Voskanapat.info-ի էջերում բազմիցս եմ անդրադարձել պատերազմի հաշվանդամների և վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի շինարարությանը: Նման հաստատության ստեղծման գաղափարն, ինչպես հայտնի է, ծնվել է այստեղ` Ոսկանապատում, 2015թ. վերջին:
Այն մասին, թե ինչպես է սկսվել ամեն ինչ ու ինչպես են ընթանում շինարարական աշխատանքները, պատմել եմ անցած տարվա ամռանը` «Պետք է կառուցվի պատերազմի հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության կենտրոն» վերնագրով հոդվածում: Այդ ժամանակ մեր ընթերցողներին ու Ոսկանապատ գումարտակի մարտիկներին կոչ եմ արել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեզ հաջողվի օր առաջ ավարտին հասցնել այդ կարևոր գործը: Ի ուրախություն մեզ, շատ-շատերն արձագանքեցին իմ խնդրանքին: Ավելի շատ բան արվեց հիշյալ նախագծի ղեկավարներ Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի, ՀՀ կառավարության անդամների, երկրի ղեկավարի ու բազմաթիվ այլ բարերարների կողմից, և այսօր ուրախ եմ տեղեկացնել, որ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» կառուցված և շահագործման է հանձնված: Կենտրոնի բացումը կայացել է երեկ` հունվարի 29-ին, և դա մեր նվերն է Հայոց փառավոր Բանակի օրվան:
Հարգարժան ընկերներ, զինակիցներ, մեզ դա հաջողվեց: Եվ այսօր ես երջանիկ եմ, երջանիկ, քան երբևէ: Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս կարևոր գործին, բոլոր նրանց, ովքեր քաջալերեցին, աջակցեցին և մասնակից դարձան այդ հրաշքի արարմանը: Մենք հաղթեցինք: Եվ դա նշանակում է, որ կարող ենք հանգիստ շունչ քաշել և անցնել նոր նախագծերի իրականացմանը:
Եվ քանի որ այսօր այսքան հրաշալի օր է, ուզում եմ ևս մեկ լավ լուր հայտնել. Ոսկանապատ ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնը «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ավարտել է «Շահումյան» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Երկու մասից բաղկացած ֆիլմում պատմվում է մեր Հայրենիքի մի հրաշալի անկյան` Շահումյանի շրջանի մասին, այն մասին, թե ինչպես են մեր հայրենակիցները պաշտպանել իրենց օջախները, հետ մղել թշնամու գրոհները… Պատմվում է այն մասին, թե ինչպես ընկավ Շահումյանը և ինչպես հետո մեր ժողովրդի փառավոր զավակները թշնամու թիկունքում պարտիզանական պատերազմ կազմակերպեցին ու ստեղծեցին հայտնի «Եղնիկներ» գունդը: Ֆիլմի պրեմիերան կկայանա այս տարվա մարտին:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ