Հիասթափված եմ, որ ՀԱԿ-ը 1 %-ից ավել ձայն է հավաքել

Հիասթափված եմ, որ ՀԱԿ-ը 1 %-ից ավել ձայն է հավաքել։ Ասել էի՝ 1 %-ը չպիտի անցնի… Փաստորեն կանխատեսվածից մի փոքր ավել էր պոտենցիալ դավաճանների ու հայատյացների թիվը։ Ինչևէ, էդ էլ իր դրական կողմն ունի՝ դրսի աչքին արժանահավատ կթվա…

Այսպիսով, ժողովուրդը հողատվությամբ ու քամակները բաց թշնամուն դեմ կանգնելով «խաղաղություն» մուրացողներին ուղարկեց գրողի ծոցը, ընտրելով անվտանգություն, զարգացում և առաջընթաց։ Չզիջելով՝ ևս մեկ անգամ ելք թողնելով դեպի ներքին որակական փոփոխություններ։

Մեկ տարի առաջ մեր բանակի, զինվորների կյանքի գնով ապացուցվեց, որ մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու և դեռ ստանալու ունենք, իսկ հիմա էլ քաղաքականապես ապացուցվեց դա, լեգիտիմացնելով իշխանություններին և տալով նրանց 1,65% թիվը՝ մեզ պարտադրվող զիջողականության դեմ կռվելու համար, հողատվությունը մեր վզին փաթաթողների աչքը մտցնելու համար։

Այս պահին պետական ապարատն ունի թե՛ ռազմական, և թե՛ հանրային աջակցությունը՝ Արցախի հարցում 100% ճնշում բանեցնելու և վստահ մեր շահը առաջ տանելու համար։ Մնում է բանակցող կողմն էլ ցույց տա իր ողնաշարի ամրությունը և մտքի ճկունությունը։

Ինչ վերաբերվում է ժողովրդին… ժողովրդին չվիրավորեք։ Հա՛, ատելության դոզան մեծ է, հա՛, անգրագիտությունը մեծ է, բայց չվիրավորեք։ Տարիներ ի վեր չեք զբաղվել ազգային արժեհամակարգի պրոպագանդայով, տնտեսական բարեկեցությունը գերապատվել եք ազգային տեսակային լինելիությանը, «որտեղ հաց այնտեղ կացը սարքել եք» կյանքի բանաձև, փողը դարձնելով միակ և գլխավոր արժեքը երկրում… Արհամարելով հոգևո՜րը, ոգեղե՜նը, ազգայի՜նը, Հայրենի՜ն…

Հիմա հնձում եք այն՝ ինչ ցանել եք, ավելի ճիշտ այն՝ ինչ աճել է անմշակ հողում, քանի որ այգեպանները առավելապես զբաղված էին խնջույքներով և ոչ մշակությամբ ու սերնդի դաստիարակությամբ՝ այդ գործը հանձնելով տարատեսակ ՀԿ-ների և այլասերված խմբերի։

Երեկ ընտրատեղամասերից մեկի պատին, որը մանկապարտեզի շենք էր, փակցված էր երեխային ծնողի դեմ տրամադրող ցուցանակ… Եւ այսօր էլ, եթե չլինեն աչալուրջ ուժեր, կան որոշ տխմարներ, որ դեռ փորձում են այդ «արժեքները» բերել մեր կենցաղ…

Դուք կարող եք մեղադրել ժողովորդին միայն այն դեպքում, երբ կզբաղվեք հանրության գիտակցական կրթությամբ, երբ ուտելը չեք քարոզի իբրև ապրելու նպատակ, այլ դրան կտաք իրեն հասանելիք՝ միջոցի տեղը։ Երբ երկրում բոլոր եվրոպամետները, ռուսամետները, իրանամետները, չինաստանամետները, ամերիկամետները նախ և առաջ կլինեն Հայամետ, Հայաստանակետնրոն։ Երբ Հայաստանի ապագան ներկայացնելիս՝ չեք փորձի նրան դարձնել Սինգապուր, Իսրայել, Շվեյցարիա կամ այլ՝ ոչ Հայկական երկիր։ Այլ ամեն անգամ խոսելով ՄԵՐ Ազգի ապագայից, ՄԵՐ Հայրենիքի համար օրինակ կբերեք հենց ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ իր ամեն հաջորդ օրն ավելի լավը, ավելի հզոր լինելու տեսլականով և դրա գործնական ապացույցով։ Այո, «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»-ն պետք է լինի լոկոմոտիվը, քանի որ ամեն վաղվա Հայստանը է՛լ ավելի լավն ու հզորը պետք է լինի այսօրվա Հայաստանից և Վաղվա Հայաստանը միշտ պիտի գա, անկախ նրանից, թե այլ երկրներ կլինե՞ն մեր կողքին, թե՝ ոչ։

Հանրությունն այս էլ հերթական անգամ տվեց հնարավորություն պետությանը՝ ուղղելու իր ողնաշարն արտաքին քաղաքականության մեջ… մնաց մեր պետությունը դրսևորի իրեն արժանի և չկոտրի ազգի ողնաշարը՝ աստիճանաբար մաքրելով դաշտը ամեն տեսակ պարազիտներից, կրթելով և ճանապարհ բացելով կառուցող, արարող, ստեղծագործ հայի համար, ճանապարհ բացելով դեպի ՄԵԾ ՀԱՅՔ…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Կապված նյութեր