Իրանը և քրդական հանրաքվեն

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից բառացիորեն մի քանի օր առաջ տեղական լրատվամիջոցները հայտնեցին այն մասին, որ Իրանի բանակը հրետանային կրակ է բացել Քիրքուկ նահանգի ուղղությամբ: Գնդակոծման ենթարկվածների ցուցակում նշվում էին Գունդեզոր, Ալանե, Կուներե, Դինոյ Գեվրե, Դինոյ Բիչուկ և Բերդե Զերդե գյուղերը: Կորուստների և ավերածությունների մասին ոչինչ չէր հաղորդվում, բայց հայտարարվել էր, որ «իրանական ագրեսիայի» պատճառը սպասվելիք քրդական հանրաքվեն է:

Հետաքրքրական է, որ նավթային պաշարներով հարուստ Քիրքուկ գաղութը քրդերին «բաժին է ընկել» վերջերս: 2014թ. ամռանը իրաքյան կառավարական ուժերը փախել են այստեղից` ԻԳԻԼ-ի շարունակական հարձակումներից խուճապի մատնվելով, և այդ դադարից անմիջապես օգտվել են քրդական ստորաբաժանումները, որոնք իրենց տիրապետության տակ էին վերցրել նահանգի մայրաքաղաքն ու նավթահորերը և այդ տարածքում ստեղծել պաշտպանական շրջան: Ի դեպ, քիրքուկյան նավթը, որ բարզանիստներն արտահանում են Թուրքիա և Իրան, ջանասիրաբար լրացնում է Էրբիլի բյուջեն, որն արդեն քանի անգամ հայտարարել է Քիրքուկը մեկընդմիշտ «Քրդստանին» միացնելու մտադրության մասին: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ Բաղդադում դաշնային կառավարությունը շարունակում է ֆինանսավորել քրդական պեշմերգային (զինված ստորաբաժանումներ): Քիրքուկի վրա աչք ունի նաև Թուրքիան, որը սովորաբար իր ախորժակը թաքցնում է տեղացի թուրքերի` այսպես կոչված թուրքամանների մասին «հոգ տանելով», որոնք համարվում են Իրաքի` թվով երրորդ ազգությունը: Պարզվում է` Քիրքուկի մասին չի մոռանում նաև Բաղդադը: «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար և շիական «Խաշդ աշ-Շաաբիի» բարձրաստիճան հրամանատար Խադի ալ-Ամերին հայտարարել է, որ զինվորները չեն պատրաստվում սպասել քրդական պեշմերգայի թույլտվությանը, որպեսզի ազատագրեն Քիրքուկ նահանգի շրջանները` այդ թվում և Խավիջան քաղաքը, որը դեռ գտնվում է ԻԳԻԼ-ի վերահսկողության տակ:

Մեզ ոչ ոքի թույլտվությունը պետք չէ` ո´չ ներսից, ո´չ դրսից, որպեսզի ազատագրենք մեր երկիրն ու հողերը… Մեզ պետք չէ քրդական պեշմերգայի թույլտվությունը: Մենք արևելքից, հարավից ու հյուսիսից արդեն փակել ենք Խավիջը և պեշմերգայի կողմից տրվող անցատեղի կարիք չունենք: Մենք չենք պատրաստվում սպասել, թե երբ քրդերը մեզ թույլ կտան»,-հայտարարել է ալ-Ամերին` իրանական Press TV-ին տված հարցազրույցում:

Այնպես որ, ԻԳԻԼ-ի հանդեպ հաղթանակ տանելուց հետո այդ բոլոր հարցերն ու կողմերի թշնամությունն անպայման ի հայտ կգա, իսկ մենք դեռ ուղղակի փաստերն ենք արձանագրում:

Բայց վերադառնանք իրանյան գնդակոծությանը և առհասարակ Իրանի ակտիվությանն այս ուղղությամբ: Հանրաքվեի նախօրեին կատարվածի հանդեպ իրանական տարբեր պաշտոնյաներ հայտնել են Թեհրանի դիրքորոշումը: Մասնավորապես, այդ հարցին է անդրադարձել իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Բահրամ Հասեմին.

«Մենք սպասում ենք այդ անօրինական և ոչ լեգիտիմ հանրաքվեի արդյունքներին, իսկ հետո կհայտարարենք մեր հետագա գործողությունների մասին: Այդ ամենը տեղի է ունենում անհարմար ժամանակշրջանում և առանց ռացիոնալ պատճառների, ամբողջ տարածաշրջանի համար չափազանց լուրջ ժամաանկներում, երբ Իրաքի կառավարությանը հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել ԻԳԻԼ-ի դեմ պայքարում»:

Ժամանակի անհարմար լինելու առումով դժվար է չհամաձայնվել Գասեմի հետ` այն դեպքում, երբ տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պատերազմը մտնում է եզրափակիչ փուլ. մարդկանց մի զանգված, որ փախել էր իր մշտական բնակության վայրից, դեռ հայրենիք չի վերադարձել: Նրանց թվում է այդ տարածաշրջանի բնիկ ազգությունը` քրիստոնյա-ասորիները, ինչպես նաև եզդիները, որոնց ողբերգության նկատմամբ քրդական ինքնավարության ղեկավարությունը ամենաուղիղ կապ ունի. Եզդիներին թույլ չտալով սեփական ուժերով կազմակերպել Շենգալի պաշտպանությունը. Քրդական պեշմերգան 2014թ. էլ է փախչել այդտեղից, ինչն էլ դարձել էր այդէթնոկոնֆեսիոնալ խմբի ցեղասպանության պատճառ: Այնպես որ, այդ համատեքստում Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից քրդական հանրաքվեի հապճեպ, թեկուզ տրամաբանական ողջունումը, առնվազն,անպարկեշտ է:

Քրդական հանրաքվեից հետո Իրանի ակտիվացումը նշանավորվել է Իրանի տարածքում՝ Քրդստանի սահմանին կից (250 մետր) Իրաքի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հետ` երկու կողմից զրահատանկային, հրետանային և ավիացիոն ստորաբաժանումների մասնակցությամբ, ինչպես նաև օդային տարածքի փակմամբ և սահմանների արգելափակմամբ:

Մեր որոշ համերկրացիների մոտ նման ակտիվությունը տարակուսանք է առաջացնում` հարցեր ծնելով. իսկ ի՞նչ գործ ունի Իրանը քրդական հանրաքվեի հետ: Եվ անկախ Քրդստանը ինչո՞վ կխանգարի իրանցիներին:

Իրանը, որի պետականությունը հարյուրամյակների պատմություն ունի, երբեք ոչինչ հենց այնպես չի անում: Քրդական հարցում էլ, պայմանավորված օբյեկտիվ պատճառներով, նա մեզնից բավականին հեռատես է: Առաջինը` քրդերը տարածաշրջանում համարվում են ամերիկյան շահերի ներկայացուցիչները և երկրորդ` անկախ Քրդստանը ծրագիր է, որն ակտիվորեն առաջ է մղվում Իսրայելի կողմից, որը ռազմական և ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում բարզանիստներին և արդեն հզոր ազդեցություն ու գործակալների ճյուղավորված ցանց ունի մեկ այլ` Իրանին հարևան Ադրբեջանի հանրապետությունում: Բավական է հիշել, որ իսրայելական հատուկջոկատայինները վարժեցնում են պեշմերգայի մարտիկներին և աջակցում Իրաքյան Քրդստանի հատուկջոկատայիներին` «Ասաիշին» և «Պարաստինին»:

Սահման ունենալ ոչ թե Իրաքի հետ, որտեղ այսօր կարևոր դիրք են զբաղեցնում շիաները, այլ «ամերիկյան-իսրայելական» Քրդստանի, Իրանի համար լավ չէ՝ հատկապես այն դեպքում, երբ սեփական ատամն է ցավում` ի դեմս 10 միլիոնանոց քրդական համայնքի: 1946թ. օգտվելով առիթից քրդերը փորձ են արել մի քանի անդրկովկասյան թուրքերի հետ Մոսկվայի օգնությամբ իրենց Իրանից անկախ հայտարարել (այսպես կոչված Մեխաբադյան հանրապետություն կամ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն), բայց ջախջախվել են: Հետաքրքրական է, որ այդ ժամանակ քրդական անկախության գլխավոր շարժիչ ուժը դարձավ իրաքյան քրդերի Բարզանիի կլանը: Նախորդ տարի Իրանական Քուրդստանի Ժողովրդավարական կուսակցությունը, որն Իրանում համարվում է ահաբեկչական խմբավորում, հայտարարեց ընդդեմ «մուլլի ռեժիմի» պարտիզանական գործողության վերսկսման մասին: Իրանում ահաբեկչական կազմակերպություն է համարվում նաև, այսպես կոչված «Արևելյան Քրդստանի ինքնապաշտպանությունը», որը համարվում է Քրդստանում ազատ կյանքի կուսակցության ռազմական թևը (PJAK)` Քրդստանի Աշխատավորական կուսակցության նմանակը՝ միայն իրանական իրականությանը համապատասխան:

Ընդհանրապես տարբեր ուժեր պարբերաբար իրենց նպատակներին են ծառայեցնում քրդերին, նրանց չափից շատ ամբիցիաներն ու նրանց կլանները։ Եվ, որպես կանոն, քրդերը դրանից ոչինչ չեն շահում։

Անձամբ ինձ վրա մեծ տպավորություն է գործում Իրանի մոտեցումը: Եթե անտագոնիզմը թույլ չի տալիս կողքին ունենալ բարեկամ, ապա ավելի լավ է ունենալ գոնե վաղեմի` լավ ուսումնասիրված թշնամի, ով խաղում է խաղի հասկանալի կանոներով, քան ագրեսիվ ու անկանխատեսելի զանգված, որը չի կարողանում համաձանության գալ անգամ իր մեջ, որը ատում է շուրջն եղած ամեն ինչ և ընդունակ է ցանկացած պահի հարվածել մեջքից:

Քրդական անկախության հաամկիրներին խորհուրդ կտամ ծանոթանալ քրդական քատեզագրական նորարության մի քանի նմուշների, որը ձեր խորին ծառան արդեն տևական ժամանակ է ֆիքսում և հավաքում է: ՀՀ Արմավիրի մարզի և Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի հանդեպ ունեցած պահանջներն այնտեղ մշտապես հանդես են գալիս: Ես էլ չեմ ասում Արևմտյան Հայաստանի մասին, որն այդ կարգի հանության մոտ ապրիորի (այսինքն առանց ապացույցի, համարում են, որ ապացույցի կարիք չկա, իրենց մոտ ընդունված է) համարվում է «Մեծ Քրդստանի» մաս։ Ոմանց դա կարող է սովորական թվալ: Բայց քարտեզը, որը դրված է հոդվածի սկզբում, կախված էր Մոսկվայի քրդական ներկայացուցչությունում, որը թուրք-ռուսական մերձեցման ժամանակ փակվել է: Այն փակվել է, հավանաբար, նախքան ռուս-թուրքական հերթական տարաձայնությունը:

Բացի այդ, պարբերաբար մոնիթորինգի ենթարկելով լրատվամիջոցներն ու սոցկայքերը, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել. քրդերի ճնշող մեծամասնությունը բացահայտ բացասական վերաբերմունք ունի հայերի հանդեպ: Դրան դժվար է հավատալ, բայց անգամ քրդերի կողմից ճնշվող եզդիները, որոնք Հայաստանից դուրս ապրելով ընկել են քրդական ազդեցության տակ, տարբերվում են մեր հանդեպ դժվար բացատրելի ագրեսիայով և թշնամությամբ:

Անձամբ ես դեմ եմ քրդերի անկախացմանը` ցանկացած ձևաչափով: Մենք լիովին կարող ենք համագործակցել բարզանիստների հետ` Իրաքի դաշնային կառույցի շրջանակում: Կրկնում եմ` առավելևս, որ այդ անկախությունը հայտարարվում է այն հողի վրա, որտեղից քշվել է ժողովուրդը` ասորիները կամ եզդիները: Մնում է հերթական անկախությունը քրդերը հայտարարեն թուրքերի կողմից հայերից խլված Վանի տարածքում: Քրդերն իրականում հայերի Ցեղասպանության հետևանքների օրինակացման նույնպիսի կողմնակիցներ են, ինչպես և թուրքերը, միայն թե` ավելի ցինիկ: Քրդերի անկախացման համակիրները լավ կլինի, որ մտածեն այդ մասին:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր