Ֆրանսիայի նախագահի թեկնածուների արժեհամակարգային ընտրությունը

Նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին փուլը Ֆրանսիայում հետաքրքիր անակնկալ էր պատրաստել հայերի համար։ Մեկ օրվա ընթացքում նախագահի երկու հավակնորդ թեկնածուներ՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, ուշագրավ հայտարարություններ են արել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբրեյալ։ Պատասխանելով հայկական Nouvelles d’Armenie թերթի հարցերին՝ նրանցից առաջինը հայտարարել է, որ 1921թ. Ստալինը կամայականորեն անջատել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից հօգուտ Ադրբեջանի, իսկ վերջինս, օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, անցած տարվա ապրիլին փորձել է բռնի ուժով տիրանալ Արցախին։ Մարին Լը Պենն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ հայկական երկրորդ պետությունը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ։

Իհարկե, հասկանալի է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուները նման հայտարարություններով ցանկանում են շահել տեղի հայ համայնքի համակրանքն ու ձայները։ Նախագահ ընտրվելուց հետո ամենայն հավանականությամբ նրանք կվերադառնան այն հռետորաբանությանը, որն ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ Ֆրանսիան համանախագահող երկիր է։ Բայց այս փուլում դա չէ կարևոր։ Կարևորն այն է, որ Ֆրանսիայի պես երկրում արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը՝ ընդ որում դրա հայամետ լուծումը, դառնում է քաղաքական օրակարգի հարց։

Ավելի քան վստահ եմ, որ նման հայտարարություններով, ֆրանսիացի քաղաքական գործիչները միայն հայերի ձայների ետևից չեն գնում։ Աշխարհաքաղաքական առումով մեկ այլ կարևոր խնդիր էլ է լուծվում՝ նրանք ցույց են տալիս իրենց նվիրվածությունը թուրքական գործոնի՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և սևծովյան տարածաշրջանում զսպելու ֆրանսիական արդեն իսկ ավանդական քաղաքականությանը։ Այսինքն, խոսելով Արցախը Հայաստանին վերամիավորելու անհրաժեշտության մասին, նրանք, ըստ էության, նաև մատնանշում են, թե քաղաքակրթական և արժեհամակարգային տարածաշրջանային պայքարում որ ճամբարին են հարում։ Ֆրանսիացի ընտրողի համար սա շատ կարևոր հանգամանք է։

Հատկապես հիմա, երբ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն այդքան բացասական արձագանքներ գտան արևմտյան Եվրոպայի երկրներում, Ֆրանսիայի նախագահի թեկնածուները չեն կարող հաշվի չնստել հասարակական կարծիքի հետ։ Առավել ևս, որ ընդամենը մեկ ամիս առաջ Հոլանդիայում հակաթուրքական ալիքի շնորհիվ վարչապետ Մարկ Ռյուտեն կարողացավ կրկին շահել ժողովրդի վստահությունն ու հաղթել ընտրությունների ակնհայտ ֆավորիտ, պոպուլիստական մոտեցումներով աչքի ընկնող Գերտ Վիլդերսին։ Այնպես որ, կարելի է վստահ լինել, որ անկախ ընտրությունների արդյունքներից, Ֆրանսիայի հաջորդ նախագահը նույնպես աչքի կընկնի հայամետ դիրքորոշմամբ, ինչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև արցախյան հակամարտությունը կարգավորելուն ուղղված բանակցային գործընթացի վրա։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S. 
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայամետ հայտարարությունները բավական ծիծաղելի իրավիճակում են դրել ադրբեջանական կողմին։ Ծանոթանալով Ֆրանսուա Ֆիյոնի դիրքորոշմանը՝ Ադրբեջանի պետական քարոզչությունն սկսել է հորդորել Ֆրանսիայում բնակվող իրենց հայրենակիցներին քվեարկել Մարին Լը Պենի օգտին։ Սակայն վերջինիս նմանատիպ հայտարարությունն էլ ավելի է խճճել ադրբեջանցիներին։ Խեղճերը չգիտեն ինչպես վարվել։ Երևի ճիշտը Ֆրանսիայից արտագաղթելն է։

Կապված նյութեր