Խոջալու. սեզոնային առասպելաբանությունն ու իրական փաստագրությունը

Ինչպես աշխատանքս է պահանջում, ամեն տարի ուշադրությամբ հետևում եմ «Խոջալու» կոմերցիոն բրենդի բաղադրիչ հանդիսացող տեղեկատվությանը և կարող եմ արձանագրել, որ ամեն տարի ողբերգության ադրբեջանական «փաստագրությունը» տարատեսակ ձևափոխությունների է ենթարկվում` կրելով երբեմն կոսմետիկ, երբեմն էլ հիմնավոր բնույթ` կախված օրացուցային տարվա ընթացքում դրա շուրջ հյուսվող ադրբեջանական կեղծարարությունների բացահայտումից:

Այս տարի այդ «փաստագրության մեջ» անդրկովկասյան թուրքերը նոր կլկլոցներ են ներառել: Մեջբերում.

«Խոջալուի գրոհի ժամանակ քաղաքի արևելյան կողմը հայերը դիտավորյալ բաց են թողել. դա ելք էր դեպի Աղդամ: Կիսամերկ, անլույս խավարում վախից խելակորույս խոջալվեցիներն, փոթորկալից կրակի մեջ ընկնելով, ինտուիցիայով փախչել են խաբուսիկ հանգիստ թվացող արևելյան ուղղությամբ:

Խոջալվեցիները -12 աստիճան փետրվարյան սառնամանիքի պայմաններում կտրել-անցել են Կարկառ գետի ծանծաղուտի միջով, որտեղ հանդիպակաց ափին, ըստ խոջալվեցիների վկայությունների, գտնվում էր հայկական հետախուզական խումբը, որը ռացիայով զեկուցել էր օպերատիվ իրավիճակի և քաղաքից փախչող բնակիչների տեղաշարժի մասին:

Խոջալվեցիների համար նախատեսված, այսպես կոչված, «հումանիտար միջանցքում» հայերը նվազագույնը երեք ծուղակ էին նախապատրաստել: Կարկառ գետի հանդիպակաց ափին խոջալվեցիների առաջին խումբը գնդակահարվել և գերի է վերցվել: Իսկ այդ ծուղակից ողջ դուրս պրծածները վազել են Նախիջևանիկի ուղղությամբ, որի մասին գրոհից մի քանի ժամ առաջ նույն հայերը լուրեր էին տարածել, որ գյուղն ադրբեջանական ԶՈՒ կողմից ազատագրվել է:

Հետո հայկական Քյաթուկ գյուղի մոտ, որը գտնվում է Աղդամ տանող ճանապարհին, խոջալվեցիները կրկին ընկան հայերի սարքած դարանը, որտեղ մեծ կորուստներ տվեցին և շատերը գերի ընկան: Այդ ծուղակից ողջ պրծածները վազեցին Նախիջևանիկի ուղղությամբ, որի մասին գրոհից մի քանի ժամ առաջ նույն հայերը ռացիայով հաղորդեցին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ազատագրել է գյուղը: Դրա համար էլ խոջալվեցիներն ընտրեցին այդ ուղղությունը` մտածելով, որ Նախիջևանիկում, վերջապես, կփրկվեն: Երբ խոջալվեցիների փրկված խմբերը հասան Ասկերանի մայրուղի, լույսը բացվեց, և անտառաշերտը, որտեղ նրանք թաքնվել էին, պրծավ: Եվ արևի դուրս գալուն պես խոջալվեցիները հայտնվեցին հարթավայրում` կարծես ափի մեջ:

Այստեղ` Նախիջևանիկի մատույցների մոտ, նրանց սպասում էր հայերի պատրաստած հերթական ծուղակը, որտեղ տեղի ունեցավ հերթական սպանդն ու զոհվեց քաղաքի` գրոհից հետո ողջ մնացած բնակչությունը: Հայերը գնդակահարեցին հարթավայրում հայտնված ու հեշտությամբ թիրախում հայտնված կանանց, երեխաներին ու ծերերին: Ծուղակ կար նաև Գյուլաբլը և Շելլի գյուղերի մատույցներում, որտեղ նույնպես ն բազմաթիվ խոջալվեցիներ զոհվեցին»: Մեջբերման ավարտ:

Եվ այսպես, արձանագրենք. այս վերջին տարիներին, վերջապես, առաջին անգամ ադրբեջանական քարոզչամեքենան խոստովանում է,որ հայերն, իրոք, միջանցք էին տրամադրել խոջալվեցիներին` իհարկե, «դիտավորյալ» վերապահումով: Բայց ուրախանալ այդ խոստովանությամբ, ցավոք, վաղ է: Եվ անգամ ոչ թե նրա համար, որ «ինտուիցիայով փախչող, կիսամերկ, անլույս խավարում վախից խելակորույս խոջալվեցիներն, ամեն տեղից փոթորկալից կրակի մեջ ընկնելով, 12 աստիճան ցրտի պայմաններում», սառցե ծանծաղուտում թրջված լինելով հանդերձ` նկատել ու, ամենակարևորը, լսել են «հայկական հետախուզական խմբին, որը ռացիայով զեկուցում էր օպերատիվ իրավիճակի և քաղաքից փախչող բնակիչների տեղաշարժի մասին»:

Եվ ոչ թե նրա համար, որ մի քանի օր անդադար բարձրախոսներով, հեռուստատեսությամբ, ռադիոյով և տեղեկատվության այլ միջոցներով սպասվող գրոհի մասին զգուշացումները չլսած խոջալվեցիներն, ամեն դեպքում, հիանալի լսել են ռացիայով հաղորդված լուրերն այն մասին, որ Նախիջևանիկ գյուղն, իբր, վերահսկվում է ադրբեջանական ԶՈՒ կողմից:

Վաղ է ուրախանալ, քանի որ «հայերի սարքած ծուղակների» թիվն այս տարի ադրբեջանական կեղծարարները հասցրել են ռեկորդային թվի` հինգի. 1. Կարկառի հանդիպակաց ափը, 2. Քյաթուկ գյուղը, 3. Նախիջևանիկ գյուղը, 4. Գյուլաբլը գյուղը, 5. Շելլի (ներկայիս Ուխտասար) գյուղը:

Հիմնավոր հարց է առաջանում. եթե հայերը ցանկանային անզեն կանանց, երեխաների ու ծերերի հետ հաշվեհարդար տեսնել թուրքական ոճով, դա հենց Խոջալուում չէի՞ն անի, որտեղ, համաձայն Ադրբեջանի ազգային հերոս, ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի տեղեկությունների, ոչ մի դիակ չի եղել: Ինչո՞ւ պետք է դժվարությամբ հինգ հատ ծուղակ սարքեին, որոնցից երկուսն, իբր, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում էին գտնվում: Այո, այո, բանն այն է, որ Գյուլաբլը գյուղը հայկական ուժերն ազատագրել են միայն Խոջալուի ազատագրումից հինգ ամիս անց` 1992թ. սեպտեմբերի 4-ին (դիտմամբ ներկայացնում եմ Վիկիպեդիայի ադրբեջանական տարբերակից վերցված տեղեկությունը), իսկ Շելլին` 1993թ. հուլիսի 4-ին:

Այն մասին, որ ծուղակների առկայությունն ադրբեջանական քարոզչության հերթական սուտն է, վկայում է նույն ինքը Չինգիզ Մուստաֆաևը, ով երկու անգամ եղել է Շելլիի մատույցների մոտ գտնվող այն վայրում, որտեղ տեղի է ունեցել խոջալվեցիների գնդակահարությունը, և պատմել այնտեղ ազատորեն զբոսնող ադրբեջանցի զինծառայողների մասին, որոնք, նրան տեսնելուն պես, փախչել են` այնտեղ թողելով խոջալվեցիների գլխամաշկած դիերը (տես` http://voskanapat.info/?p=29717&l=ru): Հենց այդ ժամանակ է նա ճչացել. «Ո՞վ է սա արել: Ես երեկ չէ առաջին օրը նկարահանել էի, այն ժամանակ նման բան չի եղել»:

Ընդհանրապես, չարժե մոռանալ, որ Մուստաֆաևի երկու նկարահանումների ամբողջական տարբերակներն այդպես էլ մինչև օրս չի դրվել համացանցում: Ամեն ինչ պարզ է. Ադրբեջանը թաքցնելու բան ունի:

Ամփոփելով վերևում ասվածը` կարելի է արձանագրել, որ ողբերգությանը հետևած 26 տարիների ընթացքում Ադրբեջանում ոչ միայն այնպիսի մարդիկ չեն հայտնվել, որոնք առանց վախի Խոջալուի իրադարձությունների մասին ճշմարտությունը կբարձրաձայնեին, այլև մարդիկ, որոնց սուտը քիչ թե շատ ճշմարտանման կլիներ: Բայց ինչքան էլ փորձեն թաքցնել իրականությունը, միևնույնն է, ստի սպիտակ թելերը ամեն տեղից դուրս են գալիս:

Ու էլի Խոջալուի մասին: Հակամարտության փաստագրության լավագույն գիտակներից մեկը` «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, «Голос Армении» թերթի խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանն իր հերթին նշում է այն փաստը, որ Չինգիզ Մուստաֆաևի նկարահանած կադրերում ընդամենը մի քանի դի է երևում, բնավ ոչ 613, ինչպես վերջին տարիներին համառորեն պնդում է ադրբեջանական քարոզչությունը: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ Մուստաֆաևը զոհվածներին երկու անգամ է նկարահանել` փետրվարի 29-ին և մարտի 2-ին, և երկու անգամն էլ մարմինների մոտ ադրբեջանցի զինվորականներ էին թափառում, ուրիշ հարց էլ է առաջանում. ինչո՞ւ են դիերը (որոնք առաջին նկարահանման ժամանակ տեղափոխվել էին ուղղաթիռ, իսկ երկրորդի ժամանակ` հրաշքով կրկին հայտնվել նույն տեղում,-Պանդուխտ) նույն օրը չեն թաղվել, ինչպես դա ընդունված է մահմեդականների մոտ:

Հնարավոր է, որ դրանք ամենևին էլ ոչ թե մահմեդականներ եղած լինեին, այլ հայեր, քանի որ Խոջալուի ազատագրման գործողության ընթացքում հայկական ուժերն ազատել էին ընդհանուր առմամբ 13 հայ գերիների (վեց տղամարդու, վեց կնոջ, մեկ երեխայի), Խոջալուում մնացած մյուս 34 հայերին (քաղաքացիական անձինք) ադրբեջանցի զինվորականները տարել էին անհայտ ուղղությամբ և դրանից հետո նրանց մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել: Հնարավոր է` նման վայրագ հաշվեհարդարի և դիակապտության պատճառը հենց նրանց ազգային պատկանելությունը եղած լիներ: Ինչպես արդարացիորեն նկատել են Արցախի արտգործնախարարությունում, «ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկացել են տպավորություն ստեղծել, թե դիակների ապականման հեղինակները հայերն են, առաջին հերթին, այլանդակել են հենց հայ գերիների մարմինները, որպեսզի հնարավոր չլինի նրանց ճանաչել: Հենց այդ պատճառով էլ բազմաթիվ դիերից արտաքին հագուստը հանված էր, հենց այդ պատճառով էլ դժբախտ զոհերի մարմիններն անճանաչելիորեն այլանդակել էին»:

Այնպես որ, այդ վարկածը, որն այսօր, չգիտես ինչու, ամենևին չի քննարկվում, ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր