Հայաստանում ավարտվել են Լեռնային Ղարաբաղի պատմության ողբերգական էջերին նվիրված ֆիլմի աշխատանքները: «Պաշարվածները»` այդպես է կոչվում կինոնկարը, որը պատմում է այն մասին, թե ինչպես քառորդ դար առաջ Ստեփանակերտի բնակիչները, գտնվելով հարևան բարձուքից թափվող կրակոցների տակ, չնայած սովին, սառնամանիքին, հոսանքի և ջրի բացակայությանը` անհավատալի ջանքերի և զոհերի գնով ճեղել են շրջափաման օղակը և վերացրել հակառակորդի հիմնական կրակակետերը:
Ինչպես «Страна»-ին պատմել է ֆիլմի համահեղինակ, այդ իրադարձությունների ականատես ու մասնակից, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` իր և գործընկերների մոտ Ստեփանակերտի շրջափակման մասին ֆիլմ նկարելու գաղափարը վաղուց էր ծագել:
««Պաշարվածները». այդպես ենք որոշել անվանել ֆիլմը, որը շուտով կհայտնվի հայկական և արտասահմանյան հեռուստաընկերությունների էկրանին, ինչպես ենթադրվում է` նաև ինտերնետում: Ֆիլմում 1992թ. ԼՂՀ ղեկավարները պատմում են այն մասին, որ հանրապետության խաղաղ բնակչության փրկության համար առնվազն պետք էր ապահովել Ղարաբաղի հայկական բնակավայրերի միջև կապը, ապաշրջափակել Խոջալուի օդանավակայանը, ոչնչացնել Շուշիում, Ջանհասանում, Քյոսալարում և այլ վայրերում գտնվող կրակակետերը: Դրա համար ղարաբաղցիները չունեին բացարձակապես ոչ մի ռեսուրս, բայց շնորհիվ ժողովրդի համախմբվածության, և, հնարավոր է, պայմանավորված անելանելի իրադրությամբ` 1992թ. առաջին կեսին այդ խնդիրների հիմնական մասը լուծված էր: Մալիբեյլուից և Կրկժանից հետո հայերին հաջողվեց ոչնչացնել Խոջալուում տեղակայված կրակակետերը: Նույն թ. մայիսի 8-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ազատագրել Շուշի քաղաքը, իսկ ավելի ուշ` ապաշրջափակել պաշարված հանրապետությունը Հայաստանին միացնող ճանապարհը»,-պատմում է Մելիք-Շահնազարյանը:
Համահեղինակի խոսքով` 1992թ. ձմեռը Ստեփանակերտի բնակիչների համար ամենածանրն էր: 1991թ. նոյեմբերի 23-ին դեպի քաղաք են թռչել առաջին «Ալազան» հրթիռները: Քաղաքը գնդակոծվում էր միանգամից բոլոր կողմերից: Մի քանի կրակակետեր այնքան մոտ էին տեղակայված Ստեփանակերտին, որ հակառակորդը հնարավորություն էր ունեցել բնակչության դեմ կիրառել իսկական հրաձգային զենքեր: «Ինչպես հիմա արդեն կատակով նշում են ստեփանակերտցիները, այն ժամանակ քաղաքում տեղաշարժվում էին «կարճ վազքերով»: Բայց այդ ձմեռը մայրաքաղաքի բնակիչների համար, իրոք, փորձություն էր: 1991թ. վերջին ադրբեջանցիները Կրկժանի կողմից գրոհեցին քաղաքը (Ստեփանակերտի արվարձանն է,-Հ. Մելիք-Շահնազարյան): Ստեփանակերտը միաժամանակ գնդակոծվում էր Մալիբեյլուից, Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Խոջալուից, Աղդամից և ադրբեջանական այլ բնակավայրերից, որոնք այդ ժամանակ վերածվել էին կրակակետերի: Միայն հրաշքով և մեծ կորուստների գնով է ղարաբաղի հայերին այն ժամանակ հաջողվել ետ մղել այդ հարձակումը»,-ասում է ֆիլմի համահեղինակը: