Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը շարունակում է խաբել սեփական երկրի քաղաքացիներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեչմեդդին Սադիխովի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ուղղված զեկուցագրի հրապարակումը, որում ասվում է 2016թ. ապրիլին ադրբեջանական կողմի կորուստների մասին, հարևան պետությունում իսկական իրարանցում է առաջացրել: Դա, իհարկե, սպասելի էր: Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր վաղուց արդեն չեն հավատում պաշտոնական քարոզչությանը, անընդհատ փնտրում են այն իրականության ապացույցները, որում ապրում են, ավելի ճիշտ` գոյատևում: Դրա համար էլ հրապարակված փաստաթուղթը ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ: Այս փաստաթղթի քննարկումը սոցքայքերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում հասավ այնպիսի աստիճանի, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ արգելել նրանում տեղ գտած ինֆորմացիայի տարածումն ու քննարկումը ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցքայքերում: Ահա թե ինչպիսի ժողովրդավարություն:

Իրենք` ադրբեջանցի զինվորականները, փորձելով իրականությունը թաքցնել հասարակությունից, տարածել են բավականին ծավալուն, բայց միևնույն ժամանակ ձանձրալի տեքստ այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը սովորաբար բոլոր հարցերը քննարկում են բանավոր ձևով և «գործնական շփումներում գրավոր ձևաչափի անհրաժեշտություն չի լինում»: Իհարկե Ադրբեջանի ՊՆ քարոզիչները չէին կարող չհայտարարել այն մասին, որ իբր ադրբեջանցի զինվորականների բոլոր սխալները բացահայտող ողջ ինֆորմացիան «հայկական հատուկ ծառայությունների և «հակաքարոզչության մասնագետներ» հորինածն է»: Փորձելով քիչ թե շատ արժանահավատ երևալ` Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը փորձել է իր հայրենակիցներին ապացուցել, որ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված բոլոր զինծառայողների թաղումները քիչ էր մնում ուղիղ եթերով հեռարձակվեին: Մեզ` հայերիս, հերթական անգամ մեղադրել են ստի, փաստերը խեղաթյուրելու և այլնի մեջ: Մի խոսքով, ամեն ինչ արվել է վատթարագույն ադրբեջանական քարոզչության ավանդութներով. Դեռ լավ է, որ Զաքիր Հասանովի գերատեսչությունը մոր անունով չի երդվել, որպեսզի ադրբեջանցիներին համոզի, որ հրապարակված զեկույցը կեղծ է:

Բայց Ադրբեջանի ՊՆ այդ ջանասիրությանը, ինչպես և ենթադրվում էր, քաղաքացիներին ավելի է համոզել նրանում, որ թագավորությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ տարբեր ադրբեջանական կայքերում ռազմական գերատեսչության հայտարարության տարբեր տեքստեր են հրապարակվել: Ճիշտ է, ՊՆ հաղորդագրության բովանդակությունը նույնն էր, բայց տեքստերն ու գնահատականները՝ բոլորովին տարբեր, ինչը վկայում է այն մասին, որ տեքստը պատրաստվել է հապճեպ, հնարավոր է` լրատվական գործակալություններից մեկում (քանի որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ծառայողական շփումներում գրավոր ձևի անհրաժեշտություն չկա,-Ս.Մ.), հետո տարածվել մյուս լրատվամիջոցներում` որոշ դեպքերում ուղղղումներով և լրացումներով, որոշ դեպքերում էլ՝ առանց դրանց: Ինչպես երևում է, Ադրբեջանի գերատեսչությունն ավելի շատ զբաղված էր ներքին «ռազբորկաներով», քան սեփական քաղաքացիների ուղեղների լվացման համար ուղիներ փնտրելով:

Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության նման վարքագիծը կարելի է հասկանալ, քանի որ նրանք գտնվում են չափազանց բարդ դրության մեջ։ Ապրիլյան պատերազմում պարտություն կրելուց և այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կորցրեց հիմնական հարվածող ուժը՝ հատուկ նշանակության ջոկատի մեծ մասը, իսկ զինծառայողների բարոյա-հոգեբանական վիճակը՝ աներևակայելի ձևով ընկել, բացի դրանից էլ պարզվել է, որ ներբանակային «ռազբորկաներն» այն աստիճանի են հասել, որ հակամարտող կողմերը սկսել են առանց դատի և հետաքննության ոչնչացնել իրենց հակառակորդների կողմնակիցներին։ Բոլոր այդ փաստերը երկար ժամանակ ծածկել է ադրբեջանական քարոզչամեքենան։ Հենց դրա համար էլ Զ. Հասանովի գերատեսչությունը սկսեց այդպես ջղաձգորեն արձագանքել իրենց գործունեությունը բացահայտող՝ ինտերնետում հայտնված ինֆորմացիային։

Եվ ահա, գտնվելով նման իրադրության մեջ, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն ավելի խելացի բան չկարողացավ մտածել, քան շարունակել խաբել իր բնակչությանը։ Այսպես, այսօր առավոտյան նրանք սոցկայքերում տեսանյութ տարածեցին այն մասին, իբր Ադրբեջանի զինվորականների կողմից ոչնչանցվել է հայկական դիտակետ՝ «անձնակազմի հետ միասին»։ Տեսանյութն, իհարկե, կեղծ է, բայց ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանություններն այդ նյութի ներքո ավելի քան պերճախոս են։


Այդ ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը շարունակում է խաբել սեփական ազգաբնակչությանը, իսկ այդ երկրի քաղաքացիները շարունակում՝ չհավատալ իրենց ռազմա-քաղաքական ղեկավարությանը։ 

Սևակ ՄՈԿԱՑԻ

Կապված նյութեր