Հստակ չեմ հիշում՝ 1999, թե՞ 2000 թվականն էր, երբ առաջին անգամ մեր տուն եկավ Ալեքսանդր Մելքոնյանը (Սաշա)՝ հայկական կոնցեպտուալ արվեստի մի նոր ուղղության՝ «Ռազմական գեղարվեստի» հիմնադիրը։ Նրան մեր տուն էր հրավիրել այն ժամանակ մեր ընտանիքի դեռևս նոր ընկեր Մկրտիչ Տոնոյանը։ Օրը դեռ նոր էր կիսվել, երբ Հայրս, Մկրտիչը, ես և Սաշը նստեցինք փոքրիկ գրասեղանի շուրջ՝ թեյ ու սուրճ ըմպելու։ Հիշում եմ, որ սեղանին շոկոլադի փոքր տուփ էր դրված։ Տուն մտնելու գրեթե առաջին պահից Սաշան շատ բարձր ձայնով ու ոգևորված խոսք սկսեց հասարակության մեջ արմատացած արատավոր երևույթների, մեր պետության ներքին ու արտաքին քաղաքականության բացթողումների և նմանատիպ այլ խնդիրների մասին։ Այնպես էր խոսում, կարծես հենց նոր չէր ծանոթացել մեր ընտանիքի հետ։ Մերթընդմերթ ձայնը այնպես էր բարձրացնում, որ ակամայից զարմանում էի ոչ այն է անծանոթ մարդու հանդգնությունից, ոչ է ոգևորությունից։ Հայրս անգամ կատակեց, թե ինչու՞ է կռվով մեր տուն եկել։ Բայց Սաշի կռիվը, իհարկե, մեզ հետ չէր։ Ոգով ըմբոստ էր։ Իմպուլսիվ։ Ժողովրդի մեջ արմատավորվող ամեն արատավոր երևույթ խիստ անհանդուրժող։ Ցավոք, նրան երկար ժամանակ ճանաչելու երջանկություն չունեցա։ Նա շատ վաղ մահացավ սրտի կաթվածից։ Իր իսկ դստեր ամուսնության օրը…
Հակաբնանկար հակաբնանկարի ֆոնի վրա, Ալեքսանդր Մելքոնյան
Բայց Սաշին ավելի լավ ճանաչելու առիթ, իհարկե, ունեցա։ Ոչ թե հետը շփվելու, այլ իր գաղափարներին ու արվեստին ծանոթանալու միջոցով։ Տպավորված էի նրա կողմից մշակված և հանրությանը առաջարկված «ռազմադաշտային գեղարվեստ», «ռազմադաշտային մտավորական», «ռազմադաշտային արվեստ» և նման այլ գաղափարներով։ Հետո այդ ամենը երկար եմ քննարկել Մկրտիչ Տոնոյանի հետ։ Վերջինս Ալեքսանդր Մելքոնյանի ոչ այնքան շատ աշակերտներից ու հետևորդներից մեկն է։ Բայց ո՞վ է ասել, որ նոր գաղափարները՝ այն էլ հանճարեղ, հեշտ են ճամփա հարթում դեպի մարդկանց սրտեր։ Ամենևին։ Իսկ «Ռազմադաշտային» ամեն ինչը առավել ևս դժվար ընկալելի էին պատերազմից հոգնած այն ժամանակվա հասարակության համար։ Թերևս այդ էր պատճառը, որ Սաշին այն ժամանակ առավելապես հասկացան նրանք, ովքեր եղել են մարտի դաշտում։ Տեսել են մահը, խոսել նրա հետ, հետո մերժել այն։ Այլ խոսքերով՝ էքզիստենցիալիստների բանն էր Սաշի մշակած ռազմադաշտային արվեստը։
«Պատերազմից հետո», Մկրտիչ Տոնոյան
Այս առումով ամենևին էլ զարմանալի չէ, որ հենց Մկրտիչը դարձավ նրա գաղափարախոսության առաջին յուրացնողներից ու զարգացնողներից մեկը։ Որովհետև եղել է մահը հաղթող տղաների կողքին։ Նրանց հետ, նրանցից մեկը։ Որովհետև հենց ռազմի դաշտում է Մկրտիչը ձևավորվել որպես արվեստագետ և մտավորական։ Իսկ այսօր ահա, նա դարձել է արվեստի լեզվով Հայաստանը աշխարհին ներկայացնող գործիչ։ Մարդ, ով մեր Հայրենիքի նկատմամբ սիրով է վարակել մի քանի տասնյակ արտասահմանցիների՝ ամեն օր տեղ տալով նրանց իր տան մեջ, որպեսզի գան, տեսնեն մեր երկիրը, ներշնչվեն մեր գույներով, զգան Հայաստանը, հետո ստեղծագործեն… Դառնան հայկականության դեսպանը ամբողջ աշխարհում։ Սա մի գործ է, որի կարևորությունն ու արդյունավետությունը անհնար է գերագնահատել։ Եվ այսօր այդ գործն ընդլայնելու հնարավորություն կա։
Մտերիմներս գիտեն, որ դեռ ուսանող տարիներից էի սիրում Մկրտիչ Տոնոյանի «Պատերազմից հետո», «Ազատագրում», «Պատերազմի հուշեր» նկարները, իր հեղինակած պատմվածքներն ու ինստալյացիները։ Եթե անկեղծ, ապա նաև դաստիարակվել եմ Մկրտիչի աշխատություններով։ Եվ ոչ միայն ես։ Իմ ընկերներից շատերի համար է նա օրինակ եղել և շարունակում այդպիսին մնալ։ Դրա համար ուզում եմ նաև, որպեսզի նույն այդ գիտելիքը, ձգտումներն ու ոգեշնչումը Մկրտիչից ստանան նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող նկարիչները, քանդակագործները, երաժիշտները, պոետներն ու արվեստի այլ ճյուղերի գործիչները։ Դրա համար ընդամենը մեկ փոքրիկ քայլ է մնացել՝ ավարտին հասցնել Տոնոյանի կողմից կառուցվող տուն֊հյուրանոցը։ Այն վայրը, որտեղ վաղը կապրեն և կստեղծագործեն մեր երկրի նոր սիրահարները։ Ուստի խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր արվեստի ուժն ընկալում են որպես Հայաստանը ավելի ճանաչելի և սիրելի դարձնելու մի նոր հնարավորություն, մասնակցեն ահա այս դրամահավաքին և օգնեն մշակութային նոր բարձրունքներ գրավելու իմ ու Մկրտչի երազանքի կատարմանը։
P.S. Այն օրը, երբ Սաշան առաջին անգամ մեր տուն եկավ և Հայրիկիս հետ խոսում էր իրեն հուզող հարցերի շուրջ, ես ու Մկրտիչը, որ սուս ու փուս լսում էինք նրանց, կերանք սեղանին դրված ողջ շոկոլադը։ Հետո արդեն պոստֆակտում նկատեցինք, որ ազգի մասին մտածող մարդկանց, որպես կանոն, կոնֆետ չի հասնում ։))))
Բայց այս անգամ թող բացառություն լինի և Մկրտիչի հյուրատունը կառուցվի։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ