44-օրյա պատերազմի նախերգանքը. Հուլիսյան մարտական գործողություններ

Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդող շրջանի ռազմաքաղաքական գրեթե բոլոր զարգացումները խոսում էին այն մասին, որ ադրբեջանական կողմը նախապատրաստվում է ղարաբաղյան խնդրի՝ ռազմական ճանապարհով իր օգտին լուծելու սցենարին։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարաներն ու արտգործնախարարները բազում հանդիպումների էին անց կացնում, կողմերի միջև գործում էր այսպես կոչված օպերատիվ կապի համակարգ, այնուամենայնիվ ակնհայտ էր, որ բարձր մակարդակով արտահայտվող լավատեսությունն ու վստահությունը ոչ մի առնչություն չունեն այն իրականության հետ, որն առկա էր հայ-ադրբեջանական և ադրբեջանա-արցախյան սահմանում։ 44-օրյա պատերազմին անմիջապես նախորդող ժամանակահատվածում փորձագիտական շրջանակների գնահատականներն ու հաշվարկները վերաբերվում էին բացառապես ադրբեջանցիների սպասվող հարձակման ժամկետներին։ Դրա զսպաման, հետաձգելու կամ այդ վտանգն ամբողջովին չեզոքացնելու մասին բոլոր քննարկումներն այլևս անիմաստ էին։ Թերևս այդ է պատճառը, որ 2020թ. հուլիսին, երբ Տավուշի մարզում հայ  և ադրբեջանական զորքերի միջև մարտական բախումներ եղան, շատերը կարծեցին, որ դա մեծ պատերազմի սկիզբն է։

Սակայն 2020թ. հուլիսի 12-21-ը տևած ռազմական գործողություններն այն ժամանակ լայնածավալ պատերազմի չվերաճեցին, այլ եղան այդ պատերազմի նախերգանքը։ Համենայն դեպս հիմա, երբ հետադարձ հայացքով վերլուծում ենք այդ օրերի զարգացումներն ու տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների, բայց առաջին հերթին հենց հակամարտող կողմերի գնահատականները, կարելի է վստահ պնդել, որ Արցախի դեմ նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի վերջնական որոշումը կայացվել է այդ մարտական գործողությունների հետևած զարգացումների ընթացքում։ Ավելին՝ չի կարելի բացառել, որ Հուլիսյան մարտական գործողությունները Ադրբեջանի կողմից նախաձեռնվել են հենց այդ նպատակով՝ որպեսզի գնահատեն, թե որքանով է պատրաստ հայկական պետությունն ու միջազգային հանրությունը հնարավոր նոր պատերազմին, հասկանան, թե ռազմաքաղաքական ինչ խոչընդոտների կարող են հանդիպել Արցախի դեմ պատերազմ սկսելու դեպքում և փորձեն լուծումներ գտնել իրենց խանգարող հանգամանքների համար։

Ցավոք, Հուլիսյան մարտական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակն ադեկվատ գնահատելու, անցած զարգացումները վերլուծելու, հետևություններ անելու փոխարեն Հայաստանի իշխանություններն սկսեցին տարբեր միջոցառումներ կազմակերպել՝ փորձելով հանրությանը ցույց տալ, որ Հայաստանը մեծ հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ և որ այսուհետև պատերազմի վտանգը չեզոքացված է։ 2020թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց. «Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեց» (1)։

Մինչդեռ այդ նույն ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մեր հաղթանակի մասին ու պարգևատրում դրա կերտողներին, թշնամին Արցախի դեմ նոր լայնածավալ հարձակում էր նախապատրաստում։ Ակնհայտ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միանգամայն տարբեր իրականություններում էին գտնվում և, բնականաբար, տարբեր խնդիրներ լուծում։ Եթե Հայաստանի կառավարության ղեկավարը փորձում էր ՀՀ ԶՈՒ Հուլիսյան հաջողությունները կապիտալիզացնել ներքաղաքական դաշտում և ներկայանալ որպես թշնամուն հաղթած ղեկավար, ապա Ալիևն ու նրա հովանավորները՝ առաջին հերթին, իհարկե, Թուրքիան, հիմնականում աշխատում էին միջազգային հարթակներում և մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների ղեկավարների հետ։ Մի կողմից Փաշինյանը փորձում էր ցույց տալ, որ իր ռազմական տաղանդը ոչինչով չի զիջում ՀՀ նախկին ղեկավարների համապատասխան կարողություններին, մյուս կողմից Ալիևը համոզում էր աշխարհին, որ Հայաստանը տապալում է բանակցային գործընթացը և իրեն ոչինչ անել չի մնում, քան զենքի ուժով «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։


Իրավիճակը Տավուշում մինչ Հուլիսյան բախումները

2019թ. օգոստոսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-յան իր էջում հետևյալ բովանդակությամ կարճ գրառում արեց. «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին» (2)։ Պաշտոնյայի այս արձանագրումը միանգամից մեծ ոգևորություն առաջացրեց սոցիալական ցանցերում։ Իշխանական լրատվամիջոցներն ու թիմի ներկայացուցիչները սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով գրել հայկական զինված ուժերի «աննախադեպ» հաջողությունների մասին՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ միջադեպ է եղել սահմանում։ Արարատ Միրզոյանի գրառումը շատ հստակ էր՝ Չինարին այլևս չի կարող գնդակոծվել, բայց ակնհայտ ապատեկեղատվություն էր պարունակում. դա այդպես չէր։ Հանրային ոգևորությունը սկսեց վտանգավոր երանգներ ստանալ, ինչի պատճառով ռազմական փորձագետներն ու մասնագիտացված լրատվամիջոցները, օրինակ, Razm.info-ն ստիպված եղան քաղաքացիներին հիշեցնել Տավուշի մարզի՝ թշնամու կողմից դիտարկվող հատվածներում զգուշավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։ «Պնդումը, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ։ Որոշ դիրքային բարելավումներ այնտեղ ունենք, բայց ադրբեջանական դիրքերը մնում են իրենց տեղերում, նշանակում է, որ գնդակոծության ռիսկ միշտ էլ կա», – գրել է Razm.info-ն (3)։

Շուտով նույն թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանական գերատեսչությունը փորձել է և՛ հաստատել Արարատ Միրզոյանի գրառումը, բայց և,՛ ամեն դեպքում, չհերքել նրա տեղեկություններում առկա անճշտությունը։ «Ճիշտ է հակառակորդի հետ շփման պայմաններում լիարժեք անվտանգ չի կարող լինել ոչ մի դիրք կամ բնակավայր, սակայն Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն իր կողմից նախահարձակ լինելը դարձնում է անիմաստ»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը (4)։ Նույնաբովանդակ՝ ըստ էության ոչինչ չպարզաբանող, մի մեկնաբանություն էլ Ա. Հովհաննիսյանը տվել է «Ազատություն» ռադիոկայանին (5), որից վերջնականապես պարզ է դարձել, որ պաշտպանական գերատեսչությունը նախ չի ցանկանում ամբողջ ծավալով բացահայտել Տավուշում տեղի ունեցած զարգացումների մասին ճշմարտությունը, բայց նաև չի ցանկանում հրաժարվել այնտեղ արձանագրված հաջողությունների քաղաքական շահարկումից։

Ո՞րն էր իշխանությունների կողմից նման տեղեկությունների տարածման պատճառը, դժվար է ասել։ Տարածված կարծիքն այն է, որ այդկերպ ՀՀ իշխանությունները ցանկանում էին շեղել ժողովրդի իշխանությունն այն փաստից, որ  նույն օրը՝ 2019-ի օգոստոսի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը «նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը» (6)։ Բանը նրանում է, որ և՛ Հայաստան մտնող գազամուղի, և՛ Չինարի գյուղի մոտակայքում ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի բարելավումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան դրա մասին իշանությունների կողմից իրականացված վերոնկարագրյալ տեղեկատվական-քարոզչական արշավն էր՝ 2019-ի մարտին։ Հայոց Բանակը և հատկապես Տավուշում գործող Երրորդ բանակային կորպուսը ի սկզբանե դեմ էին գազատարի և Չինարիի հատվածում իրականացված գործողություններին հանրային հնչեղություն տալուն։ Պատճառը պարզ էր՝ նման աղմուկը նա՛խ մոտիվացնում է թշնամուն համարժեք գործողություններ անելուն, և հետո՝ խանգարում հետագայում դիրքերի բարելավման աշխատանքներին։ Սա որդեգրված սկզբունք էր, որը Տավուշի հատվածում մեր զինված ուժերը պահում էին արդեն վաղուց։ Ընդ որում, պետք է նշել, որ ոչ միայն 2018-19թթ., այլև դրանից առաջ էլ ՀՀ ԶՈՒ մի շարք նման գործողություններ է իրականացրել, որոնց մասին հանրությունը չի տեղեկացվել։ Մարդիկ պարզապես ինչ-որ պահի իմացել են, որ, օրինակ, Խորանաշատ վանական համալիր այցելելն անվտանգ է դարձել և վերջ։ Ավելի շատ տեղեկատվությունն այլևս վտանգավոր էր դառնում հենց մեր Բանակի համար։ Ի դեպ, վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ տեղեկատվական քաղաքականության այդ սկզբունքը որդեգրել են նաև Ադրբեջանի զինված ուժերը, որոնք նախապատերազմյան շրջանում նույնպես խիստ սահմանափակել են առաջնագծում իրենց ունեցած հաջողությունների մասին տեղեկատվությունը։

Ինչևէ, փաստն այն է, որ 2019-ի երկրորդ կեսից ադրբեջանական կողմը խնդիր էր դրել Տավուշի ուղղությամբ դիրքային բարելավումներ ունենալ և այդկերպ պատասխանել պաշտոնական Երևանի քարոզարշավին։ Հայկական զինված ուժերն էլ, նկատի ունենալով բարձրացված աղմուկի հնարավոր վտանգավոր հետևանքները, որոշ ժամանակով նվազեցրել են շարունակաբար իրականացվող նման աշխատանքների ինտենսիվությունը և հիմնականում զբաղված էին հակառակորդի ակտիվությունը կասեցնելու գործով։


Հուլիսյան մարտական գործողություններ

2020-ի առաջին կեսերին հարաբերական անդորրը հայ-ադրբեջանական սահմանում պահպանվել է։ Ադրբեջանական կողմը, հասկանալով, որ հայերին հանկարծակիի բերելով հնարավոր չէ Տավուշի ուղղությամբ մարտական դիրքերի բարելավում, առավել ևս առաջխաղացում ապահովել, 2020-ի հունիսին փոխում են իրենց մարտավարությունը և սկսում՝ հետագայում հայտնի դարձած «Անվախ» դիրքից մոտ 4 կմ ավելի հյուսիս ընկած հատվածում իրենց իսկ դիրքեր ծանր զրահապատ տեխնիկա հասցնելու համար անհրաժեշտ ճանապարհներ կառուցել։ Ըստ հակառակորդի ծրագրի, այդտեղից հետագայում նրանք հնարավորություն կստանային գերիշխող դիրք ունենալ և զրահատեխնիկայով կրակել հայկական մի քանի բնակավայրերի՝ մասնավորապես Այգեպար և Տավուշ գյուղերի վրա։

ՀՀ ԶՈՒ սկզբից փորձում են խոչընդոտել ադրբեջանցիների այդ ծրագրին, անգամ խոցվում է այդ հատվածում աշխատող տրակտորը, բայց թշնամին հետագայում առավել մեծ խորության վրա է սկսում աշխատել՝ անտեսանելի դառնալով մեր զինվորների համար։ Ստեղծված իրավիճակում պետք էր որոշում կայացնել՝ կա՛մ ավելի լարելով իրավիճակը, խոշոր տրամաչափի զինատեսակներով կասեցնել թշնամու ինժեներական-ճանապարհաշինական աշխատանքները, կա՛մ սահմանի այլ հատվածում թշնամու քայլերը հավասարակշռող մեկ այլ գործողություն իրականացնել։ Այդպես որոշվում է մեր մարտական հենակետերն առաջ տանել Տավուշի մարզի Մովսես գյուղից հարավ-արևելք ընկած հատվածում և գերիշխող դիրքեր ստանալ ադրբեջանական Աղդամ, Վահիդլի, Յուխարի Օյսուզլու և ընդհանրապես գրեթե ողջ Թովուզի շրջանի նկատմամբ։ Այդ գործողությունը մեծ հաջողությամբ, առանց կրակոցի ու արյունի իրականացվում է 2020-ի հուլիսի առաջին տասնորյակում։ Շատ արագ Հայկական Բանակը նոր բնագծում մի քանի մարտական դիրք է տեղադրում և անգամ մոտ երեք օր դրանք հանգիստ պայմաններում որոշակի կահավորելու հնարավորություն ստանում։

2020թ. հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են ընդհուպ մինչև հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածի հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշական կրակից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք։ Միջադեպից հետո Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, և սկսվել են հակամարտ կողմերի միջև զինված ընդհարումներ (7)։ Այդպես սկսվել են Հուլիսյան մարտական գործողությունները, որոնք տևել են մի քանի օր և ավարտվել հայկական կողմի փայլուն հաղթանակով։ ՀՀ ԶՈՒ Երրորդ բանակային կորպուսը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջախջախեց թշնամու գրոհային ուժերը՝ ստիպելով ադրբեջանցիներին ետ կանգնել Տավուշի մարզի ուղղությամբ որևէ հաջողություն ունենալու գաղափարից։ Հուլիսի 21-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը դադարեցրեց «Անվախ» դիրքը գրավելու փորձերը։

Հուլիսյան բախումները Ապրիլյան պատերազմից հետո հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցած ամենախոշոր մարտական գործողություններն էին, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, ավիացիա, զրահատեխնիկա և այլն։ Հայկական կողմն այդ մարտերում կորցրել է չորս զինվոր՝ երկու սպա և երկու կրտսեր սերժանտ (8)։ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ ավելի մեծ էին։ Միայն պաշտոնապես թշնամին ընդունել է իր 11 զինծառայողների՝ այդ թվում 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի, մեկ գնդապետի, երկու մայորների և այլոց կորուստը (9)։


Հուլիսյան մարտերի քաղաքական կապիտալիազացիան Ադրբեջանի իշխանությունների կողմից

2020թ. հուլիսի 12-ին՝ մարտական գործողությունների սկզբից մի քանի ժամ անց, Ադրբեջանի սահմանամերձ մի շարք գյուղերում ի աջակցություն իրենց զինված ուժերի ցույցեր սկսվեցին։ Ցուցարարները հայրենասիրական լոզունգներ էին բացականչում, պահանջում պատերազմ սկսել Արցախի դեմ, «ազատագրել Ղարաբաղը» և այլն։ Ցույցերն ընթանում էին ադրբեջանական Աղդամ, Խոջասան, Թովուզ բնակավայրերում։ Ոստիկանությունը, որը զբաղված էր նաև մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության տարհանմամբ, սկզբից դիտորդի դերում էր, բայց ուշ գիշերը՝ հուլիսի 13-ի մոտ 01։30-04։00 հատվածում դադարեցրեց բողոքի ցույցերը՝ տեղի բնակիչներին հասկացնելով, որ այդ բնակավայրերից հեռարձակվող ուղիղ միացումները կարող են օգտագործվել հայկական զինված ուժերի կողմից ի վնաս Ադրբեջանի։

Արցախի դեմ պատերազմ սկսելու պահանջով Ադրբեջանում ընթացող ցույցերը նոր թափ ստացան հուլիսի 14-ին։ Այդ օրը Սումգայիթի և Ահմեդլիի բնակիչները նախաձեռնեցին այսպես կոչված «Ղարաբաղ երթը», որն օրվա ընթացքում վերածվեց Բաքվի կենտրոնում ընթացող մեծ ցույցի։ Ըստ BBC գործակալության տեղեկությունների, այդ երեկո Բաքվի փողոցներ մոտ 30.000 քաղաքացիներ էին դուրս եկել (10)։ Նրանց մի մասը ներխուժել է Միլի Մեջլիսի՝ Ադրբեջանի Ազգային ժողովի շենք, կոտրել պատուհանները, վնասել գույքը և այլն (11)։ Եվ կրկին, Ադրբեջանի իրավապահ մարմինները, չնայած Կորոնավիրուսային հիվանդության չտարածման համար հանրապետությունում մտցված սահմանափակումների, սկզբի շրջանում հանգիստ հետևում էին ցուցարարների գործողություններին, թույլ տալիս, որպեսզի «Ղարաբաղ երթի» մասնակիցները հանգիստ շրջեն քաղաքի փողոցներով և հանդես գան ռադիկալ կոչերով։ Արդյունքում նրանք ստացան իրենց համար ցանկալի արդյունքը՝ համաշխարհային մամուլը սկսեց խոսել Արցախի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանում առկա հանրային պահանջի մասին։

Ժողովրդի շրջանում կրքերը բորբոքելու նպատակով ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ շրջանառում էր իրենց երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի զոհվելու հանգամանքը։ Վերջինիս ներկայացնում էին իբրև պարզ ու պարկեշտ մի զինվորականի, ով ծառայողական մեքենայի փոխարեն մետրոյով էր աշխատանքի գնում, Ապրիլյան պատերազմի արդյունքում որպես պարգևատրում ստացած իր բնակարանը նվիրել է մեկ այլ զոհված զինծառայողի ընտանիքին, իսկ ինքը վարձով էր բնակվում և այլն, և այլն (12)։ Ընդհանրապես պետք է նշել, որ Հաշիմովի զոհվելու հանգամանքները բավական անորոշ են։ Ադրբեջանական մամուլը սկզբում գրում էր, թե գեներալը խոցվել է առաջնագծից մոտ 33 կմ հեռավորության վրա։ Հետո Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է, իբրև նա զոհվել է խրամատում՝ իր զինվորների հետ միասին մարտնչելիս (13)։ Թե ի՞նչ գործ ուներ բանակային կորպուսի շտաբի պետը խրամատում, իհարկե, անհասկանալի է։ Որոշ փորձագետներ չեն բացառում, որ Փոլադ Հաշիմովին սպանել են հենց ադրբեջանցիները՝ նրա զոհվելու փաստը հետագայում քաղաքական նպատակներով շահարկելու համար։ Համենայն դեպս, հայկական կողմն էլ հստակ չգիտի, թե կոնկրետ ինչ պայմաններում է զոհվել ադրբեջանական բանակի գեներալը։

Ինչևէ, «Ղարաբաղում պատերազմ սկսելու» հանրային պահանջ ձևավորելուն զուգահեռ պաշտոնական Բաքուն ակտիվ աշխատանքներ է սկսում նաև դիվանագիտական դաշտում։ Սկզբի համար՝ 2020-ի հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախարարների կաբինետի նիստին խիստ քննադատության է արժանացնում արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին՝ հայտարարելով, որ իրենց գործողությունները պետք է լինեն ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական։ «Ո՞րտեղ է նա եղել։ Հուլիսի 12-ի իրադարձություններից հետո մենք եղել ենք աշխատանքի։ Վարչապետն աշխատանքի է, ես աշխատանքի մինչև առավոտ։ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Ներքին գործերի նախարարը, հետախոզության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում են մինչև առավոտ։ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին», – ասել է Ալիևը (14)։ Դրանից մի քանի ժամ անց Մամեդյարովը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրան արտաքին գործերի նախարարի պաշտոնում փոխարինել է Ջեյհուն Բայրամովը։

Հուլիսյան մարտերին հաջորդած և մինչ 44-օրյա պատերազմի մեկնարկը տևած գրեթե երկու ու կես ամիսների ընթացքում ադրբեջանական դիվանագիտությունը միջազգային ամենատարբեր հարթակներում, այլ երկրների ղեկավարների ու պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում խոսում էր բացառապես արցախյան խնդրի և հայկական կողմի «ոչ կառուցողական մոտեցումների» մասին՝ մեղադրելով մեզ բանակցություններից խուսափելու, առաջնագծում իրավիճակը լարելու, սադրանքների դիմելու և այլն նմանատիպ գործողությունների մեջ։

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանում սկսված ռազմական գործողությունները կրկին վեր հանեցին մի շարք կարևոր իրողություններ, որոնց մասին հայ հանրությունն այդ շրջանում, կարծես, մոռացել էր։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական հակամարտությանը և տարբեր տերությունների շահերին, որոնց ակտիվ դրսևորումները երկար ժամանակ զսպվում էին այլ տարածաշրջաններում՝ մասնավորապես Սև ծովի ավազանում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներով։ Սա հետաքրքիր մի իրողություն էր, երբ ըստ էության չափազանց լոկալ նշանակության մարտական գործողությունները գնահատվեցին ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, այլև շատ ավելի մեծ՝ ռուս-թուրքական աշխարհաքաղաքական մրցակցության կոնտեքստում։ Ընդ որում, հիշատակված երկու կոնտեքստները, իհարկե, ունեին բազում այլ շերտեր, օրինակ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Արցախի խնդրի լուծումը և այլն, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած կարող է լայնամասշտաբ պատերազմի առիթ դառնալ։ Թերևս սրանով էր պայմանավորված իրավիճակի նրբությունն ու դրանից բխող ռիսկերի չափազանց մեծ քանակը։

Ընդ որում, պետք է հաշվի առնենք, որ աշխարհաքաղաքական զարգացումների տեսակետից կարևոր էին ոչ թե բուն Հուլիսյան մարտական գործողություններն ու այդ բախման արդյունքները, այլ դրանց մեկնաբանումը հակամարտող կողմերի ու տարածաշրջանում շահ հետապնդող երկրների կողմից։ Առաջինը, որ աչքի էր զարնվում այդ մեկնաբանություններում, դա ադրբեջանական կողմի տարածած այն թեզն է, որ զբաղեցրած նոր բարձունքը թույլ է տալիս Հայաստանին վերահսկողություն սահմանել իրենց ստրատեգիական կոմունիկացիաների՝ նավթա և գազամուղերի, ինչպես նաև երկաթգծի վրա։ Ադրբեջանամետ փորձագետները աշխարհի տարբեր երկրներում սկսեցին գոռալ այն մասին, իբրև Հայաստանը այլ ելք չի թողնում Ադրբեջանին, քան պատերազմը, որովհետև հակառակ պարագայում պաշտոնական Երևանը միշտ կարող է սպառնալ Ադրբեջանի տնտեսական անվտանգությանը՝ ցանկացած պահի վնասելով հակառակորդի էներգետիկ ենթակառուցվածքը։ Որպես այդ թեզի շարունակություն շատ խոսվեց նաև այն մասին, որ այդկերպ Հայաստանը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

Դատելով 2020թ. հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթից, պաշտոնական Երևանը չի կարողացել լիարժեք ըմբռնել թշնամու նման քարոզչության իրական նպատակը։ Որովհետև Փաշինյանը խոսում էր այն մասին, որ այդկերպ Ադրբեջանը փորձում է Հայաստանը մատուցել զուտ որպես «գլոբալ սպառնալիք» ներկայացնող երկիր (15)։ Մինչդեռ թշնամու ճամբարի իրականը նպատակը միանգամայն այլ է՝ հիմքեր ստեղծել Թուրքիայի՝ տարածաշրջանային զարգացումներին միջամտելու համար։ Եվ այս քաղաքականությունը թուրք-ադրբեջանական դաշինքը դեռ շարունակելու է։ Նրան «ընկալման» մեջ անցած օրերի ռազմական գործողություններում Թուրքիան գրեթե Ադրբեջանի չափ տուժած կողմ է։ Դրանով են բացատրվում նաև Թուրքիայի իշխանությունների ամենաբարձր պաշտոնյաների չափազանց ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները։

Թուրք-ադրբեջանական դաշինքի բոլոր հաշվարկներն աշխարհաքաղաքական էին։ Հուլիսյան մարտական գործողություններին հետևած օրերին տարածաշրջանային և մեր տարածաշրջանում շահ հետապնդող երկրների ղեկավարներն ակտիվ քննարկում էին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարրձությունները, դիրքորոշումներ հստակեցնում, փորձում դաշնակիցներ գտնել և/կամ զսպել հակառակորդի ախորժակը։ Այս գործընթացներից դուրս էր միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի կողմից ՀՀ հանդեպ հերթական ագրեսիայի փաստից ընդհուպ մինչև 44-օրյա պատերազմ Փաշինյանն այլ երկրների ղեկավարներից Հուլիսյան մարտերի փաստը գրեթե ոչ մի երկրի ղեկավարի հետ այդպես էլ չի քննարկել։ Բնական է, որ հայկական դիվանագիտության բացակայությունը տարածաշրջանային խնդիրների քննարկումներում ակտվիորեն օգտագործվել է ոչ միայն մեր թշնամի երկրների կողմից, ինչի հետևանքով 2020-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին հայկական պետության ճակատագիրը որոշվեց առանց մեր մասնակցության։


Հետգրության փոխարեն

2020թ. օգոստոսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցավ Հուլիսյան մարտական գործողության մի քանի տասնյակ մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հուլիսյան ռազմական միջադեպից ստացված արդյունքների մասին (16)։ Նա մասնավորապես առանձնացրել էր հինգ արդյունքներ, որոնք վերաբերվում էին ՀՀ ԶՈՒ մարտունակության աստիճանին, Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելու անհեռանկարայնությանը, բանակում իրականացված բարեփոխումների արդյունավետության ապացույցներին և այլն։ Նիկոլ Փաշինյանը Հուլիսյան բախումներում մեր Բանակի տարած հաղթանակը հավասարեցրեց Արցախյան առաջին պատերազմի հաղթանակին և մի բան էլ ավելին։ Այդ օրը Սարդարապատում նա ըստ էության մատ էր թափ տալիս Ադրբեջանի, Թուրքիայի և ընդհանրապես Հարավային Կովկասում շահ ունեցող տերությունների վրա։ Վարչապետը Հայաստանը հռչակեց մեր տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավոր…

Հիմա՝ 44-օրյա պատերազմի ողբերգական արդյունքներից հետո, առավել քան ակներև է, թե որքան սխալ էր 2020թ. օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանը։ Բայց ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա այդ սխալը, ցավոք, գիտակցված չէ։ Այն գիտակցված չէ ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ էլ հանրության կողմից։ Թերևս դա է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված և մինչ օրս չավարտվող պարտության հիմնական պատճառը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

______________________

Հղումներ

1. Վարչապետը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, 23.07.2020թ., https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/07/23/Cabinet-meeting-Speech/։

2. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի Facebook-յան գրառում, 19.08.2019թ., https://www.facebook.com/President.Parliament.AM/photos/a.1371791359525991/2560596270645488/։

3. Վտանգավոր ապատեղեկատվության մասին, Razm.info, 19.08.2019թ., https://www.facebook.com/razm.info/posts/2234194873357499:

4. ՊՆ-ն չի մեկնաբանում «Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել» տեղեկությունը, բայց հակառակորդը կորցրել է դիրքային գերազանցությունը, 19.08.2019թ., https://factor.am/175945.html:

5. Հայկական զինուժը Տավուշի հյուսիսում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք, 19.08.2019թ., https://www.azatutyun.am/a/30116894.html:

6. Փաշինյանը նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը, 19.08.2019թ., https://www.azatutyun.am/a/30117916.html։

7. Ադրբեջանցի զինծառայողները փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը Տավուշի հատվածում. ՀՀ ՊՆ, 12.07.2020թ., https://razm.info/144026։

8.  Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020). Կորուստներ https://hy.wikipedia.org/wiki/Հայ-ադրբեջանական_ռազմական_բախում_(հուլիս,_2020)#Կորուստներ։

9. СМИ: генерал-майор азербайджанской армии погиб в столкновениях на границе с Арменией, 14.07.2020թ., https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/8959303։

10. Azerbaijan protesters demand war after Armenia clashes, 15.07.2020թ., https://www.bbc.com/news/world-europe-53415693։

11. Bakıda dünən baş verən təxribat – Parlament binasında yaşananlar – VİDEO,15.07.2020թ., https://baku.ws/incident/93303

12. Генерал азербайджанской армии погиб в результате провокации ВС Армении, 14.07.2020թ., https://vestikavkaza.ru/news/general-azerbajdzanskoj-armii-pogib-v-rezultate-provokacii-vs-armenii.html

13. ​​Генерал Полад Гашимов погиб в окопах, где сражался вместе с солдатами – Минобороны Азербайджана, 02.08.2020թ., https://media.az/society/1067785869/general-polad-gashimov-pogib-v-okopah-gde-srazhalsya-vmeste-s-soldatami-minoborony-azerbaydzhana/

14. Ильхам Алиев заявил, что «не мог найти министра иностранных дел», 16.07.2020թ., https://www.ekhokavkaza.com/a/30729854.html

15. Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի. վարչապետ Փաշինյան,  18.07.2020թ., https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/07/18/Nikol-Pashinyan-visit-to-Ministry-of-Defense/

16. Վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել Տավուշի հաղթական մարտերի հերոսներին, 28.10.2020թ., https://mil.am/hy/news/8303։

Կապված նյութեր