Հայր և որդի Սլոյաններ: Մի ընտանիք` որպես մեր եղբայրական եզդի ժողովրդի ողբերգական ճակատագրի մարմնացում: Հեռացավ մարդը` պատերազմի տարիներին Հայրենիքի զոհասեղանին դնելով ոչ միայն իր մարտական աշխատանքը, այլև հոր համար ամենաթանկը` հարազատ որդուն…
Այդ հերոսական ընտանիքն ապրում էր դժվարին պայմաններում: Սեփական պետությունը, ինչպես հաճախ է պատահում, օգնության ձեռք չի մեկնել Սլոյաններին: Իսկ Քյալաշը, ինչպես մեր բազմաթիվ ազատամարտիկներ, երբեք ոչինչ չի խնդրել պետությունից: Նրա միակ խնդրանքն էր` օգնել մարդակերների ճանկերից վերադարձնել որդու գլուխը, որպեսզի հանգստություն գտնի Քյարամը:
Բարեբախտաբար, (չգիտեմ` այս դեպքում կարելի՞ է, արդյոք, օգտագործել այս ապուշ բառը), դա հաջողվել է: Բայց, ասեք, ո՞ր հոր սիրտը կդիմանար այդքան տառապանքներին ու փորձություններին: Դիմանար և չդադարե՞ր խփել…
Հիմա Սլոյանների տունը բարի մարդկանց ջանքերով վերանորոգվել և կարգի է բերվել: Բայց Քյարամն ու Քյալաշը հիմա հեռու են այս աշխարհի ունայնությունից ու անարդարություններից: Հոր և որդու հոգիները, վերջապես, վերամիավորվեցին: Այնտեղ` երկնքում: Ընդմիշտ…
ՊԱՆԴՈՒԽ