավաքել ԱՄՆ Պետական դեպարտամենտին ուղղված դիմումի տակ, որով խնդրում էին վիզա չտրամադրել իրենց հերոսի օգտին չքվեարկած պատգամավորներին։ Այսինքն՝ նրանց ընկալմամբ ժողովրդավարությունն այն է, երբ բոլորը միաձայն քվեարկում են միակ թեկնածուի օգտին (I am back to the USSR!)։ Եթե ինչ-որ մեկը համարձակվի չհնազարնդվել, կպատժեն, և իհարկե, անդրօվկիանոսյան։

Իսկ ինչ հավես է՝ կրծքով փակել միայն այն սուպերմարկետների դռները, ում սեփականատերերը չեն աջակցել առաջնորդին։ Այո, եթե տեղացի մոնոպոլիստները փոխարինվեն ինչ-որ British Petroleum-ով, ապա բոլորը երջանիկ կլինեն։ Հասկանալի է, վտանգավոր են միայն այն օլիգարխները, ովքեր այսօր իրենց կողմից չեն։

Եվ արդեն չեմ խոսում խիզախ պայքարողների մասին, ովքեր միշտ պատրաստ են շրջափակել կին պատգամավորների տները, բայց երբեք չեն համարձակվում մոտենալ այն նույն օլիգարխների պալատներին…

Ամեն դեպքում, ես ոչ իշխանությունների, ոչ օլիգարխերի, ոչ էլ կին պատգամավորների ջատագովը չեմ։ Ես երբեք չեմ առնչվել նրանց հետ, և չեմ էլ առնչվի։

Ուղղակի հետևում եմ, թե ինչպես են հատկապես հանուն ժողովրդավարության պայքարողները, միայն իրենց հասանելի և հասկանալի ձևով, ոտնահարում ժողովրդավարական նորմերը։ Նրանք պարտադիր ցավ և ամոթ կզգան։ Նրանք գլուխները կկորցնեն և կընկճվեն։ Բայց ոչ այսօր։ Այդ զգացմունքները շատ անհատական են, ինտիմ, ամբոխի մեջ հնարավոր չէ զգալ։

Վիկտորիա ԱՌԱՔԵԼՈՎԱ

Պատմական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի դոցենտ

Կապված նյութեր