Երկու տարի առաջ…

Երկու տարի առաջ՝ 2015թ. մարտի 19-ին, թշնամու հետախուզա֊դիվերսիոն մի խոշոր խումբ՝ թվով մոտ 25 հոգի, Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի ուղղությամբ գրոհել են Արցախի Պաշտպանության Բանակի մարտական դիրքերը։ Ծանր մարտեր սկսվեցին։

Չնայած կորստներին՝ մեր զինվորներն այնքան ժամանակ են դիմակայել թշնամու գրոհին, մինչ հասել է օգնությունը։ Օժանդակ ուժերի տեղ հասնելուն պես, ադրբեջանցի ասկյարները խուճապահար փախել են Գյուլիստանի ուղղությամբ։

Ադրբեջանցի ասկյարների փախուստն իրենց համար ողբերգական լուրջ հետևանքներ է ունեցել։ Նախ և առաջ, մեր տղաների նշանառու կրակի արդյունքում ոչնչացվել են ոչ պակաս քան յոթ ադրբեջանցի դիվերսանտ։ Մնացածը ստիպված էին փոխել փախուստի ճանապարհը և հայտնվել ականապատ դաշտում։ Դա մահ է բերել ևս մի քանի ասկյարների, որոնք պայթել են ականների վրա։ Ի դեպ, այս փաստը հաստատել էր նաև ադրբեջանական կողմը։

Մեր աղբյուրներն այն ժամանակ տեղից հայտնել էին, որ հայ զինվորները ոչնչացրել են առնվազն 14 ադրբեջանցի զինծառայող։ Եվս մի քանի դիվերսանտ վիրավորվել էին։

    

Ցավոք, կորուստներ կային նաև մեր կողմից։ Թշնամու գրոհը ետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել են մեր երեք զինվորները՝ Խաչատրյան Հակոբ Գագիկի (1996թ.), Հարությունյան Արշակ Կարենի (1995թ.) և Հայրապետյան Էդուարդ Գագիկի (1996թ.)։ Հենց այս տղաներն են կյանքի գնով կասեցրել թշնամու հարձակումը, պահելով դիրքերը մինչ օգնության հասնելը։

ՊԱՆԴՈՒԽՏ

* * *

Անցած տարվա ամռանը Voskanapat.info-ն եղել է այդ դիրքերում, որտեղ մենք ծանոթացել ենք 2015-ի հերոսներից մեկի՝ Գոռ Դարմանյայնի հետ։ Այն մարտում Գոռը ծանր վիրավորվել էր։ Բժիշկներն երկար են պայքարել նրա կյանքի համար և, փառք Աստծո, նրանց հաջողվել է փրկել զինվորին։ Եվ ահա Գոռը համալսարանի իր ընկերների հետ եկել էր այնտեղ, որտեղ ծառայել է։ Պետք էր տեսնել, թե ինչպես են զինվորներն ուրախացել՝ տեսնելով իրենց մարտական ընկերոջը։ Գոռի ուրախությանն էլ չափ չկար։ Նայում էի այդ տղային և մտածում, որ ամեն օր չէ, երբ կարելի է այդպիսի կամքի ուժ ունեցող մարդու հանդիպել։ Կորցրած մեկ ոտքով՝ Գոռը կարծես թռչում էր իր դիրքերի վրայով։ «Այսօր ես վերադարձել եմ այստեղ։ Այս պահից և ընդմիշտ ես կանգնելու եմ մեչ Բանակի կողքին։ Երդվում եմ», – հուզմունքը դժվարությամբ զսպելով ասաց ինձ Գոռ Դարմանյանը։

Առաջարկում եմ նորից դիտել դեպի Գյուլիստան մեր այդ այցի տեսագրությունն ու հարցազրույցը Գոռ Դարմանյանի հետ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր