Թուրքերը համարվում են երկակի խաղի անգերազանցելի վարպետներ: Եվ այդ երկիրը ներկայումս ղեկավարող Էրդողանի ռեժիմը ամենևին էլ բացառություն չի կսզմում այդ կանոնից: Օրինակ` նույն այն անձինք, ովքեր մեկը մյուսից ուղղակի խլել են 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում ռուսական ինքաթիռը ոչնչացնելու անձնական հրամանը, որոշ ժամանակ անց հանկարծ բարեկամաբար «հիշեցին», որ այդ ամենն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «խաղերն են»: Առհասարակ, «Հիզմեթ» շարժման հիմնադիրը, ով Թուրքիայից հեռացել է դեռևս 1999թ. և հիմա, հոժարակամ արտաքսման մեջ գտնվելով, ապրում է Սեյլորսբուրգում (Փենսիլվանիա նահանգ), իշխող Արդարություն և զարգացման կուսակցության և անձամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար վաղուց է վերածվել ինչ-որ դևի, ում կարելի է ուղղակի վերագրել ցանկացած մեղք, ավելի լավ` սեփականը, ինչով հատկապես այս վերջին տարիներին, և, մասնավորապես, կոռուպցիոն սկանդալից հետո, որը 2013թ. վերջին ցնցել է այդ երկիրը, զբաղվում են էրդողանն ու իր ոհմակը:
Թուրքական իշխանություններն ինչում ասես չեն մեղադրել Գյուլենին. և´ 2000թ. ( 2008-ին Գյուլենի դեմ գործընթացը բարեհաջող փակվել է` հանցակազմի բացակայության պատճառով,-Պանդուխտ) հակակառավարական դավադրության կազմակերպման, և´ 2013թ. «Խոշոր կաշառք» հակակոռուպցիոն գործողության պլանավորման մեջ, որն, իբր, գաղտնի է պահվել բացառապես Գյուլենի կողմից` գործող իշխանությանը տապալելու նպատակով, և´ 2014թ. մասսայական անկարգությունների կազմակերպման մեջ, որտեղ աճեցին ոստիկանական հարձակումները ցուցարարների վրա, ովքեր ցույց էին անում կոնստանդնուպոլսյան այգու կառուցապատման դեմ, և´ 2016թ. պետական հեղաշրջման փորձի մեջ, և´ ահաբեկչական գործունեության մեջ: Թուրքիայում (թուրքական ճնշման տակ` նաև այլ երկրներում) փակել են նրա դպրոցները, իսկ ցանկացած ընդդիմադիր ելույթ հիմա վայրկենական կապվում է «FETÖ կազմակերպության» հետ: Թուրքական դատարանը բազմիցս է քարոզչի ձերբակալման հրաման արձակել, ինչպես, իմիջիայլոց, բազմիցս փորձել են ԱՄՆ-ից Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
Այդուհանդերձ, քարոզիչն անձամբ ժխտում է թուրքական իշխանությունների կողմից ցանկացած մեղադրանք` ընդգծելով, որ հանդիսանում է ծայրահեղականության հակառակորդ և չի զբաղվում քաղաքականությամբ: Իսկ ինչ վերաբերում է «ահաբեկչական գործողությանը», ինչում նրան մեղադրում են Էրդողանն ու իր հավատարիմ շները, ապա Գյուլենի` ահաբեկչության նկատմամբ ունեցած կապի մասին, լավագույնս պատմում են նրա աշխատանքները.
«Ահաբեկիչները առհավետ դժոխք են ընկնում, և այնտեղ պատասխանատվության կենթարկվեն անմեղ մարդկանց սպանելու համար (…): Մահմեդականը չի կարող ահաբեկիչ լինել, ոչ էլ ահաբեկիչն է կարող իսկական մահմեդական լինել»:
Գյուլենը բազմիցս նաև քննադատել է Սիրիայում և Իրաքում ԻԳԻԼ-ի ահաբեկիչների բռնություններն ու հանցագործությունները` հիշեցնելով, որ «ցանկացած ագրեսիա, ճնշում կամ փոքրամասնության կամ էլ անմեղ քաղաքացիների կեղեքում հակասում է «Ղուրան»-ի գաղափարներին ու ոգուն»: Յուր ժամանակին նա անձամբ ցավակցել է Բեսլանի ահաբեկչության զոհերի համար:
Բացի այդ, չարժե մոռանալ նաև այն փաստը, որ Էրդողանն իշխանության է եկել հիմնականում Գյուլենի շարժման աջակցության շնորհիվ:
Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կազմակեպության դեմ հաճախ անհիմն մեղադրանքներն` իշխանամետ լրատվամիջոցների շուրթերից, բացահայտ ցինիզմ է: Հենց այդպես կարելի է գնահատել հերթական առեղծվածային հոդվածը` հրապարակված Hürriyet-ում, դեկտեմբերի 18-ին, որը համընկնում է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության տարելիցին:
Նրանում` Անկարայի դատախազության հայտարարության վրա արված հղումով, ասվում է այն մասին, որ դեկտեմբերի 18-ին Անկարայում հիշյալ սպանության քննությամբ զբաղվող թուրք քննիչների հետ հանդիպման համար Ռուսաստանից օպերատիվ-հետախուզական խումբ է ժամանել: Թուրք քննիչները սկսել են դժգոհել ռուս գործընկերներին, որ, իբր, ոչ մի ինֆորմացիա, ցավոք, չի հաջողվում գտնել, քանի որ ամեն ինչ ջնջվել է մարդասպան Մեվլյուտ Մերթա Ալթընթաշի անձնական համակարգչի կոշտ սկավառակից: Ինչին ի պատասխան` ռուսները, որ ամբողջ աշխարհում հայտնի են որպես անգերազանցելի հաքերներ, խոստացել են անհապաղ օգնել` «այլընտրանքային եղանակով» վերականգնելու ֆայլերը:
Ասված է` արված է: Եվ հաշված ժամեր անց այն, ինչի վրա թուրքերը մի ամբողջ տարի էին ծախսել, վերականգնվեց:
Դուք դեռ չեք կարող կռահել, թե, համաձայն Hürriyet-ի, ինչ ինֆորմացիա են հայտնաբերել ռուս քննիչները: Այսպես. «Ֆեթուլլահ Գյուլեն» նշումով երկու ֆայլ (ֆայլերը հենց այդպես էլ կոչվում էին,-Պ.), 690 ֆայլ` «Հիզմեթ» նշումով (Գյուլենի շարժումը,-Պ.), 4 ֆայլ FETÖ հապավումով և մեկ ֆայլ` «Նուր ջեմաթթի» անվանումով (այդպես է կոչվում Գյուլենի ուսմունքը,-Պ.):
Բայց մի դժվարություն կար. ինչպես իրար հետ կապել Գյուլենի շարժումն ու Կառլովին սպանած Մեվլյուտ Ալթընթաշի` սպանության պահին հնչեցրած կարգախոսները. «Մի´ մոռացեք Հալեպը, մի´մոռացեք Սիրիան, մենք մեռնում ենք այնտեղ, դու կմեռնես այստեղ»: Առավելևս, որ թարմ հետքերով ռուս դեսպանի սպանության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ջեբխաթ ան-Նուսրի ժառանգորդը` Ձեյշ ալ-Ֆաթխի կոալիցիան, որը հենց այդ ժամանակ պայքար էր մղում սիրիական բանակի և Հալեպում նրա դաշնակիցների դեմ (այդ թվում և` ռուսական ուժերի):
Բայց Hürriyet-ի համար նշանակություն չունի: Ան-Նուսրն ու Ալ-Քաիդան հիշատակող ֆայլերի բացակայությունը, ինչպես նաև Ալթընթաշի «հալեպյան» կոչերը նա բացատրում է… դեսպանի սպանության իրական կազմակերպիչներին քողարկելու փորձերով: Իբր, քանի դեռ Ալթընթաշը (ենթադրվում է` Գյուլենի հրամանով) կրակում և միաժամանակ հիշում էր Հալեպը, շնորհազուրկ քարոզչի հետևորդները հեռավորության վրա մտել են Ալթընթաշի ֆեյսբուքի ու գուգլի էջերը և ջնջել իրենց ղեկավարին հեղինակազրկող ֆայլերը:
Hürriyet-ին տարօրինակ չի թվում նաև Անկարայի դատախազության հայտարարությունը, որի վրա հղում է անում, ինչպես նաև այն զվարճալի փաստը, որ Գյուլենի և ոչ մի հետևորդ` առավելևս ենթադրաբար հանուն նրա կյանքը զոհելու պատրաստ, երբեք իր կազմակերպությունը FETÖ չի անվանի, քանի որ հետևյալ հապավումը թուրքերեն կբացվի այսպես` Fethullahçı Terör Örgütü` Ֆաթուլլահի հետևորդների ահաբեկչական կազմակերպություն: Գյուլենականներին այդպես է կոչել ո՞վ, ճիշտ է` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…
Դեռ անհայտ է մնում Hürriyet –ի հրապարակմանը ռուսական կողմի արձագանքը: Չնայած, լիովին հնարավոր է, որ այն լիովին համապատասխանի Թուրքիայի գործող իշխանության ցանկություններին: Վերջ ի վերջո, ռուսները կարողացան ներողություն տեսնել մեկի մշուշոտ ելույթի մեջ, ում մասին ասվում էր, որ «լոլիկներով չեն պրծնի»:
ՊԱՆԴՈՒԽՏ