Ադրբեջան. Կլանային ինքնակալությունը` ժողովրդավարության «քողի» տակ

Բաքու. ինչպես հայտնի է, Ադրբեջանը ձևացնում է, թե իշխանության դասական ժողովրդավարական ինստիտուտներով մուսուլմանական երկիր է: Բայց իրավիճակը, որը ստեղծվել է «Կրակի երկրում» (Ադրբեջանի հանրապետության ոչ պաշտոնական անվանումը), թույլ է տալիս վստահությամբ արձանագրել, որ այդ բնորոշումը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:

Կա երկու «զուգահեռ» Ադրբեջան

Իշխանության և իշխանամետ ԶԼՄ-ների կողմից ներկայացվող Ադրբեջանում բացակայում է կաշառակերությունը, կլան կոչվածը, տնտեսությունը զարգանում , երկիրը վստահորեն նայում է ապագային, բնակչության սոցիալական խնդիրները հեշտությամբ լուծվում են, ամենուր տիրում է իրավահավասարություն և արդարություն, երկիրը հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում և կայունությանը ոչինչ չի սպառնում:

Իրականում Ադրբեջանում տիրող իրավիճակը վերը նշվածի լրիվ հակառակն է: Տնտեսության շարունակական հետաճը` ռեցեսիան, ամեն տեղ տիրող կաշառակերությունը, սոցիալական խնդիրները, անկախ լրատվամիջոցների բացակայությունը, ընդդիմադիր լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ մշտապես հետապնդումները, այդ ամենը ոչ մի կասկած չի թողնում` մտածելու, որ Ադրբեջանն առնվազն վերջին մեկ ու կես տասնամյակում համակարգային ճգնաժամի մեջ է գտնվում:

Գրեթե մեկ տարի է `Ադրբեջանը ցնցվում է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումների առաջացրած կոռուպցիոն սկանդալներից: Այսպես, 2017թ. աշնանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կազմակերպության կողմից հրապարակվեց զեկույց, որտեղ մատնացույց էր արվում եվրոպական որոշ երկրների և մի շարք արտասահմանցի քաղաքագետների գնման միջոցով ադրբեջանական իշխանությունների կողմից մոտ երեք միլիարդ դոլարի «լվացման» մասին: Այդ զեկույցում նշվել են նաև այդ եվրոպացի քաղաքագետների անուն-ազգանունները. Օրինակ` Լուկա Վոլոնտե, Էդուարդ Լիտներ, Իրինա Բոկովա, Պեդրո Ագրամունտ և ուրիշներ, որոնք, գտնվելով ադրբեջանական իշխանությունների անմիջական վերահսկողության տակ` քարոզում էին Ադրբեջանի վերնախավի քաղաքական և բիզնես-շահերը և զուգահեռաբար տորպեդահարում եվրոպական կառույցների` իրավիճակի օբյեկտիվ և անաչառ գնահատական տալու ցանկացած փորձ:

Բանը հասավ նրան, որ Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի իրավապահ մարմինները քրեական գործ հարուցեցին ադրբեջանական «լանդրոմատի» մեջ ինչ-որ կերպ ներքաշված իրենց քաղաքացիների նկատմամբ: Այս դեպքում արևմտյան լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի ներքին քաղաքականության մաս կազմող մեծամասշտաբ կաշառակերության մասին բացահայտված փաստերն, ամեն դեպքում, արտացոլում են այն իրականությունը, որը տիրում է Ադրբեջանի ներսում:

Բազմաթիվ փորձագետներ և միջազգային վերլուծական կենտրոններ մատնացույց են անում մի շարք գործոններ, որոնք հանդիսանում են Ադրբեջանում նման իրավիճակի գլխավոր պատճառները: Որպես Ադրբեջանում ստեղծված տխուր իրավիճակի հիմնական պատճառը, մի շարք գործոնների հետ մեկտեղ, մատնացույց է արվում երկրում առկա կառավարման վնասակար համակարգը, որն առաջացել է վերջին քսան տարում երկիրը երկու հիմնական` Ադրբեջանում իշխող կլանների միջև կիսելու արդյունքում: Ադրբեջանում իշխող երկու հիմնական կլանների միջև: Խոսքն, այսպես կոչված, «Ալիևյանների» կլանի`նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ (նախիջևանյան կլան), և «Փաշաևների» (Բաքվի) կլանի մասին է, որը գլխավորում է նախագահ Իլհամ Ալիևի կինը, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան (Փաշաևան): Չնայած որ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան ամուսիններ են, նրանց ներկայացրած կլանների միջև դիմակայությունները ոչ մի պահ չեն հանդարտվում: Երկու կլաններն էլ «իրենց մարդիկ» ունեն գործնականում երկրի իշխանական բոլոր կառույցներում: Օրինակ` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գլխավորում է «նախիջևանյան կլանի» դրածո Զաքիր Հասանովը, իսկ գլխավոր շտաբի պետը հանդիսանում է «Թուրքիա-Բաքու կլանի» հովանավորյալ, գեներալ-գնդապետ Նաչմեդդին Սադիխովը:

Երկու կլաններում էլ գործում է փոխհարաբերությունների հիերարխիկ համակարգ և խիստ կանոնակարգ

Օրինակի համար դիտարկենք Փաշաևների կլանի գործունեության մի քանի կողմեր.

Այսպես, ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Խաֆիզ Փաշաևը պատասխանատու էր արևմտյան քաղաքագետների հետ կապերի համար, ի դեպ, նրա հիմնական գործունեությունը Փաշաևների կլանի տնտեսական շահերի առաջմղումն էր: Իսկ Նարգիզ Փաշաևն (Մեհրիբան Ալիևայի քույրը) իր հերթին պատասխանատու է ռուսամետ կուրսի և ռուս դիվանագետների հետ հարաբերությունները հարթելու համար, ինչին, ի դեպ, նպաստում է այն փաստը, որ Նարգիզ Փաշաևան հանդիսանում է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ռեկտորը: Համաձայն «Վիկիլիքս»-ի կողմից 2010թ. գաղտնազերծված փաստաթղթերի`պարզ է դառնում, որ Փաշաևների ընտանիքը պատասխանատու է Ադրբեջանի` արտասահմանում ներկաայցված էներգետիկ հատվածի համար: Այնտեղ նաև նշվում է, որ Փաշաևների կլանի ֆինանսական շահերը տարածվում են ֆինանսական և շինարարական ոլորտների խոշոր ներդրումների վրա` ոչ միայն բուն Ադրբեջանում, այլև երկրի սահմաններից դուրս:

Բնականաբար, նախիջևանյան և Բաքվի կլանների բիզնես-ակտիվները կայուն չեն, այլ մշտապես անցնում են մի կլանի վերահսկողությունից մյուսին: Այսպես, ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսլմայիլովան իր` արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է բառացիորեն հետևյալը. «Երկար տարիներ ադրբեջանցիները կարծում էին, թե «Azerfon»-ը պատկանում է Նարգիզ Փաշաևային ու դեռ բրենդն էլ կոչվում էր «Narmobile»: Հետո պարզվեց, որ Պանամայում ունեցած ընկերության շնորհիվ հենց նախագահ Ալիևի աղջիկներին է պատկանում ընկերության մեծ մասը: Նման մի պատմություն էլ «Փաշահոլդինգի» հետ է կապված: Տարիներ ի վեր «Փաշահոլդինգի» հիմնական փայատերը համարվում էր Հարիֆ Փաշաևը: Հետո տերերը կրկին դարձան նախագահի դուստրերը»,-հայտարարել էր Իսմայիլովան:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը` ցավով կարելի է արձանագրել, որ երկրում քաղաքական ու տնտեսական իրավիճակի իրական փոփոխություների բացակայության և կլանային-ֆեոդալական կառավարման համակարգի առկայության պարագայում Ադրբեջանում սոցիալական դիմակայությունները գնալով կշատանան, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի բողոքական տրամադրությունների աճին և ապագայում Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման համար հզոր խթան կհանդիսանա:

Frontnews.eu

Կապված նյութեր