Բանակի հանդեպ սերն ապացուցել մասնակցությամբ և ոչ թե խոսքով

Մենք հաճախ և արդարացիորեն խոսում ենք մեր բանակի մասին` որպես հայկական երկու պետությունների անկախության և հայ ժողովրդի խաղաղ կյանքի միակ երաշխավորի: Հպարտանում ենք մեր հերոսներով, միմյանց պատմում նրանց սխրանքների մասին: Այդ ամենն անհրաժեշտ է և ամենակարևորը` ճշմարիտ, քանի որ մեր Բանակը, հիրավի, արժանի է ամենաբարի խոսքերի և փառաբանման, համազգային սիրո:

Բայց մեր Բանակը ոչ միայն սիրո կարիք ունի, այլև` մեր իրական մասնակցության: Բանակում ծառայող, գիշեր-ցերեկ հայոց երկիրն իր կրծքով պահող զինվորի համար շատ կարևոր է իմանալ, որ ժողովուրդը գնահատում է իր մարտական գործը: Մենք վերաբերում ենք նրանց` որպես մեր հայրենիքի ամենակարևոր պաշտպանի, և դա, իրոք, այդպես է: Նրանց խիզախությունը միշտ տեղն է, բայց, ըստ էության, նրանք 18-20 տարեկան տղաներ են: Ցավոք, մենք, խրված լինելով սոցիալ-կենցաղային և տնտեսական խնդիրների մեջ, միշտ չէ, որ մեր տղաներին այնքան ուշադրություն ենք դարձնում, որքան պետք է:

Արդեն շուրջ 7 տարի է` մեր փառավոր գումարտակը` «Ոսկանապատը» և Voskanapat.info կայքը, իր հնարավորությունների սահմանում պարբերաբար աջակցում է մեր Բանակին: Այսօր էլ մենք շարունակում ենք մեր արշավը. մարտական դիրքեր ենք հասցրել մեր պատրաստած նվերները: Դրանք Կալաշնիկով ինքնաձիգի փամփշտակալի արագ լիցքավորման համար նախատեսված համակարգեր են:

Մի քանի ամիս առաջ ոսկանապատցի Տիգրան Սարգսյանն համացանցում տեսել էր, թե ինչպես են աշխատում այդ համակարգերը: Նա դրանցից մի օրինակի փորձարկումն արագ կազմակերպել էր, որից հետո «Մոնրեալ Զինվոր» խմբի անդամների ջանքերով Հայաստանում կազմակերպվեց նմանօրինակ համակարգերի արտադրություն: Եվ այսօր ես ուրախ եմ հայտնել, որ մարտական նշանակության մեր առաջին արտադրանքն արդեն հայոց հողի պաշտպանների ձեռքում է:

Բացի լիցքավորիչներց, մեր զինվորների համար նաև տեսահսկման սարքեր ենք տարել, ոորնք ևս ձեռք են բերվել «Մոնրեալ Զինվոր» և նոր կազմավորված` «Տորոնտո Զինվոր» խմբերի կողմից:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր