Ֆուտբոլի մասին՝ անկախության լույսի ներքո

Նախօրեին կատալոնական Ժիրոնում տեղի ֆուտբոլային ակումբը պատմական հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ: Ի դեպ, դա արեց հանդիպման ընթացքում հաշվի մեջ տանուլ տալով։ Իսկ ես, հետևելով հեռարձակվող մրցությանը, ինքս ինձ բռնացրի հետևյալ մտքի վրա. ահա Մադրիդի «Ռեալը» գնում է Ժիրոն, կապտանռնագույն «Բարսան» առանց որևէ խնդրի գնում է Մադրիդ կամ, ասենք, «Սեվիլիա», «Ատլետիկ»-ը՝ Բիլբաոյից՝բասկերի երկրից, այդ թիմերին կընդունի «տանը» և կգնա նրանց հյուր: Եվ այդ ամենը՝ չնայած քաղաքական փոթորիկներին, որոնք մշտապես փոթորկում են նաև Պիրենեյան թերակղզին: Թեկուզ ժամանակակից աշխարհում դա բարդ է, բայց սպորտը դուրս է մնում քաղաքականությունից, և դա ճիշտ է:

Իսկ 1989-91թթ. հայկական որևէ ակումբ հենց այնպես կարո՞ղ էր խաղալու նպատակով ուղևորվեր Ադրբեջան՝ առանց վտանգելու իր ֆուտբոլիստների և մարզիչների կյանքը։ Ասենք, «Շիրակ»-ի կամ «Լոռի»-ի երկրպագուները կարո՞ղ էին իրենց թիմի հետ Կիրովաբադ կամ Ղազախ գնալ ֆուտբոլային խաղը դիտելու։

Ահա հարցի մյուս կողմը ևս և երկու ժողովուրդների՝ Արցախի հայության և կատալոնացիների անկախության գնի մեջ բավականին զգալի տարբերությունը:

ԽՍՀՄ-ի փլուզմանը նախորդած տարիներին խորհրդային ֆուտբոլի ղեկավարությունը փորձում էր ծագած խնդիրը լուծել հայ-ադրբեջանական ֆուտբոլային խաղերը չեզոք խաղադաշտ տեղափոխելու մեթոդով կամ էլ խուսափում էր նման հանդիպումներից` մրցաշարային տարբեր աղյուսակներում տեղաբաշխելով Հայաստանից և Ադրբեջանից ներկայացված թիմերը։

Այսպես, 1989թ. միութենական առաջին լիգայի առաջնության ժամանակ Աբովյանի «Կոտայքն» ու մեկ տարի առաջ բարձրագույն լիգայից այդտեղ ժամանած Բաքվի «Նեֆթչի»-ն Նովոռոսսիյսկի խաղադաշտում իրենք իրենց մեջ երկու անգամ խաղացին ու երկու անգամն էլ ոչ ոքի` 0:0 և 1:1: Երկրորդ լիգայի ժամանակ,անվտանգության նկատառումից ելնելով, հայկական «Լոռի» (Կիրովական), «Շիրակ» (Լենինական), «Սպիտակ», «Պրոմեթեյ» (Երևան) և «Սպարտակ» ակումբներն այդ տարի տեղափոխվեցին երրորդ գոտի, իսկ ադրբեջանական և վրացական ակումբները մնացին 9-րդում՝ անդրկովկասյանում։

1990թ. միութենական առաջնության ժամանակ առաջին լիգայում խնդիրը լուծեցին` խաղին չներկայանալու համար «Կոտայքի»-ի և «Նեֆթչի»-ի հաշվին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցելով: Իսկ միութենական երկրորդ լիգայի մրցաշարում «Լոռին» և «Շիրակը» խաղացին «Արևմուտք» գոտում, իսկ ադրբեջանցիները` «Կենտրոն»:

1991թ. միութենական առաջնության ժամանակ առաջին լիգայում «Կոտայքն» ու «Նեֆտչին» կրկին ստացան զրոներ` խաղին չներկայանալու համար: Իսկ երկրորդ լիգայի ընթացքում հայկական «Արարատ-2»-ն ու «Լոռի»-ն խաղացին «Կենտրոն» գոտում, իսկ ադրբեջանական «Ղարաբաղ»-ը և «Գոյազան»-ը` «Արևմուտք»։

Խորհրդային միության փլուզման և ազգային մրցաշարերի ձևավորմանը զուգահեռ հայ-ադրբեջանայկան ֆուտբոլային դիմակայությունների խնդիրը հրատապ մնաց միայն միջազգային մրցումների շրջանակում: Բայց այդ իդիլլիան չէր վերաբերում Արցախը ներկայացնող ֆուտբոլային ակումբներին: Հասկանալի է, որ Ադրբեջանի առաջնություններին արցախյան թիմերի մասնակցությունն անգամ մեծ ցանկության դեպքում անհնար է, բայց ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, արցախյան թիմերին չի թույլատրում մասնակցել նաև Հայաստանի առաջնություններին: Եվ եթե միութենական ֆուտբոլի ղեկավարությունը, թեկուզ և անհաջող, բայց գոնե ինչ-որ կերպ փորձում էր լուծել-հայ-ադրբեջանականն ֆուտբոլային հարցն ու ելք գտնել ստեղծված իրավիճակից, ապա հիմա մեծ ֆուտբոլից փաստացի կտրված լինելու պատճառով տուժում է բացառապես հայկական կողմը (Արցախը)` չնայած այն բանին, որ հենց նա է Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվել: Ադրբեջանական ակումբները ոչ մի սահմանափակման չեն ենթարկվում: Այդուհանդերձ արժե նշել, որ Դոնեցկի «Շախտյորը» և Լուգանի «Զարիան» հանգիստ հանդես են գալիս Ուկրաինայի առաջնություններում, իսկ Տիրասպոլի «Շերիֆն» ու «Դինամո-Ավտոն»` մոլդովականում:

Կրկնում եմ՝ եթե Խորհրդային միության ֆուտբոլի ղեկավարությունն այն ժամանակ ելք էր գտնում ստեղծված իրավիճակից, ապա ՖԻՖԱ-ն Արցախի ֆուտբոլի հարցում, ուղղակի, լվացել է ձեռքերը, ինչը բոլորովին չի համընկնում ոչ հետևյալ գաղափարախոսության. «Ա˜խ սպորտ , դու աշխարհ ես», ոչ էլ գովազդվող այլ սպորտային սկզբունքների հետ և ոչ մի կերպ չի նպաստում ֆուտբոլի համընդհանուր զարգացմանը։ Իսկ տարրական արդարության մասին անգամ չեմ էլ խոսում:

Հնարավոր է՝ եթե հայկական ֆուտբոլային ղեկավարությունը նորմալ լիներ, ֆուտբոլի հարցն Արցախում հնարավոր լիներ գոնե փորձել «հարթել», ասենք, ժամանակավորապես միավորելով հայկական կամ տարածաշրջանային որևէ առաջնության։ Տարբերակներ միշտ էլ կան, բայց դրանցով պետք է զբաղվել, ակտիվ լինել, ապացուցել, համոզել: Եվ այս սեզոնի՝ առանց բացառության բոլոր մրցաշարերում հայկական հավաքականների խայտառակ ձախողումները՝ այդ թվում նաև եվրոպական մակարդակում ակումբային անհաջողությունները, հաստատում են մեր՝ երբեք աչքի չընկած ֆուտբոլային համայնքի դեգրադացիայի մակարդակը։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր