Մարգարիտա Վարդանի Սարգսյան (1960-1993)
Նայելով այսօրվա խաղաղ և բարեկարգված Ստեփանակերտին` դժվար է պատկերացնել, որ ավելի քան 20 տարի առաջ այստեղ պատերազմ էր ընթանում:
1991-1992թթ. ձմռանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը սկսեց պարբերաբար հրթիռակոծվել Շուշիում, Ջանհասանում, Խոջալուում, Մալիբեյլուում և Կրկժանում տեղակայված թշնամու հենակետերից: Հայկական հողը ցնցվում էր, թղթե տնակների պես փլվում էին բազմաբնակարան շենքերը: Մահացու կրակից և ավերումից փրկվել հնարավոր չէր ոչ մի տեղ: Քաղաքը դատարկվել էր` աստիճանաբար վերածվելով ամայացած հրդեհավայրի: Չկար էլեկտրականություն, ջեռուցում, վառելիք, պարենամթերք և խմելու ջուր: Միջազգային հանրության բացարձակ թողտվության պայմաններում տարածաշրջանում իսկական հումանիտար ճգնաժամ էր, իսկ 50 հազար բնակչություն ունեցող քաղաքը գտնվում էր լիովին վերացման եզրին:
Զենք բռնելու ընդունակ բոլոր տղամարդիկ կռվում էին երիտասարդ հանրապետության ռազմաճակատում: Արցախի մայրաքաղաքի ամայացած, պարբերաբար հրթիռակոծվող փողոցներում հատուկենտ կանայք էին երևում:
Այսպիսի արտահայտություն կա` «Պատերազմը կնոջ դեմք չունի»: Դա, իհարկե, այդպես է: Բայց մեր կանայք, այդ աստվածուհիները, Հայոց աշխարհի այդ փափկասուն կույսերը նույնպես հայրենիքի համար դժվար պահին մեկնել են ռազմաճակատ: Նրանք իրենց զգեստներն ու բարձրակրունկները փոխելով զինվորական համազգեստի և զինվորական ծանր կոշիկների հետ, ուսն առնելով Կալաշնիկովի ավտոմատն ու ուսապարկը` շարք են կանգնել իրենց ամուսինների, հայրերի և եղբայրների հետ:
Արցախյան պատերազմի ընթացքում հայ կանայք աչքի են ընկել անձնվեր ծառայությամբ` ոչ միայն բժշկական ստորաբաժանումներում: Ակտիվ ռազմական գործողությունների ալիքը սկսվելուց հետո ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը, տեղի տալով հայ կանանց պահանջներին, որոշում է ընդունել` հատուկ կանանց գումարտակ ստեղծելու մասին, որին անմիջապես անդամագրվել են մեր բազմաթիվ հայրենակիցներ: Բայց բոլոր չէ, որ կարողացել են տանել ռազմասպորտային մարզումների և մարտական պատրաստության չափից շատ ծանրաբեռնվածությունը: Եվ, չնայած կանանց գումարտակի գաղափարն այդպես էլ իրականություն չդարձավ, բայց այն հերոս կանայք և աղջիկները, ովքեր կարողացան նախապատրաստական փուլը մինչև վերջ անցնել, հետագայում, ընդգրկվելով Արցախի ՊԲ գործող ստորաբաժանումներում, մինչև վերջ կատարել են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը:
Նրանց թվում էր Մարգարիտա Սարգսյանը:
Մարգարիտան ծնվել է 1960թ. փետրվարի 13-ին Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղում:1967թ. հաճախել է գյուղի միջնակարգ դպրոց: Գերազանց սովորում էր, աչքի էր ընկնում սուր մտքով և բնածին մաթեմատիկական ունակություններով: 4-րդ դասարանում մաթեմատիկայի օլիմդիադային առանց դժվարանալու լուծել էր բարձր դասարանցիների համար նախատեսված առաջադրանքները: Եվ զարմանալի չէ, որ երբ չորրորդ դասարանն ավարտելուց հետո Մարգարիտայի ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ, տաղանդավոր աղջկան միանգամից ընդունեցին մաթեմատիկական թեքմամբ դպրոցի 6-րդ դասարանում:
1976թ. Մարգարիտան ավարտելով դպրոցը` ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի հեռակա բաժին: Ուսմանը զուգահեռ աշխատում էր Ղարաբաղի «Մետաքս կոմբինատ»-ում, որտեղ շարքային ջուլհակուհուց հասել էր հերթափոխի ղեկավարի պաշտոնին: Բացի դրանից, համարվում էր ձեռնարկության կոմերիտական կազմակերպության քարտուղարը:
Վաղ տարիքից Մարգարիտան սիրում էր սպորտ: Տղաներին հավասար` գնդակով խաղում էր, ձի էր քշում, հիանալի շախմատ էր խաղում, բայց առանձապես սիրում էր հրաձգություն, որով, ինչպես և շախմատով, հաղթում էր մրցումներում:
Արժե՞, արդյոք, զարմանալ, որ պատերազմի հենց սկզբից խիզախ աղջիկն ու հիանալի հրաձիգը երազում էր միանալ կռվողներին: Եվ կանանց գումարտակ ստեղծելու մասին լուրը Մարգարիտին մեծ ուրախություն պատճառեց: Գեղեցիկ ու բարետես աղջիկը այլ աղջիկների հետ անդամագրվեց ջոկատին, գերազանց անցավ նախապատրաստական փորձությունը:
1992թ. սեպտեմբերի 1-ից աղջիկները մարտական պատրաստություն անցան Շուշիի ուսումնա-սպորտային գումարտակում: Հենց այդտեղ Մարգարիտան ստացավ օպտիկական նշանառության կետով հրացան, որից այլևս երբեք չբաժանվեց:
Եռամսյա մարտական նախապատրաստություն անցնելուց հետո աղջիկների խումբը, որի կազմում էին` Մարգարիտա Թառանյանը, Մարգարիտա Սարգսյանը և Անահիտ Թամրազյանը, մեկնեց մարտական գործողությունների գոտի` Շուշիի շրջանի Շրլան գյուղ: Երկու օր անց Ստեփանակերտի 8-րդ վաշտը սկսեց որոշիչ հարձակման անցնելու նախապատրաստությունը` Շուշիի շրջանը թշնամուց վերջնականապես ազատագրելու նպատակով: Դասակի հրամանատար Ալբերտ Ոսկանյանը Մարգարիտա Սարգսյանի հետ հետախոզություն է իրականացրել Սարիբաբի մերձակայքում: Հետախոզությունը հաջողությամբ իրականացվել է, սակայն եհդարձի ճանապարհին թշնամին նկատել է հետախույզներին և կրակ բացել նրանց վրա: Այստեղ էլ տեղի է ունեցել Մարգարիտայի մարտական մկրտությունը` դիպուկ կրակոցներով կարողանալով ճնշել հակառակորդի կրակը:
1992թ. նոյեմբերի 19-ին սկսվեց Սարիբաբի բարձունքն ազատագրելու գործողությունը: Թշնամին համառ դիմադրությունն էր ցույց տալիս` կրակ թափելով իր զրահամեքենայից: Մարգարիտի դիպուկ կրակոցը հասնելով թշնամու նշանառուին` հարձակման համար ճանապարհ բացեց մեր տղաների համար:
Այդուհետ նշանառու Մարգարիտա Սարգսյանին զորքերում սկսեցին անվանել «դիպուկահար Մագարիտ»: Այդ մականունը դարձավ նրա երկրորդ անունը: Ավելին` համարվելով 53-րդ գումարտակի լավագույն նշանառուներից մեկը, Մարգարիտան դիպուկահար էր` ի վերուստ:
Ծառայակիցները պատմում են, թե ինչպես է մի անգամ մեկ կմ հեռավորությունից մեկ կրակոցով երկու աղվես սպանել: Մարգարիտայի մարտական ուղուց նաև զավեշտալի դեպքեր են հիշում: Մի անգամ Արշավիր Ղարամյանի (Արշո) վաշտին շտապ նշանառու էր պետք, ուղարկեցին Մարգոյին: Մի քիչ անց ռացիայով կապվել են Արշոյի հետ, իմանալու համար, իբր, թե ինչպես է իրենց քույրը: Ռադիոկապով լսել են զինվորականների զարմացած ձայները` ի՞նչ աղջիկ, այստեղ ոչ մի աղջիկ էլ չկա: Զինվորական հագուստով, կարճ մազերով, մինչև աչքերն իջեցրած գլխարկով Մարգոյին զինվորականները տղայի տեղ էին դրել:
Որպես դիպուկահար և նշանառու` Մարգոն փառավոր մարտական ուղի է անցել, պաշտպանական և ազատագրական մարտերի է մասնակցել Շուշիի շրջանում, Բերձորոմ, Քարվաճառում, Ակնայում, Սանասարում: Մարգարիտայի դիպուկահար կրակից թշնամու տասնյակ ասկյարներ են սպանվել:
Անհրաժեշտության դեպքում նշանառու դիպուկահարը դառնում էր փորձառու բուժքույր. վիրավորներին հանում էր մարտի դաշտից, առաջին օգնություն ցույց տալիս, ազատ րոպեներին մայրական հոգատարություն էր ցուցաբերում զինծառայողների հանդեպ: Մարգարիտայի և նրա ընկերուհիների փրկարար ջոկատի շնորհիվ տասնյակ հայ զինվորներ են փրկվել:
1993թ. ամռանը Շուշիի գունդը, որի կազմում էր Վլադիմիր Ավագյանի հրամանատարության տակ գտնվող գումարտակը, մասնակցել է Կուբաթլուի (Սանասար) շրջանի ազատագրմանը:
Հաջողությամբ անցնելով թշնամու թիկունք`գունդը շեշտակի հարվածով խուճապ է առաջացրել թշնամու մոտ` նպաստելով հայկական այլ ստորաբաժանումների առաջխաղացմանը:
Վաշտը, որի կազմում ընգրկված էին նաև աղջիկներ, հրաման էր ստացել դիրքավորվել Կուբաթլուի շրջանի Բաշարատ գյուղի (ներկայիս Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Ամուտեղ գյուղն է) մոտակայքում գտնվող բարձունքում: 15 հոգանոց խմբով թիկունքից շրջանցել են բարձունքը և շեշտակի գրոհով գրավել այն` ճնշելով թշնամու կրակակետերը: Այդ մասում հետագա իրադարձությունները հանգեցրին նրան, որ հայ մարտիկների այդ սակավաթիվ խումբը հայտնվեց շրջափակման մեջ: Ազատամարտիկները, մի քանի օր համառ մարտեր վարելով թուրքերի հետ, մինչև օգնական ուժերի հասնելը կարողացան պահել բարձունքը: 15 հոգանոց խմբից ողջ մնացին երեք հոգի: Ցավոք, զովածների մեջ էր նաև դիպուկահար Մարգարիտան: Դա տեղի է ունեցել 1993թ. օգոստոսի 18-ին:
Այդ օրը Մարգարիտայի մայրը` վաստակավոր մանկավարժ Արաքսյա Թավադյանը, Երևանում էր: Նա բարձրացել էր Եռաբլուր, որտեղ ծաղիկներ էր դրել հերոսաբար ընկած կին-ազատամարտիկ Նունե Աբրահամյանի գերեզմանին: Եվ մի քանի օր անց Ստեփանակերտի հուշահամալիրում հողին հանձնեցին հարազատ աղջկա մարմինը:
Մի անգամ`տուն հանգստանալու մեկնելիս, Մարգարիտան ընկերներին խնդրել է. «Եթե ինձ վիճակված լինի զոհվել, իմ գերեզմանին շատ ծաղիկներ կդնեք»:
Սովորական հայ աղջիկ-դիպուկահարի հուղարկավորության օրը գերեզմանաթումբը արցախյան երփներանգ ծաղիկների ծովի էր նման…
Հայրենիքի պաշտպանության գործոմ ցուցաբերած ավանդի համար Մարգարիտա Սարգսյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի փառքի դահլիճում Մարգարիտ Սարգսյանի հիշատակի անկյուն կա: Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի միջնակարգ դպրոցի նախասրահում էլ կանգնեցնված է հերոսուհու կիսանդրին:
Մարգարիտը, ում բախտ չի վիճակվել ամուսնանալ և վայելել մայրանալու բերկրանքը, երազում էր պատերազմի ավարտից հետո բնակություն հաստատել Շուշիում: Նա նաև շատ էր ուզում աշխատել երեխաների հետ, դասավանդել, լինել դասղեկ, երեխաներին սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել զենքի հետ: Եվ չնայած դասավանդելու երազանքն այդպես էլ չկատարվեց, իր վառ կյանքով և հերոսական մահով `դառնալով անմահ, Մարգարիտան, հիրավի, միշտ օրինակ կլինի երիտասարդ սերնդի մոտ հայ ոգու դաստիարակման գործում:
ՊԱՆԴՈՒԽՏ