Պատերազմի հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության կենտրոնի շինարարությունը մոտենում է ավարտին

Voskanapat.info լրատվավերլուծական կայքն իր հրապարակումներում բազմիցս է անդրադարձել է պատերազմի հաշմանդամների և վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարությանը: Մի քանի ամսվա ընթացքում մեր ընթերցողները, «Ոսկանապատ» գումարտակի մարտիկները միջոցներ են հավաքագրել իրենց իսկ սկսած գործն ավարտին հասցնելու համար:

Այս տարվա հունիսին ես հնարավորություն եմ ունեցել հանգամանորեն պատմելու Կենտրոնի շինարարության ընթացքի մասին: Այդ ժամանակ ես ուրախությամբ հաղորդել եմ, որ մեր ոսկանապատցիներ Ֆիդելն ու նրա կինը` Նունե Մովսիսյանը, հիշյալ վերականգնողական կենտրոնի շինարարության համար նվիրաբերել են 10 հազար ԱՄՆ դոլար: Այդ ժամանակ, օգտվելով առիթից, մեր բոլոր ընթերցողներին ու ընկերներին կոչ եմ արել ակտիվ լինել և Հայոց բանակի վիրավոր մարտիկների համար հնարավորություն ստեղծել ժամանակակից և որակյալ բուժում ստանալ Երևանում: Հուրախություն ինձ, իմ կոչը լսելի եղավ և հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ միացան մեր նախաձեռնությանը: Եվ դա պատճառներից մեկն է, որը թույլ է տալիս ինձ հայտնել, որ Կենտրոնի շինարարությունը գտնվում է վերջնական փուլում:

Այսօր ուզում եմ պատմել մի կազմակերպության մասին, որի ղեկավարն ու անդամները առաջիններից մեկն են արձագանքել վերականգնողական կենտրոնի շինարարությանը մասնակցելու կոչին: Խոսքն Ուկրաինայում գործող «Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի մասին է: Տեսնելով Ոսկանապատի հրապարակումը` հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը կապ հաստատեց ինձ հետ, եկավ Երևան, ծանոթացավ Կենտրոնի շինարարության ընթացքին և հայտնեց իր ղեկավարած կազմակերպության` այդ կարևոր գործին մասնակցելու ցանկության մասին: Ընդամենը մի քանի օր անց «Հայկական նախաձեռնության» կայքում հայտնվեց Հ. Աղվանյանի ուղերձն` ուղղված ուկրաինաբնակ հայերին. «Մենք հավատում ենք, որ բազմաթիվ սրտացավ մարդկանց ջանքերով` անկախ նրանց գտնվելու վայրից, ազգությունից և հավատքից, կարող ենք կյանքի կոչել այդ նախաձեռնությունը և երիտասարդներին վերադարձնել ոչ միայն կորցրած առողջությունն, այլև հավատը մարդկային գթասրտութան և բարության հանդեպ: Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այդ անվեհեր զինվորների ճակատագրի հանդեպ, մասնակցելու այդ վեհ գործին և նորմալ կյանքի հնարավորություն տալու երեկվա տղաներին»,-այն ժամանակ հայտարարեց Հայկ Աղվանյանը և արեց ամեն հնարավորը, որպեսզի Ուկրաինայի հայկական համայնքը միանա Երևանում կառուցվող Վերականգնողական կենտրոնի շինարարությանը: Եվ դա նրան հաջողվեց. այդ կոչից մեկ ամիս անց սարքվեց ապագա Կենտրոնի բուժիչ լողավազանը:

«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանի խոսքով` նրանք մտադիր են հետագայում էլ աջակցելու վերականգնողական կենտրոնի շինարարությանն ու հետագա գործունեությանը: Եվ դա չի կարող մեզ չուրախացնել: Ի վերջո, հարցի զուտ ֆինանսական մասով «Հայկական նախաձեռնությունը» դարձավ սփյուռքում գործող կազմակերպություններից առաջինը, որը միացավ այդ նախաձեռնությանը: Հուսանք` նրանց օրինակը վարակիչ կլինի այլ երկրներում գործող հայկական կազմակերպությունների համար ևս:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր