2021-ի «Շուշիի Հռչակագիրը». 44-օրյա պատերազմի առաջացրած աշխարհաքաղաքական նոր իրողությունների մանիֆեստը

2020-ի արցախյան պատերազմը հարավկովկասյան տարածաշրջանում փոխել է աշխարհաքաղաքական ճարտարապետությունը և 1990-ականների կեսերին ձևավորված ուժերի հավասարակշռության համակարգը: Դժվար է պնդել, որ գործընթացն այս փուլում ավարտված է և տարածաշրջանում հաստատվել է աշխարհաքաղաքական նոր ստատուս քվո: Հակառակը, դեպի նոր ստատուս քվո ընթացող գործընթացը շարունակվում է, տարածաշրջանային խաղում ընդգրկված պետություններն ակտիվորեն գործում են` ձևավորվող նոր իրողությունների նախաշեմին փորձելով հնարավորինս շահեկան վիճակում հայտնվել: Միաժամանակ, կարելի է պնդել, որ 44-օրյա պատերազմը փոխել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության պատկերը: Ավելին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական շախմատի տախտակի վրա հայտնվել են նոր խաղացողներ, որոնք վերջին 100 տարվա ընթացքում ներգրավված չեն եղել կամ չնչին ներգրավվածություն են ունեցել կովկասյան քաղաքականության հարցերում (Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը): 

Պետք է արձանագրել, որ Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված հարավկովկասյան աշխարհաքաղաքական կառուցվածքն այլևս գոյություն չունի, իսկ տարածաշրջանը կանգնած է նոր կառուցվածքի և ուժերի հավասարակշռության նոր համակարգի ստեղծման շեմին: Նաև պետք է արձանագրել, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունների ցցուն վկայությունը տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գործոնի նկատելի ուժեղացումն է` այստեղից բխող քաղաքական, ռազմական, տնտեսական ու ենթակառուցվածքային հետևանքներով:

Կապված նյութեր