«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեմաները՝ ստորև.
– Այս իշխանությունները վախենում են երկրի ներսում 120 000 արցախահայերի կազմակերպված համայնք ունենալուց։ Ուզում են այնպես անել, որ քաղաքական դաշտում այս համայնքը ներկայացուցիչ չունենա, որ վաղը Նիկոլ Փաշինյանին չհարցնեն՝ ինչո՞ւ այսքան մարդու գաղթական դարձրեցիր։ Նիկոլի իշխանությունը հասկանում է, որ այդ ֆունկցիան կարող են կատարել Սամվել Շահրամանյանը, Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչները։ Դրա համար գրչակներ են վարձել՝ օր ու գիշեր այդ մարդկանց վրա ցեխ շպրտելու համար, որպեսզի իրական առաջնորդներին փոխարինեն կեղծ առաջնորդներով՝ սամվելբաբայաններ, հայկխանումյաններ․․․
– Սյունիքի վրա հարձակվելու համար Ադրբեջանն ունի ամենաբարենպաստ պայմանը՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Սյունիքն աշխարհաքաղաքական որոշում է, ու նրա վերաբերյալ որոշումն անգամ Բաքվում չի կայացվում։
– Ես հասկանում եմ, որ դժվար բան եմ ասում, որովհետև Բաքվում գտնվողների մեջ ունեմ հարազատ ընկերներ, բայց որքանո՞վ է արդար մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը զոհել մի քանի հոգու ճակատագրին։ Թե Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, թե ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, թե մյուսները պատրաստ են զոհողության, որ իրենց հայրենակիցների շահերը Հայաստանում պաշտպանված լինեն։
– Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն իրենք իրենց անձն են առաջարկել բոլորի փոխարեն՝ հայտնվելով Բաքվի բանտում:
– Արցախի գործող ղեկավարին ու իշխանության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում չհապաղել, զբաղվել արցախահայերի խնդիրներով։ Ես չեմ ասում, որ նրանց պետք է դարձնել ներքաղաքական խնդիրների գործոն։ Այս իրավիճակին Արցախի իշխանությունների կողմից պետք է տրվի ադեկվատ գնահատական։ Ես գիտեմ, որ նրանք սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը, ու ինչքան ժամանակ է՝ այդ հանդիպումը չի կայանում։ Եվ ես գիտեմ՝ ինչու չի կայանում։ Փաշինյանին այստեղ պետք չեն նոր սուբյեկտներ։
– Արցախի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներից ոմանք ինձ պատմում են, որ, այո՛, Փաշինյանը տեղյակ է եղել, որ նրան զանգել են, ասել են, թե Ադրբեջանից ինչ թուղթ է ստացվել, հետո տեղեկացրել են քննարկումների ընթացքի մասին, հետո տեղեկացրել են պատասխանի մասին, և այլն: Այսինքն՝ գոնե թե այդ տեղեկատվությունն Արցախի ԱԽ անդամներից ես լսել եմ, որ Փաշինյանը տեղյակ է եղել: Երբ որ նա ասում է, որ՝ առանց ինձ հետ քննարկելու են նման փաստաթուղթ ստորագրել և այլն, իհարկե, չի եղել նման բան, նա տեղյակ է եղել: Արցախի իշխանություններն ամեն ինչ, ընդ որում, ոչ միայն Փաշինյանին, իմ տեղեկություններով՝ այլ պատասխանատու պաշտոնյաների նույնպես ամբողջ ընթացքի մասին անընդհատ տեղյակ են պահել: Հենց ԱԽ նիստից էլ անմիջապես այդ հեռախոսազանգերը եղել են: Բացի դրանից, այո՛, միանշանակ ճիշտ է Ձեր այն տեղեկատվությունը, որ հրամանագիրը պատրաստելու պահին (ես իսկապես չգիտեմ՝ այդ թուղթը ստորագրվե՞լ է, թե՞ չի ստորագրվել) նպատակը հայտարարվել է, որպեսզի ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ, մարդկանց չկոտորեն և այլն: Բայց իսկապես այնպիսի ձևակերպումներ են մեջը դրվել, որ պարադոքսի են վերածում նման թղթի գոյությունն ընդհանրապես: Ընդ որում, դա արել են նպատակաուղղված: Ընդ որում, դա եղել է ոչ միայն Սամվել Շահրամանյանի, այլև ամբողջ Անվտանգության խորհրդի որոշումը: Եվ, երրորդ «ընդ որումը». իրենք գիտեին, որ ստորագրելուց հենց որ ռազմական վտանգի պահն անցնի, էդ թուղթը պետք է չեղարկվի: Հիմա, եթե իսկապես այդ թուղթը չի ստորագրվել, բայց եղել է մամուլի հաղորդագրություն, ես կարծում եմ, որ կարելի է նմանատիպ մի այլ հաղորդագրություն պատրաստել, որ նախագահի մեկ այլ հրամանագրով նախկին հրամանագիրը չեղարկվել է: Ինչո՞ւ եմ ասում… Որովհետև իշխանության խնդիրն է՝ անընդհատ ֆիքսել, ուշադրության կենտրոնում պահել այս կեղծ թղթի գաղափարը: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է շատ արագ նոր հրամանագիր ստորագրի, էդ թեման փակի, գցի մի կողմ: Էլ չպետք է մտածեն՝ դատարանով դա պետք է անե՞ն, թե՞ Ազգային ժողովով: Ինքն ունի լիազորություն: Եթե ստորագրել է այդ թուղթը, մի հատ ուրիշ թուղթ թող ստորագրի, եթե իրականում չի ստորագրել, մամուլի հաղորդագրություն է եղել, ապա թող մեկ այլ մամուլի հաղորդագրությամբ այդ թեման փակի: Որովհետև էդ թուղթն այս իշխանության համար դարձել է Արցախի ղեկավարությանը հարվածելու, սլաքները դեպի իրենց ուղղելու, իրենց մեղադրելու պատրվակ, ընդամենը պատրվակ, գոյություն չունեցող մի իրականություն, որ եթե նույնիսկ ստորագրվել է նման թուղթ Ադրբեջանին փոխանցելու համար, դա առերես ճանաչում է եղել, դա մի թուղթ էր, որի նպատակն ընդամենն ացախահայությանը փրկելն էր: Հիմա մենք երեք շաբաթ շարունակ այդ թուղթն ենք քննարկում՝ մի կողմ թողնելով Արցախի իրական խնդիրները:
– Կրկնում եմ՝ Սամվել Շահրամանյանը պետք է մեկ այլ հրամանագիր ստորագրի՝ իր նախկին հրամանագիրը չեղարկող, ու թեման փակի, գնա։ Ոչ մի դատարան պետք չէ։
– Հիմա իրենց նպատակն է լուծարել Արցախի պետությունը, բայց դրա մեղքը թողնել Սամվել Շահրամանյանի ու Արցախի ներկայիս էլիտաների վրա: Ընդ որում, միայն քարոզչությամբ չէ, որ այդ խնդիրը լուծում են: Պաշտոնական Երևանը նպատակաուղղված տանում է Արցախի Հանրապետությունը լուծարելու քաղաքականություն։ Սա պետք է արձանագրի նաև Արցախի իշխանությունը։ Ադրբեջանը զենքի ուժով հասավ դրան, սրանք դա անում են քաղաքական եղանակներով։
– Չպետք է վախենալ այն բանից, թե ինչպես կարձագանքեն դրսում. Բաքվում, օրինակ, երբևէ չեն մտածել, թե ինչ արձագանք կտան Եվրոպայում, Արևմուտքում կամ այլ երկրում, երբ ասում են՝ Սյունիքը կամ Երևանը Ադրբեջան են։ Ալիևը անձամբ է խոսում այն մասին, որ Հայաստանի ողջ տարածքը պատմական Ադրբեջան է։
– Գոյություն ունեցող Արցախի Հանրապետությունը, որը ըստ էության նույնիսկ իր կործանման վերջին օրերին այդ ճանաչումը, այնուամենայնիվ, ստացավ, որովհետև նույն Բաքվի համար Սամվել Շահրամանյանի հրամանագիրը կարևոր էր: Ասաց՝ հես է, իրենք են ստորագրել լուծարման մասին: Եթե լուծարվում է, ուրեմն գոյություն է ունեցել: Այսինքն՝ իր վերջին օրերին Արցախը հասավ, այնուամենայնիվ, Ադրբեջանից ճանաչման, որ ինքը՝ որպես պետություն, եղել է և գոյություն է ունեցել: Եթե պահանջում ես լուծարել, ուրեմն ընդունում ես, որ որպես պետություն՝ Արցախը գոյություն է ունեցել: Նույնիսկ այս փաստն ունենալով՝ այս իշխանությունները վախենում են «Արցախ» բառն անգամ օգտագործել, էլ չեմ ասում, որ Արցախի Հանրապետության ինստիտուտներ փորձեն պահպանել այստեղ կամ էլ հարց դնեն արցախահայության վերադարձ Արցախ՝ ոչ թե որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ինչին հիմա, ի դեպ, դրդում է Փաշինյանը, այլ՝ որպես այդ հողի տեր:
– Ռեալ վտանգներն արտաքին տիրույթում չեն, այլ ներսի տիրույթում են։ Երբ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ասում են՝ եթե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտները պահպանենք, մենք ի՞նչ պատասխան պիտի տանք Ադրբեջանին, դա ագրեսիայից վախ չէ, այլ վախ է արցախցիներից։
– Փաշինյանն անում է այն, ինչ իրեն ասում են․ այս պահին ասողը Ալիևն է, եթե հաջորդ պահին ավելի ազդեցիկ ասող լինի, կանի նրա ասածը։
– Ինչո՞ւ տեղի չունեցավ հոկտեմբերի վերջին նախատեսված Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը: Այն, որ Թեհրանում տեղի ունեցած 3+2 հարթակի հանդիպումից հետո ինչ-որ բան է տեղի ունեցել, որի մասին չի խոսվում, միանշանակ է։ Թեհրանի հանդիպումից հետո հետաքրքրական էր ՌԴ արտգործնախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարարի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը:
– Սամվել Բաբայանը նոր չէ, որ օգտագործվում է ՀՀ գործող իշխանությունների կողմից։ Նրան օգտագործում էին նաև դեռ մինչև 44-օրյա պատերազմը։ Նրան որպես գործիք օգտագործում են։ Ընդ որում, այնքան ստոր գործիք է, որ մարդիկ՝ Բաքվում են, իսկ նա այստեղ ասում է՝ գործ հարուցեք։ Երբեմնի փառապանծ գեներալը սրա-նրա վրա գործ տալով՝ ման է գալիս։
– ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն իսկապես ակտիվացել է, և այդ ակտիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ արցախցիներ են եկել այստեղ, և այդ արցախցիների մեջ կան քաղաքական ուժեր, նույն Հայկ Խանումյանը, վստահ չեմ, հետը դեռ չեմ խոսել, բայց նաև Մասիս Մայիլյանի անունն է շրջանառվում, որոնք ինչ-որ չափի աջակցություն ունեն որոշ արցախահայության շրջանում, և այդ ամեն ինչը սինու վրա մատուցած՝ բերել են Արմեն Գրիգորյանին, ասել են՝ տես, մենք քեզ էսքան քաղաքական կշիռ ենք բերում: Էս մարդիկ մեզ լսում են, կարող ես դու իրենց ձայնը ներկայացնել: Արմեն Գրիգորյանի համար դա նաև անձնական հարց է, որ ինքը, ունենալով արցախյան ծագում… Իհարկե, Արցախի ամենաստոր արարածներից է նա, որ իր հայրենիքը վաճառեց պաշտոն ունենալու համար: Նման ստոր արարած դժվար է գտնել: Բայց ես կարծում եմ, որ էդ ամբիցիաները երևի թե ավելի շատ ներսից են դեռ Արմեն Գրիգորյանին սնուցում, քան դրսից: Չնայած չեմ բացառում, որ Արևմուտքն իսկապես ինչ-որ պահի ալտերնատիվներ փնտրի Փաշինյանին, որովհետև ոչ մեկը մինչև վերջ չի հասկանում՝ ի վերջո, Փաշինյանն ամենապատասխանատու պահին իրեն ինչպես կպահի: Նա խաբող մարդ է, էությամբ՝ դավաճան, որը կարող է և՛ Արևմուտքին դավաճանել, և՛ Ռուսաստանին:
– Արցախի հարցը փակված չէ։ Հարավային Կովկասի տարածաշրջանում Արցախի հարցը չի կարող փակվել։ Անգամ, եթե մենք հրաժարվենք Արցախից, ինչ-որ մեկը մեզ գցելու է այդ հարցի թեմայի մեջ, որ տարածաշրջանի հավասարակշռությունը վերականգնվի։ Այս պրոցեսն անսպասելի շուտ կարող է տեղի ունենալ, ու մենք բոլորս դրան ականատես կլինենք։ Մենք որպես ժողովուրդ՝ պետք է պատրաստ լինենք պատմական շանսը ձեռքից բաց չթողնելու համար։
– Ես շարունակում եմ համոզված մնալ, որ լապտերը ձեռքներիս պետք է նաև այս իշխանության մեջ փնտրել մարդկանց, ովքեր կարող են մի դրական բան բերել։ Պետք է բոլոր տեղերից ծաղկաքաղ անել սրտացավ մարդկանց։
– Հայաստանին այնքան էլ վատ ապագա չի սպասվում։ Տարածաշրջանում հավասարակշռությունը վերականգնվելու է, և թե Շուշիում, թե Ստեփանակերտում, թե Սյունիքում հայկական եռագույնն է ծածանվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։