Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալությանը. ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Պարոն Նախագահ, Լեռնային Ղարաբաղում անցկացվել է սահմանադրական հանրաքվե: Ինչպե՞ս եք գնահատում նրա արդյունքները, և ինչպե՞ս կանդրադառնան դրանք Արցախի հետագա կյանքի վրա:
-Հանրաքվեն անցել է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, այսինքն` այնպես, ինչպես ժողովրդի կամարտահայտումն իրականացվում է ժողովրդավարական և իրավական երկրում: Դա ապացուցել են նաև ավելի քան երեք տասնյակ երկրներից ժամանած դիտորդները, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է երեք մայրցամաք: Մենք դա համարում ենք մեր երկրի համար մեծ ձեռքբերում, որը գիտակցաբար և անշրջելիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին:
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, բնակչության մեծամասնությունը քվեարկել է նոր Սահմանադրության ընդունման օգտին, և մենք հույս ունենք, որ նոր Հիմնական օրենքը դրական ազդեցություն կունենա մեր պետականության հետագա ամրապնդման, մեր երկրի զարգացման, պետական կառավարման համակարգի կատարելագործման վրա:
–Ի տարբերություն Հայաստանի, որտեղ մոտակա ժամանակներս կներդրվի կառավարման խորհրդարանական համակարգը, Արցախը դառնում է նախագահական հանրապետություն: Ինչո՞ւ են երկու հայկական պետություններն ընտրել կառավարման տարբեր համակարգեր:
-ԼՂՀ-ն անցել է կայացման բավականին դժվար ուղի: Իրականում կազմավորման առաջին իսկ օրից մենք ստիպված էինք պաշտպանել մեր անկախությունն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ադրբեջանական ագրեսիայից, որը 1991թ. վերջին ստացել է լայնամասշտաբ պատերազմի բնույթ: Սկզբնական շրջանում մեզ մոտ կառավարման խորհրդարանական համակարգ էր, որը, չնայած մի շարք դրական կողմերին, չի կարողացել լիովին ապահովել մեր պետության անվտանգության անհրաժեշտ մակարդակը` պատերազմի կամ նրա սպառնալիքի` անընդհատ առկայության պարագայում: Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի հրաժարվում ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտն ուժի միջոցով լուծելու իր հանցավոր ծրագրից, և մենք չենք կարող հաշվի չառնել դա: Այդ թվում նաև հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` երկար քննարկումներից և բազմակողմանի վերլուծությունից հետո մեր երկրի քաղաքական ուժերն առաջարկեցին կառավարման համակարգը դարձնել նախագահական:
Դուք գիտեք, ցանկացած պահի մենք սադրանք ենք սպասում ադրբեջանական կողմից, առավելևս, որ օրվա ընթացքում տասնյակ անգամ խախտում են կրակի դադարեցման ռեժիմը: Հանրաքվեի ընթացքում, բնականաբար, անվտանգության լրացուցիչ միջոցառումներ էին ձեռնարկել, և այն, որ լուրջ սադրանքներ չեն եղել, դարձյալ այդ քայլերի արդյունքն է:
-Հայկական կողմը, ինչպես հայտնի է, պնդում է, որ Ստեփանակերտը մասնակցի բանակցային գործընթացին, բայց դեռ ոչինչ չի փոխվել բանակցային ձևաչափում: Ձեր կարծիքով, ե՞րբ Արցախի ներկայացուցիչները կդառնան ղարաբաղյան հիմնախնդրի` խաղաղ ճանապարհով կարգավորման լիիրավ մասնակից:
-Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափը` Արցախի հանրապետության մասնակցությամբ` որպես բանակցությունների լիիրավ կողմ: Դրա համար պետք է միայն հետևել 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմանը: Ի դեպ, այդ գագաթնաժողովը գործնականորեն դարձավ հիմնադիր, քանի որ այնտեղ են ընդունվել ԵԱՀԽ և ԵԱՀԿ միավորման, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների կառույցի ստեղծման մասին որոշումները:
Առանց մեր` որպես ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի լիիրավ կողմի մասնակցության, ուղղակի, իրատեսական չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դա խոստովանում են նաև միջազգային միջնորդները, օրինակ`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք մեր կողմից պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու, քննարկելու ցանկացած հարց, ինչի մասին և միշտ հայտարարում ենք:
-Արցախի ղեկավարության կարծիքով` որն է ղարաբաղյան հակամարտության լուծման բանաձևը, և հնարավո՞ր է, արդյոք, փոխզիջում Ադրբեջանի հետ դիմակայության մեջ:
-Կարգավորման հանգուցային քաղաքական տեսակետերը համարվում են կարգավիճակի և անվտանգության հարցերը: Մնացած հարցերը բխում են դրանցից: Մեզ համար չկա վերադարձ անցյալին: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս: Դա բացառված է: ԼՂՀ անվտանգության ապահովումը նույնպես ոչ մի դեպքում չի կարող աննշան կասկած անգամ հարուցել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ դա հիմնված է կառուցողական դիրքորոշման իրական լինելու վրա:
-Ինչպե՞ս եք Դուք տեսնում Արցախի ապագան և ի՞նչ կարգավիճակում:
-Ես, ինչպես և մեր երկրի ցանկացած քաղաքացի, համոզված ենք, որ Արցախը կունենա լուսավոր ապագա: Մենք անում ենք ամեն ինչ, որ պետությունը լինի ուժեղ, ժողովրդավարական, սոցիալական և դինամիկ զարգացող երկիր, որն իր արժանի տեղը կգրավի քաղաքակիրթ աշխարհում: