Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։
Եվ այսպես, պատմում է Արմեն Գևորգյանը․
«Լեգենդար վաշտ» տիտղոսը Առաջին վաշտին հենց այնպես չի տրվել։ Դա վաստակած գնահատական է, անձնվիրության ու կյանքի գնով վաստակած գնահատական։
Աֆղանստանից վերադարձել եմ 1988-ին։ Այնտեղ՝ Աֆղանսատանում, մենք կտրված էինք աշխարհի անցուդարձից։ Մեկ կամ կես տարվա հնության նամակը բոլորովին թարմ էր համարվում ու այնքան հազվադեպ երևույթ էր, որ կարգին իրադարձություն էր ծառայողներիս համար։ Օրերից մի օր ռուս սպաներից մեկն ինձ մի թերթ տվեց, որտեղ գրված էր Սումգայիթի դեպքերի մասին։ Դրանից հետո ես ու իմ ծառայակից ընկերները անհամբեր հայրենիք վերադառնալու օրվան էինք սպասում։
Արցախ եկա 1988-ի ամռանը։ Հանրահավաքներ էին ընթանում։ Ունենալով աֆղանական պատերազմի փորձը՝ ես կարողանում էի շատ շուտ կողմնորոշվել ամենատարբեր իրավիճակներում։ Գուցե դա ինտուիցիա կանվանեք կամ մեկ ուրիշ բան, բայց որ այդ զգացումը մեզ շատ անգամ է փրկել, միանշանակ է։ Ուրեմն, այն ժամանակ, երբ Ստեփանակերտը փոթորկված էր հանրահավաքներով ու ցույցերով, ես հստակ զգում էի, որ առանց պատերազմի այս խնդիրը լուծվողը չէ։ Այն ժամանակ Խորհրդային պետությունը աֆղանական պատերազմի մասնակիցների համար ակումբներ էր կառուցում, մեզ համար էլ կառուցեց։ Ակումբի տանիքի ներքո մենք միավորվեցինք, կազմելով աֆղանական ջոկատը։ Ջոկատի առաջին հրամանատարը ես էի։ Առաջին քայլը, որին ձեռնամուխ եղանք, այն էր, որ ջոկատի տղաներից երկու-երկու հոգի ուղարկեցինք Շահումյան, Մարտակերտ, Ասկերան և Հադրութի շրջաններ, որպեսզի տեղում վարժեցնեինք տեղացի բոլոր կամավորականներին։ Մարդիկ մեծ ոգևորությամբ և կարևորության գիտակցմամբ էին սովորում զենքի, զինվորական ու մարտական պատրաստության բոլոր հմուտությունները։
Աստիճանաբար մեր շարքերը համալրվում էին։ Ջոկատն ընդարձակվում էր, վաշտի ձևավորման ճանապարհին էինք։ Ի վերջո, ստեղծեցինք Առաջին վաշտը, հրամանատարի պաշտոնակատար նշանակվեց աֆղանցիներից Հենրիխ Հակոբյանը։ Ասկոլկան, որ այդ ընթացքում հերթական անգամ վիրավորվելուց հետո բուժման մեջ էր, բուժվելուց հետո ստանձնեց վաշտի հրամանատարությունը։
Մեր լեզուն, իհարկե, հարուստ լեզու է։ Անշուշտ կլինեն բառեր, որոնք կարող են լիարժեք նկարագրել Ասկոլկայի որպիսությունը։ Բայց դե, ես իմ աղքատիկ բառապաշարով դժվար թե կարողանամ անել դա։ Նա անհատականություն էր, մեծատառով Մարդ, բացառիկ Հրամանատար։ Ես անձնապես ճանաչել եմ մեր բոլոր հրամանատարներին: Լավ հրամանատարներ շատ կային, բայց նա բացառիկ էր: Իր նման երկրորդը չկար: Վաշտում իրեն այնքան հասարակ էր պահում: Ճիշտն ասած, այն ժամանակ մեր հարաբերությունները վերադասի ու ենթակայի ձևաչափում չէին: Բոլորս մեկ ընտանիք էինք, հարազատ մարդիկ: Չի եղել մի դեպք, երբ ինքը մեզնից ինչ-որ մեկին ուղարկի ինչ-որ հանձնարարության: Ինքն առաջինն էր գնում: Ասում էր ես գնում եմ, ո՞վ է ինձ հետ: Եվ դա ոչ թե փառասիրությունից դրդված կամ անվստահությունից։ Նա երբեք իր վաշտը մենակ չէր թողնում։ Ոչ մի րոպե հանգիստ չուներ ու մեզ էլ պարապ տեսնել չէր ուզում։ Նրա հետ, նրա մոտ ծառայելը պատիվ էր ու շատերն էին գալիս՝ զինվորագրվելու իր մոտ։ 16-17 տրեկան տղաներին երբեք առանց պատրաստության մարտի չէր տանում։ Այսպես կոչված ազատ ժամերին մենք պարապում էինք նորեկների հետ։ Մարզումներն հիմնականում Նորագյուղի նախկին ճամբարում էինք անցկացնում։
Քչերին է հայտնի, թե ինչ ճանապարհ է անցել Առաջին վաշտը։ Մեր տղաները համեստորեն լռում են իրենց վաստակի մասին, բայց լռությունը հաճախ է մոռացության տանում։ Գուցե զարմանաք, բայց Ասկոլկայի տեղակալը՝ մեր Գենոն, մինչև վերջերս նույնիսկ Շուշիի ազատագրման շքանշան չուներ։ 25-ամյակին մենք այդ հարցով դիմեցինք երկրի նախագահին, որից հետո արդեն պարգևատրեցին նրան։ Շատերը կարծում են, որ Շուշիի ազատագրմանը մեր վաշտը միայն բանտի ուղղությամբ է գնացել։ Այդպես չէ։ Ինչպես գիտեք, դեպի Շուշի գիշերով ենք բարձրացել։ Այն ժամանակ մեր ռացիաները երկար ալեհավաքներ ունեին։ Տղաների մի մասը Ասկոլկայի հետ բարձրացան դեպի բերդը, իսկ 18 հոգի հետ մնացին, որովհետև ալեհավաքը թփուտների մեջ խճճվել էր։ Ասկոլկայի հանձնարարությամբ ես շարքի վերջից էի գնում։ Մինչ կապավորը ալեհավաքներն էր ազատում, մենք՝ 18 հոգով հետ մնացինք։ Կապվեցի հրամանատարական կետ մեր ուղղության հրամանատար Արկադի Կարապետյանի հետ ու հրաման ստացա գրավել դիմացի բարձունքը։ Երբ հանձնարարությունը կատարված էր, մենք տեսանք որ թշնամու ՀՄՄ-ն իր կրակով կանգնեցրել էր Ռուսլան Իսրաելյանի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը։ Մեր գնդացրորդ Արմենը կրակահերթ էր բացել։ Բայց սովորական գնդակներն ինչ պիտի անեին ՀՄՄ-ին։ Ես հանկարծակի հիշեցի, որ մենք նաև զրահահար-հրկիզող (бронебойный-зажигательный) փամփուշտներ էլ ունենք։ Արմենի աչքերը վառվեցին ուրախությունից ու, քիչ անց, ՀՄՄ-ի հետնամասում տեղադրված արկերը ծխում էին։ ՀՄՄ-ն թողեց իր դիրքն ու թաքնվեց։ Պայթելը չեմ տեսել, բայց մեզ այլևս չի խանգարել։
Շուշիի ռազմագործողությունից առաջ մեզ մի-մի շոկոլադե սալիկ ու խտացրած կաթ էին տվել։ Շոկոլադը Ավտոբազայի մոտ տվել էի մի վիրավոր երիտասարդի։ Արյուն էր կորցրել, ուժ էր պետք։ Իսկ խտացրած կաթը ինձ պետք եկավ․․․
Ավտոբազայի ներքևի կողմում էինք, երբ նկատեցի երկու ուղղաթիռները, որ գալիս էին մեր գյուղերը հրթիռակոծելու։ Մենք շատվոր էինք՝ թե Ավտոբազայի մոտ, թե ճանապարհի վրա։ Մեկ-երկու արկ և տասնյակ զոհեր ու վիրավորներ կլինեին։ Անմիջապես գոռացի, որ պառկեն, թաքնվեն տղաները։ Մեր ընկերներից Արմենը, որ առավել հայտնի է Ֆիլիպոկ անունով, ինձ չլսեց, չթաքնվեց։ Ասաց՝ մեր ուղղաթիռներն են։ Միայն առաջին արկից հետո վազեց դեպի ծառերը, բայց վիրավորվել էր արդեն։ Տարան, հասցրին Երևան, բայց չկարողացան փրկել։ Ես մի ծառի տակ էի թաքնվել։ Հետաքրքիր ծառ էր՝ ուռենու պես ճյուղերը գետնին էր խոնարհել՝ կարծես հենց ինձ պատսպարելու համար։ Դա միակ ճակատամարտն էր, որին ես կասկայով եմ մասնակցել։ Ուղղաթիռի արձակած արկերի տեղերը զարմանալի դիպվածով շարվեցին կասկայի, ձեռքիս ամրացված փամփուշտների կասետների, գրպանիս խտացրած կաթի և միայն մեկը՝ ոտքիս վրա։ Զարմնալի բան էր։ Այդ ծառը հետագայում ուխտատեղի դարձավ մեզ համար։ Ինչքա՜ն օղի ենք խմել այդ ծառի տակ․․․
Ինձ Դուշման մականունը տրվեց, որովհետև աֆղանական լեզվով այն նշանակում է լավ կռվող։ Մեզ՝ աֆղանականներիս, հաճախ էին Դուշման կոչում, բայց ամենահայտնի Դուշմանները՝ Դուշման Վարդանն էր ու ես։ Այն օրը, երբ Վարդանը պայթել էր ականի վրա ու քաղաքում տարածվել էր Դուշմանի մահվան բոթը, մերոնք կարծել են, թե խոսքն իմ մասին է։ Ճիշտն ասած, այդ օրը մենք էլ մահվան եզրին էինք կանգնած։ Բայց, հերթական անգամ իրավիճակում արագ կողմնորոշվելու և, անկասկած Աստծո ողորմածության շնորհիվ մեր գլխից մազ էլ չպակասեց։ Այսօրվա պես հիշում եմ այդ օրը։ Մարտակերտը հանձնելու օրերն էին։ Մարտակերտից վերադառնում էինք գյուղերի, անտառների միջով, որովհետև ճանապարհը թշնամու վերահսկողության տակ էր։ Մարտակերտի հեռու-մոտիկ գյուղերից մարդիկ ճամփա ընկած գալիս էին՝ ոտով, տկլոր։ Անտանելի տեսարան էր։ Չէինք կարող բոլորին վերցնել մեզ հետ։ Միայն ծերերին ու փոքր երեխատեր կանանց։ Մի կին գրկել էր երկու ամսական որդուն և աղեկտուր ձայնով ջուր էր խնդրում։ Ցամաքած կրծքին փոքրիկը սովից կապտել էր արդեն։ Մարդկանցով լիքը Կամազում մի բաժակ ջուր չգտնվեց։ Առաջ շարժվելով մի Մոսկվիչ տեսանք։ Բարեբախտաբար, նրանք ջուր ունեին։ Կինը շաքարաջուր սարքեց, փոքրիկը խմեց, ուշքի եկավ: Իսկ երբ հասանք Նորագյուղի մեր հավաքատեղին վաշտի ավագ Ռոմանը ինձ տեսնելով աչքերին չէր հավատում։
– Դուշման, դո՞ւ ես։ Արմեն դո՞ւ ես,- ասում էր ու գրկում։ Գրկում էր ու լացում։ Բա քաղաքում․․․ Ձերոնք էլ․․․ Հոսպիտալ են գնացել․․․ Ձերոնք սպասում են մարմինդ բերեն․․․
Տուն վերադարձա։ Համարեք՝ երկրորդ ծնունդս էր։
Հիմա, երբ մտածում եմ մեր ապրած-չապրածի մասին, ոչնչի մասին չեմ ափսոսում։ Չնայած երկու անգամ վիրավորվել եմ /հետագայում նաև ականի վրա/, չնայած վիրավոր ոտքերիս ցավը վայրկայան անգամ թույլ չի տալիս մոռանալ պատերազմի մասին, բայց գիտենք, թե ինչի համար ենք կռվել, ինչի համար արյուն թափել։ Միայն մեր լավագույն տղաներին եմ ափսոսում։ Նրանց տեղը հավերժ դատարկ կմնա։ Ասկոլկան, գոնե հասցրեց որդիներ թողնել։ Շատերը, նույն Վարդանը, իրենցից միայն մի անուն ու պատիվ թողեցին։
Այժմ մենք՝ Աֆղանական պատերազմի վետերաններս, որոշել ենք հանուն նրանց հիշատակի մի քիչ ակտիվ ապրել։ Սկսեցինք նրանից, որ դիմեցինք երկրի նախագահին՝ Աշոտի հուշաքարն ու պուրակը կարգի բերելու հարցում մեզ աջակցելու համար։ Այժմ, աշխատանքները ավարտին են մոտենում։Նաև դպրոցներ ենք գնում, տարբեր միջոցառումների ենք մասնակցում։ Լռությունը, ինչպես ասացի, հաճախ մոռացության է տանում։ Պետք է թույլ չտանք։
Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ