Անվտանգությանը վերաբերող խնդիրների քննարկումը որակական լուրջ ձեռքբերում ունի

Հայաստանի և Արցախի համար չկա ավելի կարևոր խնդիր, քան անվտանգությունն է։ Շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված պետություններով՝ հայկական երկու պետությունները հիմնադրման առաջին իսկ օրից գտնվում են պատերազմական իրավիճակում։ Նման պայմաններում մնացած բոլոր հարցերը՝ կլինի դա տնտեսական անվտանգություն, սոցիալական զագացում և այլն, ստորադասվում են անվտանգության հիմնախնդիրներին։ Ցավոք, իրականությունն այն է, որ Հայաստանն այսօր չունի լավ կամ վատ ապրելու ընտրություն։ Խնդիրն այսօր մեկն է՝ ապրել։

Ուստի շատ կարևոր է, որ անվտանգության վերաբերող խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիներն ուսումնասիրվեն գիտական մակարդակով։ Մի բան, որը Հայաստանում դեռևս զարգանալու երկար ճանապարհ ունի։ Բայց առաջին քայլերն արդեն արված են և այսօր, ուրախ եմ տեղեկացնելու մեր ընթերցողներին, որ Երևանի Պետական Համալսարանը հանրության ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, փորձագետ Դավիթ Ջամալյանի «Թուրք-ադրբեջանական վտանգը և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» աշխատությունը։

Հեղինակը, ով Voskanapat.info-ի ամենասիրելի գործընկերներից մեկն է, գրքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի ամենաքննադատելի խնդիրներից մեկին՝ երկու ժողովրդների՝ տվյալ պարագայում հայերի և թուրքերի միջև, առկա քաղաքակրթական և էթնոքաղաքական հակասություններին։ Հենվելով պատմական փորձին՝ Դավիթ Ջամալյանը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հակամարտությունը «ցիկլային» բնույթ է կրում, ինչն էլ անհնարին է դարձնում դրա հաղթահարումը պատմական կարճ ժամանակահատվածում։ Ուսումնասիրելով Ադրբեջանի և Թուրքիայի ներսում ընթացող գործընթացները՝ հատկապես հայատյացության քարոզչության հետևողական շարունակությունն ու դրա ընկալումը հարևան ժողովրդի կողմից՝ Ջամալյանը հանգում է այն եզրակացության, որ թուրքական այդ երկու պետությունների հանդեպ Հայաստանի մոտեցումները պետք է ավելի կշռադատված և իրատեսական լինեն։ Գրքի հեղինակը հատկապես վտանգավոր է համարում տարածքային զիջումների միջոցով ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առաջարկված և առաջարկվող տարբերակները։ Դավիթ Ջամալյանը դրանք ինքնասպանություն է կոչում։

«Թուրք-ադրբեջանական վտանգը և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» գրքում առանցքային են Արցախին և հատկապես հայկական երկրորդ պետության տարածքային ամբողջությանը վերաբերող խնդիրները։ Դավիթ Ջամալյանը հիմնավորված փաստարկներով ցույց է տալիս, թե անվտանգության տեսակետից ինչ կարևոր նշանակություն ունեն ազատագրված տարածքները և թե ինչու չի կարելի դիտարկել դրանք սակարկելու ճանապարհով խաղաղություն որոնելու հնարավորությունը։ Իր այս գաղափարը հեղինակը հիմնավորում է իրավաքաղաքական կարևոր և համոզիչ փաստարկներով։ «Արցախը պետք է մնա հայապատկան իր ներկայիս սահմաններում, քանզի հակամարտությունն Ադրբեջանի հետ ունի անընդհատ բնույթ, և ըստ այդմ՝ միայն Արցախի ներկա տարածքն է հուսալի խաղաղության երաշխիք», ֊ գրում է Դավիթ Ջամալյանը։

Հեղինակը բարձրացված հարցին մոտեցել է նաև միջազգային փորձի տեսադաշտից՝ նշելով, որ միջազգային հարաբերությունների պատմությանը հայտնի չէ գեթ մեկ նախադեպ, երբ տարածքային զիջումներով կարգավորվի հանրույթի ինքնորոշման իրավունքի իրացման պատճառով ծագած հակամարտությունը։ Ուսումնասիրելով պատմական փորձը՝ Դ. Ջամալյանը պնդում է. «…երբևէ չի եղել այնպես, որ անկախ պետականություն կերտող, ինքնորոշված որևէ հանրույթ նախկին մետրոպոլիայի կողմից որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու դիմաց նրան տարածք զիջվի»։ Ջամալյանն ընդհանրապես հստակ ցույց է տալիս, որ «տարածք ճանաչման դիմաց» բանաձևը բառի բուն իմաստով աննախադեպ է և սնանկ։

Սակայն, որքան էլ հարուստ լինի ներկայացվող գիրքը տրամաբանված փաստերով ու եզրահանգումներով, կարծում եմ, այս աշխատության հիմնական արժեքն այն է, որ հեղինակը բոլոր խնդիրներին մոտենում է հայաստանակենտրոն քաղաքականության դիրքերից։ Որքան էլ տարօրինակ չհնչի, բայց հայ քաղաքագիտական ժամանակակից մտքի համար սա նոր հարթվող ճանապարհ է։ Հայակենտրոն միտքը տեսանելի է գրքի յուրաքանչյուր էջում, յուրաքանչյուր տողում։ Եվ սա իսկապես այն է, ինչն այնքան անհրաժեշտ է թե՛ մեր հանրությանը և թե՛ պետական իշխանությանը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր