Եկեք Հայաստան: Երկրագնդի վրա ոչ մի տեղ Հայաստանի նման երկիր չկա: Այն խիստ է և մեղմ, փոքր և մեծ, կանխատեսելի և անկանխատեսելի: Այն լրիվ իրական է և անվտանգ:
Այստեղ կարելի է մի ամբողջ ամիս նստել փոքրիկ մի փողոցում և մեկ գավաթ սուրճով վայելել ճնճղուկների խաղը: Այստեղ կարելի է սար բարձրանալ և օդի մաքրությունից լացել, կամ էլ` ծիծաղել` կախված տրամադրությունից: Այստեղ կարելի է ժպտալ անծնանոթ անցորդին և անխոս տրտմել աղմկոտ ընկերների շրջապատում: Այստեղ կարելի է հրապարակում պարել և փողոցում երգել: Այստեղ ամբոխը վտանգավոր չէ, շուկաներն աշխույժ են, երեխաները` արտահայտիչ աչքերով, կանայք` գեղեցիկ:
Այստեղ երես առած ճանապարհորդներին բնորոշ շատ բան չկա: Բայց ամեն ինչ փոխվում է: Հայերը համառ են (ինչպես նաև թերությունների հարցում), բայց հյուրասեր, և մի օր մենք բոլորս կարթնանանք, և մեր շուրջն անգամ թքելու տեղ չի լինի. ամեն ինչ մաքուր և փարթամ կլինի:
Մի սպասեք մինչև գան այդ ժամանակները, եկեք այսօր, որովհետև վաղը այստեղ տարիներով հերթ պիտի կանգնեք: Եվ ահա այս ծիրանները, սարերը, մարդիկ, լավայի դաշտերը, լավաշի մեջ փաթաթված այս երեխաները, արևը, այս գետերը, գինին, այս հաճելի օրերը. ձեզ բաժին չի հասնի այս ամենից:
Նատալիա ԶԱԼԻԲԵԿՅԱՆ