Արցախյան ազատամարտ. Պատմում է Սիրանուշ Առուշանյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Սիրանուշ Առուշանյանը

Երբեմն ինձ հարցնում են՝ չե՞ս փոշմանում, որ քո բաժին մարդկային, կանացի երջանկությունը կառուցելու փոխարեն, կյանքդ տվել ես պատերազմին:
Ասեմ՝ չեմ փոշմանում:

Իմ մենավոր երեկոների դատարկությունը լցվում է իմ հուշերով, որոնք ինձ հպարտություն են ներշնչում։ Ինձ ապրեցնողն այդ հպարտությունն է, որը կարող է զգալ միայն իր առաքելությունը տղամարդավարի կատարած մարդը:

Հիշում եմ, երբ մի տխուր միջադեպից հիասթափված որոշեցի դուրս գալ բանակից, թողնել պատերազմը, Սեյրան Օհանյանն ասաց. ՙՍիրանուշ տոտա, դու չպետք է հեռանաս, որովհետև քո ներկայությունը զարմանալի ազդեցություն է թողնում տղաների վրա: Դու նրանց ուժն ես, նրանց ոգին: Մի հեռացիր: Շուտով նաև ձեր գյուղն ենք ազատագրելու՚: Ասաց, ու ես մնացի: Նման խոսքեր ես էլի եմ լսել, շատերից եմ լսել:
Կարծում եմ այս խոսքերի մեջ ճշմարտության հատիկ կա։ Իմ հարաբերությունները մեր ջոկատի տղաների հետ վեր էին բոլոր տեսակի սահմանումներից։ Չգիտեմ էլ՝ ինչպես բնութագրեմ այն։

Մարտադաշտում նրանց հետ հավասար կռվում էի, բայց երբ հանկարծ որևէ մեկը վիրավորվում էր, ես անմիջապես գթության քույր էի դառնում։ Երբ տեղակայման վայր էինք հավաքվում, ջուր էի տաքացնում, որ նրանց հոգնաբեկ ոտքերը հանգստություն գտնեն մի դույլ տաք ջրում։ Երբեմն ճաշ էի եփում կամ որևէ տնական ուտելիք։ Ամիսներ շարունակ տուն ու տեղից կտրված մարդկանց համար մի շերեփ տաք-տաք ապուրը ավելին էր, քան պարզապես ուտելիքը, լվացված ու չորացրած շորերն ավելին էին, քան պարզապես հագուստը, ուրցով կամ ձեռքի տակ եղած որևէ խոտաբույսով տեղը տեղին պատրաստված թեյն ուղակի թեյ չէր միայն, դրանք կյանքի հետ կապող թելեր էին, որոնք մահվան եզրին ապրողներիս մեջ փորձում էի պահպանել։ Մենք այնքան մահ ու ավեր էինք տեսել, որ սովորել էինք գնահատել կյանքը։ Իսկ կյանքը վաղվա օրը չէր, որը կարող էր գալ և կամ՝ չգալ։ Կյանքը այսօրն էր, մեր միջև եղած այն հարգանքն էր, որ ապրեցնում էր մեզ, այն խորունկ տագնապն էր, որ զգում էինք մեկս մյուսին կորցնելու մտքից, այն անխոս հայացքը, որով նայում էինք իրար ճակատամարտից առաջ ու հետո։

Ես շատ վաղ եմ ճաշակել կյանքի դառնությունը ու գիտեի գնահատել կյանքի բարիքները։

Իմ կյանքի պատմությունը ծերից ծեր պայքար է, պայքար՝ հանուն կյանքի: Հորս ընդհանրապես չեմ տեսել: Ծնվել եմ 1941թ, երբ աշխարհը համակել էր պատերազմ կոչված չարիքը: Հայրս Հայրենական պատերազմից այդպես էլ չեկավ: Ոչ հայրս, ոչ հորեղբայրս, ոչ քեռիս… Մայրս միայնակ 6 որբ է պահել: Ճիշտ է, սոված չենք մեծացել, բայց աչքս բացել եմ գյուղի չարքաշ աշխատանքի մեջ: Վեցս էլ աղջիկ էինք, բայց տղամարդու պես բանում էինք: Չարչարանք ու դառնություն. դա էր իմ տեսած կյանքը:

Բայց այն, ինչի միջով ես անցա 1991 թվականի ամռանը, վեր էր անցյալում եղած բոլոր փորձություններից: Այդ օրը ես հաղթահարեցի ինքս ինձ, այդ օրն իմ բոլոր վախերը մեկ առ մեկ ծառացան իմ առջև ու ես պարտավոր էի անցնել դրանց միջով։

Ռաֆիկ Մաթևոսյանը պատմել է, որ, երբ Ժորիկի ձերբակալությունից հետո մենք՝ գյուղի կանայք հավաքվեցինք ու ազատեցինք Ժորիկին, մենք պատանդ վերցրինք 40 ՕՄՕՆ-ականների ու զինվորների:

Մերոնք պատանդներին ու առգրավված տեխնիկան տարել, թաքցրել էին: Թաքստոցը Հաթերքի թիկունքին բազմած սարն էր, որի ստորոտը սևացել էր ՕՄՕՆ-ականների առատությունից: Հաթերքը շրջափակված էր: Եկել էին գտնելու պատանդներին։ Ծանր էր գյուղի դրությունը։ Անձնագրային ռեժիմ, ստուգումներ, բանտարկումներ։ Մի անգամ քիչ էր մնացել, որ հայտնվեի գյուղի շրջագծից դուրս, որովհետև 500-600մ բարձրացել էի սարն ի վեր՝ մերոնցից մի տեղեկություն իմանալու հույսով: Չնայած գյուղից հեռանալը հղի էր վտագներով, բայց փոխարենը կարողացա մի շատ կարևոր տեղեկություն իմանալ: Ես գաղտագողի լսեցի, թե ինչպես երկու ՕՄՕՆ-ական խոսում էին այն մասին, որ շտապելով, մոռացել են հետները հաց վերցնել: Անմիջապես մտքովս անցավ օգտագործել այս հանգամանքը մերոնցից մի տեղեկություն իմանալու համար, դա նրանց թույլ տեղն էր: Միտքս պատմեցի Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին ու մեր գյուղի ջոկատի հրամանատար Սուրեն Հարությունյանին։ Մոռացա ասել, որ միայն ռուսները չէին իրար խառնվել։ Շատ հայտնի հրամանատարներ եկել էին մեզ օգնության։ Սարում պատանդների հսկողության գործը հենց ինքը Կոմանդոսն էր անում, իսկ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը գյուղ էին եկել։ Նրանք, իհարկե, ուզում էին տեղեկություն իմանալ մերոնցից, բայց չգիտեին ինչպես: Գիշերվա ժամը մեկն էր, երբ Վազգեն Սարգսյանը զանգեց ինձ ու ասաց, որ փորձեմ մի տեղեկություն բերել մեր տղաներից: Չնայած ինձ համար էլ էին վախենում, բայց այդ գործը միայն ինձ կարող էին վստահել։ Առաջարկեցի սկզբից հետախուզության գնալ, պարզել, արդյոք, հնարավո՞ր է ճեղքել գյուղի շրջափակումն ու սարը բարձրանալ: Եղբորս որդու հետ դուրս եկա հատախուզության: Ամեն 5 մ մեկ զինվոր էր կանգնած: Խարույկներ էին վառվում: Չէի կարող աննկատ անցնել նրանց միջով: Եկա, նորից խոսեցի Վազգենի հետ: Ասացի տեղեկություն իմանալու միակ տարբերակը խաբեությամբ դեպի սարը բարձրանալն է: Ուրիշ տարբերակ չկար, նա ստիպված էր վստահել իմ հնարամտությանը։ Ես գնացի ՕՄՕՆ-ականների մոտ՝ սարի ֆերմայի աշխատողների համար ուտելիք տանելու թույլտվություն ստանալու համար: Ներկայացա որպես ֆերմայի մատակարար: ՕՄՕՆ-ականների համար էլ ահագին ուտելիք տարա՝ մի դույլ լիքը եփած ձու, մի դույլ մածուն, պանիր, կանաչի, լոլիկ ու վարունգ։ Ասացի՝ գիտեմ, որ հաց չունեք, վերցրեք՝ կերեք։ Ռուս սպան զարմացավ՝ ինչ գիտես՝ սոված ենք։ Ասացի՝ ես գուշակ եմ, գիտեմ։ Բոլորդ էլ սոված եք։ Վերցրեք, կերեք։

Այդպես վերցրի թույլտվությունը։ Ուտելիքով բեռնեցինք ֆերմայի էշն ու ես ճանապարհ ընկա։ Երբ գյուղից դուրս եկա ու հասա լեռան փեշին խմբված ՕՄՕՆ-ականներին, նրանք կրկին ստուգեցին փաստաթղթերս, ես նրանց նորից ուտելիք տվեցի ու առաջ անցա։

Քայլում էի մտքերով տարված, սրտումս հազար ու մի հույզ, չնկատելով նույնիսկ բնությունը, որտեղով անցնում էի։ Բայց հանկարծ ցնցվեցի դիմացս հայտնված զինվորականներից։ Ուրվականի պես նրանք դուրս եկան մթնող անտառի ծառուճյուղերի արանքից։ Ես վախկոտ չէի, ուղակի նրանք էին հանկարծակի հայտնվել։ Ստուգեցին փաստաթղթերս, ուտելիք ստացան ինձնից ու ես նորից առաջ շարժվեցի։ Հարյուր մետր էլ չանցած նորից մի պահակախումբ հայտնվեց։ Սրանք նույնպես հանկարծակի հայտնվեցին՝ սարսափահար անելով ինձ։ Գյուղում մենք չգիտեինք, որ սարի վրա նույնպես դիրքեր ու զինվորականներ կան։ Բայց նրանք այնքան շատ էին, դիրքերն այնքան մոտիկ-մոտիկ, որ ես դարձել էի նյարդերի քայլող գունդուկծիկ։ 18 դիրք՝ 10 կմ վրա։ 18 անգամ ես սառը քրտինքով եմ պատվել, 18 անգամ տանգապահար թռչունի պես դողացել եմ ու մեծ ճիգով թաքցրել վախս։ Ամեն կանգառում բեռս թեթևանում էր։ Ահագին հաց և ուտելիք էի վերցրել, մեր տղաներին հասցնելու հույսով։ Բայց արդեն ինքս տեղ հասնելու հույսն էլ չունեի։

Բանն այն է, որ ես չէի մտածել մի կարևոր խնդրի մասին։ Ես Հաթերքից հեռացել էի դեռ մանուկ հասակում, վերադարձել արդեն սումգայիթյան ջարդերից հետո, իսկ ֆերմայում երբեք չէի եղել։ ճանապարհը չէի ճանաչում: Էշն էլ ֆերմայի էշն էր, ինձ համարյա չէր ճանաչում։ Ասենք թե՝ գնում էր իր ծանոթ, ամենօրյա ճանապարհով, բայց ռուս զինվորականներն ամեն 100 մ մեկ ինձ կանգնեցնում էին, խուզարկում էին ինձ, և դա կարող էր խրթնեցնել էշին։ Այդ ժամանակ ես կմատնվեի, որովհետև ոչ էշը ինձ կլսեր, ոչ էլ ես կգտնեի ֆերմայի ճամփան, բայց չէ՞ որ ես ներկայացել էի որպես ֆերմայի մատակարար։

Այս մտքերի մեջ ինձ թվում էր, թե ոտքերիս տակ ճանապարհը կարճանալու փոխարեն՝ երկարում է։ Անասունի սմբակների թխկթխկոցն արձագանք էր տալիս սրտիս մեջ ու մարում անհատակ երկնքում։ Ինձ թվում էր՝ բոլորը տեսնում են սրտիս թրթռոցը ու լսում նրա բաբախյունը։

Այդքանը քիչ էր, հիմա էլ գետը անսպասելիորեն հայտնվեց ճանապարհիս։ Մնացի շվարած։ Ի՞նչ անել։ Որոշեցի էշը բաց թողնել՝ հույսս դնել նրա բնազդին, որն անասունին տանում էր իրեն ծանոթ արահետով։ Մտածեցի որ կմիջամտնեմ միայն այն դեպքում, երբ վարար գետը նրան քշելու-տանելու լիներ։ Այս անգամ էլ խեղճ ու բարի անասունը փրկեց ինձ։ Նա գնաց դեպի դեռևս կանգուն փայտե կամուրջը։ Գետից այն կողմ իմ առջև փռվեց ՕՄՕՆ-ականների մեքենանաներից ու զինվորականներից սևացած մի տափաստան։ Աղմուկ էր՝ մարդկանց ու մեքենաների սարսռազդու աղմուկ։ Հաստատ էշը կկատաղի,-անցավ մտքովս, երբ զինվորականները շրջապատեցին ինձ։ Այստեղ էլ ինձ մի լավ տնտղեցին, ստուգեցին էշաբեռը, որտեղ գրեթե ոչինչ չէր մնացել։ Ասում եմ, ի՞նչ եք ուզում, այսքան տեղ, այսքան անգամ ստուգել են ինձ։ Ես կնիկ տեղովս ի՞նչ պիտի տանեի, որ արգելված լիներ։

– Կնիկ տեղներովդ չե՞ք 40 զինվորն ու էնքան տեխնիկան վերցրել-տարել։ Կարող է զենք ես տանում, դրա համար էլ ստուգում ենք,- ռուս զինվորականը կոպիտ էր։

-Զինվորն ու տեխնիկան ուրիշ էր։ Էդպես էր պետք, էդպես ենք արել: Հիմա ես եմ ու իմ էշը։ Զենքն ինձ որտեղի՞ց:

-Ձեզնից ամեն ինչ էլ դուրս կգա, կարող է «Գռանատ» ես տանում:

– Մեր գյուղում «Գռանատ» չի աճում։ Պապս երեք անգամ տնկել է։ Չի կպնում։ Մեր հողը «Գռանատի» համար հարմար չէ։

-Ի՞նչ ես է ասում։ «Գռանատը» ծառի վրա չի աճում։ Այն կլոր, մի բռունցաքաչափ զենք է։

-Այո, կլոր է, այո, բռունցքի չափ է, մեջն էլ լիքը մանր-մանր հատիկներ։ Գիտեմ։ Բայց դա ի՞նչ զենք։ Դա շատ համեղ միրգ է։ Մեր գյուղում էլ չի աճում։ Բայց եթե ուզում եք, կարող եմ կողքի գյուղերից գտնել, բերել ձեզ համար։

-Դե լավ, որ իմացածդ դա է, գնա,- օձիքս ազատեց զինվորականը։ Ես էլ մտքումս մի լավ նախշեցի նրան․Հողեմ գլուխդ։ Ե՞ս չգիտեմ «Գռանատը» ինչ է։

Ի վերջո հասանք ֆերմա։ Մեզ դիմավորեց իմ ազգականներից մեկի որդին՝ Աշոտը։ Մոտս գրեթե ուտելիք չէր մնացել ու երբ տեսա նրանց դեղնականաչ բորբոսնած չորահացը, սիրտս կտոր-կտոր եղավ։ Բայց կարևորը լուր տանելն էր, ամառային անտառում մարդ ուտելու բան միշտ կգտնի։ Ես պատմեցի այցիս նպատակը, նա եկավ ինձ ուղեկցելու։ Մոտ երեք կմ էլ ֆերամյից հեռացանք, մինչև հասանք մերոնց մոտ։ Աշոտի հետ արդեն հանգիստ էի գնում, չէի վախենում։ Միայն այդ ժամանակ սկսեցի ուշադրություն դարձնել բնությանը, որտեղով անցնում էինք։ Այնքան գեղեցիկ էր, այնքան կենդանի, որ ուզում էիր ձուլվել, միանալ բնության շշուկներին, գիշերվա անդորրին ու ամպերի ծվեններից ազատված պարզկա երկնքին։ Մենք գործեցինք արհեստավարժ հետախույզի պես. այդ երեք կիլոմետրանոց ճանապարհին ես երեք անգամ շորերս փոխեցի, որ հանկարծ չճանաչվեմ, եթե նորից զինվորականի հանդիպելու լինեինք։ Բայց մենք բարեհաջող տեղ հասանք։ Հանդիպեցի Մանվել Գրիգորյանի հետ, իմացա անհրաժեշտ տեղեկություններն ու հետ բռնեցի տունդարձի ճամփան։ Ֆերմայից դեպի գյուղը ինձ ուրիշ արահետներով տարան ու ես ոչ մի զինվորականի այլևս չհանդիպեցի։ Առավոտյան ժամը 4-ին գյուղ հասա ու անմիջապես զանգեցի մեր հրամանատարին՝ Սուրիկ Հարությունյանին։ Ինքն ու Վազգեն Սարգսյանը սպասում էին ինձ։ Եվ ահա, հեռու հեռվում՝ շտաբի վերածված տներից մեկում, հեռախոսի կանչին ի պատասխան հնչեց հրամանատարիս դողացող ձայնը. ՙՋանե, ջանե, Սիրանուշ աքա, խե ուշանում ըս, մատաղ…՚

Մինչև հիմա էլ առանց հուզմունքի չեմ կարող հիշել այս ամենը: Չնայած դրանից հետո էլ գլխովս հազար ու մի բան է անցել, բայց այդ օրը, այդ դեպքը իմ հուշերի գանձարանում առանձին տեղ ունի:

Երբ պատերազմն անցնում է մարդու ճակատագրով, այն անպայման իր հետքն է թողնում: Իմ կյանքում էլ այն տարբեր կերպ է արտահայտվել: Ամենացավոտ կողմը, որն ամեն օր ու ժամ հիշեցնում է իր մասին, մարմնիս 15 բեկորներն են, որ ստացել եմ 93 թվականին Սարսանգի մատույցներում: Այս ցավից ազատվել չի լինում։ Այնպես որ, պատերազմն ինձ համար դեռ չի ավարտվել, այն ինձ հետ է, քանի դեռ բեկորներից ցավում է մարմինս, քանի դեռ կորցրած ընկերներիս ցավն ու կարոտը մաշում է հոգիս։ Հիմա ապրում եմ Մարտակերտում, շրջապատված սիրով, հարգանքով ու վաստակած հպարտությամբ։ Ես հարուստ եմ իմ հիշողություններով, իմ անցած ճանապարհով, որ խորդուբորդ էր, ինչպես ժողովրդիս ճակատագիրը։

Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Կապված նյութեր