Լոլիկներով պրծել են…

Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունը, որի սկիզբը դրվել է 2015թ. նոյեմբերի 25-ին թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռը խոցմամբ, պարզվում է՝ Բոսֆորի ափերին ստացել է «տոմատային ճգնաժամ» անվանումը։ Ամեն դեպքում, թուրք վերլուծաբան, Dünya պարբերականի սյունակագիր Ակբար Իլդիրիմի հոդվածը հրապարակվել է «Տոմատային ճգնաժամում հաղթեց Ռուսաստանը» վերնագրով։

Անցած շաբաթ Կազանում կայացավ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի հերթական նստաշրջանը՝ առևտրատնտեսական գործընկերության մասով, որին մասնակցում էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխատ Զեյբեխչին և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որտեղ, կարծես, վերջակետ դրվեց երկու երկրների միջև գրեթե երկու տարի տևող «տոմատային պատերազմին»։ Նստաշրջանի ընթացքում վերացվեցին գյուղմթերքների վրա դրված վերջին սահմանափակումները։ Հոկտեմբերի 30-ից Ռուսաստանում կվերսկսվի թուրքական սմբուկի և խաղողի, իսկ նոյեմբերի 1-ից՝ թուրքական գլխավոր հարստության՝ լոլիկի արտահանումը։ Ռուսական գյուղմթերքների մատակարարումը Թուրքիա նույնպես վերսկսվում է։ Բացի դրանից, Ռուսաստանին արտոնություններ կտրվեն էներգետիկ ոլորտում՝ ներառյալ «Ակկույու» ատոմակայանը և գազատարները։ Բացի այդ, Թուրքիան խոստացել է սկսել նաև ռուսական տավարի մսի և թռչնամսի ներմուծումը։

Բայց թուրքական որոշ գյուղմթերքների վրա սահմանափակումներ, այնուամենայնիվ, դեռ կան ու բավականին զգալի։ Այսպես, թուրքական խաղողի վրա սահմանված է տարեկան մինչև 50 հազար տոննա՝ այն դեպքում, երբ նախքան «տոմատային ճգնաժամն» այդ թիվը կազմում էր շուրջ 300 հազար տոննա։ Տարեկան Ռուսաստան ներմուծվող սմբուկի քանակը չի կարող գերազանցել 20 հազար տոննան։ Մյուս կողմից նույնպես նման սահմանափակումներ են գործում։ Այդ ամենով հանդերձ, արտահանում կարող են իրականացնել միայն թուրքական այն ընկերությունները, որոնց Ռուսաստանը թույլտվություն կտա։ Մատակարարումների ծավալը նույնպես կորոշի ռուսական կողմը։

Հենց դրանում էլ կայանում է «տոմատային ճգնաժամում» Ռուսաստանի հաղթանակը։

Հիշո՞ւմ եք՝ 2015թ. դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, նախքան Դաշնային ժողովին ուղղված ուղերձն սկսելը, խնդրեց մեկ լռությամբ հարգել թուրքական պետական ահաբեկչության արդյունքում զոհված ռուսների հիշատակը։ Այդ ժամանակ դահլիճում ներկա էին Սիրիայում թուրքերի կողմից ստորաբար սպանված ռուս զինծառայողներ օդաչու Օլեգ Պեշկովի և ծովային հետևակային Ալեքսանդր Պոզինիչի այրիները։

«Միայն Ալլահը գիտի, թե ինչու նրանք սպանեցին մեր մարդկանց, -այն ժամանակ հայտարարեց Ռուսաստանի նախագահը։ -Եթե թուրքերը կարծում են, որ միայն լոլիկով կպրծնեն, ապա սխալվում են»։

Ինչպես երևում է՝ թուրքերը չեն սխալվել։ Եվ հենց լոլիկներով էլ պրծել են։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր