Թուրքերի ինչի՞ն է պետք հայկական եկեղեցու զանգը

Թուրքական պարբերականները վերջին օրերին հիացմունքով այսպիսի լուր են հայտնել. «Իրանը Թուրքիային է «վերադարձնում» պատմական մշակութային արժեք՝ հին զանգ, որը երկար ժամանակ պահվում էր Ուրմիա քաղաքի հնէաբանության թանգարանում։ Իբր այդ մասին հայտարարել է մշակութային ժառանգության, զբաղվածության և զբոսաշրջության իրանական կազմակերպության փոխնախագահ Միր Խադի Սայեդ Ռումյանին՝ նշելով, որ զանգը ՝ 1388թ. թուրքերը նվիրել էին (՞,- Պանդուխտ) Իրանին։ Համաձայն հաղորդագրության՝ Իրանի թանգարանում պահպանված զանգը նախկինում պատկանում էր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն, որը գտնվում էր թուրքական Վան գավառում՝ երկրի արևելյան մասում։ Զանգի տարիքը գնահատվում է մոտավորապես 629 տարի։

Համաձայն նույն հաղորդագրության՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայում կստեղծվի պատմական ժառանգության հարցերով հատուկ ահնձնաժոով։ Հանձնաժողովը իրավասու կլինի «թուրքական ժառանգությանը վերաբերով պատմական մշակութային արժեքները վերադարձնելու» հարցով դիմել այլ երկրներին։ Հիշյալ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն իշխող՝ Արդարություն և զարգացում, ինչպես նաև Ազգայնական շարժում և Ժողովրդա-հանրապետական կուսասկցությունների պատգամավորներ։

Հանձնաժողովը երեք ամսվա ընթացքում պետք է ներկայացնի Թուրքիայի պատմական ժառանգությանը վերաբերող և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում երկրի սահմաններից դուրս տարված բոլոր մշակութային արժեքների ցուցակը։

Նշեմ, որ այս լուրը հետաքրքական է բոլոր տեսանկյուններից։ Առաջին հերթին, որ այն ի հայտ է եկել բացառապես թուրքական, որից անմիջապես հետո էլ՝ ադրբեջանական մամուլում։ Անգամ Iran Today ֆեյսբուքյան աղբյուրն այս լուրը արտատպելով՝ հիմնվում է արդբեջանական քարոզչական կայքի՝ «Вестник Кавказа»-ի վրա։ Դրա հետ մեկտեղ, Iran Today-ը հավելում է, որ Իսլամական հանրապետությունը աշխատում է նաև հետևյալ ուղղությամբ. այս տարվա գարնանը Թեհրանում գտնվող Իրանի Ազգային թանգարանում տեղիէ ունեցել վերջին 2.5 տարվա ընթացքում Արևմուտքի երկրներից վերադարձված պատմական մասունքների ցուցահանդես, որի ժամանակ հանրությանն են ներկայացվել մոտ 500 պատմական հազվագյուտ նմուշներ։

Երկրորդ, զանգի՝ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանելու մասին թուրք-ադրբեջանական մամուլում ոչ մի հիշատակում չկա։ Բոլորը բավարարվում են միայն զանգի՝ քրիստոնեական լինելու մասին նշելով։

Երրորդ. անատոլիական և անդրկովկասյան թուրքերը «համեստորեն» լռում են այն մասին, թե ինչու է հայկական զանգը հայտնվել Իրանում և ով է այն հասցրել այնտեղ։ Քանի որ, եթե դա տեղի է ունեցել Ցեղասպանության տարիներին, այլ ոչ թե երկու մուսուլմանական երկրների համար տարօրինակ համարվող «նվեր»-ի տարբերակով, ապա լիովին ակնհայտ է, որ եթե այս մասունքը չտեղափոխվեր անվտանգ վայր, ապա այսօր Թուրքիային «վերադարձնելու» ոչինչ, ուղղակի, չէր լինի։

Հայ ժողովրդի, ինչպես նաև Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդների ոչ թուրքական ժառանգության ճակատագիրը ողբերգական և տխուր է։ Ավելին, այդ ժառանգության նկատմամբ թուրքերը բարբարոսաբար են վերաբերվել ոչ միայն մինչև Առաջին համաշխարհայինն ու քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, այն շարունակվում է նաև ժամանակակից Թորքիայում առայսօր։ Աղաղակող վերջին դեպքը տեղի է ունեցել երբևէ հայկական Արտանետում՝ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու հայրենիքում, որը Հրաչյա Քոչարը գովերգել է իր հայտնի «Նահապետ» վիպակում (1967 թ. այն արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի)։ Այստեղ՝ հին հայկական գերեզմանատան ոչնչացման տեղում թուրքերը հանրային զուգարան են կառուցել։ Կամ էլ, պարզ ասած, հանրային կարիքների պետքարան։ Այստեղ վեր են խոյացել ծովափնյա խցիկներ և մեքենաների կայանատեղիներ։ Այդուհանդերձ, անգամ չեն թաքցրել, որ շինարարական աշխատանքների ընթացքում ընդերքից մարդկային ոսկորներ են հայտնաբերել:

Կապված այդ աղաղակող սրբապղծության հետ՝ թուրքական խորհրդարանի ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը կուսակցության կայքում նման հայտարարությամբ է հանդես եկել.

«Վայրը, որը մարդկանց հայտնի է «հայկական Խորգոմ» անունով, 100 տարի առաջ բնակեցված էր գերազանցապես հայերով։ Այստեղ գտնվող հայկական վանքն ու գերեզմանատունը համարվում են կարևոր պատմական և հոգևոր ժառանգություն։ Երբ մտածում ես ազգային փոքրամասնություների նկատմամբ պետական մոտեցման մասին, ապա անպատասխանատու քաղաքաշինական քաղաքականության հետևանքով այդ տարածքների ոչնչացումը, ցավոք, զարմանք չի առաջացնում։ Մշակութային կառույցները, որոնք ավելի քան 100 տարի առաջ պատկանում էին ազգային փոքրամասնություններին, պետության կողմից կամ բռնագրավվել կամ էլ, ուղղակի, ոչնչացվել են։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի ամբողջ տարածքով մեկ ոչ մուսուլմաններին պատկանող հին եկեղեցիներն ու դպրոցները վերածվել են մզկիթների, սպորտային դահլիճների, մշակութային կենտրոնների կամ կինոթատրոնների։ 100-ամյա կողոպուտը շարունակվում է»։

Չորրորդ, պետք չէ մոռանալ, որ եկեղեցական զանգը, որի վրա ագահորեննշան են բռնել թուրք գիշատիչները, բնավ էլ Թուրքիային չեն պատկանում, այլ համարվում են Հայկական առաքելական եկեղեցու սեփականությունը։ Իմանալով, թե ինչ նրբանկատությամբ է Իրանը մոտենում նման հարցերին, թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը, պետք է որ պարտադիր կերպով ստուգված և ճշտված լիներ մեր համապատասխան մշակութային, գիտական և եկեղեցական կառույցների իրանցի գործընկերների կողմից։

Իր հերթին, «Արմենպրես» լրատվական գործակալության համաձայն, զանգը, որը երբևէ պատկանել է թուրքերի կողմից ավերված Վանի եկեղեցիներից մեկին, կփոխանցվի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն։ Այստեղից ծագում է հինգերորդ հարցը. ինչո՞ւ է Թուրքիային պետք եկել ներկայումս գոյություն չունեցող հայկական եկեղեցու զանգը, եթե Ախթամարի Սուրբ Խաչ ամրոցը գործում է որպես թանգարան, այլ ոչ թե գործող եկեղեցի։
Եվ, վերջապես, թուրքերն ընդհարապես իրավունք ունե՞ն հավակնելու իրենցից փրկված ժառանգությանը, որը պատկանում է իրենց կողմից ոչնչացված ժողովրդին։

Կրկնում եմ՝ այս տեղեկությունը պետք է որ անպայման ստուգված և ճշտված լիներ։ Եվ եթե հաստատվի, թե որոնք են լինելու հայկական կողմի հետագա քայլերը, կարծում եմ՝ բացատրության կարիք չի լինի։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր