Ցեղասպանության բնորոշման մեջ, միջազգային իրավունքի մասնագետ Ռ. Լեմկինը նշում էր, որ ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով: Ցավոք, «ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը չի մտել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի բնագրի մեջ:
Սակայն որևէ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացումը՝ նշանակում է ոչնչացնել այդ ժողովրդի հիշատակը: Հայ ժողովրդի նկատմամբ ազգային-մշակութային ցեղասպանությունը ոչ միայն ճարտարապետական, պատմական և գրական հուշարձանների ոչնչացումն էր, ինչպես այդ անում էին Փոքր Ասիայի թուրքերը Արևմտյան Հայաստանում և Անատոլիայում, «ադրբեջանցիները» (նրանց իրական անունն է ՝ կովկասյան թաթարներ կամ անդրկովկասյան թուրքեր, այսուհետև՝ անդրթուրք, -եր)՝ Նախիջևանում, Արցախում, Ուտիքում, Փայտակարանում, այլև՝ հայ մշակութային գործիչների և արժեքների յուրացումը:
Անդրթուրք «մասնագետները» հայ որոշ գիտնականների և մշակույթի գործիչների հռչակեցին աղվանական գործիչներ, հայկական եկեղեցիները և միայն հայկական մշակույթին հատուկ խաչքարերը՝ աղվանական մշակույթի նմուշներ, իսկ իրենք իրենց՝ աղվանների հետնորդներ, հետևաբար այդ ամենը «ադրբեջանական» է: Սակայն շուրջ 90 տարվա ընթացքում ոչնչացնելով հենց այդ նույն հուշարձանները՝ նրանք ապացուցեցին, որ դրանք իրենց ժառանգությունը չեն: Բացի այդ, «Ադրբեջանում» հրատարակվում են հակագիտական քարտեզներ, որոնցում Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավ-արևելյան մասերը ցուցադրված են իբրև «Ադրբեջանի» տարածքներ: Անդրթուրքերը հավակնում են ոչ միայն հայկական, այլև՝ իրանական, վրացական, դաղստանյան տարածքներին և այդ ժողովուրդների մշակութային ժառանգությանը:
Պետք է նշել, որ պատմական գիտության անդրթուրք «մասնագետները» տարբեր ժամանակներում անդրթուրքերին հռչակում էին մե՛րթ շումերների, մե՛րթ մարերի, մե՛րթ պարսիկների, մե՛րթ սկյութների, մե՛րթ աղվանների հետնորդներ: Քանի-որ որոշ հայ գործիչներ բացահայտորեն շումերներ, պարսիկներ կամ սկյութներ չեն, շատ հարմար է նրանց վերագրել աղվանական ծագում և քանի-որ անդրթուրքերի քոչվոր նախնիները ժամանակավորապես հաստատվել են հիմնականում նախկին Աղվանքի տարածքում, կարելի է այդ գործիչներին աղվաններ հռչակել և յուրացնել նրանց:
Գիտության և մշակույթի հայ գործիչներից «աղվանական մտավորականների ցուցակի» մեջ հայտվել են հայկական իրականության այնպիսի հայտնի և նշանավոր ներկայացուցիչներ, ինչպես պատմագիր Մովսես Կաղանկատվացին (VII դ.), բանաստեղծ Դավթակ Քերթողը (VII դ.), պատմագիր, եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին (1200/1202-1271), իրավագետ, առակագիր, հասարակական և եկեղեցական գործիչ Մխիթար Գոշը (1120-ական թթ.-1213) և ուր.:
Մարդկության կանոնավոր մասի համար նշված անձնավորությունները հայկական միջավայրում ապրած, գործած, ստեղծագործած հայեր են: Դա արձանագրված է բազմալեզու հանրագիտարաններում, հայ, եվրոպացի, ռուս, իրանցի և այլազգի գիտնականների աշխատություններում, ուսումնասիրություններում:
Անդրթուրք յուրացնողներին, կեղծարարներին, գիտության խարդախներին և գրագողներին (ինչպես, օրինակ՝ Զ.Բունիյաթովին, Ֆ.Մամեդովային և այլոց), քննադատել են ոչ միայն հայ, այլև եվրոպացի, ռուս, ամերիկացի, իրանցի ուսումնասիրողներն ու գիտնականները: Սակայն դա չի խանգարում պատմահեններին և ժամանակ առ ժամանակ հայտնվում են գանգուղեղի բորբոքումով հիվանդ անդրթուրքերի նոր կեղծարարություններ:
Որոշ ժամանակ առաջ ինձ հանդիպեց ոմն Բախթիյար Թունջայի հոդվածը՝ «XII դ. աղվանցի (Ադրբեջանցի) մեծ մտածող Մխիթար Գոշը և նրա աղվաներեն լեզվով մինչև մեր օրերը հասած «Դատական կանոնների գիրքը» (Törə Bititqi)» վերնագրով(1):
Մինչև այդ գրվածքի մասին խոսելը, ուզում եմ հիշեցնել մի քանի հայտնի ճշմարտություններ, որոնք չեն ուզում նկատել անդրթուրք կեղծարարները: Խոսքը Աղվանք և Բուն Աղվանք հասկացությունների մասին է: Մեծ Հայք պետության տարածքի և սահմանների մասին հաղորդող բոլոր հին սկզբնաղբյուրները փաստում են, որ արևելքում այն Կուր գետով սահմանակցում էր Աղվանքին (հին հունական սկզբնաղբյուրներում՝ Αλβανία, հին հռոմեական սկզբնաղբյուրներում՝ Albania), ըստ որում, նրա ստորին հոսանքում, տարածվում էր մինչև Կասպից ծով(2):
Մեծ Հայքի բաժանումից (387 թ.) հետո, Սասանյանները, Մեծ Հայքի՝ Կուրի աջ ափին գտնվող տասներկուերորդ աշխարհ Ուտիքից, տասներորդ աշխարհ Արցախից ու Կուրի ձախ ափին գտնվող Աղվանքից, ստեղծել են Աղվանից մարզպանությունը, որը կազմալուծվել է արաբական արշավանքների հետևանքով: Աղվանից մարզպանությունը մտել է Արմինիա վարչական միավորի կազմի մեջ: Այդ ժամանակից, հայկական աղբյուրներում, առաջ եկան երկու հասկացություն՝ «Աղվանք» և «Բուն Աղվանք»:
Աղվանք անվանվում էր նախկին մարզպանության Կուրի աջափնյակը, այսինքն՝ հայկական Ուտիք և Արցախ նահանգների տարածքը, որտեղ շարունակում էին կառավարել հայ նախարարները, Բուն Աղվանք՝ Կուրի ձախափնյակը, այսինքն՝ հիմնականում նախկին Աղվանից պետության տարածքը: Այդպիսով, հայ իրականության մեջ, «Աղվանից» բառով կազմված բառակապակցությունները, օրինակ՝ Աղվանից մարզպանություն, Աղվանից եկեղեցի, ենթադրում են այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանի արևելյան նահանգների՝ Ուտիքի և Արցախի քաղաքական, նյութական և հոգևոր կյանքին:
Հետևաբար, քոչվորների հետնորդների ստոր ձգտումները՝ հայկական գիտության, մշակույթի և գրականության ներկայացուցիչներին յուրացնել՝ նրանց աղվանցի հռչակելով, անհիմն են: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդ գործիչները հայ են, այլև այն պատճառով, որ անդրթուրքերն «ադրբեջանցի» անվանվելով անգամ ոչ մի ընդհանուր բան չունեն բուն աղվանների հետ, որոնց մասին հաղորդում են հին հայ, հին հույն և հին հռոմայեցի պատմագիրները:
Այժմ Թունջայի «ստեղծագործության» մասին: Հիշեցնեմ նրա հոդվածի վերնագիրը՝ «XII դ. աղվանցի (Ադրբեջանցի) մեծ մտածող Մխիթար Գոշը և նրա աղվաներեն լեզվով մինչև մեր օրերը հասած «Դատական կանոնների գիրքը» (Törə Bititqi)»:
Ուշադրություն դարձրեք «աղվանցի (Ադրբեջանցի)» բառակապակցության վրա: «Աղվանցի» հասկացությունը ոչ մի ընդհանրություն չունի «ադրբեջանցի» հասկացության հետ այն հասարակ և պարզ պատճառով, որ Ադրբեջանը (Ατροπατηνή, Ատրպատական, Օզարբոյջան) մարզ է Իրանի հյուսիս-արևմուտքում, Երասխի աջ ափին և Բուն Աղվանքից անջատված էր Մեծ Հայքի տասնմեկերորդ աշխարհ Փայտակարանով: Երասխից հարավ գտնվող միակ և իրական, իրանական Ադրբեջանի մասին տարբեր ժամանակներում խոսել և գրել են բազմաթիվ եվրոպացի, ամերիկացի, ռուս հեղինակներ, ճանապարհորդներ, գիտնականներ, այդ թվում՝ XIX դ. անդրթուրք պատմաբան Ա.-Կ. Բաքիխանովը: Դա հանրահայտ է: Ես չեմ բերի այդ գիտնականների և ճանապարհորդների համապատասխան հատվածները, այլ կսահմանափակվեմ իրանցի գիտնական Էնայաթ Օլլա Ռէզայի խոսքերով՝ նրա «Ադրբեջան և Առան» գրքից (Թեհրան, 1981, պարսկ.). «Եթե քննենք Ցարական Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մինչև 1918-ը տպագրված փաստաթղթերը և բոլոր գրքերը, բացահայտորեն կանդրադառնանք, որ Առան(3) և Շիրվան շրջանները երբեք չեն կոչվել Ադրբեջան, այլ միշտ կոչվել են Առան, Շիրվան և երբեմն՝ Կովկաս» (էջ 51):
Այսպիսով, հոդվածի վերնագիրը կեղծարարության բացահայտ օրինակ է՝ «աղվանական» և «ադրբեջանական» տարբեր հասկացությունները նույնականացնելու միջոցով:
Անդրթուրքի հոդվածն սկսվում է այսպես. «Xll դ. աղվանացի (ադրբեջանցի) մեծ մտածող Մխիթար Գոշի, որին հայ կեղծարարները մատուցում են իբրև հայ գիտնականի, կյանքի և ստեղծագործության մասին տեղեկությունները պահպանված են նրա ցեղակից և հայրենակից Կիրակոս Գյանջեցու «Աղվանից երկրի համառոտ պատմության» մեջ: Xll գլխում (Մխիթար վարդապետի մասին. այն մասին, թե նա որտեղից և ինչպիսին էր) Կիրակոսը գրում է. «Այդ հռչակավոր, իմաստուն և գիտնական [այրը] ծնվել է Գյանջա քաղաքում, քրիստոնյա ծնողների որդի էր…»:
Եվ այսպես, անդրթուրքի համաձայն, հայ «կեղծարարները» աղվանացի մտածողին ներկայացնում են իբրև հայ գիտնականի: Սակայն, տարօրինակ չէ՞ արդյոք, որ «աղվանացի» գիտնականն ունի զուտ հայկական անուն՝ Մխիթար և հայկական մականուն՝ Գոշ: Հայերեն Մխիթարը և՛ հատուկ անուն է, և՛ նշանակում է մխիթարություն, քաջալերություն, սփոփանք, հորդոր, կարեկցություն ևն (տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. 2, Երևան, 1981, էջ 283), իսկ Գոշ բառը (գրաբարում նաև՝ Գօշ) նշանակում է կարճ մորուքով, քարձ, այսինքն՝ սակավամազ (տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. 1, Երևան, 1979, էջ 572), ինչպիսին էր հենց այդ մեծ հայը:
Մեջբերման մեջ մեկ այլ «աղվանցի» է հայտարարվում հայ պատմագիր Կիրակոս Գանձակեցին, ըստ որում՝ «Գյանջեցի» անվամբ, ինչն արդեն ցնդաբանություն է: Աղավաղելով Ուտիքի Գանձակ քաղաքի անվանումը իբրև Գյանջա, անդրթուրքը կարծում է, թե կարելի է «աղվանացնել» և՛ այնտեղ ծնված Մխիթար Գոշին ու Կիրակոս Գանձակեցուն, և՛ հենց քաղաքը: Բացի այդ, Կիրակոս Գանձակեցին չի գրել «Աղվանից երկրի համառոտ պատմություն», այլ՝ «Պատմություն Հայոց»:
Այն, որ Կիրակոս Գանձակեցին հայ է, երևում է նրա «Պատմություն Հայոց» ամբողջ աշխատությունից, էլ չեմ ասում, որ նա մի քանի անգամ ուղղակի նշում է այդ մասին: Օրինակ, իր աշխատության Մուտքում, խոսելով իրենից առաջ գրած պատմագիրների մասին, Կիրակոս Գանձակեցին նշում է. ««Ագաթանգեղոս… եցոյց … զգործս նշանաց … եւ զպատճառս լուսաւորութեան Հայոց աշխարհիս…»(ընդգծումն իմն է – Ս.Ս.), «Եւ զկնի նորա (այսինքն՝ Ղազար Փարպեցուց հետո) Փաւստոս Բիւզանդ, որ զեղեալ իրս պատմէ Հայոց աշխարհիս ընդ պարսիկս եւ ի նոցանէ ընդ մերս»(ընդգծումն իմն է – Ս.Ս.): Հիշելով Մեսրոպ Մաշտոցին, Գանձակեցին գրում է. «Իսկ սուրբ վարդապետն Մեսրոպ, իբրեւ ելից զերկիրս Հայոց ուսմամբ եւ թարգմանութեամբ, յանձն առնէ զամենայն կաթողիկոսին Սահակայ, եւ ինքն գնացեալ յԱղուանս՝ առնէ եւ նոցա նշանագիրս…» (Պատմություն Հայոց, գլուխ Ա, ընդգծումն իմն է – Ս.Ս.):
Բացի այդ, Կիրակոս Գանձակեցին իր պատմության մեջ գործածում է հայոց տոմարը (գլուխ 14):
Այսպիսով, Կիրակոս Գանձակեցին ինքը ներկայանում է հայ և նրա ազգային պատկանելիության մասին վկայությունների առկայության դեպքում, նրան դարձնել աղվանացի կարող են միայն անբարոյական, ստոր և անարգ արարածները:
Ուզում եմ ուշադրություն դարձնել մեջբերման մեջ կեղծարարի հետևյալ նախադասությանը. «Xll գլխում (Մխիթար վարդապետի մասին. այն մասին, թե նա որտեղից և ինչպիսին էր) Կիրակոսը գրում է…»:
Նայենք Կիրակոս Գանձակեցու երկի 12-րդ գլուխը… և, ի՜նչ սարսափ: 12-րդ գլխում ոչ մի խոսք չկա Մխիթար Գոշի մասին: Գանձակեցին Գոշի մասին սկսում է պատմել 13-րդ գլխից: Ինչպես ասում են՝ Թունջայի մտավոր և գիտական ունակությունների մասին մեկնաբանություններն ավելորդ են:
Այնուհետև, Թունջայը, Մխիթար Գոշի մասին առաջին նախադասությունը ներկայացնում է այսպես. «Այդ հռչակավոր, իմաստուն և գիտնական [այրը] ծնվել է Գյանջա քաղաքում, քրիստոնյա ծնողների որդի էր…»: Իսկ Կիրակոս Գանձակեցին գրում է. «Հռչակաւորն այն եւ մեծիմաստն գիտութեամբ՝ էր քաղաքէն Գանձակայ, քրիստոնեայ ծնողաց զաւակ…» (Կիրակոս Գանձակեցի, գլուխ ԺԳ):
Կիրակոս Գանձակեցու երկից բերված հետագա քաղվածքներում Գանձակեցու հիշատակած Հովհաննես Տավուշեցին անդրթուրքի մոտ ներկայանում է մե՛րթ Տավուզեցի, մե՛րթ Տավուշեցի, Կիրակոս Գանձակեցու Սեաւ լեառն (Սև լեռ, Կիլիկիայում) անդրթուրքի մոտ վերածվում է Գարադաղի, Տանձուտը՝ Տանջուկի ևն:
Ձգտելով «ապացուցել», որ Մխիթար Գոշը աղվանացի է, անդրթուրքը, վկայակոչելով Օրբելուն, մեջբերում է հատված Գոշի «Աղվանական ժամանակագրությունից» (այդ գործի հայերեն բնագիրն է՝ «Շարք հայրապետացն Աղուանից»), որտեղ հիշատակվում են Առան, Գանձակ (անդրթուրքի մոտ՝ Գյանջա), Խաչեն, Խայտերք (սա Հաթերքն է, Արցախի գավառներից մեկը՝ Խաչենի կենտրոնում) տեղանունները: Եվ այնուհետև եզրակացնում է. «Եվ այսպես, Մխիթար Գոշի աղվանական ծագումը կասկածանքի ենթակա չէ: Եվ որ նա ծնվել է Ադրբեջանում, Գյանջա քաղաքում անվիճելի է: Անվիճելի է նաև այն, որ նա եղել է իր ժամանակի մեծագույն քրիստոնյա աստվածաբանը: Այդ մասին նույնպես հաղորդում է Կիրակոսը իր «Պատմության» մեջ (գլուխ lV):
Անկասկած, Գոշը եղել է իր ժամանակի քրիստոնյա մեծագույն աստվածաբանը, սակայն Կիրակոս Գանձակեցու երկի 4-րդ գլխում չկա այդ արտահայտությունը, որը մեջբերում է անդրթուրքը: Բացի այդ, Գոշը ծնվել է, Մեծ Հայքի 12-րդ աշխարհ Ուտիքի Գանձակ քաղաքում և ոչ թե Ադրբեջանում (Ատրպատականում), որը գտնվում է Երասխից հարավ: Ի դեպ, հայկական աղբյուրներում Ուտիքի Գանձակն անվանվում է նաև Գանձակ Հայոց, Գանձակ Առանի՝ ի տարբերություն նշված Ադրբեջանի համանուն քաղաքի:
Մի քանի խոսք Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասին:
Անդրթուրքը, «աղվանացնելու» համար «Դատաստանագիրքը» և կաթողիկոսին, որի խնդրանքով Գոշը կազմել է այն, գրում է. «Հայտնի է, որ հեղինակը չի հասցրել վերջացնել այդ գիրքը, որը սկսել է գրել Աղվանքի կաթողիկոս Ստեփանոսի հորդորանքով»:
Վերն ասվեց, որ հիշատակությունները Աղվանքի, տվյալ դեպքում՝ Աղվանից եկեղեցու մասին, վերաբերում են հայկական իրականությանը, Հայաստանի արևելյան նահանգներին, և Ստեփանոս կաթողիկոսը որոշակիորեն չի կարող լինել աղվանացի, այլ՝ հայ: Դա գիտեին նաև «Դատաստանագիրքը» ղփչաղերեն թարգմանողները, որոնք Ստեփանոսին անվանում են հայերի կաթողիկոս:
Բացի այդ, ղփչաղերեն թարգմանությունում մեջբերվում է Գոշի դիմումնագիրը Ստեփանոսին. «Աղաչում եմ քեզ, ով պատվական գլուխդ բոլոր եկեղեցաց հայոց, մի համարիր ցաքուցիր այն հոգևոր պարտականությունը, որ դրեցիր ինձ վրա» (ընդգծումն իմն է – Ս.Ս.)(4):
Հայտնի է, որ լեհահայերը դատավարում էին ըստ «Մխիթար Գոշի (XII դ.) «Դատաստանագրքի» 1528 թ. ղփչաղերեն թարգմանության, որի լեհերեն թարգմանությունը ներառվել է Լվովի և Կամենեցի հայերին համապատասխան իրավունքներ տալու մասին Սիգիզմունդ I-ի, 1519 թ. մարտի 5-ի հրամանի մեջ [Lewicki, Kohnowa 1957: 158-160]»(5).
Ահա ինչ է գրում անդրթուրքը Գոշի «Դատաստանագրքի» ղփչաղերեն թարգմանության մասին. «Այդ մեծ աղվանցի (ադրբեջանցի) մտածողի ամենանշանավոր ստեղծագործությունը հանդիսանում է «Törə bitiqi»-ն (Դատական օրենքների կանոններ): Այդ ստեղծագործությունը մինչև մեր օրերը հասել է աղվաներեն(ղփչաղերեն) լեզվով (Вортс. 1916 / ll; Вен. 468; Пар. Арм 176)»: Գրում է նաև. «Ինչ վերաբերում է «Դատաստանագրքին», այն հայերենից թարգմանվել է լատիներեն, ապա լատիներենից՝ լեհերեն, և վերջապես՝ լեհերենից՝ աղվաներեն (ղփչաղերեն) լեզվի»:
Ինչպես երևում է այդ մեջբերումից, անդրթուրքն ակամա ընդունում է, որ «Դատաստանագրքի» բնօրինակը հայերեն է, որից թարգմանվել է լատիներեն: Ինչ վերաբերում է «աղվաներեն(ղփչաղերեն) լեզվին», ապա դա անդրթուրքի հերթական կեղծիք, հնարանք-ցանկությունն է. ոչ մի խոսք չի կարող լինել գոյություն չունեցող «աղվաներեն(ղփչաղերեն) լեզվի» մասին:
Ղփչաղերեն լեզվի հայտնի մասնագետ Ալեքսանդր Գարկավեցը գրում է.
«Քրեական և քաղաքացիական կանոնների համակարգման նպատակով իրականացվել է Մխիթար Գոշի XII դ. «Դատաստանագրքի» թարգմանությունը հայերենից լատիներեն, այնուհետև, 1519 թ.՝ լատիներենից լեհերեն և վերջապես, 1528 թ. լեհերենից՝ հայ-ղփչաղերեն: 1519 թ. Սիգիզմունդ I-ի հաստատած «Դատաստանագիրքը» գործածվում էր ավելի ուշ հայ-ղփչաղերեն, և, հնարավոր է, լեհերեն տարբերակներով»(6):
Յուրացնելու մոլուցքով հիվանդ անդրթուրքը միայն կարող է հայ-ղփչաղերեն դատաստանագիրքը ներկայացնել իբրև «աղվաներեն(ղփչաղերեն)»: Եվ, վերջապես, Գոշի «Դատաստանագիրքը» չէր կարող կազմվել աղվանների համար, որոնք XII դ. գոյություն իսկ չունեին (7):
Ի դեպ, Գոշի «Դատաստանագրքի» վերաբերյալ իր հերյուրանքները «հաստատելու» համար, անդրթուրքը մեջբերում է գիտնականներին հայտնի շահախարդախ պատմաբան Զ.Բունիաթովի մտքերը՝ դրանով իսկ Թունջայի հոդվածը դատապարտված է անհաջողության:
Անդրթուրքի խեղաթյուրումների համեմատությունը Մխիթար Գոշի և Կիրակոս Գանձակեցու աշխատություններից բերված անգամ համառոտ քաղվածքների հետ, ապացուցում են, որ ապարդյուն են նենգափոխության և հայ գործիչներին «աղվանացնելու» փորձերը և ազգային-մշակութային ցեղասպանության գործողություն իրականացնելը:
Մխիթար Գոշը և Կիրակոս Գանձակեցին ապրել և գործել են հայկական միջավայրում, նրանց գործերն արտացոլում են հայկական իրողությունները, գրված են հայերեն լեզվով, կրում են հայոց ոգին, իսկ յուրացնել այդ ոգին՝ անհնար է:
Սեդրակ ՍԱՅԱՍ
—————————-
1. Տե՛ս https://bextiyartuncay.wordpress.com/2012/03/02/великий-албанский-азербайданский-мы.
2. Տե՛ս «Великая Армения и скулеж продажных лжецов» հոդվածը (http://voskanapat.info/?p=16748&l=ru).
3. Առան – Մեծ Հայքի արևելյան տարածքները: Կոչվել է հայկազուն Առանի անունով: Հիշատակվում է նաև պարսկական, արաբական, վրացական աղբյուրներում (Ռան, Արան, Ալ-Ռան, Ռանի): Սկզբնապես ընդգրկել է Արցախի Մեծառանք և Ուտիքի Առանռոտ ու Առանձակ գավառները: Արաբական աղբյուրներում՝ Երասխ գետից մինչև Կովկասյան լեռներն ընկած տարածքի անվանումը:
4. А. Гаркавец, Кыпчакские армянописьменные рукописи в Польше (http://www.qypchaq.unesco.kz/Memorials-Rus.htm)
5. А. Гаркавец, Загадочные украинские армяне… (http://old.unesco.kz/qypchaq/Docs/These_Mysterious_Ukrainian_Armenians.pdf).
6. Նույն տեղում:
7. Տե՛ս http://dezaz.info/psevdoalbanskaya-literatura-i-apologeti/.
Սեդրակ ՍԱՅԱՍ