Այսպիսով` թուրքական գործողությունն ընդդեմ սիրիական Հալեպի նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդական Աֆրին գավառի, որով վերջին ժամանակներս թուրքերը սպառնում էին, ամեն դեպքում սկսվեց. «Գործողությունն սկսելու մասին մենք գրավոր ձևով հայտնել ենք սիրիական ռեժիմին, ինչպես նաև մյուս կողմերին` ներառյալ նաև ՄԱԿ-ը»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն (Սիրիայի արտգործնախարարությունն արդեն հերքել է այս պնդումները` հայտարարելով, որ դա «հերթական սուտն է, որը սովոր ենք լսել թուրքական ռեժիմից»): Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով` գործողությունը, որը ստացել է «Դափնու ճյուղ» անվանումը, կանցկացվի չորս փուլով. դրա նպատակը սիրիական տարածքում 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծելն է: «Մեկնարկած գործողության շրջանակում կոչնչաչվեն PКK/KCK/PYD-YPG և ԻՊ-ի գրոհայինները, իսկ Աֆրինի բարեկամ ազգաբնակչությունը կազատագրվի ահաբեկիչների ներկայությունից ու ճնշումներից»,-հայտնում են թուրքական Գլխավոր շտաբից: Գործողության ցամաքային հատվածում մասնակցում են թուրքամետ սիրիացի «ընդդիմադիրների» ջոկատներ, որոնք ավտոբուսներով մոտենում են սիրական սահմանին և այն հատում թուրքական Խաթայ գավառում:
Արդեն հաղորդագրություններ են ստացվում քաղաքային շրջանների ռմբակոծման, քաղաքացիական անձանց շրջանում սպանվածների և վիրավորների` այդ թվում և երեխաների մասին: Բայց թուրքերը դրա համար էլ պատրաստի պատասխան ունեն. «Աֆրինի հիվանդանոց հասցված բոլոր վիրավորներն ու սպանվածները PYD/PKK-ի գրոհայիններ են»:
Աֆրինում գտնվող ռուս զինծառայողները, Սիրիայում գտնվող հրամանատարության որոշմամբ, «հնարավոր սադրանքները, կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու նպատակով» դուրս են բերվել գավառի սահմաններից, իսկ Կակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի օպերատիվ խումբն Աֆրինից վերատեղաբաշխվել է Թել-Աջարի շրջան:
Մեծ հաշվով` Թուրքիան, սիրիական ռազմական հակամարտության ամենասկզբից լինելով կողմերից մեկը, ձգտում է հասնել դեռևս մի քանի տարի առաջ հնչեցրած նպատակներին: Ավելի վաղ` սիրիական կառավարության համար ամենադժվար ժամանակներում, Թուրքիան երազում էր Հալեպի և Սիրիայի Արաբական հանրապետության հյուսիսային շրջանների վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին: Հակամարտության մեջ ռուսական կողմի մտնելուց հետո նպատակները ճշտվեցին, բայց գործնականում չփոխվեցին:
Հասկանալի է, որ առանց երկու հիմնական խաղացողների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնության ոչ մի ներխուժում չէր կարող լինել, և թուրքական դիվանագիտությունը տևական ժամանակ ձգտում էր հասնել այդ համաձայնությանը: Ինչպես երևում է, ամեն ինչ ստացվեց:
Այնքան էլ վաղուց չէր, երբ ժամանակակից քուրդ գրողներից մեկը ինքնագոհ հայտարարեց. «Անգամ եթե քրդական խնդրին կամ սիրիական ճգնաժամին նվիրված ինչ-որ կոնֆերանս լինի, ապա դա ամենևին չի խանգարի հայկական կողմին մի ավելորդ անգամ բարեխոսել ցեղասպանության և այսպես կոչված Արևմտյան Հայաստանի համար: Լավ բան չէ քեզ կերակրող ձեռքը կծելը: Որպեսզի համաձայնության գանք ձեզ հետ, արդյունքը բնականաբար պետք է փոխշահավետ լինի: Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդն ի՞նչ կարող են առաջարկել քրդերին»:
Հնարավոր է` Հայաստանն ամենահարուստ ու հզոր երկիրը չէ: Այն չունի նավթ, գազ և այլ բնական հանածոներ: Բայց պարզվում է, որ քրդերն, ամեն դեպքում, հայերից սովորելու բան ունեն:
Բայց քրդերը, ինչպես երևում է, սովորելու փոխարեն որոշել են նեղացած երեխայի պես պահել իրենց: Ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG)հայտարարության մեջ մեղադրանք է հնչում Ռուսաստանի հանդեպ. «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը` Թուրքիայի հետ հավասարապես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, և ընդգծում ենք, որ տարածաշրջանի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մեջ Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիայի հանցավոր գործընկերը»: «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցությունը Մոսկվային և Վաշինգտոնին կոչ է արել հստակ դիրքորոշում արտահայտել Աֆրին թուրքական ներխուժման առնչությամբ: Քրդական մամուլն ու սոցկայքերը լեցուն են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հասցեին վիրավորանքներով: Դրանից բաժին ընկավ նաև սիրիական կառավարությանը` չնայած ներկա պահին միակը, ով դատապարտեց Աֆրին թուրքերի ներխուժումը, նա էր: «Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտում է թուրքական դաժան ագրեսիան` ընդդեմ Աֆրին քաղաքի, որը համարվում է սիրիական տարածքի անբաժանելի մասը»,-ասված է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:-Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ Թուրքիայի հերթական ահաբեկչական քայլն է: Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը` դատապարտել թուրքական ագրեսիան և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` այն անհապաղ դադարեցնելու համար»:
Բայց քրդական YPG-ի խոսնակ Նուրի Մահմուդը «բաասիստական ռեժիմին» է մեղադրում կուլիսների հետևում թուրքերի հետ համաձայնություն կնքելու և քրդական Աֆրինն Իդլիբով փոխանակելու մեջ: Միևնույն ժամանակ, ոչ մի խոսք չի ասվում այն մասին, որ սիրիական կառավարությունը Սիրիական ժողովրդավարական ուժերին թույլ է տվել իր երկրի տարածքով անցնել Աֆրին և ամրանալ գավառի հյուսիս-արևելյան մասում: Բացի այդ, համաձայն չհրապարակված տեղեկության, Սիրիայի կառավարությունը աֆրինցի քրդերին առաջարկել է սիրիական բանակին հնարավորություն տալ ապահովել գավառի անվտանգությունը, որպեսզի պաշտպանեն այն թուրքական ներխուժումից: Բայց, ինչպես և կանխատեսվում էր, առաջարկը մերժել են:
Միասնականություն և համաձայնության գալու կարողություն. ահա պետությունների և պետական միավորումների գոյության հիմնական բաղադրիչները: Դա վերաբերում է հատկապես մեր անհանգիստ տարածաշրջանին: Քրդերը չեն կարողանում անգամ իրենք իրենց մեջ համաձայնության գալ: Վերջ ի վերջո, ընտրություն կատարելով թուրքական պետականության և անկանխատեսելի քրդերի ամբիցիաների միջև, ցանկացած հմուտ խաղացող` և´ խոշոր, և´ ոչ այդքան, տրամաբանական է, որ կընտրի առաջինը: Քանի որ քաղաքականության մեջ էմոցիաները տեղ չունեն…
Իսկ ինչ վերաբերում է ռազմական գործողությունների մյուս կարևոր բեմականացմանը` Իդլիբում, ապա այստեղ «Վագրի ուժեր» բրիգադայի ստորաբաժանումները գեներալ Սուխեյլ ալ-Հասանի հրամանատարությամբ, Համա-Հալեպ ավտոճանապարհի երկարությամբ զարգացնելով գրոհը, Խերբեթ ալ-Գաջար և Ռասմ ալ-Խարմալ բնակավայրերի շրջանում միացան Պաշտպանության ազգային ուժերի ջոկատներին և այդ կերպ մոտ 1200 քառ.կմ տարածքի վրա, գավառի արևելյան հատվածում շրջափակման մեջ վերցրին սիրիական Ալ-Քաիդայի խմբավորումները:
ՊԱՆԴՈՒԽՏ