Ադրբեջանական լարտվամիջոցների արձագանքը երկու տարի առաջ Բաքու փախած հայ հասարակական գործիչ Վահան Մարտիրոսյանի վերջին հայտարարությանը, հակառակ բոլոր սպասումների, բավական պարզունակ եղավ: Սպասելով հատուկ ծառայությունների կողմից համապատասխան ցուցումների` Ադրբեջանի ողջ լրագրողական համայնքը նետվեց «փրկելու», այսպես կոչված «Խաղաղության պլատֆորմը»: Իբր Վահան Մարտիոսյանը ամենևին էլ այդ թատրոնի հիմնական խաղացողներից չէ։ Կամ էլ թե այդ կեղծիքին միացած մյուս հայերը, եթե նրանց կարելի է այդպես անվանել, արդեն վաղուց հասկացել են, որ Մարտիրոսյանը փառամոլ վիժվածք է, ով ամեն ինչ արեց` հանուն իր շահի և այլն, և այլն: Պատմական ոռնոցը, որը բարձրացել է Բաքվում, արդեն լսելի է ամբողջ աշխարհում: Տպավորություն է ստեղծվում, կարծես ադրբեջանցիները հատուկ են բարձրացնում այդ ձախողման ձայնը: Չնայած, ճիշտն ասած, նրանք թաքցնելու բան ունեն «խաղաղության պլատֆորմ»-ի աղմուկի ներքո: Անգամ կարող ենք ասել, որ դա նրանց ձեռնտու է:
Ուրիշ ի՞նչ կարող են անել: Չէ՞ որ ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը ստիպված էր խոստովանել, որ հանրապետությունում տարբեր պետություններից լրտեսներ են գործում: Ճիշտ է, Գուլիևը խոստացել է «վնասազերծել» նրանց, բայց վերջին իրադարձությունների ֆոնին, հատկապես այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին ադրբեջանցի բարձրաստիճան սպային և ՄԱԿ-ում այդ նույն երկրի դեսպան Յաշար Ալիևին բացահայտող տեսանյութերը, Ադրբեջանի քաղաքացիների մոտ հատուկ ծառայությունների հանդեպ վստահությունը լրիվ կորել է: Իսկ մինչև այդ, նաև «հայկական հետախուզական ծառայությունների հետ համագործակցող ցանցի» ռազմական և քաղաքացիական անձանց մասին պատմությունը: Ըստ որոշ տեղեկությունների` այդ գործի շրջանակներում Ադրբեջանում ձերբակալվել է շուրջ 50 մարդ, որոնց մոտ տաս տոկոսին արդեն առանց դատավարության և հետաքննության սպանել են: Իսկ Մադաթ Գուլիևի գրասենյակն այդ ցանցի «բացահայտման» հետ որևէ կապ չի ունեցել:
Դե արի և այդ ամենից հետո հավատա, որ Գուլիևը կարող է «վնասազերծել» Ադրբեջանի տարածքում գործող արտասահմանյան պետծառայությունների գործակալներին: Եվ պարզից էլ պարզ է, որ Ադրեբջանի ՊԱԾ-ի հանդեպ հանրային վստահության մակարդակը ձգտում է զրոյի, և Մադաթ Գուլիևին ոչինչ չի մնում անելու, բացի, այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմ»-ի փլուզման աղմուկի տակ իր ղեկավարած գերատեսչության խնդիրները թաքցնելուց: Քանի որ ավելի լավ է մարդիկ այդ մասին խոսեն, քան դեսպանի և զինվորականի սեռական հակումների, որոնք, հայտնի չէ, թե ով և ինչու է լցրել համացանց: ՊԱԾ-ի ղեկավարության տրամաբանությամբ` ավելի լավ է մարդիկ խոսեն Վահան Մարտիոսյանի մասին, քան Ադրբեջանի հատուկ ծառայությունների կառուցվածքային խնդիրների: Քանի որ, ինչ էլ լինի, Վահանը հայ է, հետն էլ` դավաճան: Իսկ մեկ անգամ դավաճանած մարդը երկրորդ անգամ էլ է դավաճանում…
Ահա և Ադրբեջանի հատուկ ծառայություններն օգտվեցին երջանիկ պատահականությունից և սկսեցին տեղական լրատվամիջոցներից պահանջել` որքան հնարավոր է կշտամբել Վահան Մարտիոսյանին, հանրությանը բացատրել տեղի ունեցող դեպքերի «տրամաբանությունը»: Դա երկարաժամկետ տեղեկատվական արշավ է և դեռ այնքան կտևի, որքան կպահանջվի Գուլիևին` Ադրբեջանի կաթվածահար եղած ՊԱԾ-ի ներքին խնդիրները կոծկելու համար: Եվ, չնայած Գուլիևը վստահ չէ, որ դա իրեն կփրկի, բայց փորձել նա, ուղղակի, պարտավոր է: Քանի որ խաղասեղանին ոչ միայն իր կարիերան է, այլև` գլուխը:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ